Հոլիվուդյան ճանաչված դերասան Վուդի Հարելսոնը որոշել է ուժերը փորձել ռեժիսուրայում և շուտով սկսելու է իր առաջին՝ «Լոնդոնում կորսվածները» ֆիլմի նկարահանման աշխատանքները։
«Իսկական դետեկտիվ», «Քաղցած խաղեր», «Սա ծերուկների տեղը չէ», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի», «Խաբեության պատրանք» և այլ հանրահայտ ֆիլմերի դերասան Վուդի Հարելսոնն առայժմ խուսափում է ժամանակից առաջ անցնել և մանրամասներ հրապարակել իր նոր կինոնախագծի վերաբերյալ։ Սակայն նա չի թաքցնում, որ ռեժիսորի կարգավիճակում հայտնվելն իր վաղեմի երազանքն էր։ Հարելսոնը, ով վերջերս նկարահանվել էր Ռոբ Ռայների «ԼԲԴ» (Լինդոն Բեյնս Ջոնսոն) քաղաքական դրամայում, անհամբերությամբ սպասում է իր մասնակցությամբ մեկ այլ՝ նույնպես Ռոբ Ռայների հեղինակած «Ցնցում և թրթիռ» ֆիլմի նկարահանումների ավարտին, որպեսզի սկսի կյանքի կոչել իր երազած կինոնախագիծը։
Թերևս, հենց այդ պատճառով էլ Հարելսոնը կտրականապես հրաժարվել է նկարահանվել «Իսկական դետեկտիվ» հաջողված հեռուստասերիալում, որը բազմապատկել էր իր հանրաճանաչությունը, և որի երրորդ եթերաշրջանի նկարահանումներին առաջիկայում մեկնարկ է տրվելու։ 55-ամյա դերասանն այժմ բնակվում է Հավայան կղզիներում և հանդիսանում է հոլիվուդյան այն սակավաթիվ աստղերից մեկը, ով երբևէ չի նկարահանվել սուպերհերոսների մասին գերշահութաբեր ֆիլմերում, թեպետ համապատասխան առաջարկներ եղել են։ Մնում է սպասել նրա ռեժիսորական դեբյուտին։