«Եթե հինգ միլիարդ մարդ ինձ ասի, թե սա սպիտակ է, բայց նա ասի, թե սև է, ես կհավատամ նրան և ոչ թե մյուսներին»։ Սոֆի Մարսո
1996թ-ին Սոֆին հրատարակեց իր ինքնակենսագրական գիրքը՝ «Ստախոսը» անվանմամբ, և իր անկեղծ խոստովանություններով առաջացրեց շատերի զայրույթը։ Գրքում Սոֆին պատմում էր, որ վաղաժամ սկսված սեռական կյանքն իրեն դարձրել էր անկառավարելի ու խոցելի, և որ մինչև Ժուլավսկուն հանդիպելն իր բոլոր սիրավեպերը տխուր վախճան էին ունեցել․ «Միայն նա կարողացավ ինձ պարգևել մեծ երջանկություն, առաջին մայրության բերկրանքը և իմ լավագույն դերերը կինոյում»։ Սոֆին կինոյի աշխարհ մուտք գործեց հազիվ 14 տարեկան հասակում՝ Կլոդ Պինոտոյի «Բում» հայտնի ֆիլմով, և անմիջապես դարձավ հանրաճանաչ։ Կինոն փոխեց նրա ողջ կյանքը՝ ազատագրելով ծնողների հսկողությունից և դարձնելով Gaumont ընկերության «սեփականությունը»։
Նա պատմում է, որ ստուդիան դարձավ իր տունը, նկարահանող խումբը՝ իր ընտանիքը, առաջին համբույրը և տղայի հետ առաջին պարը տեղի ունեցան նկարահանման հրապարակում՝ որպես դերասանական աշխատանք։ Ժուլավսկու հետ ծանոթությունը նման էր Պիգմալիոնի հայտնությանը․ նա հմայիչ էր, նրան անհնար էր մերժել։ Իրենց ծանոթության պահին Ժուլավսկին արդեն նկարահանել էր «Հաղթանակած սիրո երգը», «Գիշերվա երրորդ մասը», «Գլխավորը սիրելն է», «Դևը», «Ցավագարը» և այլ ֆիլմեր՝ ձեռք բերելով սկանդալային և տարօրինակ ռեժիսորի համբավ։ Սոֆին դեռևս երբեք չէր տեսել, որ սերն այդ կերպ արտացոլեն մեծ էկրանին, սեր, որը նման էր խելագարության, սեր, որը համաքայլ էր ընթանում հանցագործության, արյան, ցավի և ցնորվածության հասնող սեռական ազատության հետ։ Ասում էին, թե Ժուլավսկին իր յուրաքանչյուր նոր ֆիլմի նկարահանման ընթացքում սկսում էր մի նոր սիրավեպ, և նա՝ արդեն տարիքն առած ռեժիսորը, չէր կարող ենթադրել, թե Սոֆիին նկարահանելով «Խելառ սերը» ֆիլմում՝ սկսում է իր կյանքի ամենաերկարատև սիրային հարաբերությունը։
Հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ նորաթուխ աստղ Սոֆին Gaumont-ի ղեկավարությանը հայտարարեց, թե խզում է շահավետ պայմանագիրը և Ժուլավսկու հետ մեկնում է Լեհաստան։ 16-ամյա աղջկա հայտարարությունը ցնցեց բոլորին․ «Բումից» հետո նրա փայլուն կինոկարիերան Ֆրանսիայում երաշխավորված էր, և ոչ ոք չէր հասկանում, թե նա ինչպես կարող է իրենից 26 տարով մեծ տղամարդու համար հրաժարվել այդ ամենից։ Gaumont-ը պահանջեց, որ Սոֆին պայմանագրի խզման համար վճարի 1 մլն ֆրանկ տուգանք՝ հույս ունենալով, թե դա կվախեցնի նրան։ Չվճարելու դեպքում նրան սպառնում էր ազատազրկում։ Սակայն Սոֆին իր ունեցած ողջ գումարը տվեց կինոընկերությանը և Ժուլավսկու հետ մեկնեց սոցիալիստական Լեհաստան, որտեղ նրան սպասվում էր բոլորովին այլ կյանք՝ աղքատիկ խանութներով, փոքրիկ բնակարանով, տնային տնտեսուհու կենցաղով և քաղաքացիական կնոջ կարգավիճակով։ 1989թ-ին Ժուլավսկին նրան նկարահանեց «Իմ գիշերներն ավելի հիասքանչ են ձեր ցերեկներից» խորհրդանշական անվանմամբ ֆիլմում, որն ասես արտացոլում էր նրանց կյանքն ու հոգեվիճակը Վարշավայում։
«Նա ինձ հմայիչ և հաջողակ աղջնակից վերածեց պրոֆեսիոնալ դերասանուհու»։ Սոֆի ՄարսոՖրանսիայում Սոֆիին չէին մոռանում։ Պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Ժուլավսկուն՝ անչափահասի այլասերման համար։ Ժուլավսկին այդօրինակ բոլոր մեղադրանքներին պատասխանում էր լռությամբ, իսկ Սոֆին չէր լռում, սակայն, նրա տարիքը հաշվի առնելով, բոլորը սպասում էին հենց Ժուլավսկու բացատրություններին։ Նրանք միանգամայն երջանիկ էին, սակայն օտար աչքերից թաքցնում էին այդ երջանկությունը՝ հանրային վայրերում երբեք չերևալով միասին, ի ցույց չդնելով իրենց անձնական կյանքը։ Երկար ժամանակ ո՛չ լեհ, ո՛չ ֆրանսիացի պապարացիներին չէր հաջողվում «որսալ» նրանց։ Հաջողվեց միայն մեկ անգամ, երբ Սոֆին, տոպրակներով ծանրաբեռնված, գիրացած և անխնամ տեսքով վերադառնում էր խանութից։ Այդ լուսանկարներն անմիջապես հայտնվեցին փարիզյան բուլվարային թերթերի առաջին էջերում։
Մինչ ֆրանսիական մամուլը հռետորական հարցադրումներ էր հնչեցնում, թե Ժուլավսկին ի՛նչ է արել իրենց սիրելի դերասանուհու հետ, ռեժիսորն իր տան պատերի ներսում և նկարահանման հրապարակում ձևավորում էր Սոֆի-դերասանուհու ոճն ու կերպարը՝ միաժամանակ երեխա և կին, անմեղ և հասուն, միամիտ և փորձառու։ Հենց այդ կերպարի շնորհիվ էլ Սոֆին մինչ օրս չի կորցրել իր աղջկական հմայքը՝ անփոփոխ հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն ռեժիսորների, այլև նորաձևության վարպետների համար։ Ֆրանսիացի հանրահայտ դիզայներ Էմանուել Ունգարոն, ով Սոֆիին նվիրել է իր ստեղծած հագուստի հավաքածուներից մեկը, նրա մասին ասել է․ «Սոֆիի կերպարում կա մի հուզիչ ու անմեղ մաքրություն, միևնույն ժամանակ կա նաև հասունացած կոկոնի գրավչություն»։ Հետագայում Ժուլավսկին ինքն էր խրախուսում, որ Սոֆին կրի նորաձև ու համարձակ հագուստ, իսկ Լեհաստանում բնակվելու առաջին տարիներին, ընդհակառակը, արգելում էր՝ պատճառաբանելով, թե Սոֆիի թանկարժեք զգեստները կարող են աչք զարնել երկրում առկա համընդհանուր դեֆիցիտի և սոցիալիստական ռեժիմի թելադրած կարծրատիպային կերպարների համապատկերում։
«Երջանկության համար ինձ պետք են միայն իմ ամուսինը և երեխան։ Մնացյալը կարևոր չէ՝ կարիերան, կինոն, գումարը։ Առանց այդ ամենի ես կարող եմ ապրել, իսկ առանց սիրո՝ չեմ կարող»։ Սոֆի ՄարսոԺուլավսկու սերը ավելի հավասարակշիռ ու ողջամիտ էր՝ ի տարբերություն Սոֆիի սիրո։ Սակայն եթե հասուն տարիքը ենթադրում է ավելի հանդարտ սեր, ապա այդ նույն տարիքը ենթադրում է նաև սիրուց ավելի ուժգին կապվածություն։ Ժամանակի ընթացքում Ժուլավսկին գիտակցեց, թե համատեղ կյանքի տարիները որքան են խորացրել այդ կապվածությունը։ Նա այլևս չէր կառավարում որպես կին և որպես անհատականություն ձևավորված Սոֆիին և տեղի տվեց, երբ Սոֆին ցանկացավ ունենալ երեխա, կարգավիճակ, մեկուսի առանձնատուն քաղաքից դուրս և այլ ռեժիսորների ֆիլմերում նկարահանվելու հնարավորություն։
1995թ-ին ծնվեց նրանց որդի Վենսանը, Սոֆին սկսեց համագործակցել Բերտրան Տավերնիեի, Մել Գիբսոնի, Միքելանջելո Անտոնիոնիի, Ռոբ Ռայների և այլ ռեժիսորների հետ, հետագայում նույնիսկ հանդես եկավ որպես ռեժիսոր։ Ժուլավսկու նախավերջին ֆիլմը, որը Սոֆիի մասնակցությամբ վերջին ֆիլմն էր, 2000թ-ին նկարահանված «Հավատարմությունն» էր։ Եվ վերստին՝ խորհրդանշական անվանում ու սյուժե՝ նրանց իրական հարաբերությունների արտացոլման համար։ «Հավատարմությունը» նկարահանվել է նրանց համատեղ կյանքի այն փուլում, երբ արդեն մնացել էր լոկ սովորույթի վերածված կապվածությունը։ Գլխավոր հերոսուհին սիրահարվում է մի երիտասարդի, սակայն չի ցանկանում դավաճանել իր փեսացուին, ում հարգում է, մինչդեռ կյանքը թելադրում է իր անկանխատեսելի սցենարը։
2001թ-ին նրանց ամուսնական կյանքն ավարտվեց, բայց շարունակվեց պարզապես կյանքը։ Այդ նոր կյանքը Սոֆիին պարգևեց նոր սեր՝ ամերիկացի պրոդյուսեր Ջիմ Լեմլիի հետ, պարգևեց նաև երկրորդ երեխային, հետո նա վերապրեց նաև այդ բաժանությունը՝ 2007-ին համատեղ կյանք սկսելով ճանաչված դերասան Քրիսթոֆեր Լամբերտի հետ, իսկ 2014-ին բարեկամաբար հրաժեշտ տվեց նրան։ Ժուլավսկին իր վերջին ֆիլմը՝ «Տիեզերքը» նկարահանեց 2014-ին։ «Ես երբեք չեմ ցանկացել դուր գալ մեծամասնությանը, թեպետ դա է պահանջում կինոաշխարհը։ Նրանք, ովքեր կինոն դիտարկում են որպես ժամանց, ոչինչ չեն հասկանում իրենց սեփական գոյությունից։ Կինոն պետք է լքի թանգարանները և մարդուն ցույց տա իր իրական պատկերը՝ բացասական ու դրական բոլոր գույներով հանդերձ»,- գրել է նա։
Անուշ Բաբայան
COMMENTS