Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր և պրոդյուսեր Ջեքի Չանն օրերս Լոս Անջելեսում ստացել է իր «պատվավոր Օսկարը»՝ կինեմատոգրաֆում ունեցած նշանակալից ներդրման համար։
«Պատվավոր Օսկարը», ինչպես հայտնի է, միշտ հանձնվում է նախապես՝ բուն մրցանակաբաշխությունից 2-3 ամիս առաջ, հատուկ այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ձեռքը վերցնելով նվիրական արձանիկը՝ 62-ամյա դերասանը խոստովանել է, թե չնայած կինեմատոգրաֆում ունեցած իր երկարամյա ու հաջողված կարիերային՝ ինքը հույս չուներ, որ երբևէ կարժանանա այդ հեղինակավոր պարգևին։
Բացի Չանից՝ նույն մրցանակով պարգևատրվել են նաև ամերիկացի կինովավերագրող Ֆրեդերիկ Վայսմանը, բրիտանացի մոնտաժոր Էնն Քոութսը և քասթինգի ամերիկացի մասնագետ Լին Սթալմասթերը։ Ի դեպ, Էնն Քոութսն արդեն ուներ մեկ «Օսկար», որը ստացել էր 1963թ-ին՝ Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացին» լեգենդար ֆիլմի մոնտաժի համար։ «Այս մարդիկ իսկական լեգենդներ են և իրենց գործի առաջատար վարպետները։ Մենք հպարտությամբ ենք նշում նրանց անհավանական ձեռքբերումները»,- արարողության ժամանակ մրցանակակիրների մասին ասել է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը։
Ջեքի Չանի հանրաճանաչությունն, իհարկե, անվիճարկելի է․ նա արդեն մի քանի սերնդի համար շարունակում է հանդիսանալ ամենասիրված դերասաններից մեկը։ Նրա ֆիլմագրությունը գերազանցում է 200-ը, և, լինելով արևելյան մարտարվեստների հիանալի վարպետ, նա իր բոլոր ֆիլմերում հնարքները կատարում է ինքնուրույն՝ առանց փոխարինողի։ Հոլիվուդի Փառքի պուրակում Ջեքի Չանն արդեն ունի իր աստղը, որին այժմ լրացնելու եկավ նաև երկար սպասված «Օսկարը»։ Նա շարունակում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, և այս պահի դրությամբ ընդգրկված է ինը նոր կինոնախագծում։