1919թ-ին, երբ Չապլինը սկսեց իր լեգենդար «Փոքրիկի» նկարահանումները, գլխավոր դերակատար Ջեքի Քուգանը դեռևս 5 տարեկան էլ չկար։ Ֆիլմի պրեմիերայից հետո նա անմիջապես դարձավ հանրահայտ, իսկ մի քանի տարի անց ընդգրկվեց նաև բարեգործական մի մեծ ծրագրում՝ օգնելով հարյուրավոր հայ և հույն որբերի։
1921թ-ին, երբ «Փոքրիկը»՝ Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը, շռնդալից հաջողությամբ շրջում էր ամերիկյան կինոթատրոններով, նորահայտ աստղ Ջեքին, իհարկե, իր փառքին նայում էր երեխայի անմեղ աչքերով՝ մտածելով, թե ինքը մինչև կյանքի վերջ լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում և չիմանալով, որ յուրովի իրեն էլ, ինչպես իր օգնած երեխաներին, բաժին է հասնելու ամենևին էլ ոչ հարթ ու անամպ ճակատագիր։ Դեռևս 10 տարեկան չդարձած՝ նա արդեն համարվում էր ամերիկյան կինոարդյունաբերության բրենդներից և ամենահարուստ երեխաներից մեկը․ երեխա, ում դերասանական բնատուր մեծ տաղանդի շնորհիվ վաստակված գումարները ծնողներն անխնա քամուն էին տալու՝ արդեն հասուն տարիքում նրան թողնելով առանց ոչնչի՝ և՛ կինոկարիերայի, և՛ նյութական ապահովության առումով։ Սակայն այդ ամենը՝ ապագայում, իսկ մինչ այդ Ջեքին փառքի գագաթնակետին էր, և այդ փառքն օգտագործում էր նաև ի բարօրություն մյուսների։
1922թ-ին Near East Foundation կազմակերպության առաջարկին հոր համաձայնությամբ հավանություն տալով՝ Ջեքին սկսեց ակտիվորեն մասնակցել թուրքերի վայրագությունների հետևանքով որբ ու անօթևան մնացած հայ և հույն երեխաներին մարդասիրական օգնություն տրամադրելու բարեգործական ծրագրին։ Այդ պահից սկսած՝ ամենուր, որտեղ ցուցադրվում էին Ջեքիի մասնակցությամբ ֆիլմերը, գործում էին նաև նվիրատվությունների հավաքագրման կետեր։ Ծրագիրը, որի արդյունքում հավաքվեց 35 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հագուստ և սննդամթերք, թերևս, այդքան հաջողված չէր լինի, եթե չլիներ փոքրիկ կինոաստղ-բարեգործի եռանդուն մասնակցությունը։ Շատ շուտով ծրագիրն արդեն այնքան ընդլայնվեց, որ Մ․ Նահանգների տարածքից տեղափոխվեց եվրոպական երկրներ՝ ավարտվելով Հունաստանում, որտեղ եղեռնից հետո ապաստան էին գտել հարյուրավոր հայ որբեր, իսկ 1919-1922թթ-ների թուրք-հունական պատերազմից հետո ավելացել էր նաև հույն որբերի թիվը։
Ջեքին եվրոպական երկրներով շրջագայության ընթացքում նաև բարեգործական ելույթներ էր ունենում, իսկ Մ․ Նահանգների տարածքով 4-ամսյա շրջագայության ժամանակ ծրագրի կազմակերպիչների հետ այցելել էր 25 քաղաք՝ նվիրատվություններ հավաքելու։ Չիկագոյում նրան 10 րոպեով հռչակում են քաղաքապետ, Բոստոնում նրան են հանձնում քաղաքի բանալիները, Նյու Յորքում նրան ողջունելու է գալիս 40 հզ մարդ, իսկ Եվրոպա մեկնելիս նրան ճանապարհում է 300 հզ մարդուց բաղկացած հոծ բազմությունը։ Լոնդոնում նա յուրաքանչյուր ժամը մեկ դուրս էր գալիս հյուրանոցի պատշգամբ, որպեսզի ողջունի իրեն կանչող բնակիչներին։ Փարիզում նրան դիմավորելու էր եկել 15 հզ մարդ։ Իտալիայում նրան հանդիպման էր հրավիրել Հռոմի Պապը։ Իր գործունեության համար Ջեքին պարգևատրվեց մի քանի շքանշանով, իսկ ամենակարևորը՝ բարեհաջող տեղ հասցրեց և անձամբ հանձնեց այն բոլոր նվիրատվությունները, որոնք հավաքել էր իր նման փոքրիկների համար։