«Նիմֆոմանուհին» աղմկահարույց ֆիլմի թողարկումից հետո մի քանի տարի խորհրդավոր լռություն պահպանած Լարս ֆոն Թրիերը շուտով կսկսի իր նոր ֆիլմի նկարահանումները՝ հանդիսատեսին նախապես խոստանալով բազմաթիվ շոկային հոգեվիճակներ կինոդիտման ընթացքում։
«Տունը, որ կառուցել է Ջեքը» անգլիական ժողովրդական բանաստեղծությունը մինչ այժմ միայն ժպիտ ու մանկության հուշեր էր արթնացնում, սակայն դանիացի հանրահայտ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի համանուն թրիլերի պրեմիերայից հետո ասոցիացիաները կարող են կտրուկ փոխվել, քանի որ «Տունը, որ կառուցել է Ջեքը» ֆիլմը սերիական մարդասպանի մասին է և, ինչպես նախազգուշացնում է ֆիլմի հեղինակը, հանդիսատեսին «պարգևելու է» բազմաթիվ լարված հոգեվիճակներ։ Առայժմ դժվար է ասել՝ Թրիերի անգերազանցելի և տաղանդալից նեգատիվիզմը այս ֆիլմում կհասնի՞ նույնպիսի գագաթնակետի, ինչպիսին կինոսերները տեսել են նրա «Հակաքրիստոս», «Նիմֆոմանուհին» և այլ ֆիլմերում, սակայն արդեն իսկ կարելի է կանխագուշակել, որ սկանդալային դանիացին ներկայացնելու է ոչ սովորական, շարքային թրիլեր։
![]() |
«Մելամաղձություն» ֆիլմը նկարահանելիս |
Ֆիլմի հերոսը աներևակայելիորեն խելացի Ջեքն է, ում կյանքի 12 տարիներին հետևելու է կինոխցիկը՝ ցույց տալով, թե նա ինչպես է աստիճանաբար վերածվում սերիական մարդասպանի։ Ռեժիսորի մտահղացմամբ՝ հանդիսատեսը Ջեքի կյանքը դիտարկելու է հենց նրա աչքերով և նրա տեսանկյունից։ Իր հանցագործություններից յուրաքանչյուրը նախապատրաստելով ոսկերչի բծախնդրությամբ՝ Ջեքը, ոստիկանության եզրափակիչ որսին ընդառաջ, ծրագրում է իր գլխավոր «գլուխգործոցի» իրականացումը։