Լեոնարդո դի Կապրիոն, ինչպես և հաջողված կարիերա ունեցող բազմաթիվ դերասաններ, արդեն 12 տարի զբաղվում է նաև պրոդյուսերությամբ՝ կինոնախագծեր իրականացնելով իր Appian Way Production ընկերության միջոցով։ Լեոնարդոյի կյանքի կոչած նախագծերի թիվը հասնում է 15-ի, ևս 14-ն այժմ ընթացքի մեջ են։
Լեոնարդո դի Կապրիոն որպես պրոդյուսեր հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեի «Ավիատորը» և «Ուոլ սթրիթի գայլը», նա, լինելով Սկորսեզեի սիրելի դերասաններից մեկը, հանդիսանում է նաև վերջինիս նոր կինոնախագծի՝ «Դևը սպիտակ քաղաքում» թրիլերի պրոդյուսերը։ Սակայն դի Կապրիոյի ուշադրության կենտրոնում ոչ միայն գեղարվեստական, այլև վավերագրական ֆիլմերն են, որոնց ընդարձակ թեմատիկան՝ աշխարհագրություն, պատմություն, բնապահպանություն, ինչ-որ առումով հիշեցնում է գերմանացի նշանավոր ռեժիսոր Վերներ Հերցոգի վավերագրական աշխատանքները։
Վերջերս հանդիսատեսին ներկայացվել էր Լեոնարդո դի Կապրիոյի պրոդյուսերությամբ նկարահանված «Փրկել մոլորակը» վավերագրական ֆիլմը, որտեղ նա՝ որպես ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան, նկարահանող խմբի հետ միասին ուսումնասիրում էր կլիմայական կտրուկ փոփոխությունների ազդեցությունը երկրագնդի տարբեր ծագերում։ Ֆիլմը հոկտեմբերին ցուցադրվեց National Geographic-ի յութուբյան ալիքով և հանրության շրջանում առաջացրեց բավականին լայն արձագանք։ Այժմ դի Կապրիոն որպես պրոդյուսեր է հանդես գալիս «Ֆրոնտիրի մարդը» վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվելու է History հանրաճանաչ հեռուստաալիքով և պատմելու է 1780-ական թթ-ներին Հյուսիսային Ամերիկայի չբնակեցված տարածքները հայտնագործած ու հետազոտած խիզախ ճանապարհորդների ու գիտնականների մասին։ Իրադարձությունների շղթան ձգվելու է մինչև «Ոսկե տենդի» ժամանակաշրջանը՝ 19-րդ դարի կեսերը։
Այս տարեսկզբին Լեոնարդո դի Կապրիոն միջազգային մրցանակի էր արժանացել շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումներ նախաձեռնելու համար։ Դեռևս 1998թ-ին հիմնելով Leonardo DiCaprio Foundation կազմակերպությունը՝ նա ավելի քան 30 մլն դոլար է հատկացրել բնապահպանական ծրագրերին։ «Մենք պետք է մեր մոլորակը պաշտպանենք անդառնալի ավերածությունից»,- ասել է նա։