Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Հայկ Մանուկյանը կրթել է ճանաչված կինոգործիչների մի քանի սերունդ։ Նրա ամենատաղանդավոր ուսանողներից էր Մարտին Սկորսեզեն, ով իր հուշերում բազմիցս խոսել է Մանուկյանի մասին՝ նշելով․ «Նա ուներ աննկարագրելի էներգիա, և ես ինքս ինձ ասացի՝ ուզում եմ լինել այս մարդու կողքին»։
«Երկրորդ անգամ փարիսեցիները կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, և ասացին նրան՝ Աստծո առաջ ճշմարտությունն ասա, մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է։ Իսկ նա ասաց՝ թե մեղավոր է՝ ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ (Հովհ․ Ա, 24-26)։ Իմ ուսուցիչ Հայկ Մանուկյանի հիշատակին։ Սիրով և մեծարանքով՝ Մարտի»։ Այս խոսքերով է ավարտվում Մարտին Սկորսեզեի՝ 1980թ-ին նկարահանված «Կատաղի ցուլը» ֆիլմը, որն արժանացել է երկու «Օսկարի»։
![]() |
Հայկ Մանուկյանը և Սկորսեզեի մակագիրը «Կատաղի ցուլը» ֆիլմում |
Վաղ երիտասարդության տարիներին Սկորսեզեն ցանկանում էր դառնալ հոգևորական և այդ նպատակով հաճախում էր կարդինալ Հայզի անվան միջնակարգ դպրոց, որը գտնվում էր Բրոնքսում։ Սակայն հետո նա մտափոխվեց և ընդունվեց Նյու Յորքի գիտությունների և արվեստի քոլեջ, որն ավարտեց 1964թ-ին՝ արվեստների բակալավրի կոչումով։
![]() |
Սկորսեզեն համակուրսեցիների հետ |
Նրանք, ովքեր ճանաչում էին Մանուկյանին, գիտեին, որ նա իր ուսանողներին ստիպում է տեսնել և կապակցել արվեստի ու կրոնի ընդհանրությունները։ Իր «Կինոռեժիսորի արվեստը» էսսեում, օրինակ, Մանուկյանը նշում է․ «Մեծագույն նվաճումը, որին երբևէ հասել է մարդկային հոգին, երևույթը տեսնելու և տեսածը մտածված ձևով պատմելու ունակությունն է։ Մեկ մտածող մարդը արժե հարյուր խոսող մարդ, իսկ հազար մտածող մարդիկ համարժեք են մեկ տեսնող մարդու։ Հստակ տեսնել պոեզիան, մարգարեությունը, կրոնը՝ ամեն ինչ միասին․․․»։ Սկորսեզեն այդ պոեզիան, մարգարեությունը և կրոնը գտավ Ջեյք Լամոտայի կյանքում և պայքարում՝ իր տեսածը հանդիսատեսին փոխանցելով «Կատաղի ցուլը» ֆիլմի միջոցով։
![]() |
«Կատաղի ցուլը» նկարահանելիս |
Իրաքահայ սցենարիստ և դերասան Մարդիկ Մարտինը, ով «Կատաղի ցուլը» ֆիլմի սցենարի համար Փոլ Շրեդերի հետ միասին ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, հանդիսացել է Սկորսեզեի ևս մի քանի ֆիլմերի սցենարիստը՝ երբեմն նաև նկարահանվելով այդ ֆիլմերում («Խնդիրը միայն դու չես, Մյուրեյ», 1964թ, «Չար փողոցները», 1973թ, «Իտալաամերիկացին», 1974թ, «Նյու Յորք, Նյու Յորք», 1977թ, «Վերջին վալսը», 1978թ, «Ամերիկացի տղան», 1978թ, և այլն)։
![]() |
Մարդիկ Մարտինը |
2014թ-ին, երբ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը նկարահանում էր հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը, իսկ Մարդիկ Մարտինը, երկար տարիների ստեղծագործական դադարից հետո գրել էր ֆիլմի սցենարը, Սկորսեզեն անուղղակի մասնակցություն ունեցավ այս կինոնախագծին՝ որպես խորհրդատու։ Ֆիլմի գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանի ազգանունը պատահական չէր ընտրված․ նկատի էին առնվել ամերիկահայ նշանավոր գործարար ու բարերար Ալեք Մանուկյանը և, իհարկե, Սկորսեզեի ու Մարտինի ուսուցիչը՝ պրոֆեսոր Հայկ Մանուկյանը։