2002թ-ին ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունն իր նկարահանող խմբի հետ այցելեց Կուբա, իսկ 2003թ-ին ներկայացրեց Ֆիդել Կաստրոյին նվիրված «Կոմանդանտե» վավերագրական ֆիլմը։ Ցուցադրվեց, սակայն, ֆիլմի ոչ ամբողջական տարբերակը։ Այժմ, 14 տարի անց, ֆիլմը համացանցում հայտնվել է չգրաքննված տարբերակով։
Օլիվեր Սթոունի «Կոմանդանտե» վավերագրական ֆիլմի 1-ժամանոց տարբերակը, որը մասնակիորեն ֆինանսավորվել էր ամերիկյան հանրաճանաչ HBO հեռուստաընկերության կողմից, նախքան եթեր հեռարձակվելը ցուցադրվեց Սանդենսի կինոփառատոնի շրջանակներում և բավականին մեծ արձագանքի արժանացավ իր անկեղծ քաղաքական մոտեցման շնորհիվ։ Այդուհանդերձ, Սթոունը պատրաստել էր ոչ թե 1-ժամանոց, այլ 1,5-ժամանոց ֆիլմ, որը, Արևմուտքում Ֆիդել Կաստրոյի քաղաքական գործունեության և կերպարի հանդեպ առկա ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով, որոշակիորեն կրճատվել ու խմբագրվել էր։ Նոյեմբերի 25-ին, երբ Կուբայի նախկին նախագահ և լեգենդար հեղափոխական գործիչ Ֆիդել Կաստրոն 90-ամյա հասակում կնքեց մահկանացուն, ֆիլմի՝ մինչ այդ երբևէ չցուցադրված ամբողջական տարբերակը տարածվեց համացանցում և հասանելի դարձավ լայն հանրության համար։
14 տարի առաջ նկարահանված այս ֆիլմում ներառված են բացառիկ վավերագական կադրեր՝ Կաստրոյի անկեղծ հարցազրույցներով, որոնք վարել է անձամբ Օլիվեր Սթոունը, և իր՝ Սթոունի մեկնաբանություններով։ Կաստրոն այս ֆիլմում խոսում է ոչ միայն իր երկրի պատմության ու քաղաքական վիճակի մասին, այլև իր անձնական կյանքի, առկա աշխարհաքաղաքական իրադրության և ամենատարբեր այլ թեմաների շուրջ։ Ֆիլմը պիտի եթեր հեռարձակվեր HBO հեռուստաընկերությամբ, սակայն նշանակված օրվանից երկու շաբաթ առաջ քաղաքական պատճառներով հանվեց ծրագրից։ Խնդիրն այն էր, որ Կաստրոն հենց այդ օրերին ձեռնարկել էր հակաամերիկյան գործողություններ, ինչպես նաև բանտարկել էր ավելի քան 70 քաղաքական այլախոհների։ Իհարկե, Օլիվեր Սթոունի համար դա ծանր հարված էր, ինչի մասին նա հայտարարել էր մամուլում։ Հետագայում Սթոունը Կաստրոյի մասին նկարահանեց ևս երկու վավերագրական ֆիլմ՝ «Ֆիդելի որոնումներում» և «Կաստրոն ձմռանը», սակայն, միևնույն է, միշտ ափսոսանքով էր խոսում այն մասին, որ այդ շարքի առաջին ֆիլմն ԱՄՆ-ում այդպես էլ չներկայացվեց հանրությանը։