Անգլիական գրականության դասական Չառլզ Դիքենսի հայտնի վեպը հերթական անգամ հայտնվել է կինեմատոգրաֆիստների ուշադրության կենտրոնում։
«Օլիվեր Թվիստը» առանձնահատուկ տեղ է գրավում անգլիական դասական գործերի շարքում, քանի որ 1837թ-ին առաջին անգամ վեպի գլխավոր հերոս դարձավ մի երեխա։ Փոքրիկ որբուկ Օլիվերի արկածները բազմիցս ներկայացվել են և՛ թատերական բեմում, և՛ մեծ էկրանին։ Առաջին անգամ Օլիվերին անդրադարձել է համր կինոն․ 1922թ-ին ամերիկացի ռեժիսոր Ֆրենկ Լլոյդն Օլիվերի դերում նկարահանել է Չապլինի «Փոքրիկը» լեգենդար ֆիլմի գլխավոր դերակատար Ջեքի Քուգանին։
![]() |
Ռոման Պոլանսկին՝ «Օլիվեր Թվիստը» նկարահանելիս |
The Hollywood Reporter-ի տեղեկացմամբ՝ Disney ընկերությունն արդեն սկսել է վեպի նոր տարբերակի էկրանավորման աշխատանքները։ Ժամանակակից մյուզիքլի ժանրում նկարահանվելիք այս ֆիլմի բեմադրման համար հրավիրվել է ճանաչված թատերական ռեժիսոր Թոմաս Կայլը, ով հայտնի է դարձել իր «Համիլթոն» մյուզիքլով։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկը ամերիկացի հանրաճանաչ ռեփեր և դերասան Այս Քյուբն է, ով արդեն իսկ հայտարարել է, որ, շեղվելով դասական ավանդույթներից, Դիքենսի վեպը ներկայացնելու է հիփ-հոփ տարբերակով։