«Յուրաքանչյուրը, ով տեսնում էր Գենսբուրին, անմիջապես սիրով էր լցվում նրա հանդեպ։ Երբ կողքիդ այդպիսի մարդ է, զգում ես միայն լուսավոր ուրախություն»։ Ջեյն Բիրկին
«Փախչել երջանկությունից, քանի դեռ ինքը չի փախել
քանի դեռ երկնքի լազուրը չի վերածվել կապարի
մտածել կամ անցնել այլնին,
ավելի լավ է փախչել երջանկությունից, քանի դեռ ինքը չի փախել
ասել ինքդ քեզ, որ ծիածանից վերև շողում է լուսափայլ արևը
Հավատալ աստվածներին,
նույնիսկ երբ ամեն ինչ թվում է այնքան նողկալի,
որ սիրտն անցնում է դժոխքի բոլոր շրջաններով
Փախչել երջանկությունից, քանի դեռ ինքը չի փախել
ինչպես մկնիկը մահճախորշի անկյունում»։
Սերժ Գենսբուր, «Փախչել երջանկությունից»
Ջեյն Բիրկինը մինչ Գենսբուրին հանդիպելը անձնական կյանքում ունեցել էր բավականին տխուր փորձ. 19 տարեկան հասակում ամուսնանալով անգլիացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Բարիի հետ և ունենալով դուստր` որոշ ժամանակ անց ամուսնալուծվել էր: Որպեսզի կարողանա առանց լուրջ հետևանքների վերապրել բաժանումը, ծնողները Ջեյնին ուղարկում են Ֆրանսիա: Այդ ժամանակ նա արդեն նկարահանվել էր Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում» լեգենդար ֆիլմում՝ մարմնավորելով մի ֆոտոմոդելի, ով մերկ և համարձակորեն կանգնում էր տեսախցիկի առջև: Թեպետ նրա մասնակցությամբ տեսարանները քիչ էին, սակայն աղջիկն անմիջապես տպավորություն գործեց ու հիշվեց: Ջեյնի դերակատարմամբ ևս երկու ֆիլմից հետո արդեն «Կարգախոսն» էր և ճակատագրական հանդիպումն իրենից 18 տարով մեծ Սերժ Գենսբուրի հետ:
Սիրային տեսարանի նկարահանման ժամանակ Գենսբուրը շշնջաց Բիրկինի ականջին, թե ինչու է վերջինս որոշել նկարահանվել ֆրանսիական ֆիլմում, եթե մեկ բառ անգամ ֆրանսերեն չգիտի: Եվ սա Գենսբուրի խայթոցներից առայժմ միայն մեկն էր։ Մթնոլորտը նրանց միջև հետզհետե ավելի էր լարվում. Գենսբուրը շարունակ ծաղրում էր Ջեյնին, և աղջիկն այդ պատճառով մոռանում էր տեքստը։ Ստեղծված իրավիճակը հարթելու համար ֆիլմի ռեժիսոր Գրեմբլան նրանց հրավիրում է ռեստորան, իսկ ինքը չի գնում: Թվում էր, թե Բիրկինն ու Գենսբուրը, ելնելով նաև լեզվական անջրպետից, չպետք է երկար ժամանակ անցկացնեին միասին, բայց հնարամիտ ռեժիսորի սպասումներն ավելի քան արդարացան:
Մի անգամ Գենսբուրը Բիրկինին տանում է Փարիզի ռուսական գիշերային ակումբներից մեկը՝ «Ռասպուտին»: Այդ օրվա մասին Բիրկինը հիշում է․ «Գենսբուրը ճանաչում էր բոլոր երաժիշտներին: Նրանք մեզ համար էին նվագում, բոլորը զարկում էին շամպայնով լի բաժակները: Հետո Սերժը նրանց խնդրեց նվագել Սիբելիուսի «Տխուր վալսը»: Այնուհետև նա յուրաքանչյուրի ջութակի մեջ մտցրեց 100 ֆրանկանոց թղթադրամներ և ասաց. «Նրանք ծախու են, ինչպես և ես»: Դրանից հետո բոլորն ինձ հարցնում էին, թե ինչու եմ ես շփվում այդ ահավոր ցինիկի հետ, ով արհամարհում է բոլոր կանանց: Բայց ես ուրիշ բան էի տեսնում. ինձ հետ նա ամենանուրբ մարդն էր»։ Երբ Բիրկինը մեկնում է Սեն-Տրոպե՝ Ալեն Դելոնի հետ «Լողավազան» ֆիլմում նկարահանվելու համար, Գենսբուրը նույնպես հավաքում է իր ճամպրուկներն ու ճամփա ընկնում Բիրկինի հետ:
Սերժ Գենսբուրի կյանքում Բիրկինի հետ հարաբերությունները հաջորդեցին Բրիջիտ Բարդոյի հետ երեքամսյա սիրավեպին, որի ընթացքում էլ Գենսբուրը գրում է Je t'aime... moi non plus («Ես քեզ սիրում եմ, ես քեզ նույնպես ոչ») հանրահայտ երգը, որը լույս չի տեսնում, քանզի ձայնագրման ընթացքում հնչեցրած ձայների ու ֆիզիոլոգիական իմաստով անկեղծ տեքստի պատճառով Բարդոն Գենսբուրին խնդրում է չթողարկել այն: Հետագայում Սերժն այդ երգը ձայնագրում է Ջեյնի հետ, ով երգի վերջում հոգոցներ էր արձակում՝ իմիտացնելով օրգազմ: 1969-ին այս երգը Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում ամենատարածվածներից էր, թեպետ մի քանի երկրներում արգելվել էր, իսկ Հռոմի Պապը հրապարակայնորեն քննադատել էր այն: Գենսբուրն էլ իր հերթին 1976թ-ին նկարահանեց համանուն ֆիլմ՝ Բիրկինի դերակատարմամբ։
![]() |
Սերժը դստեր՝ դերասանուհի Շառլոթ Գենսբուրի հետ |
1975թ-ին Սերժ Գենսբուրը գրում է «Ես եկել եմ ասելու, որ հեռանում եմ» երգը: Բիրկինն ասում էր, որ նրան բնորոշ է մազոխիզմը, իսկ դա դժբախտ մարդու որակ է: Եվ իրոք… Գենսբուրն ինքն է խոստովանում, որ իր բոլոր երգերը սիրո, բայց ոչ թե ուրախ սիրո, այլ անընդհատ վախի մասին են: Հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ նա ասում է. «Իմ կարծիքով՝ որքան ավելի հայտնի լինի նա, այնքան ավելի շատ կնկարահանվի: Որքան ավելի հաջողակ լինի նա, այնքան ավելի մեծ վտանգի մեջ կլինեմ ես: Ուզո՞ւմ եք կանխագուշակություն: Եթե նա լինի հաջողակ, ես նրան կկորցնեմ: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»:
Սերժ Գենսբուրի ու Ջեյն Բիրկինի հարաբերությունների ներդաշնակ շրջանը տևեց յոթ տարի: Հետո Գենսբուրը սկսեց ոգելից խմիչքը չարաշահել այն աստիճան, որ նրա հետ արդեն դժվար էր ապրել: Այդ ամենին զուգահեռ՝ Բիրկինի կյանքում հայտնվեց ռեժիսոր Ժակ Դուայոնը: Սերժն ասաց. «Ես կարծում եմ՝ նա հրաշալի է», և իրեն բնորոշ արտասովորությամբ ու ինչ-որ առումով նաև մազոխիզմի սկզբունքից ելնելով՝ հրավիրեց Ժակին ընթրիքի:
«Նա առաջ էլ էր երգեր գրում Ջեյնի համար, բայց բաժանումից հետո նրա գրած բոլոր երգերը միայն Ջեյնի համար էին: Եվ Ջեյնի համար գրված լավագույն երգերից մի քանիսը ստեղծվել են հենց բաժանումից հետո»,- ասում է Էնդրյու Բիրկինը: Սերժ Գենսբուրի մահվան համար Բիրկինն իրեն էր մեղավոր համարում՝ կարծելով, որ եթե մնար նրա կողքին, կփրկեր նրան ալկոհոլից: 18 տարվա տարիքային տարբերությունը, գուցեև, այն խթանիչ գործոնն էր, որն այդքան երկար ժամանակ նրանց կողք-կողքի պահեց. այն ցինիզմն ու արհամարհանքը, որ բնորոշ էին Գենսբուրին, նրան հասակակից կանանց համար, թերևս, անհասկանալի էին ու անըմբռնելի, իսկ երիտասարդ ու աղջկական Ջեյնին հենց դա էր հմայում ու հետաքրքրում: Գենսբուրն ու Բիրկինը 70-ականների կուռքային դեմքերից էին, իրենց տեսակով՝ հեղափոխական, իսկ նրանց միությունն ինքնին ֆրանսիական մշակույթի ու ժամանցային կյանքի ամենավառ բաղկացուցիչներից էր։
Լիլիթ Աղաջանյան