Հանրահայտ Ռոման Պոլանսկու գեղեցկուհի կնոջ՝ 26-ամյա կինոդերասանուհի Շերոն Թեյթի շքեղ կյանքի, ճակատագրական սիրո և ողբերգական մահվան պատմությունը կէկրանավորվի ամերիկացի կինեմատոգրաֆիստների կողմից՝ հիասքանչ Քեյթ Բոսվորթի գլխավոր դերակատարմամբ։
Ամերիկացի գրող Գրեգ Քինգի «Շերոն Թեյթը և Մենսոնի սպանությունները» կենսագրական գիրքը առաջիկայում հիմք կդառնա Թեյթին նվիրված նոր ֆիլմի սցենարի համար։ Նկարահանումների մեկնարկը կտրվի 2017թ-ին, իսկ գլխավոր դերում հանդես կգա 33-ամյա Քեյթ Բոսվորթը («Սուպերմենի վերադարձը», «Ծղոտե շները», «Դեռևս Էլիսը»)։ Քեյթի ամուսինը՝ Մայքլ Փոլիշը («90 րոպե երկնքում», «Հաջողության բույրը», «Ջեքփոթ») ֆիլմի ռեժիսորն է։ Չնայած տարիքային որոշակի տարբերությանը՝ Բոսվորթն իր արտաքին տվյալներով համապատասխանում է Թեյթի կերպարին՝ հաշվի առնելով, որ մինչև կինոկարիերա սկսելը Թեյթը հանդես է եկել որպես մոդել և հաջողությամբ մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների։
![]() |
Ռոման Պոլանսկին և Շերոն Թեյթն իրենց պսակադրության օրը |
1969թ-ին ինը ամսական հղի Շերոնը և նրա չորս ընկերները դաժանաբար սպանվում են աղանդավորական հանցավոր խմբի պարագլուխ Չառլի Մենսոնի համախոհների ձեռքով։ Պոլանսկին, երջանիկ պատահականությամբ, այդ ժամանակ բացակայում էր քաղաքից։ Հանցագործներն ու նրանց ղեկավարը դատապարտվեցին մահապատժի, որը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, իսկ Շերոնի մասնակցությամբ ֆիլմերը նրա մահվանից հետո ձեռք բերեցին ռեկորդային բարձր վարկանիշ։ 1969թ-ի ողբերգական իրադարձությունների մասին գրվել են բազմաթիվ գրքեր և նկարահանվել են ֆիլմեր։