«Ես կատարել եմ երկար ճանապարհորդություն։ Եվ այդ ամենը՝ հանուն այս հայացքը տեսնելու․․․ Մեր Աստվածն ու Արարիչը մեզ խճճել է։ Այն էլ ինչպե՜ս է խճճել․․․»։ «Ուլիսեսի հայացքը», ռեժ․՝ Թեո Անգելոպուլոս, 1995թ
«…Հունաստանը մեռնում է…»։ (Անգելոպուլոսի հերոսի շուրթերից)․․․ Մի օր Հունաստանում արևը մայր մտավ։
Երբ ոգու պատմության մեջ հազար տարի անց նորից արշալույս էր, առկայծեց հիշողությունը, և, կարծես թե, մթից հառնած այդ նույն հունական արև՞ն էր… Սակայն աշխարհն այլ էր, նոր և գերազանցապես հակահունական, ուրեմն՝ այս արևն էլ այլ աշխարհից էր: Պարզապես ավելի հեշտ է մթին դիմադրել հիշողության մեջ հավերժացած, թեպետ արդեն չորացած արևով, քան երկնել նորը՝ սեփականը… Չնայած այդ նորը և իրական-ֆաուստյանը այսպես թե այնպես ծնունդ է առնում, և ոգին շարունակում է իր ընթացքը՝ քարշ տալով իր ետևից հունական կենսախինդ լուսատուի մասին հիշողությունը…
«Հավերժությունը և մեկ օրը», 1998թ |
Ինչևէ՝ հունականության լուսավոր հիշողությունը մինչ օրս էլ արթուն է ոգու մեջ, բայց որտե՞ղ է այն հույնը, ում համար դա ոչ թե պարզապես «լուսավոր հիշողություն» է, այլև ողբերգական հիշողություն-վերապրում: Եվ կա՞ արդյոք այդ հույնը: Ի վերջո, խնդիրը չափազանց բարդ է. մայրամուտի վերապրման այդ զուտ հունական անմիջականությունն արտահայտել Եվրոպական մշակույթի լեզվով, որին միահյուսված է ներկա հունական իրականությունը: Ուրեմն՝ պետք է գտնել մի ձև, որը, գոյավորվելով Եվրոպական մշակույթի կարելիություններում, ներփակված չէ դրանց մեջ և ի զորու է իր Եվրոպական, այսինքն՝ անգամ հակահունական ծագումնաբանությամբ մարմին տալ այդ զուտ հունական վերապրմանը: Այդ հույնը կա,՜ և նա խոսեցնում է իր արևին կարոտ և իր մթությամբ տառապող իսկապես հունական վերապրումը… Կինոարվեստում:
Այստեղ որոշակի տարիմաստություն կա. հունական մայրամուտի այդ վերապրումը՝ այդ զուտ հունականը, կյանքի է կոչվում ֆաուստյան իրականությամբ, այսինքն՝ Անգելոպուլոսի ֆիլմերը Ֆաուստյան են, բայց այն կայացնող ոգին՝ զուտ հունական: Այստեղ այդ զուտ հունականն իր ուսերից թոթափում է ֆաուստյան բեռը, ազատում է իրեն շղթաներից հենց ֆաուստյան կինոարվեստով, քանզի այլ ելք չկա. իր սեփական ձևերը մնացել են Դիոնիսոսի տաճարի փլատակների տակ:
«Բնապատկեր մշուշում», 1988թ |
Այսպես ծավալվում է այդ հունականի վերապրման պատմությունը, որն այդչափ երկար ժամանակ լռում էր, քանզի չկար կինոարվեստի նման մի ձև, որում այդ պատմությունը ծավալելի լիներ: Եվ ուրեմն՝ Անգելոպուլոսի կինոյի առանցքը մայր մտած հունական արևն է, հունականությունը, թերևս՝ կորսված Դիոնիսոսը: Այն ունի երեք էական պահեր, որոնք էլ, երբեմն հավասարակշռելով, երբեմն բացառելով միմյանց Անգելոպուլոսի այս կամ այն ֆիլմում, գոյավորում են նրա կինոարվեստը:
Առաջինը հունականության մայրամուտի վերապրումն է: Այն ինքն իր մեջ հակասական է, քանզի այդ վերապրումը մի կողմից ամրագրում է հունական արևի չգոյությունը և անհույս կարոտն առ այն, մյուս կողմից, եթե այդօրինակ վերապրումն առկա է, ապա վերապրողի ներսում որոշակի իմաստով նաև ներկա է այդ գոյությունը կորցրած, խավարած արևը, ներկա է որպես լուսավոր արև: Սա վերապրողի կռիվն է, նրա ներաշխարհային ողբերգությունը և նրա ստեղծագործությունը համակող շունչը: Ասել է թե՝ Անգելոպուլոսի կինոարվեստն ի ծնե ողբերգական է: Երկրորդը՝ արևի որոնումը: Սա այդ ներաշխարհային հակասության հաղթահարման ընթացքն է, խավարած և վերապրողի ներքին լուսատու արևների կամրջումը, որը նաև վերապրողի ներաշխարհային ընթացքն է: Երրորդը՝ արևի վերագտնումը, երբ վերապրողի ներքին արևը վերածվում է լիառատ իրականության, թերևս՝ Դիոնիսոսի վերադարձը…
«Մեղվապահը», 1986թ |
«Բնապատկեր մշուշում»-ը, օրինակ, մանուկների՝ իրենց հոր փնտրտուքն է, հոր՝ այսինքն ինչ-որ նախասկզբնական, ամենահիմնարար բանի, փնտրողի ես-ի աղբյուրի, հոր, որն իրականում չկա: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ հոր չգոյությունը հայտնի է ի սկզբանե, ինքնին. միայն մանուկներն են հավատում այդ գոյությանը: Սակայն սրա մասին՝ քիչ ուշ: Այստեղ էականն այդ չգոյության ինքնին ակնհայտությունն է, արևի չլինելու՝ մայրամուտի վերապրումը:
Այդօրինակ վերապրմամբ է հագեցված նաև Թեոյի վաղ շրջանի ֆիլմերից «1936-ի օրերը»: Բերդի իր խցում ոստիկանին գերի վերցրած դատապարտյալը պահանջներ է ներկայացնում՝ ոստիկանին սպանելու սպառնալիքով, սակայն ակնհայտ է, որ նա դատապարտված է անհաջողության. դարձյալ ի սկզբանե պարզ է, որ բանտարկյալը փրկություն չունի, նրան ոչնչացնելու են, և այդպես էլ լինում է: Հատկանշական է, որ ամբողջ ֆիլմի ընթացքում գլխավոր հերոսը այդպես էլ չի երևում: Նրա ես-ը առհասարակ էական չէ, այլ էական է վերջինիս՝ մահվան դատապարտված լինելը, կործանման անխուսափելիությունը՝ նույնպիսի ողբերգականությամբ, ինչպիսին հունական արևը…
«Ուլիսեսի հայացքը», 1995թ |
Այս տեսակ վերապրման սիմվոլ է նաև բաժանարար գետը «Արագիլի ընդհատված քայլ»-ում, նաև, իհարկե, «Ուլիսեսի հայացք»-ի նախամիջավայրը:
Ի տարբերություն մայրումուտի վերապրման՝ հունական արևի՝ դրանից բխող փնտրտուքը ֆիլմերում ի հայտ է գալիս սոսկ որպես որոշակի գործողություն: Այդ առումով հատկապես հագեցված է «Լացող մարգագետինը»: Այս ֆիլմը փնտրտուքների համախումբ է: Հերոսները մշտապես փնտրում են ինչ-որ էական բան: Ֆիլմը մեկնարկում է հենց այդօրինակ որոնմամբ: Մի խումբ մարդիկ փնտրում են իրենց նոր տունը, իսկ այդ տեսակ փնտրտուքները շարունակվում են ամբողջ ֆիլմի ընթացքում. հայրը փնտրում է իր որդու հետ սիրային կապի մեջ գտնվող և իրենց ամուսնության օրը վերջինիս հետ փախուստի դիմած աղջկան, այդ աղջիկը հետագայում փնտրում է իրենից բաժանված երեխաներին և այլն: Այս եռագրությունը, որը տևում է երեք ժամից ավելի և հագեցված է ողբերգական իրադարձություններով, Անգելոպուլոսի առավել դյուրամարս ֆիլմերից է: Պատճառն այն է, որ դրանում գերազանցապես արտահայտված է նախանշված արևի փնտրտուքը, իսկ քանզի վերջինս ամրագրվում է առավելապես գործողություններում, կինոդիտողն իրեն թույլ չի տալիս ձանձրանալ:
«1936-ի օրերը», 1972թ |
Վերագտնումը՝ Անգելոպուլոսի կինոարվեստի այդ երրորդ էատարրը, առկա է արդեն իսկ որոնման մեջ, քանզի չի կարելի գտնել մի բան, որը որոնելիս արդեն իսկ գտնված չի եղել:
Այն, ինչ վերագտնվում է, թաղված է ինչ-որ քաոսի մեջ: «Ուլիսեսի հայացք»-ում այդ քաոսը պատերազմն է, և պատահական չէ, որ այն, ինչ որոնում է «Ուլիսեսը», գտնվում է հենց մարտական բախումների կիզակետում, որտեղ մահը շրջում է փողոցներով… Նախ՝ որոնման առարկան այստեղ չափազանց խորհրդանշական է. հերոսը փնտրում է հունական առաջին տեսաժապավենը: Հունական առաջին, այսինքն՝ հունական հոգին գոյավորող հրամայականը, և ֆիլմ, այսինքն՝ մի ձև, որում հունական մայրամուտի վերապրումը լսելի ու գիտակցելի դարձավ: Այդ հերոսը կարող էր փնտրել հունական առաջին ողբերգությունը, առաջին փիլիսոփայական տրակտատը, առաջին հունական քանդակը… Բայց նա որոնում է հենց ֆիլմը… Սա ոչ միայն վերապրում-որոնում-վերագտնում ընթացքն է, այլև որոշակի ինքնագիտակցական վիճակ, որում առկա է այն գիտակցելին, որ հենց կինոարվեստն է, այն ձևը, որը հունական հոգին կարող է լցնել իրենով, որին հնարավոր է հաղորդել հունական միս ու արյուն:
«Ալեքսանդր Մեծ», 1980թ |
Ուլիսեսի ընկերները՝ նրանք, ովքեր օգնում են Ուլիսեսին պեղել այդ փափագելի տեսաժապավենը և նախապատրաստել այն դիտելու, դառնում են պատերազմի զոհ: Նրանց սպանության տեսարանը տեղի է ունենում մշուշում, մի տեսակ վարագուրված… Տպավորություն է, թե նրանք միտումնավոր են լքում «Ուլիսեսին», որպեսզի նա իր մենակության մեջ առերեսվի հունական ոգուն: Ուլիսեսն ավերված կինոթատրոնում մնում է վերագտնված այդ տեսաժապավենի հետ մեն-մենակ, էկրանն այդ ավերակների մեջ լուսավորում է հերոսի հայացքը ինչ-որ անդենական լույսով, այդ քաոսում ես-ը մնում է ինքն իր հետ, միաձուլվում ինքն իրեն, իրեն գոյավորող բացարձակ ոգուն: Սա այդ վերագտնումն է՝ միաժամանակ և՜ ողբերգական, և՜ տոնական…
… Մայրամուտի այսօրինակ վերապրման մեջ արևը մի՞թե երբևէ մայր է մտել, իսկ եթե այդպես է, մի՞թե հնարավոր է այն վերագտնել… Թերևս, պատահականորեն միակ դրվագը, երբ հանդիսատեսի ներկայությունը հաշվի է առնվում. էկրանի լույսը՝ հունական արևի լույսը, գրկում է «Ուլիսեսի հայացքը», տարրալուծում այն իր մեջ: Կինոդիտողը չի տեսնում այն, ինչ տեսնում է Ուլիսեսը, դա նրա լույսը չէ, բայց նրա հայացքը ևս այդ պահին ողողված է անգելոպուլոսյան վերապրման լույսով, և գուցե նա և՞ս ինչ-որ ավերված կինոթատրոնում է:
Այս ոգին այլ կերպ է ծավալվում «Բնապատկերում…»: Ի սկզբանե անորոշ է, թե ինչպե՞ս են երեխաները գտնելու իրենց հորը, երբ նրան չեն ճանաչում: Անհնա՜ր մի բան: Պատահական հանգամանք չէ, որ նրանք վերջինիս մասին գիտեն սոսկ այն, որ նա Գերմանիայում է (եթե սա վերաիմաստավորենք սիմվոլների, ապա հունական արևը՝ հունական ոգին մայր է մտել և անդառնալիորեն բանտարկված է ֆաուստյան աշխարհում):
«Ժամանակի փոշին», 2008թ |
Այնտեղ, ուր մանուկները գնում են, այդ Գերմանիան բոլորովին անորոշ մի բան է: Երբ Ուլիսեսը գտավ հունական առաջին տեսաժապավենը պատերազմի ամենաթեժ կետում, սա, ինչպես նշվեց, այն քաոսի շեշտադրումն էր, որով համակված է հունական արևը, իսկ այստեղ Գերմանիան անգամ դիտողի համար է անորոշ, այն ինչ-որ Գերմանիա է… Այստեղ միջավայրը անկարևոր է դառնում, և սա ևս խորհրդանշական է, քանզի Հայրը՝ նախասկիզբը, մանուկների Ես-ի աղբյուրն իր մեջ տարրալուծում է այդ միջավայրը:
Անգելոպուլոսը՝ Ժան Ռենուարի նկարի հետ |
Վերագտնվո՞ւմ է արդյոք հունական արևը… Այս հարցը ֆիլմում վերաիմաստավորվում է, քանզի վերագտնման հավատի մեջ վերաիմաստավորվում է մայրամուտի վերապրումը, արևի որոնումն ու վերագտնումը: Հոգին նետում է իրեն անորոշի մեջ՝ պեղելու իրեն գոյավորող լույսը, մշուշը մի կողմ է քաշվում և բացվում է բնապատկերը… Կարևորը՝ մշուշը ետ է քաշվում…
Սակայն գուցե բոլորովին այլ բան է վերապրված Անգելոպուլոսի ֆիլմերում, իսկ այս ամենը սոսկ հորինվածք է…
Ռաֆայել Ներսիսյան
COMMENTS