Հանդիսատեսի պահանջով, թե ինքնատիպ մտահղացումների ու սյուժեների սակավության պատճառով՝ դժվար է ասել, սակայն ժամանակակից կինոնախագծերում հետզհետե ավելի մեծ տարածում է գտնում ոչ թե սեփական հերոսներ ստեղծելու, այլ հայտնի անձանց կենսագրությունն էկրանավորելու միտումը։
Հետաքրքիր կենսագրություն ունեցող հայտնի անձանց իրական պատմությունը մեծ էկրան տեղափոխելու միտումն արդեն չափազանցության է հասնում․ հաջորդ տարի մենք գրեթե միաժամանակ տեսնելու ենք, օրինակ, երկու նոր ֆիլմ, երկուսն էլ՝ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կնոջ՝ Զելդայի մասին։ Մեկը՝ Ջենիֆեր Լոուրենսի, մյուսը՝ Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ։ Կամ՝ երկու նոր ֆիլմ Հռոմի Պապ Պիոս 9-րդի մասին, մեկը՝ Ռոբերտ դե Նիրոյի, մյուսը՝ Մարկ Ռայլենսի գլխավոր դերակատարմամբ։ Եվ սրանք միակ օրինակները չեն։ Կենսագրական բազմաթիվ ֆիլմերի շարքը համալրվում է ևս երեքով։
Բրիտանացի ճանաչված դերասան Գերի Օլդմենը («Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը մեռած են», «Հինգերորդ տարրը», «Անմահ սիրեցյալը», «Լեոն», «Դրակուլա») այժմ նկարահանվում է Ջո Ռայթի «Ամենամռայլ ժամանակը» ֆիլմում՝ Մեծ Բրիտանիայի նշանավոր վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերում։ «Բոլոր ժամանակների մեծագույն բրիտանացին» տիտղոսը կրող Չերչիլը ամենամռայլ ժամանակը համարել է 1940-1941թթ-ը, երբ նվաճվեց Ֆրանսիան, և սկսվեց նացիստական զորքերի ներխուժումը Խորհրդային Միություն։ Այս ռազմական կինոդրամայի իրադարձությունները զարգանում են հենց նշված շրջանում։ Մեծ Բրիտանիան ևս նացիստների ներխուժման սպառնալիքի տակ էր, և Չերչիլն այդ ժամանակ ընդունեց մի շարք պատմական որոշումներ, մասնավորապես՝ պատերազմը մինչև վերջ շարունակելու և ոչ թե Գերմանիայի հետ հաշտություն կնքելու որոշումը։ Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017-ին։
Ֆրանսիացի ճանաչված դերասանուհի Ֆանի Արդանը, ով 2009թ-ից հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր, օրերս Լիսաբոնի կինոփառատոնում ներկայացրել է իր նկարահանած «Ստալինի բազմոցը» ֆիլմը՝ Ժերար Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ։ Հունվարին ֆիլմը կներկայացվի նաև ֆրանսիացի հանդիսատեսին։ «Իմ մարմնավորած Ստալինը հեռու է այն կերպարից, որը մինչ այժմ արտացոլվել է ֆիլմերում ու գրքերում։ Ֆիլմում իմ հերոսը գիտակցում է, որ իրենից վախենում են ոչ միայն ուրիշները, այլև հենց ինքը։ Կինոդիտման ընթացքում հանդիսատեսի լարվածությունը ոչ մի պահ չի թուլանում, և ռեժիսորը միտումնավոր է ստեղծել այդ տրամադրությունը»,- ասում է Դեպարդիեն։ Ֆանի Արդանն իր հերթին նշում է, որ փորձել է պատկերել անձի բացարձակ իշխանությունը՝ որպես այդպիսին։ «Դեպարդիեն միակ դերասանն է, ով կարող էր համոզիչ կերպով մարմնավորել այնպիսի բարդ կերպար, ինչպիսին եղել է Ստալինը»,- ասում է ռեժիսորը։
Բրիտանական BBC 2 հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանում «հավերժ արքայազն» Չառլզի և նրա ընտանիքի մասին։ «Արքա Կառլ 3-րդը» հեռուստատեսային դրամայի հիմքում Մայքլ Բարթլեթի համանուն պիեսն է, որն արդեն ներկայացվել է թատրոնի բեմում։ Սյուժեն այն մասին է, թե 1958թ-ից մինչ օրս գահաժառանգ համարվող Չառլզն ինչպես է հրաժարվում մի վիճելի օրինագծի ստորագրումից, ինչը հանգեցնում է քաղաքական քաոսի և հանրային անկարգությունների։ Ֆիլմում ներկայացվելու են նաև Չառլզի որդիների՝ Ուիլյամի և Հարիի կերպարները՝ Օլիվեր Քրիսի և Ռիչարդ Գոլդինգի դերակատարմամբ։ Արքայազնի դերում հանդես է գալու Թիմ Պիգոտ-Սմիթը («Նյու Յորքի ավազակախմբերը», «V նշանակում է Վենդետա»)։ Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի դերը վստահվել է 34-ամյա դերասանուհի Շառլոթ Ռայլիին («Մոլեգին հողմերի դարավանդը», «Ծովի սրտում», «Ապագայի սահմանը»)։