Դասական և ժամանակակից կինոարվեստի սիրահարների համար այս ամիս մի շարք կազմակերպություններ պատրաստել են հետաքրքիր անակնկալներ՝ անվճար կինոդիտումների տեսքով։ Kinoversus-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը՝ նպատակ ունենալով այցելել և հրավիրելով իր ընթերցողներին ևս․․․
Իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «աբսուրդի թատրոնի» համահիմնադիր Սեմուել Բեքեթի ռեժիսորական աշխատանքները մեզանում քիչ են հայտնի, սակայն նոյեմբերի 3-5-ը հայ արվեստասերները հնարավորություն կունենան ոչ միայն դիտելու նրա կինոբեմադրությունները և նրա սցենարով 1964թ-ին նկարահանված «Ֆիլմը»՝ Բասթեր Կիտոնի գլխավոր դերակատարմամբ, այլև ունկնդրելու հայ և ֆրանսիացի մասնագետների հետաքրքիր դասախոսությունները նրա գրական արվեստի մասին։ Միջոցառումների անցկացման վայրը՝ Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ՀԲԸՄ-ի (AGBU) երևանյան գրասենյակ, «Մոսկվա» կինոթատրոն։ Կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում կինոդիտումները կանցկացվեն նոյեմբերի 4-ին, ժամը 16․00-ին։ Նոյեմբերի 3-ին ՀԲԸՄ-ի դահլիճում, Հայաստանում ֆրանսիական գրական օրերի շրջանակներում, կցուցադրվի Բեքեթի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Օ, երանելի օրեր» ֆիլմը (1970թ)։ Բեքեթի արվեստին վերստին անդրադառնալու համար կա ևս մեկ հիանալի առիթ․ այս տարի նշվում է գրողի ծննդյան 110-ամյա հոբելյանը։
Նոյեմբերի 4-8-ը կանցկացվի «Կին» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվի 60 ֆիլմ՝ 20 երկրներից։ Փառատոնի միջոցառումները կանցկացվեն ՀԲԸՄ-ում, «Նարեկացի» արվեստի միությունում, Սլավոնական համալսարանում։ Փառատոնի կազմակերպիչը կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լիզա» մշակութային հիմնադրամն է։ Ցուցադրվելիք ֆիլմերի շարքում է նաև Ռուսաստանը ներկայացնող ռեժիսոր Էլլա Մանժեևայի «Ճայերը» ֆիլմը, որը հաջողություն է ունեցել Բեռլինի կինոփառատոնում՝ մրցանակի հավակնելով «Լավագույն դեբյուտ» անվանակարգում, իսկ «Կինոտավր» փառատոնում այդ նույն անվանակարգում ստացել է մրցանակ։ Ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը երևանյան փառատոնի շրջանակներում կանցկացնի նաև վարպետության դաս։
Հայկական Ալիանս Ֆրանսեզը (Alliance Française d'Arménie), ՀԲԸՄ-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, կազմակերպել է «Քուրդիստան-Քուրդիստան» ֆիլմի ցուցադրությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 19․00-ին ՀԲԸՄ-ի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 2/2)։ Այս ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի «Վավերագրական ֆիլմերի ամսվա բացումը» նախագիծը։ Հատկանշական է, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու Երևանում՝ ռեժիսոր Բյուլենտ Գյունդյուզի և դերակատար Դելիլ Դիլանարի մասնակցությամբ։ Ե՛վ ռեժիսորը, և՛ գլխավոր դերակատարը ժամանակին ստիպված են եղել լքելու հայրենիքը և աշխատելու արտերկրում՝ թուրքական հետապնդումներից խուսափելու նպատակով։
AFG Film Club-ը նոյեմբերը նվիրել է ազգությամբ հրեա բելգիաբնակ ռեժիսոր Շանտալ Աքերմանի կինոարվեստին՝ ներկայացնելով նրա վավերագրական և խաղարկային ֆիլմերը, որոնք հեղինակային կինոյի վառ նմուշներ են։ Էքսպերիմենտալ կինեմատոգրաֆի սիրահարներին քաջածանոթ է մեկ տարի առաջ կյանքից ողբերգականորեն հեռացած Աքերմանի կինոն։ Նոյեմբերի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին, ժամը 20․00-ին, The Club-ում (հասցեն՝ Թումանյան 40) տեղի կունենան Աքերմանի «Ես, դու, նրանք», «Ժաննա Դիլման, Կոմերս 23 առափնյա փողոց, Բրյուսել 1080», «Նորություններ տնից» և «Հանդիպումներ Աննայի հետ» ֆիլմերի ցուցադրությունները։