«Դժվարանում եմ ասել, թե որն է իմ բոլոր ֆիլմերի հիմնական թեման․ հնարավոր է՝ պայքարը։ Անհատի պայքարը հանգամանքների դեմ, հին հույների հավերժական թեման՝ պայքարը աստվածների դեմ, Պրոմեթևսի պայքարը Ճակատագրի դեմ․․․ Մենք միշտ պայքարում ենք, և ես կարծում եմ, որ պայքարն ավելի կարևոր է, քան արդյունքը․․․ Մի՞թե իրականում գոյություն ունի երջանիկ ավարտ»։ Ֆրից Լանգ
Ինչևէ, Լանգը, ով դեռևս կնոջ կենդանության օրոք սիրավեպ էր սկսել Թեայի հետ, շուտով ամուսնացավ երկրորդ անգամ։ Նրա համբավը միշտ էլ աննախանձելի է եղել․ գործընկերները նրան համարում էին բռնակալ, գերմանացիները՝ քամելեոն ու դավաճան, ամերիկացիները՝ ծպտյալ նացիստ ու կոմունիստ։ Սակայն որևէ մեկը երբևէ չէր վիճարկում նրա ռեժիսորական մեծությունը։ Երբ նրան ասում էին, թե իր արվեստը լի է հոգեվերլուծությամբ, մոդեռնիզմով, ֆուտուրիզմով ու էքսպրեսիոնիզմով, նա պատասխանում էր․ «Ես ժամանակ չունեմ տեսությունների մասին մտածելու։ Մենք պիտի արթնացնենք հույզեր և ոչ թե հետևենք կանոններին»։ Լանգի և ֆոն Հարբոուի առաջին համատեղ աշխատանքը «Թափառող կերպարը» ֆիլմն էր, որին հաջորդեցին Թեայի սցենարների հիման վրա նկարահանված «Չորսը կնոջ շուրջը», «Հոգնած մահը», «Հնդկական դամբարանը» ֆիլմերը։ 1922թ֊ին Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն ևս ֆիլմ նկարահանեց Թեայի սցենարով՝ «Այրվող դաշտը»։
Թեա ֆոն Հարբոուն Լանգի հետ ծանոթանալուց առաջ արդեն իսկ հասցրել էր հրատարակել մի քանի գեղարվեստական գրքեր, որոնք նրան ճանաչված էին դարձրել, սակայն նրա գրական երևակայությունը, ի՛նչ խոսք, իր բոլոր հնարավորություններն ու սահմանները բացահայտեց հենց Լանգի հետ համագործակցության արդյունքում։ Մինչ Լանգի կինը դառնալը Թեան ամուսնացած էր ճանաչված դերասան Ռուդոլֆ Կլյայն֊Ռոգեի հետ, ով խաղացել է նաև Լանգի մի շարք ֆիլմերում։ Թեան ինքն էլ խաղում էր թատրոնում, բայց որոշ ժամանակ անց լքեց բեմը, որպեսզի զբաղվի միայն գրական գործունեությամբ։ «Հոգնած մահը» ֆիլմի նկարահանումները ճակատագրական եղան Թեայի համար, որովհետև հենց այդ ժամանակ նա հեռացավ ամուսնուց և պաշտոնապես ոտք դրեց Լանգի կյանք։ Ֆիլմը շրջադարձային էր նաև Լանգի համար․ նա առաջին անգամ արժանացավ միջազգային ճանաչման, որն ավելի ամրապնդվեց «Դոկտոր Մաբուզեն՝ խաղամոլը» դետեկտիվ դրամայով։
«Դոկտոր Մաբուզեից» հետո Լանգը երկու տարի ոչինչ չնկարահանեց, իսկ Թեան այդ ընթացքում ակտիվ համագործակցում էր գերմանացի մի քանի ռեժիսորների հետ, առավելապես՝ Մուրնաուի։ 1924թ֊ին Լանգը վերջապես սկսեց իր ամենածավալուն նախագծերից մեկի՝ «Նիբելունգներ» գերմանական միջնադարյան էպոսի էկրանավորման աշխատանքները։ Սցենարի հեղինակը վերստին Թեան էր։ Լանգը, սակայն, միշտ մասնակցում էր սցենարների մշակման աշխատանքներին և ուղղորդում կնոջը։ Լինելով խոշոր կտավի աշխատանքների սիրահար և ունենալով նույնչափ մասշտաբային մտածողություն՝ նա կարողանում էր հաղթահարել ստեղծագործական ամենաբարդ խնդիրները, որոնք թևաթափ կանեին իր ժամանակակիցներից յուրաքանչյուրին։ 5֊ժամանոց «Նիբելունգները» հանդիսատեսին ներկայացվեց երկմասանի տարբերակով և ցնցեց իր մոնումենտալությամբ՝ դառնալով գերմանական համր կինոյի ամենաշահութաբեր նախագծերից մեկը։
Լանգի հեղինակությունն աճում էր անհավատալի արագությամբ, և նա երբեք կանգ չէր առնում ձեռքբերումների ճանապարհին։ Կինոընկերությունները վստահում էին նրան, այդ իսկ պատճառով 1927թ֊ին նա առանց որևէ խոչընդոտի ավարտին հասցրեց համր կինոյի ամենաթանկարժեք ֆիլմերից մեկի՝ «Մետրոպոլիսի» նկարահանումները։ Սա, իրոք, չափազանց հանդուգն մի նախագիծ էր, որն իր ծախսատարությամբ, մասսայական տեսարաններով, դեկորներով ու գաղափարախոսությամբ կարող էր համեմատվել, թերևս, միայն Դևիդ Ուորք Գրիֆիթի՝ 1916թ֊ին նկարահանված «Անհանդուրժողություն» լեգենդար ֆիլմի հետ։ Համր կինոյի անվիճելի գլուխգործոց հանդիսացող այս երկու ֆիլմերն էլ, սակայն, կոմերցիոն առումով ձախողվեցին՝ չկարողանալով գոնե մասամբ փոխհատուցել հսկայական ֆինանսական ներդրումները։ «Մետրոպոլիսի» սցենարին զուգահեռ՝ Թեա ֆոն Հարբոուն գրում էր նաև համանուն վեպը։ Նա ևս ձեռք էր բերել լուրջ հեղինակություն՝ Մուրնաուի, Դրեյերի, Լանգի պես մեծությունների հետ համագործակցության շնորհիվ։ Ի դեպ, 1926թ֊ին «Մետրոպոլիսի» նկարահանման հրապարակում ներկա գտնվելու առիթ է ունեցել համր կինոյի մեկ այլ մեծություն՝ Սերգեյ Էյզենշտեյնը, ում Լանգը խորհուրդ է տվել․ «Արեք այնպես, ինչպես ես եմ անում»։
«Մետրոպոլիսն» արդարացիորեն համարում են մարգարեական ֆիլմ։ Թեպետ այս ֆիլմը սնանկացրեց կինոընկերությունը և անուղղելի վնաս հասցրեց հաջողակ ու շահութաբեր ռեժիսոր համարվող Լանգի հեղինակությանը, սակայն կարևորը դա չէր, այլ այն, որ 1920֊ականների վերջերին հանդիսատեսին մատուցվեց տասնամյակներ հետո մարդկությանը պատուհասած տեխնոլոգիական ու հոգեզուրկ իրականությունը։ Իհարկե, այդ իրականությունը կանխատեսելու և պատկերելու գործում հեղինակներին «օգնության հասավ» Հայտնության գիրքն՝ իր խորհրդանշական կերպարներով ու ֆանտաստիկ տեսիլքներով։ Այդուհանդերձ, կինոքննադատների հարձակումների թիրախը Լանգը չէր, այլ Թեան, ում սցենարները որակում էին որպես ծամծմված, անփույթ ու անճաշակ։ Լանգն ամեն կերպ պաշտպանում էր կնոջը՝ պատճառաբանելով, թե սցենարներում առկա որոշ տարրերն անհրաժեշտություն են, որովհետև ժամանակի պահանջն են։ Իրականում նրա ռեժիսորական հանճարը առավելագույնս ծածկում էր սցենարի բոլոր բացերը, իսկ ինչ վերաբերում է նրանց ստեղծագործական միությանը, ապա համաշխարհային կինեմատոգրաֆում այս տանդեմի հեղափոխական դերն անհերքելի է։
«Մետրոպոլիսի» պրեմիերայից տարիներ անց Լանգն ասել է․ «Ես ցանկանում էի ցույց տալ, որ մարդը սերտաճել է մեքենայի հետ, ես ենթագիտակցորեն զգում էի, որ այդպես է լինելու»։ Թեայի հետ համատեղ նա «Մետրոպոլիսից» հետո նկարահանեց ևս երկու ֆիլմ՝ «Լրտեսները» և «Կինը Լուսնի վրա», սակայն դրանք այլևս մասշտաբային ու ծախսատար նախագծեր չէին։ Լանգի աստղը վերստին փայլեց նրա հաջորդ ֆիլմում՝ «M» անվանմամբ դասական թրիլերում, որի սյուժեի հիմքում դյուսելդորֆցի մոլագարի իրական պատմությունն էր։ Սա Լանգի առաջին հնչյունային ֆիլմն էր։ Հատկանշական է, որ, ի տարբերություն այլ ռեժիսորների, ովքեր այդպես էլ չկարողացան համր կինոյից անցում կատարել հնչյունային կինո, Լանգն իր առաջին իսկ հնչյունային ֆիլմում ցուցադրեց գերազանց արդյունք, ինչը նրա մեծության ևս մեկ ապացույցն էր։
Ավելի ուշ Լանգն իր «Ինչու է ինձ հետաքրքրում սպանությունը» հոդվածում գրել է․ «Քաղաքակրթությունը, թերևս, մեզ սովորեցրել է ի շահ հասարակության սանձահարել մեր տձև ցանկությունները, սակայն մարդկանց մեծամասնության մեջ դեռևս մնացել են վայրի բնազդներ, որոնք ստիպում են մարտահրավեր նետել հանրությանը և գոհունակություն զգալ սեփական դաժանությունից»։ Մոլագարի մասին ֆիլմը դուր եկավ այն ժամանակ արդեն իշխանություն ձեռք բերած նացիստներին․ նրանք այդ կերպարը նույնացրին աշխարհի դեմ ուղղված հրեական սպառնալիքի հետ։ Սակայն Լանգին, ում մայրը հրեա էր, այդ մոտեցումն ամենևին էլ դուր չեկավ։ Նա կանխազգում էր քաղաքական վտանգավոր զարգացումների վտանգը։ Ի դեպ, «M մարդասպանը» ֆիլմի ռիմեյքը 1951թ֊ին նկարահանել է ամերիկացի տաղանդավոր ռեժիսոր Ջոզեֆ Լոուզին։
1933֊ին Լանգը Թեայի սցենարով նկարահանեց իր վերջին գերմանական ֆիլմը՝ «Դոկտոր Մաբուզեի կտակը» և լքեց հայրենիքը, թեպետ նացիստները նրան առաջարկում էին մնալ և ստանձնել գերմանական ողջ կինոարդյունաբերության ղեկավարումը։ Թեայի հետ համատեղ աշխատանքը ևս անհնարին էր դարձել․ դեռևս 1930թ֊ին նրանց հարաբերությունները փչացել էին Լանգի՝ դերասանուհի Գերդա Մաուրուսի հետ ունեցած սիրավեպի և Թեայի՝ հիտլերյան նացիոնալ֊սոցիալիստական կուսակցությանը համակրելու պատճառով։ «Դոկտոր Մաբուզեի կտակից» հետո Լանգն ու Թեան ամուսնալուծվեցին․ Լանգը տեղափոխվեց սկզբում Ֆրանսիա, հետո՝ Մ․ Նահանգներ, իսկ Թեան դարձավ հիտլերյան իշխող կուսակցության անդամ և մնաց հայրենիքում՝ շարունակելով հանդես գալ որպես սցենարիստ և նույնիսկ որպես ռեժիսոր։ 1940թ֊ին նացիստներն արգելեցին Լանգի վերջին ֆիլմերի ցուցադրությունը։
Մինչ Թեան Գերմանիայում զբաղվում էր հիտլերյան գաղափարախոսության քարոզչությամբ և ապրում էր հնդիկ սիրեկանի հետ՝ Լանգն ուժերն էր փորձում Հոլիվուդում։ 1934թ֊ին Լանգը դիմում ներկայացրեց ամերիկյան քաղաքացիություն ստանալու վերաբերյալ և դադարեց խոսել գերմաներեն։ Մեկ տարի անց նա Հոլիվուդում նկարահանեց իր առաջին ամերիկյան ֆիլմը՝ «Ցասումը», որն ուղղված էր ամենադեմոկրատական երկիրը համարվող Մ․ Նահանգների վայրի բարքերի դեմ։ Այդօրինակ ռիսկային քայլը մեկ ուրիշին գուցեև չներվեր, բայց քանի որ Լանգը Հոլիվուդի հականացիստական լիգայի հիմնադիրներից էր և ծավալում էր հակահիտլերյան ակտիվ քարոզչություն, նրան ներեցին։ 1939թ֊ին Լանգը վերջապես ստացավ երկար սպասված ամերիկյան քաղաքացիությունը, սակայն նրա կերպարն այդ երկրի համար մինչև վերջ էլ մնաց օտար։ Պատերազմի ավարտից հետո նա հասկացավ, որ Ամերիկան քննադատությունը չի մոռանում։ Քանի դեռ Լանգը նկարահանում էր հականացիստական ֆիլմեր, նրան հանդուրժում էին, բայց նացիզմի պարտությունից հետո, երբ վտանգն արդեն անցյալում էր, նրան հիշեցրին իր բոլոր «սխալները»։ Լանգը հայտնվեց «սև ցուցակում», զրկվեց նկարահանելու հնարավորությունից և գրեց ստորացուցիչ մի նամակ՝ արդարանալով, թե ինքը որևէ առնչություն չունի կոմունիստների հետ։
Ի վերջո, նրան թույլատրեցին նկարահանել, սակայն նրա՝ այդ պահից մինչև իր կարիերայի ավարտը նկարահանած բոլոր ֆիլմերը ցուցադրաբար հնաոճ էին․ Լանգը միտումնավոր չէր ցանկանում ենթարկվել հանդիսատեսի ճաշակին, գործատուների պահանջին ու ժամանակի հովերին։ 1956թ֊ին նա երկարամյա բացակայությունից հետո առաջին անգամ ոտք դրեց Գերմանիա, որտեղ նրան, ցավոք, չէին սպասում։ Ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի վկայությամբ՝ Լանգը երեք տարի շարունակ բնակվեց Բեռլինի և Մյունհենի հյուրանոցներում՝ այդպես էլ չգտնելով ո՛չ նախկին ընկերներին, ո՛չ էլ երկրպագուներին։ Գերմանիան, ինչպես և Ամերիկան, չներեց նրան։ Իսկ ի՞նչ կատարվեց Թեայի հետ։ Պատերազմի ավարտից հետո Թեա ֆոն Հարբոուն ստիպված եղավ հատուցել նացիստների հետ իր սերտ կապերի համար։ Բրիտանական օկուպացիոն իշխանությունները նրան արգելեցին զբաղվել իր մասնագիտությամբ։ Թեան գումար էր հայթայթում արտասահմանյան ֆիլմերը կրկնօրինակելու միջոցով։ 1950֊ականների սկզբին նա վերստին սկսեց գրել վեպեր ու սցենարներ, սակայն գերմանացի հրատարակիչները խուսափում էին տպագրել նախկին նացիստուհու գործերը։ Թեայի գրքերը Գերմանիայում սկսեցին հրատարակվել միայն մի քանի տասնամյակ անց՝ 1980֊ականներին։ 1954թ֊ին նա, վերհիշելով հին ու փառավոր ժամանակները, որոշեց գնալ կինոթատրոն՝ իր և Լանգի համատեղ ստեղծագործությունը՝ «Հոգնած մահը» դիտելու։ Ֆիլմի ցուցադրությունից վերադառնալիս նա սայթաքեց ու ընկավ՝ ստանալով վտանգավոր վնասվածք, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը։ Գուցե ճակատագիր էր, գուցեև՝ զուգադիպություն։
Իսկ Լանգը 1960թ֊ին նկարահանեց իր վերջին ֆիլմը՝ «Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը»։ Նրա կինոգործունեությունն այդքանով կարելի էր համարել ավարտված, սակայն 1963թ֊ին Ժան֊Լյուկ Գոդարը նրան հրավիրեց փոքրիկ դերով հանդես գալու իր «Արհամարհանք» հանրահայտ ֆիլմում։ Լանգը մարմնավորեց իր իսկ կերպարը։ Մեկ տարի անց նա մասնակցեց Կաննի կինոփառատոնին՝ որպես ժյուրիի նախագահ։ Մահվանից 5 տարի առաջ՝ 1971֊ին, Լանգն ամուսնացավ իր ասիստենտ Լիլի Լատեի հետ․ նրանք աշխատանքում և կյանքում անբաժան էին 40 տարի՝ 1930֊ականներից ի վեր։ Ո՛չ Լանգը, ո՛չ ֆոն Հարբոուն երեխաներ չունեցան։
Անուշ Բաբայան
COMMENTS