Ֆրանսիացի անվանի ռեժիսոր, ֆրանսիական սինեմատեկի համահիմնադիր Ժորժ Ֆրանժուի ֆիլմը կինեմատոգրաֆի հիմնադիր Ժորժ Մելիեսի մասին, 1952թ։
Այս վավերագրական-խաղարկային կենսագրական կարճամետրաժ ֆիլմը բացառիկ է ոչ միայն հին կինոյի կարոտախտն արթնացնող իր հուզիչ գեղեցկությամբ, այլև իր դերասանական կազմով։ Ֆրանսիական դասական կինոյի ճանաչված վարպետ Ժորժ Ֆրանժուն կինեմատոգրաֆի առաջին լեգենդներից մեկի՝ Ժորժ Մելիեսի դերում նկարահանել է նրա որդուն՝ Անդրե Մելիեսին, ինչպես նաև նրա կնոջը՝ Ժաննա դ՛Ալսիին և դստերը՝ Մարի-Ժորժ Մելիեսին։ Մելիեսի այրին այս ֆիլմում 87 տարեկան է։
«Ճանապարհորդություն դեպի Լուսին» լեգենդար ֆիլմում նկարահանվելուց 50 տարի անց նա վերստին հայտնվել է մեծ էկրանին՝ վերակենդանացնելով իր փառավոր հուշերը։ Այս ֆիլմը մի պատմություն է հանճարեղ մարդու, ռեժիսորի, նորարարի և գյուտարարի մասին, ով կինեմատոգրաֆին իր նվիրվածության պատճառով սնանկացավ և, բոլորի կողմից մոռացված, խաղալիքներ էր վաճառում Մոնպառնասում։ Նրա մասին վերստին հիշեցին միայն 1932թ-ին և, աղքատությունից ու մոռացությունից փրկելով, պարգևատրեցին «Պատվո լեգեոնի» շքանշանով, բարեկեցիկ ծերություն ապահովեցին նրա համար, ում կինեմատոգրաֆը պարտական էր իր հետագա զարգացմամբ։