«Ինձ համար միշտ կարևոր է հանդիսատեսին ինչ-որ բանով գերելը կամ նրան մի բան համոզելը: Թող մեկը պարզապես ներթափանցի ֆիլմի աշխարհ, իսկ մյուսը սկսի վերլուծել այն․ կարևոր չէ: Կարևոր է, որ ես ստիպում եմ մարդուն ջանք գործադրել: Իսկ թե ինչպիսին կլինի այն՝ մտավոր, թե զգացմունքային, այնքան էլ կարևոր չէ»։ Կշիշտոֆ Կեսլևսկի
Հավանաբար Ֆրանսիան շատ էր գրավել պատմական նոր փուլ մուտք գործած Լեհաստանից այստեղ այցելած կինոռեժիսոր Կշիշտոֆ Կեսլևսկուն: Իր հայրենիքում մի շարք գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ստեղծելուց հետո՝ 1990-ականների սկզբին, երբ տեղի ունեցավ խորհրդային կարգերի վերջնական փլուզումը, Կեսլևսկին հնարավորություն ունեցավ մեկնելու արտասահման, համագործակցելու եվրոպական, հիմնականում՝ ֆրանսիական, ընկերությունների հետ՝ գումար ստանալով պրոդյուսերներից: Լեհաստանում Կեսլևսկու գործերն, իհարկե, հայտնի էին, մեծ փառքի արժանացավ հատկապես նրա «Դեկալոգը», բայց եվրոպական հասարակության և հեղինակային կինոյի մեջ նա իր տեղը պետք է գրավեր, թերևս, հենց «Երեք գույն» եռագրությամբ: Եվ, ի զարմանս բոլորի, եռագրությունն ավարտելով՝ նա հանկարծ հայտարարեց, որ դա իր վերջին գործն էր, և ինքն ընդմիշտ հեռանում է կինոյից: Անշուշտ, դա ճակատագրական էր, որովհետև երկու տարի անց Կեսլևսկու սիրտը դադարեց բաբախել: Սա մեծ կորուստ էր կինոյի աշխարհում, քանի որ Կեսլևսկին այն եզակի ռեժիսորներից էր, ով ընկալում էր կինոն ոչ թե որպես զվարճանքի առարկա կամ գումար վաստակելու միջոց, այլ որպես բարոյական հաղորդագրություն, որպես ճշմարտության ուղու վրա կանգնեցնող արվեստ։
Բոլոր երեք ֆիլմերի սցենարները ռեժիսորը գրել էր իր վաղեմի գործընկերոջ՝ Կշիշտոֆ Պեսևիչի հետ՝ Ագնեշկա Հոլանդի և Սլավոմիր Իձյակի հետ համագործակցությամբ: Լեհ հայտնի կոմպոզիտոր Զբիգնև Պրայսները ֆիլմերի երաժշտության հեղինակն էր։ Եռագրությունը բարձր գնահատականի արժանացավ կինոքննադատների և հանդիսատեսի կողմից: Ամերիկացի հանրաճանաչ կինոքննադատ Ռոջեր Էբերթը եռագրությունն ընդգրկեց իր «Փառահեղ ֆիլմերի» շարքում, իսկ 2010թ-ին Empire ամսագիրն այն ընդգրկեց իր «Կինոյի պատմության 33 լավագույն եռագրությունները» ցանկի 11-րդ տեղում:
1993-ին Կեսլևսկին նկարահանեց եռագրության առաջին մասը՝ «Երեք գույն․ Կապույտը»: Ֆիլմը պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, ով մեկ ակնթարթում, ավտովթարի հետևանքով, կորցնում է ամուսնուն՝ հայտնի կոմպոզիտորին, և փոքր դստերը: Ինքը՝ Ժյուլին, ում դերը խաղում է հիանալի Ժուլյետ Բինոշը, հրաշքով ողջ է մնում, բայց հիմա նրա առջև նոր ճանապարհ է բացվում, որը, ինչպես թվում է սկզբում, ոչ մի տեղ չի տանում՝ միայն դեպի դատարկություն ու անորոշություն: Հերոսուհին նույնիսկ ինքնասպանության անհաջող փորձ է անում հենց հիվանդանոցում, ավտովթարից հետո, սակայն հետո, միևնույն է, կարծես ընդմիշտ համակերպվում է ճակատագրի կողմից իրեն հասցված փորձության հետ և որոշում է աշխարհ դուրս գալ, փախչել անցյալից ու կյանքի հոսքով ընթանալ առաջ: Բայց սա պատմություն է ոչ այդքան այն մասին, թե ինչպես են նոր կյանք սկսում, այլ ավելի շատ այն մասին, թե ինչպես են ձերբազատվում հոգին տանջահարող զգացմունքներից:
Ազատությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել, ուստի՝ այս դեպքում ազատությունը կայանում է հնից ու անցյալից փախչելու փորձի մեջ, սակայն այդօրինակ ազատությունը բերում է ավելի շատ դատարկության ու սառնության, քան երջանկության ու ներդաշնակության: Այս վերջինին հնարավոր է հասնել միայն նոր սիրո շնորհիվ, ինչը և ընդունում է գլխավոր հերոսուհին ֆիլմի վերջաբանում: Այդպիսի ազատության մասին է վկայում կապույտ գույնը, ինչպես և Ֆրանսիայի դրոշի կապույտն է խորհրդանշում ազատությունը: Այն ամեն տեղ ուղեկցում է հերոսուհուն, իսկ վերջում էլ բարձրանում է նրա սառած հայացքին, երբ նա վերջապես համակերպվում է իր նոր սիրո հետ, և կյանքը շարունակություն է ստանում դեռևս լույս աշխարհ չեկած երեխայով, ում պատկերը երևում է էկրանին, ֆիլմի կուլմինացիոն ավարտի ժամանակ:
Երաժշտության թեման առանձնակի տեղ է գրավում այս պատմության մեջ: Հենց երաժշտության շնորհիվ են հարություն առնում Ժյուլիի արդեն մեռած զգացմունքները և հոգու հանգստություն պարգևում ավտովթարում զոհված կոմպոզիտորին: Հենց նրա վերջին երաժշտական ստեղծագործությունն է Ժյուլին բացահայտում ինքն իր մեջ:
Ավանդական լարված սյուժեից զուրկ այս կինոնկարը չի կարող չհիացնել իր անթերի պատկերային և ձայնային լուծումներով: Սյուժեն, որպես այդպիսին, այստեղ բացակայում է, որովհետև ռեժիսորը խնդիր է դնում կինոխցիկի առջև՝ միայն հետևել գլխավոր հերոսուհու գործողություններին, ցուցադրել նրա աշխարհընկալումը նրա կյանքի ամենամեծ ողբերգությունից հետո: Առարկաներն այս դեպքում հերոսների փոխարեն են խոսում: Ցուցադրված առօրյայի ամեն մի դրվագով, հետաքրքիր գունային լուծումներով՝ ֆիլմի հեղինակը ձգտում է մեծ էկրանի վրա արտահայտել գլխավոր հերոսուհուն տանջող տրամադրությունը, նրա հոգեվիճակը: Արտաքին բոլոր ռեժիսորական հնարքներից բացի՝ ի հայտ են գալիս խոր հոգեբանափիլիսոփայական գաղափարները:
«Երեք գույն․ Կապույտն» արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծի»: Նաև՝ «Գոյա» կինոմրցանակի՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում: Ժուլյետ Բինոշն իր հերթին ստացել է «Սեզար» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի:
Հաջորդ տարի՝ 1994-ին, Կշիշտոֆ Կեսլևսկին նկարահանեց «Երեք գույն․ Սպիտակը», որի սյուժեում վերադարձավ իր հայրենիք՝ Լեհաստան: Ի տարբերություն նախորդ ֆիլմի՝ այստեղ ռեժիսորը հրաժարվեց իր պերֆեկցիոնիստական ձեռագրից և անցավ ավելի պարզ լեզվի: Սա մի առակ է մարդկության հավասարության անհրաժեշտության մասին, տրագիկոմեդիայի ձևով մատուցված: Երգիծական պատմություն մի սովորական մարդու մասին, ով մոլորվում է զարգացած, քաղաքակրթված հասարակությունում, սակայն հետսոցիալիստական հասարակարգում կարողանում է գտնել իր տեղը: Իսկ ամեն ինչի հիմքում, իհարկե, սերն է՝ պարզ ու դժբախտ, մաքուր, ինչպես սպիտակ գույնը, ինչպես սառը սլավոնական ձյունը, որն ընկնում է հանդիսատեսի աչքերին:
Գործողությունը սկսվում է Ֆրանսիայում, դատարանի դահլիճում, որտեղ գլխավոր հերոսը՝ Լեհաստանից եկած վարսահարդար Կառոլը, ամուսնալուծվում է իր գեղեցիկ կնոջ հետ, ով անխղճաբար մեղադրում է ամուսնուն, թե վերջինս չի կարողանում բավարարել իր սեռական պահանջները: Դա, իրոք, այդպես է, բայց խեղճ Կառոլն անսահման, անկեղծ սիրով է սիրում իր արդեն նախկին կնոջը: Վերջինս հեռանում է նրանից՝ թողնելով առանց ոչնչի: Կառոլը մնում է փողոցում, նրա գրպանները դատարկ են, առջևում ոչ մի հուսալի բան չկա: Նա ամենաավանդական «փոքր մարդու» կերպարի մեջ է մտնում: Բայց հետո գլխավոր հերոսը ծանոթանում է իր հայրենակցի հետ, ով պատրաստվում է Լեհաստան մեկնել: Նրանք որոշում են Կառոլին մի երկրից մյուսը տեղափոխել մեծ ճամպրուկով, քանի որ օրինական ճանապարհով նա հնարավորություն չուներ լքելու Ֆրանսիան: Փորձը հաջող է անցնում, և մի շարք բարդություններից հետո Կառոլն իր հարազատ քաղաքում է հայտնվում:
Այստեղ՝ դեռևս չկայացած քաղաքական համակարգում նրա առջև նոր հնարավորություններ են բացվում: Խորամանկության և խորամտության շնորհիվ նա դուրս է գալիս անելանելի վիճակից: Սև շուկայում կատարած մի շարք հաջող գործողություններից հետո նա մեծ գումարի տեր է դառնում և արդեն շատ բան կարող է իրեն թույլ տալ: Հիմա նրա առաջնային նպատակն է՝ իրականացնել վաղեմի երազանքը՝ վրեժխնդիր լինել նախկին կնոջից, ում նա ի զորու չէ մոռանալ: Կառոլը, հավատարիմ ընկերների օգնությամբ, իր կեղծ մահն է կազմակերպում: Կազմակերպվում է սուտ թաղում՝ ինչ-որ դիակով, և Կառոլի կինը ականատես է լինում այդ ամենին: Սակայն, վերադառնալով հյուրանոց, իր համարում նա հայտնաբերում է նախկին ամուսնուն, ով արդեն այլ կերպ է վերաբերվում կնոջը, վերաբերվում է ինչպես ուրվական: Նրանք սիրով են զբաղվում, և առաջին անգամ Կառոլը բավարարում է կնոջը, իսկ առավոտյան անհետանում է, կարծես չի էլ եղել:
Հյուրանոց է ժամանում ոստիկանությունը, որը մեղադրանք է ներկայացնում կնոջը՝ Կառոլի սպանության համար: Ոչ ոք չի հավատում նրա խոսքերին, թե, իբր, Կառոլը ողջ է: Կնոջը ձերբակալում են: Ֆիլմի վերջաբանում գլխավոր հերոսն ընտրություն է կատարում՝ չհեռանալ երկրից, այլ գնալ կնոջ մոտ: Նա կանգնած է բանտի առջև՝ նայելով կնոջը ճաղերի ետևում, և նրա աչքերից արցունքներ են թափվում: Հասկանալի է դառնում, որ սա ոչ թե պատմություն է վրեժխնդրության մասին, այլ պատմություն է անսահման սիրո մասին:
Ի՞նչն է ստիպում անելանելի վիճակում հայտնված հերոսին, միևնույն է, չհուսահատվել, պայքարել, բարձունքների հասնել, եթե ոչ սերն իրեն դավաճանած կնոջ հանդեպ: Այն ամենը, ինչ շրջապատում է նրան անհաջողություններից հետո, երկրորդական է, իսկ գլխավորը հաշվեհարդար տեսնելու միտքն է, սակայն՝ ոչ թե ելնելով ատելությունից, այլ սիրուց, որպեսզի դարձյալ ապացուցի այդ զգացմունքի մասին: Նա հայտնվում է իր կնոջ առջև արժանավոր տեսքով, վերջապես բավարարում է նրան սեքսուալ առումով, ինչպես հարկն է վրեժխնդիր է լինում նրանից և վերջում վերադառնում է նրա մոտ, քանի որ սիրող սիրտն ի զորու չէ հեռանալ: Դա յուրօրինակ զոհաբերության օրինակ է:
Գլխավոր հերոսի անհաջողությունների հիմքում ընկած չէ ազգային, մշակութային, քաղաքակրթական կամ սոցիալական մեզալյանսը: Նրան ավելի շատ տանջում է հոգեբանական անհավասարության զգացումը: Միայն վերջում է նրա գոռոզ կինը, կարծես, ավելի հարազատ դառնում, երբ Կառոլը՝ արցունքներն աչքերին, հետևում է նրան՝ բանտախցում նստածին: Հիմա նրանք հավասար են, բայց ազատ չեն: Այդպիսին է սպիտակ գույնը, որն արտացոլում է փարիզյան թախծոտ փողոցները, հարսանեկան զգեստը, օրգազմը, Լեհաստանում իջած ձյունը... Հնարավոր չէ չնշել Զբիգնև Զամախովսկու հիանալի դերասանական խաղն այս կինոֆիլմում: Բեռլինյան կինոփառատոնում այդ տարի Կեսլևսկին ճանաչվեց լավագույն ռեժիսոր:
Նույն թվականին Կեսլևսկին ավարտեց իր եռագրությունը «Երեք գույն․ Կարմիր» ֆիլմով: Այն, իրոք, արժանի ձևով է ավարտում այս բոլոր պատմությունները: Ո՞ր գույնը կարող է պատմել հոգու խորքում թաքնված բոլոր զգացմունքների մասին, այդքան ցայտուն դուրս հանել մտապահված վախերն ու կուտակված զայրույթը... Իհարկե՝ վառ կարմիրը։ Կարմիրը նաև ատելության գույնն է, բայց նաև կրքի, իսկական սիրո, խորագույն մենության... Այն կարող է գերել, բայց և հիասթափեցնել, կարող է տրամադրել, բայց խենթության հասցնել: Առաջին հերթին՝ սա պատմություն է, իհարկե, ճակատագրի մասին, որը երբեմն, իրենցից անկախ, կառավարում են մարդկային զգացմունքները: Սակայն ամենագլխավորը, ինչպես միշտ, սերն է, բարությունն ու ներողամտությունը, որ մտերմացնում են մարդկանց՝ չարիքով ու թշնամանքով լցված այս աշխարհում: Դերասանուհի Իռեն Ժակոբն արդեն խաղացել էր Կեսլևսկու՝ Ֆրանսիայում նկարահանած առաջին՝ «Վերոնիկայի երկակի կյանքը» ֆիլմում:
Այստեղ Ժակոբը խաղում է Ժնևյան համալսարանի ուսանողուհու դերը, ով նաև որպես ֆոտոմոդել է գումար վաստակում:
Օրերից մի օր Վալենտինան հանկարծակի իր ավտոմեքենայի տակ է գցում մի տարեց դատավորի շանը: Այդպես նա ծանոթանում է արդեն գործերից հեռացած, ծերացող դատավորի հետ: Վերջինիս դերում հանդես է եկել ֆրանսիացի հիանալի դերասան Ժան-Լուի Տրենտինյանը: Դատավորն առաջին հայացքից շատ ցինիկ, մռայլ և փակ կյանք վարող ծերունու տպավորություն է թողնում: Վալենտինան հատկապես այն պահին է ապշում, երբ բացահայտում է, որ դատավորը գաղտնի ձևով, հատուկ սարքերի օգնությամբ, իր հարևանների հեռախոսային խոսակցություններն է լսում: Դա է նրա կյանքի հիմնական զբաղմունքը: Սակայն շուտով դատավորը լրիվ ուրիշ պատկեր է ստանում Վալենտինայի աչքերում: Նա հմայում է աղջկան, և նրանց միջև համակրանք է առաջանում՝ չնայած տարիքային տարբերությանը: Սակայն խոսքը ֆիզիկական սիրո կամ կին և տղամարդ հարաբերությունների մասին չէ։ Նրանք պարզապես ընկերանում են, մի պահ կարեկցանք են զգում միմյանց հանդեպ: Հենց այս օրինակին է վերաբերում ֆրանսիական կարգախոսից քաղված «եղբայրություն» բառը, որի կարիքը երբեմն այնքան շատ է զգացվում պարզ մարդկային փոխհարաբերություններում: Երիտասարդ աղջիկն արթնացնում է ծերունու մեջ քնած եռանդը կյանքի նկատմամբ, դատավորն էլ իր հերթին յուրովի է ազդում աղջկա ճակատագրի վրա:
Դրան զուգահեռ՝ ներկայացված է Վալենտինայի հարևան Օգյուստի հետ կապված իրադարձությունը: Նա իրավաբանական բաժնի ուսանող է: Նրանք չեն ճանաչում միմյանց, չնայած անընդհատ անցնում են իրար կողքով: Միայն վերջում այս երկու հերոսների ճակատագրերը պետք է հատվեն՝ ճակատագրի կողմից հասցված փորձանքի ժամանակ: Օգյուստի անհաջող սիրո օրինակում կարելի է նմանություն գտնել դատավորի երիտասարդության հետ: Ֆիլմի ավարտին Վալենտինան լաստանավով մեկնում է Անգլիա, սակայն փոթորկի ժամանակ լաստանավը խորտակվում է: Երբ դատավորը հեռուստատեսությամբ իմանում է դժբախտ պատահարի մասին, արդեն սկսում է մտածել, թե աղջիկը զոհվել է: Բայց քիչ անց հեռուստացույցի էկրանին են հայտնվում բոլոր փրկվածները, նրանց թվում են նաև Ժյուլին իր սիրեկանի հետ, Կառոլն իր կնոջ հետ, Վալենտինան և Օգյուստը: Դատավորի հայացքում մեղմ ու բավարարված ժպիտ է երևում: Վերջաբանում ցուցադրված դժբախտ պատահարի տեսարաններն իրական են, դրանք նկարահանվել են 1987թ-ին Լա Մանշի նեղուցում խորտակված Herald of Free Enterprise լաստանավի դեպքերի ժամանակ: Երեք ֆիլմերի գլխավոր հերոսների ճանապարհները հատվում են եռագրության ավարտին: Դա ճակատագրի հերթական անակնկալն է:
Կարելի է վերհիշել Կեսլևսկու՝ Լեհաստանում նկարահանած «Դեպք» կինոնկարը, որտեղ այս նույն միտքն է արտացոլված: Թե ինչպիսի ճակատագրական նշանակություն կարող է ունենալ սովորական դեպքը, երբ մարդն ուշանում է գնացքից և ստիպված փոխում է իր ճանապարհը, երբ նա զանազան մտահղացումներով նստում է ինքնաթիռ, իսկ ինքնաթիռը հանկարծ պայթում է օդում:
Եռագրության վերջում ֆիլմի հեղինակը բարեխիղճ է գտնվում իր հերոսների նկատմամբ՝ նրանց բոլորին բարեհաջող իրավիճակ տրամադրելով: Կամ, օրինակ, բոլոր երեք ֆիլմերում հերոսները հանդիպում են մի տարեց կնոջ, ով փորձում է դատարկ շիշը աղբամանի մեջ գցել: Միայն Վալենտինան է օգնության ձեռք մեկնում կնոջը: Դարձյալ ճակատագիր է: «Երեք գույն․ Կարմիր» ֆիլմը «Անկախ ոգի» մրցանակի արժանացավ՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: Զբիգնև Պրայսներն իր երաժշտության համար ստացավ «Սեզար»։ Ֆիլմը երեք անվանակարգերում ներկայացվեց «Օսկարի», ինչպես նաև «Ոսկե գլոբուսի», Բրիտանական ու Եվրոպական կինոակադեմիաների, Կաննի կինոփառատոնի մրցանակներին:
Սա Կեսլևսկու վերջին ստեղծագործությունը դարձավ․․․ Շատ անսպասելիորեն նա հայտարարեց կինեմատոգրաֆից ընդմիշտ հեռանալու իր որոշման մասին: Եվ ավելի անսպասելի ձևով երկու տարի անց, 1996թ-ին, նա իր մահկանացուն կնքեց 54 տարեկան հասակում: Թվում է, թե Կեսլևսկին հասցրեց անել այն ամենը, ինչ ցանկանում էր, իսկ մեզ մնում է դիտել և ուսումնասիրել այս հանճարեղ ռեժիսորի գործերը, վերջում էլ՝ եզրահանգման գալ և ինչ-որ դասեր քաղել: Չէ՞ որ սրանք սովորական ֆիլմեր չեն, սա իմաստավոր եռագրություն է, որին ճիշտ կլինի վերաբերվել այնպես, ինչպես հենց հեղինակն էր վերաբերվում՝ որպես պատգամի, որպես բարոյախոսական արվեստի:
Հովհաննես Վարդումյան
COMMENTS