«Բառերը ստեղծվել են իրականությունը թաքցնելու համար։ Երաժշտությունն ավելի անկեղծ է մտքի ճշմարիտ իմաստը հաղորդելիս»։ Ինգմար Բերգման
Ֆրանսիական կինոյի երաժշտությունը տպավորվում է մեր հիշողության մեջ. այն ընկալվում է որպես ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը: Ո՞վ կարող է հիշել, թե ինչի մասին էին «Շերբուրյան հովանոցները» կամ «Տղամարդը և կինը»: Այնինչ դրանցում հնչող երաժշտությունները դաջված են բոլորիս հիշողության մեջ: Երաժշտական դպրոցի երկրորդ դասարանի ցանկացած աշակերտ կկարողանա վերարտադրել այդ հնչյունները նույնիսկ գդալներով: Վստահ չենք՝ այս երևույթն ունի՞ իր պատճառաբանությունը, թե՞ ոչ: Ամեն դեպքում՝ հրաշքներ դեռևս գոյություն ունեն, հետևաբար՝ գոյություն ունեն նաև հրաշագործներ: Վերջիններիս գաղտնիքները բացահայտելն անհնար է, բայց նրանց մի փոքր ավելի լավ ճանաչելն՝ այո՛, հնարավոր է:
Միշել Լեգրան
![]() |
«Շերբուրյան հովանոցներ» |
Անդրադառնալով Միշել Լեգրանին՝ հարկ է նշել, որ ֆրանսիացի երգահանը միշտ մեծ պահանջարկ է ունեցել: 1952թ-ին Փարիզի կոնսերվատորիան ավարտելուց հետո նա մեկնում է ԱՄՆ, որտեղ սկսում է երաժշտություն գրել ֆիլմերի համար, ելույթներ ունենալ որպես ջազային ու դասական դաշնակահար և մի շարք ալբոմներ թողարկել: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ մի քանի «Օսկարի»: Լեգրանը 4 երեխայի հայր է. երկու որդի և երկու դուստր ունի: Որդիները նույնպես երաժիշտ են, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս իր «Շերբուրյան հովանոցները» չի ստեղծել:
Ֆրանսիս Լեյ
Անկասկած, Ֆրանսիս Լեյն արդեն իսկ հայտնի ու սիրված երգահան էր Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմի երաժշտությունը հեղինակելուց առաջ: Այնուամենայնիվ, եթե ուզում ես Ֆրանսիս Լեյի որևէ գործ մտաբերել, ակամա մի քանի պատկեր է առաջ գալիս. գեղեցկուհի Անուկ Էմեն, հմայիչ Ժան-Լուի Տրենտինյանը, ամայի լողափը և, իհարկե, «Ֆորդ Մուսթանգ» ավտոմեքենան, որը վարում է հերոսը Լեյի երաժշտության ներքո: Ֆրանսիսի երկրորդ հիթը կարելի է համարել «Սիրո պատմություն» ֆիլմի համար գրված երաժշտությունը, որը ԽՍՀՄ երկրներում տարածվեց ոչ միայն իր գեղեցկության, այլև աղմկահարույց մի պատմության պատճառով:![]() |
«Տղամարդը և կինը» |
Բացի 60-ականների ֆիլմերի երաժշտություններից՝ Ֆրանսիս Լեյին մեծ ճանաչում է բերել Էդիտ Պիաֆի «անձնական երգահանը» լինելու փաստը: Նա համագործակցել է նաև այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Իվ Մոնտանը, Միրեյ Մաթյոն, Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիցջերալդը: Այժմ երգահանը 84 տարեկան է: Նրա անձնական կյանքից շատ քիչ տեղեկություններ կան. թերևս, լոկ այն, որ նա ստեղծագործում է գիշերը:
Կլոդ Բոլինգ
![]() |
«Հրաշալին» |
Բոլինգը չի սիրում խոսել կինոյում իր աշխատանքի մասին՝ բավականաչափ կարևորություն չտալով դրան: Ոչ բոլորը կկիսեն երգահանի կարծիքը, քանի որ անհնար է պատկերացնել, օրինակ, «Բորսալինոն» կամ «Հրաշալին» առանց Բոլինգի երաժշտության: Միակ բանը, որի համար զղջում է ֆրանսիացի երաժիշտը, այն է, որ Հոլոքոստի մասին պատմող՝ 1972թ-ին Ջերի Լյուիսի նկարահանած «Այն օրը, երբ ծաղրածուն լաց եղավ» ֆիլմը այդպես էլ չթողարկվեց. Բոլինգի՝ երբևէ ստեղծած լավագույն սաունդթրեքներից մեկը հենց այս ֆիլմի համար էր գրվել։
Ժորժ Կառվարենց
Նախկին ԽՍՀՄ երկրներում ծագումով հայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի անունն առաջին հերթին ասոցացվում է Շառլ Ազնավուրի երգերի և «Թեհրան-43»-ի հետ: 1980թ-ին նկարահանված այս ֆիլմը մեծ տարածում է գտնում ԽՍՀՄ երկրներում՝ սիրվելով գրեթե բոլորի կողմից: Կառվարենցի երաժշտությունն ու Ազնավուրի կատարմամբ հնչող «Հավերժական սեր» երգը այս ֆիլմին յուրահատուկ հմայք հաղորդեցին: Սակայն մինչ «Թեհրան-43»-ը Ժորժ Կառվարենցը ևս մի գեղեցիկ ստեղծագործություն էր հեղինակել 1965թ-ին նկարահանված «Երկնային ամպրոպ» ֆիլմի համար, որը ֆրանսիական իրական կինոյի ու իրական ֆրանսիական սիրո պատմություն է: Անկարելի է չընդգծել ֆիլմի դերասանական կազմն ու կերպարները. հարբեցող անասնաբույժ Ժան Գաբենը, գեղեցկուհի մարմնավաճառ Միշել Մերսիեն, ագահ կավատ Ռոբեր Օսեյնը... Ֆիլմի սյուժեն հարուստ անվանել չի կարելի. գյուղի անասնաբույժը տուն է բերում մարմնավաճառուհու: Չնայած այդ տանն ապրում է նաև նրա երիտասարդ կինը, նրանք հիանալի լեզու են գտնում: Շուտով, սակայն, տեղի կավատներից մեկը խախտում է այս «ներդաշնակ համակեցությունը»: Հարևանները ոստիկանությանը հայտնում են, որ տարածքում մարմնավաճառուհի է թաքնվում:![]() |
«Թեհրան-43» |
Վլադիմիր Կոսմա
Վլադիմիր Կոսմայի սաունդթրեքները լրացուցիչ հատկանիշներով են օժտում կերպարներին: Հիշենք, օրինակ, «Բարձրահասակ շիկահերը» կամ «Ձախողակները»՝ Պիեռ Ռիշարի մասնակցությամբ: Հայտնվում է կերպարը, հնչում է ՆՐԱ երաժշտությունը, և մենք արդեն ամեն ինչ գիտենք վերջինիս մասին: Առեղծվածային մի հնարքով երգահանին հաջողվում է այնքան լավ զգալ հերոսին, որ առաջին իսկ նոտաներից մենք հասկանում ենք՝ այս մեկը հանցագործ է, մյուսը՝ խուզարկու: Դրա հետ մեկտեղ՝ Կոսմայի երաժշտությունը կպչուն չէ. սկզբում նույնիսկ չենք գիտակցում, որ կերպարի հետ ծանոթությունն իրականանում է հենց երաժշտության միջոցով: Հետո, երբ հարևան սենյակից լսում ես Կոսմայի սաունդթրեքներով 200 ֆիլմերից որևէ մեկը, ակամա մտաբերում ես ոչ թե ֆիլմն ու դրա անվանումը, այլ այն դերասանի դեմքը, որ ուղեկցվել էր այս կամ այն մեղեդիով: Այդ դեմքերի թվում են վերոնշյալ Պիեռ Ռիշարը, Ժերար Դեպարդիեն, Ժան-Պոլ Բելմոնդոն, Լուի դը Ֆյունեսը, Սոֆի Մարսոն...![]() |
«Խաղալիք» |
Կոսմայի սիրելի երաժշտական գործիքը ջութակն է, քանի որ այն իր սեփական ձայնն ունի: Ըստ վարպետի՝ ջութակի միջոցով երգահանը շատ ավելի հստակ է արտահայտում իր զգացմունքները, քան ցանկացած այլ գործիքով: Իր ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ «Խաղալիք» ֆիլմի համար գրված երաժշտությունը, Կոսման համարում է երկնքից տրված պարգև: Մի առիթով ռումինացի երգահանը նշել է․ «Ցավոք, ես չեմ կարողանում սերը բառերով արտահայտել: Այդ պատճառով ստիպված եմ դա անել երաժշտության միջոցով»:
թարգմանեց Արմինե Նազարյանը
աղբյուրը՝ La 5ème République