Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային կինոյում» գրքից, 2004թ
Երբ առաջին անգամ սփյուռքահայ մամուլում կարդացինք Հնդկաստանի Դարջիլինգ քաղաքի հայագաղութի մասին, առաջին միտքը, որ ունեցանք, այն էր, թե արդյո՞ք Դարջիլինգում ծնված Վիվիեն Լին որևէ առնչություն չի ունեցել տեղի հայ համայնքի հետ։ Մեր աղոտ կասկածն ամրապնդվեց, երբ Վլադիմիր Ուտիլովի «Վիվիեն Լի» գրքում (Մոսկվա, 1980) կարդացինք, որ դերասանուհու մոր օրիորդական ազգանունը եղել է Յաքջի։ Սա անգլո-սաքսոնական ազգանուն չէ, թուրքերեն բառ է, սակայն մոր ծագման մասին ոչինչ գրված չէր։ Դերասանուհու մեկ այլ կենսագիր՝ Ալեքսանդր Ուոլքերը, նշել է, որ Վիվիեն Լիի մայրը՝ Գերթրուդ Ռոբինսոն Յաքջին, ծագումով իռլանդուհի էր, հավանաբար՝ կես հնդկուհի։
Սակայն Ուտիլովը գրքի վերահրատարակության մեջ արդեն մանրամասն գրել է Վիվիեն Լիի մոր ծագման մասին։ Նրա սկզբնաղբյուրն անգլիացի հետազոտող Հյուգո Վիքերսի աշխատությունն է, որն ուսումնասիրել է Լիի նախնիների վերաբերյալ արխիվային փաստաթղթերը։ «Եթե հավատանք Հ․ Վիքերսին, Գերթրուդ Մերի Ֆրենսիս Յաքջին ծնվել է 1888 թվականի դեկտեմբերի 5-ին, հոր՝ Մայքլ Ջոն Յաքջիի մահից երկու օր անց, որն ամուսնացած էր որբանոցի սանուհի Մերի Թերեզայի հետ։ Գերթրուդի ասելով՝ իր տատն ու պապը (նրանց ազգանունը Ռոբինսոն էր) կաթոլիկների և բողոքականների՝ իրենց համար վիրավորական միացումից հետո թողել են հարազատ Իռլանդիան և ողբերգաբար զոհվել Հնդկաստանում»։ Փաստորեն, որոշակի է, որ Վիվիեն Լիի մայրը մորական կողմից իռլանդուհի էր, իսկ ի՞նչ ազգության է պատկանել հայրը՝ Յաքջին, որի անունը թուրքերեն նշանակում է յուղագործ (յաղջի)․․․
Ուտիլովը շարունակում է․ «Մի քանի արտաքին մանրամասների վրա հենվելով (կոշտ մազերը և թուխ, «դեղձան» մաշկը)՝ Գերթրուդի զարմուհիներից մեկը ենթադրել է, որ Մ․ Յաքջիի և Մերի Թերեզայի սերունդների երակներում միախառնվել է պարսիկների և զտարյուն հինդուսների արյունը։ ․․․ Հնարավոր են նաև այլ տարբերակներ։ Ինչպես հաղորդում է Հ․ Վիքերսը, Հարթլիի Հնդկաստանի բարեկամների մեծ մասն Էռնեսթի կնոջը համարել են հայուհի։ Իր որոնումներով և գտածոներով հափշտակված Հ․ Վիքերսը տեսադաշտից բաց է թողել Մայքլ Ջոն Յաքջիին՝ չնայած նրա ընտանիքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ազգանունից դատելով՝ նա կարող էր լինել Թուրքիայից, որտեղ իրար կողք բնակվում էին և՛ հույներ, և՛ թուրքեր, և՛ հայեր․․․»։
Թուրքերի վարկածը բացառվում է, քանի որ հազիվ թե որբանոցում դաստիարակված կաթոլիկ իռլանդուհին ամուսնանար մահմեդականի հետ, մյուս կողմից՝ հայտնի է, որ Գերթրուդը դեմ է եղել, որ իր Վիվիեն դուստրը մեծանա մահմեդականների մեջ, և ազատելով նրա տեղացի դայակին՝ փոխարինել է անգլուհիով․․․ Վիվիեն Լիի մայրական պապը կարող էր հույն լինել, սակայն Հնդկաստանում ապրած անգլիացիները կարիք պիտի չունենային հույն կնոջը համարել հայուհի, նրանք լավ էին ճանաչում իրենց գործունեությամբ Հնդկաստանում քաջ հայտնի հայերին․․․ Ինքը՝ Ուտիլովն էլ շարադրելով բոլոր փաստերը՝ եզրակացրել է․ «Մի խոսքով, այս մանրամասները (թեկուզ աննշան) չեն համապատասխանում «կիսով չափ օտարուհու» մասին առասպելին և կաստայի կանոնների խախտմանը։ Ավելի շուտ ես ենթադրում եմ, որ Գերթրուդը եղել է հպարտ, իշխող և վճռական քայլեր կատարող հայուհի»։
Ահա այս «զարմանալի գեղեցիկ աղջկա»՝ մուգ շագանակագույն մազերով և երկնագույն աչքերով Գերթրուդ Ռոբինսոն Յաքջիի հետ 1911 թվականի աշնանը Բրայդլինգթոնում ամուսնացել է յորքշիրցի, ֆրանսիական ծագումով Էռնեսթ Հարթլին։ Նրանց ընտանիքում էլ 1913 թվականի նոյեմբերի 5-ին ծնվել է Վիվիեն Մերի դուստրը՝ ապագա Վիվիեն Լին, «Վաթեռլոոյի կամուրջը», «Լեդի Համիլթոն», «Քամուց քշվածները», «Հիմարների նավը» և այլ ֆիլմերի անմոռանալի դերակատարուհին․․․
Արծվի Բախչինյան