լուսանկարում՝ Մերի Փիքֆորդ, Դևիդ Ուորք Գրիֆիթ, Չառլզ Չապլին, Դուգլաս Ֆերբենքս, 1919թ
«Ամերիկայում ինձ ամենից շատ ոգևորեցին հանդիպումները երեք անձանց հետ՝ Գրիֆիթ, Չապլին, Ֆլաերթի․ ահա այն մարդիկ, ում մենք սիրեցինք կինոյի ոլորտում մեր առաջին քայլերն անելիս: Կինոյի առաջին դասականի` Գրիֆիթի հետ իմ հանդիպումը տեղի ունեցավ Բրոդվեյի հյուրանոցներից մեկում: Լուսանկարներով մենք միանգամից ճանաչեցինք միմյանց, ծանոթացանք: Սեղմեցի հիանալի կինոնկարներ արարողի ձեռքը, սակայն հեղինակը չէր ցանկանում խոսել դրանց մասին. «Իմ ֆիլմերի կեսը trash (մենք կասեինք՝ թափոն) է: Ես նկարահանում էի դրանք, որպեսզի փող աշխատեմ այլ նկարահանումների համար, ծածկեմ իմ սիրելի ֆիլմերից կրած կորուստները»: Հիմա էլ նա դեսուդեն է նետվում «չոր օրենքի» շուրջ ծավալված կաշառակերության մասին ֆիլմ նկարահանելու մտքերով. «Ոչ ոք չի ուզում ֆինանսավորել այդպիսի թեմա, բայց ինձ թվում է՝ կարող եմ համոզել մի հարուստ այրու: Արդեն երկու շաբաթ է՝ հետևից եմ ընկած...»:
![]() |
Սերգեյ Էյզենշտեյն և Չառլզ Չապլին, 1930թ |
Ի տարբերություն Գրիֆիթի` Չապլինը պինդ գործարար է, կոմերսանտ: Հիշում եմ, թե ինչպես էր նա իր առանձնատանը սուզվում չապլինյան հանրահայտ կոտելոկի ուրվագծերով կառուցված լողավազանի մեջ ու ոգևորված պատմում, թե ինչպես է «Յունայթեդ արտիստ» ընկերությունում փայլուն մանևրով հաստատել իր ապագա ֆիլմի վարձույթը («Մեծ քաղաքի լույսերն» էր դա): Ցատկոտելով ջրում՝ նա նմանակում էր Մերի Փիքֆորդի անօգնական կատաղությունը, իսկ հաջորդ օրն արդեն երեխայի պես լաց էր լինում ու ատամները կրճտացնում այն պատճառով, որ ֆիլմը չի ստացվում:
Իսկ Հոլիվուդի փողոցներով թափառում է անզուգական Բոբ Ֆլաերթին. նա կանգնեցնում է յուրաքանչյուրին, ում քիչ թե շատ գիտի, և պատրաստ է անսահման ոգևորիչ ու երկար պատմել հիանալի իրադարձություններ ու պատմություններ, որոնք չեն զիջում «Նանուկին» ու «Մոանային»: Նա իր պատմությունն անփոփոխ ավարտում է այս խոսքերով. «Նվիրում եմ սա ձեզ»: Միայն դա է նրան մնում: Նրան ոչ ոք ոչ մի մետր ժապավեն չի տալիս»:
Սերգեյ Էյզենշտեյն