«Ես միշտ համարել եմ, որ Ջուլյետայի հետ իմ հանդիպումը կանխորոշված էր ճակատագրով, և այլ կերպ չէր կարող լինել»։ Ֆեդերիկո Ֆելինի
Ջուլյետան՝ Ջուլյա Աննան, 4 տարեկան հասակից բնակվում էր մորաքրոջ հետ, ով առաջինն էր նկատել նրա դերասանական օժտվածությունը։ Ջուլյան կրթություն էր ստանում տանը, նրան նախապատրաստում էին բեմական կյանքի համար և այդ նպատակով հեռու էին պահում դպրոցական միապաղաղ առօրյայից ու հասակակիցների հետ ավելորդ շփումներից։ Ավելի ուշ, կաթոլիկ միանձնուհիների գիմնազիայում սովորելիս, նա նպատակադրվել էր դառնալ դաշնակահարուհի, սակայն, ի վերջո, որոշեց ընդունվել Հռոմի համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Հենց ուսանողական թատերական խմբակում էլ բացահայտվեց այդ փոքրամարմին, ճկուն ու ժիր աղջկա տաղանդը։ Արդեն 18 տարեկան հասակում նա խաղում էր Հռոմի հինգ թատրոններում և աշխատում էր ռադիոկայանում՝ իր հիասքանչ ձայնով հնչյունավորելով ռադիոսերիալների հերոսուհիների, որոնք ծնունդ էին առնում դեռևս բոլորին անհայտ դրամատուրգ, լրագրող և ծաղրանկարիչ Ֆեդերիկո Ֆելինիի գրչից։ 23-ամյա Ֆելինին այնքան հրապուրված էր ռադիոեթերից հնչող դյութիչ ձայնով, որ իսկույն ճանապարհ էր ընկել դեպի ռադիոկայան՝ աղջկան տեսնելու նպատակով։ Նա համոզված էր, որ այդպիսի ձայն ունեցող աղջիկը արտաքուստ նույնքան գեղեցիկ է։ Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տեսավ անչափահասի պես փոքրիկ ու նիհար մի արարածի։ Բայց աղջնակից այնպիսի լույս էր ճառագում, որ փառահեղ կուրծք ունեցող շիկահերների սիրահար Ֆելինին նրան անմիջապես հրավիրեց ռեստորան։
Հաջորդ օրը աղջիկը ճաշեց տանը, որպեսզի ավելորդ ծախսերի առիթ չդառնա չինացիների ու մարմնավաճառների հարևանությամբ սենյակ վարձակալող չքավոր Ֆելինիի համար, և շտապեց ժամադրության։ Բայց նրան մեծ անակնկալ էր սպասվում, որովհետև երիտասարդը որոշել էր իրենց համատեղ երեկոն անցկացնել Հռոմի ամենաթանկ ռեստորանում։ Մինչ Ֆելինին ուսումնասիրում էր ճաշացանկը, աղջիկը զարմացած նայում էր իրեն շրջապատող շքեղությանը, իսկ հետո ապշահար հետևում էր, թե երիտասարդն ինչպես է գրպանից դուրս բերում խոշոր թղթադրամների հաստ կապուկը և փակում հաշիվը։ Հավանաբար կապուկի մեջ ամփոփված էին Ֆելինիի բոլոր խնայողությունները կամ էլ ընկերներից պարտք արված գումարները։ Ինչևէ, դա Ջուլյայի համար մնաց գաղտնիք, սակայն իրենց հետագա ամբողջ կյանքի ընթացքում նա այլևս երբեք Ֆելինիի ձեռքում չտեսավ այդքան մեծ գումար։ Շատ շուտով զույգը հայտարարեց իր նշանադրության մասին։ Փեսացուն տեղափոխվեց Ջուլյայի մորաքրոջ տուն, իսկ պսակադրության արարողությունն ի կատար ածեցին եկեղեցիներից մեկի աստիճանավանդակում, քանի որ երիտասարդն արդեն մի քանի տարի թաքնվում էր բռնապետ Մուսոլինիի բանակում ծառայելու սպառնալիքից։ Պսակադրության ժամանակ փեսացուի ընկերներից մեկը ցածրաձայն երգեց Ave Maria-ն, իսկ հետո նորապսակներն ուղևորվեցին․․․ կինոթատրոն։ Երբ նրանք մտան կինոդահլիճ, կոնֆերանսիեն հանկարծ դիմեց հանդիսատեսին և խնդրեց ծափահարություններով դիմավորել նորապսակներին։ Դա Ֆեդերիկոյի առաջին նվերն էր իր սիրելի կնոջը, ով նրան նայում էր և միշտ նայելու էր մոլորված շնիկի տխուր ու սիրահարված աչքերով։
Ամուսնությունից հետո Ֆելինին շարունակում էր գրել սցենարներ և նկարել ծաղրանկարներ, բայց օգտակար կապեր չունենալու պատճառով ավելիի մասին չէր էլ երազում։ Մինչդեռ այդ կապերն ուներ Ջուլյետան։ Հենց նա էլ ամուսնուն ծանոթացրեց Ռոբերտո Ռոսելինիի հետ։ Ջուլյետան Ռոսելինիին մշտապես հրավիրում էր կիրակնօրյա ճաշկերույթի, իսկ ամուսնուն հրահանգում էր, որ հյուրի հետ խոսի ամեն ինչի մասին՝ բացի կինեմատոգրաֆից։ Ավելի ուշ, երբ Ռոսելինին սկսեց իր նոր ֆիլմի նկարահանումները, նա որպես ռեժիսորի օգնական հրավիրեց Ֆելինիին, ինչից էլ սկիզբ առավ կինոյի նորահայտ հանճարի կարիերան։ Ջուլյան դարձավ Ֆելինիի «այցեքարտն» ու հաջողության գրավականը։ Նա մասնակցում էր Ֆելինիի բոլոր ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, օգնում էր դերասանների, դեկորների և վայրերի ընտրության հարցում, ամենուր ուղեկցում էր ամուսնուն։ Ֆելինիի համար իր կնոջ կարծիքն ամեն ինչից վեր էր։ Եթե Ջուլյետան բացակայում էր նկարահանման հրապարակից, Ֆեդերիկոն հարյուր անգամ զանգահարում էր տուն և խորհուրդ հարցնում։ Նկարահանման հրապարակում էին տեղի ունենում նաև նրանց ընտանեկան վեճերը․ Ֆելինին մեղադրում էր կնոջը փնթփնթալու համար, իսկ նա Ֆելինիին՝ անհամբեր ու անհանդուրժող բնավորության համար։ «Սատիրիկոնի» նկարահանումների ժամանակ նրանք լրջորեն վիճեցին, և Ջուլյան այլևս չեկավ նկարահանման հրապարակ։ Այդ ժամանակ Ֆելինին առհասարակ հրաժարվեց նկարահանել։ Կինը վերադարձավ միայն ամենաբարդ տեսարանի նկարահանման օրը, երբ տիրում էր չափազանց լարված մթնոլորտ։ Նա նստեց անկյունում և սկսեց շյուղերով հյուսել՝ ոչ մի բառ չարտաբերելով։ Ֆելինին գործի անցավ, և տեսարանը վերջապես նկարահանվեց։
Մազինան այդպես էլ չդարձավ կինոաստղ․ նրա կինոկարիերայում, որը ներառում է շուրջ 3 տասնյակ ֆիլմ, ամենահիշարժանը ամուսնու նկարահանած 4 ֆիլմերն են, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում՝ Ջելսոմինա, Կաբիրիա, Ջուլյետա, Ջինջեր։ Սա ցավալիորեն քիչ էր, որովհետև նա, իրոք, մեծ դերասանուհի էր։ Սակայն, փոխարենը, նրանց ողջ կյանքը լի էր փոխադարձ սիրով։ Ֆելինին հաճախ էր անդրադառնում իր ծնողների ռոմանտիկ սիրո պատմությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հայր Ուրբանոն սիրահարվել էր հռոմեական հարուստ ընտանիքից սերող Իդային, և, վերջինիս ծնողների կամքին հակառակ, նրանք ամուսնացել էին։ Մազինայի ծնողներն էլ իրենց ռոմանտիկ պատմությունն ունեին։ Նրա հայր Գաետանոն հիանալի թավջութակահար էր, և նույնպես մեծահարուստ ընտանիքի դուստր Անջելայի հետ ամուսնանալու համար ստիպված էր եղել թողնել երաժշտությունն ու զբաղվել շարքային աշխատանքով։ Ֆեդերիկոն ընտանեկան կյանքում սարսափում էր առօրեականությունից, նա ուզում էր, որ իրենց ամուսնական տարիները նման լինեն անվերջանալի հրավառության։ Հենց այդ պատճառով էլ անընդհատ հորինում էր առասպելական պատմություններ, որոնց իրեղենությունը Ջուլյետան սիրով հաստատում էր։ Թերևս, դրանով էլ բացատրվում էր նրա ինքնամոռաց և առաջին հայացքից ծնված սերը Ջուլյետայի նկատմամբ․ վերջինս Ֆելինիին չէր խանգարում ապրել նրա իսկ հորինած սցենարով։ Մտերիմները երբեք չէին հասկանում, թե նրանց զրույցներում որտեղ է ավարտվում իրականությունը և սկսվում խաղը։
Իհարկե, Ջուլյետան երազում էր երեխաներ ունենալու մասին։ Սակայն ամուսնությունից երկու շաբաթ անց նա, հղի վիճակում ընկնելով աստիճաններից, կորցրել էր իր առաջնեկին։ Երբ երկրորդ անգամ հղիացավ, որոշեց, որ երեխային անվանելու է Ֆեդերիկո։ Փոքրիկն ապրեց ընդամենը երկու շաբաթ։ Եվ Ջուլյետան այլևս երեխա չունեցավ։ Ֆելինին ասում էր․ «Երիտասարդության տարիներին ապրած համատեղ ողբերգությունը մարդկանց միջև հաստատում է ամուր կապ, և եթե զույգը դրանից հետո չի բաժանվում, նշանակում է՝ այդ կապը, իրոք, անքակտելի է։ Ամուսիններն ապրում են միայն իրար համար»։ Նրանք նույնպես չբաժանվեցին, թեպետ ողջ կյանքում իրենց սրտում կրում էին անզավակ լինելու ցավը։ «Մեր երեխաներն իմ ֆիլմերն են, չէ՞ որ նրանք էլ են ծնվում տառապանքով, և արարողը նրանց սիրում է նույնքան, որքան իր երեխաներին»,- խոստովանել է մեծ ռեժիսորը։ Եվ նա, կնոջ հետ միասին, ստեղծում էր նորանոր «զավակներ»։ Սկզբում Ֆելինին նկարահանում էր միայն իր կնոջը և սցենարներ էր գրում միայն նրա համար։ «Ճանապարհ» և «Կաբիրիայի գիշերները» ֆիլմերը Մազինային հասցրին անհասանելի բարձունքի։ Նրան անվանում էին «կիսաշրջազգեստով Չապլին», նրան հանձնում էին մրցանակներ, առաջարկում էին գրավիչ պայմանագրեր։ Բայց նա մերժում էր բոլորին՝ բացի իր ամուսնուց։ Մազինան չէր ձգտում փայլել կինեմատոգրաֆիական Օլիմպոսում և միշտ թաքնվում էր իր հանճարեղ ու արդեն հանրահայտ ամուսնու թիկունքում։ «Ֆեդերիկոյի կողքին ինձ զգում եմ ստվերում, և դա ինձ գոհացնում է, որովհետև այդ ստվերը հիասքանչ է»,- լրագրողներին ասում էր նա։
Կարդալով «Ջուլյետան և ոգիները» ֆիլմի սցենարը՝ Մազինան արտահայտեց իր անթաքույց հիացմունքը․ «Սա մի երկչոտ, բարդույթավորված ու ճնշված կին է, ով սկզբում ամբողջովին հնազանդվում է ծնողների կամքին, իսկ հետո՝ ամուսնուն։ Ես ոչ միայն բոլորովին հանգիստ կվերաբերվեի տղամարդու՝ ընտանիքից հեռանալուն, այլև կջարդեի նրա գլուխը»։ Արդյոք նա անկե՞ղծ էր այս խոսքերն արտասանելիս՝ հայտնի չէ, բայց փաստն այն է, որ նա առանց մյուս կանանց բնորոշ հիստերիաների էր վերաբերվում իր սիրելի ամուսնու «մարտական ընկերուհիներին»։ Ֆեդերիկոն հավատարիմ չէր, սակայն ամեն ինչի մասին պատմում էր կնոջը։ Զույգի ընկերների խոսքերով՝ եթե Ֆելինին ինչ-որ հարցում մեղավոր էր լինում կնոջ հանդեպ, կինն այդ մասին առաջինն էր իմանում՝ հենց նրանից։ Ֆելինին խենթություններ էր անում ամեն քայլափոխի։ Նա կարող էր սրահ վարձել ամենաթանկ հյուրանոցում լոկ այն պատճառով, որ այդտեղ հանգրվանել էին Չառլի Չապլինը և Օդրի Հեփբերնը։ Կարող էր ամենաթանկ ատելիեներում պատվիրել իր հանրահայտ կարմիր շարֆերը, սակայն երբևէ չանհանգստանալ, որ Ջուլյետան, ի տարբերություն այլ կինոաստղերի, չունի ոչ մորթյա մուշտակներ և ոչ էլ ադամանդներ։ Կարող էր բնակվել Հռոմի աղմկոտ կենտրոնում, մինչդեռ նրա մյուս բոլոր գործընկերներն արդեն վաղուց տեղափոխվել էին քաղաքամերձ շքեղ առանձնատներ։ Իսկ Մազինան լոկ ժպտում էր, տնտեսում գումարը, նկարահանումների ժամանակ ամուսնուն ուղեկցելիս ինքնուրույն հոգում բոլոր ծախսերը և ամառային արձակուրդն անցկացնում նրա ծննդավայր Ռիմինի քաղաքում։
1993-ին ստացած «պատվավոր Օսկարը» Ֆելինիի վերջին մրցանակն էր։ Արձանիկը ձեռքում պահած՝ նա հենց բեմից դիմեց դահլիճում նստած կնոջը․ «Հերիք է լաց լինես, Ջուլյետա»։ Եվ բոլոր հայացքներն ու տեսախցիկներն ակնթարթորեն ուղղվեցին արցունքներով ողողված Մազինայի կողմը։ Այդ պահին նա ավելի ուժգին լաց եղավ։ «Ես ամեն ինչով պարտական եմ նրան և երբեք չեմ հոգնի կրկնել, թե որքան բարի, համբերատար ու խելացի է իմ կինը։ Ես նրան հիասթափեցրել եմ, նա ինձ՝ ոչ։ Նրանից ավելի լավ կին չէի կարողանա գտնել»,- ասում էր Ֆելինին։ Ամուսնու մահվան օրն ինչ-որ առումով վերջինը դարձավ նաև կնոջ համար։ Ընդամենը մի քանի օր անց նրանք նշելու էին իրենց «ոսկե հարսանիքը»։ «Առանց Ֆեդերիկոյի ես չկամ․․․»,- հուղարկավորության ընթացքում լոկ այս բառերն էր կրկնում Մազինան։ Եվ թեթևությամբ մտածում էր․ «Գուցեև լավ է, որ Ֆեդերիկոն չկա, և չի իմանա, որ արդեն վաղուց հիվանդ եմ քաղցկեղով։ Շուտով մենք նորից միասին կլինենք»։ Ֆելինիի հուղարկավորության օրը Հռոմում երթևեկությունը կանգ էր առել։ Իրենց աշխատանքը դադարեցրել էին նաև ռադիոկայաններն ու հեռուստաընկերությունները։ Հռոմից մինչև Ռիմինիում գտնվող Ֆելինի ընտանիքի տոհմական դամբարան բազմահազարանոց ամբոխն ուղեկցում էր սգո թափորը։ Ուղեկցում էր ծափահարություններով։ Այնտեղ ծնվել էր մեծն վարպետը, այնտեղ էլ գտավ իր վերջին հանգրվանը։
COMMENTS