«Ես միշտ կարողացել եմ ասել՝ «ոչ»։ Այդպես էլ հաջողության եմ հասել»։ Սիդնի Պուատիե
Ինգմար Բերգման. «Կինոն իմ մեջ այնքան շատ հուզումներ ու ռեակցիաներ է ծնում, որ ես ստիպված եմ սիրել այն, որպեսզի կարողանամ հաղթահարել և վերապրել այդ ամենը»:
Էնգ Լի. «Ինձ համար կինոն զգացմունքների վիզուալիզացում է: Հենց դրա համար էլ մենք զբաղվում ենք այս գործով: Կինոն, ինչպես ցանկացած այլ արվեստ, արտաքին գրգռիչ է, այն ոչինչ չի կրում, այլ պարզապես գրգռում է: Եվ խոսքը ոչ թե ռեժիսորին, այլ հանդիսատեսին գրգռելու մասին է»:
Ջոն Ֆորդ․ «Երբ դուք կսովորեք, որ այն ամենը, ինչ գտնվում է կադրի վերևում ու ներքևում, կապ չունի մեջտեղում գտնվողի հետ, և երբ կհասկանաք, թե ինչու են իրերը գտնվում վերևում կամ ներքևում, այդ ժամանակ, հնարավոր է, դուք կդառնաք լավ ռեժիսորներ»։
Լանա Վաչովսկի. «Կինոն արվեստի սոցիալական ձև է: Դուք չեք կարող միայնակ նկարահանել ֆիլմ: Կարևոր չէ, թե ինչ ես անում, ինչպես ես վերահսկում պրոցեսը, արդյո՞ք խելագար ես ու կրքոտ, ինչպես Ֆիցկարալդոն, կամ փորձում ես նմանվել նրան՝ բարձրախոսիդ մեջ մարդկանց վրա գոռալով, դու մի մատիտ էլ չես կարողանա շարժել առանց շրջապատի օգնության: Վերջնական արդյունքը միշտ կազմված կլինի բոլոր նրանց գործերից, ովքեր աշխատել են այդ արդյունքի վրա: Ուստի, եթե ցանկանում ես հասկանալ կինոն, պետք է մտորես այդ սոցիալական ուժի մասին»:
Դևիդ Ֆինչեր․ «Չկա ավելի վատ բան, քան այն, երբ ինչ-որ մեկն ասում է քեզ․ «Դո՞ւ ես նկարահանել այս ֆիլմը։ Ինձ թվաց՝ այն կատարյալ անպետքություն է», և դու ստիպված ես համաձայնել այդ մարդու հետ»։
Նորա Էֆրոն․ «Կառուցվածքը պատմություն ստեղծելու բանալին է։ Հեղինակը պետք է մի քանի արժեքավոր հարցերի պատասխաններ գտնի։ Որտեղի՞ց է սկսվում պատմությունը։ Որտե՞ղ է սկսվում միջնամասը, և որտեղի՞ց է սկիզբը անցնում դեպի վերջ։ Որտե՞ղից է միջնամասը սկսում ավարտվել, և սկսվում է վերջաբանը։ Այս ընդհանուր հարցերը, որոնց առնչվում են գրողները, կանգնած են նաև մեր առջև։ Ցանկացած հեղինակ ստիպված է ընդունել բարդ որոշումներ՝ անկախ այն փաստից՝ ի՞նչ ֆիլմի սցենար է նա գրում՝ գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական։ Եթե դուք պատմության կառուցվածքի վերաբերյալ ճիշտ լուծումներ գտնեք, մնացած ասպեկտները նույնպես պարզ կդառնան»։
Պեդրո Ալմոդովար․ «Ես առանձնապես չեմ տարվում իմ դերասաններով։ Չեմ տարվում սեփական ֆիլմերով․․․ Եթե ես ապրեի հերոսներիս կյանքով, երևի կմեռնեի՝ 16 ֆիլմ էլ չնկարահանած»։
Ջոդի Ֆոսթեր․ «Ռեժիսուրան փոխում է կյանքդ․․․ Արթնանում ես գիշերվա երեքին այն պատճառով, որ գլխումդ ինչ-որ գաղափարներ են ի հայտ եկել, մտորում ես սեփական մանկությանդ ու այն մարդկանց մասին, ում երբևէ ճանաչել ես․․․ Եվ չես կարող այս ամենն անել մի բանի համար, ինչին չես հավատում։ Այն փոխում է կյանքդ և օգնում ամբողջովին հաղթահարել հոգևոր ճգնաժամը»։
Սեմ Պեկինպա․ «Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը սցենարների շուկան է։ Հետևեք, թե ինչ է վաճառվում, ով է վաճառում, և ով է գնում, ինչ տեսակ սցենարներ, իսկ հետո պարզեք սցենարիստների անունները և բոլոր հնարավոր, ազնիվ ու անազնիվ եղանակներով ծանոթացեք նրանց հետ ու դիմեք խարդախության»։
![]() |
Ջեք Նիքոլսոն և Սթենլի Կուբրիկ |
Էմի Հեքերլինգ․ «Ես մոլագար եմ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ է կատարվում աշխարհում։ Անում եմ իմ ուզածը․․․ Եթե ուզում ես դա անել, դու չես կարող լսել, թե ինչ է աշխարհն ասում քեզ։ Եթե ես ասեմ այն, ինչ իրականում զգում եմ, կգտնվեն մեծաթիվ մարդիկ, ովքեր ինձ կհասկանան»։
Ռոբերտ Ռոդրիգես․ «Ես բոլորին խորհուրդ եմ տալիս տնային վիդեոներ նկարել՝ պրակտիկա ձեռք բերելու համար։ Պարտադիր չէ դրանք տարածել, լոկ այն դեպքում, եթե իսկապես դրանք գերազանց ստացվեն։ Պարզապես շարունակեք նկարել։ Սովորեք ավելի լավ պատմել պատմությունները։ Այդպես դուք կանեք այն, ինչ ես էի անում, երբ նոր էի սկսում՝ կնկարեք լիքը անբյուջե ֆիլմեր։ Որոշ ժամանակ անց դուք կկարողանաք սցենարներ գրել և ֆիլմ նկարահանել, տեղյակ կլինեք ֆիլմի կառուցվածքից։ Ձեզ անհրաժեշտ է պարզապես սովորել, իսկ դա կարելի է անել միայն փորձելով»։
Ջենիֆեր Լինչ․ «Ընդունելով սեփական սխալները՝ կկարողանաք հաջողության հասնել։ Փորձեք լինել և՛ լավ ունկնդիր, և՛ լավ հռետոր։ Ձեր սեփական խոսքերին մեծ արժեք մի տվեք։ Լսե՛ք: Դուք շատ բան կսովորեք, նույնիսկ եթե հրաժարվեք ինչ-որ բաներից։ Դուք ինքներդ ձեզ կօգնեք հասկանալ՝ ի՞նչ եք ուզում և ինչի՞ եք ընդունակ։ Միայն վստահեք ինքներդ ձեզ, ոչ թե էմբրիոնի դիրք ընդունեք ու լացեք, ինչպես սովորաբար անում էիք»։
Դևիդ Լինչ․ «Իմ բախտը բերել է, քանզի ես սիրում եմ ռեժիսուրայի բոլոր ասպեկտները։ Եվ դրանցից յուրաքանչյուրը անհավանական կարևոր է, որովհետև եթե մեկ կամ երկու բան վատ ստացվի, ողջ ստեղծագործությունը կքանդվի։ Դու պետք է մասնակից լինես յուրաքանչյուր փուլին, որոշումներ ընդունես, որոնք կամրապնդեն ընդհանուր գաղափարը, իսկ ամեն ինչ սկսվում է հենց դրանից։ Եվ դու պետք է արթուն մնաս ու բաց՝ նոր, անհավանական գաղափարների համար․․․ Դու չես կարող մի գաղափարն ավելի վեր դասել մյուսից։ Դու պետք է գլուխ հանես ամեն ինչից՝ ձայն, լուսավորություն, մարդկանց դիրքավորում, ամեն ինչ․ և այդպես մինչև վերջ, քանի դեռ ամեն բան չի լինի քո ուզածի պես»։
Քիմբերլի Փիրս․ «Եղիր որքան հնարավոր է ավելի բաց։ Ուսումնասիրիր սեփական արհեստդ ներսից։ Բաց եղիր այն բոլոր հանճարեղ մարդկանց համար, ովքեր աշխատում են քեզ հետ, ստեղծիր լավագույն պայմաններն աշխատանքի համար, ճանապարհ տուր լավագույն գաղափարներին։ Սեփական «ես»-դ որքան կարող ես հեռու տար․ սա նրա տեղը չէ։ Դու ավելին կսովորես, և արդյունքն ավելի լավը կլինի, եթե ստեղծես համապատասխան պայմաններ։ Գիտեմ, քեզ մոտ կստացվի, քանի որ շատ քիչ մարդիկ են դրան ընդունակ»։
Սյուզեն Զեյդելման․ «Ռեժիսորի աշխատանքում ամենակարևորը ճիշտ դերասաններ ընտրելն է։ Եթե հետաքրքիր կազմ հավաքեք, ձեր հաջողությունը 50 տոկոսով ապահովված կլինի։ Փորձերի ընթացքում դուք պետք է դերասանների վստահությունը նվաճեք՝ շփվելով նրանց հետ, լսելով նրանց կարծիքը։ Դա նույնն է, թե՝ լինել թերապևտ կամ ընկեր։ Հենց որ դերասանները սկսեն վստահել ձեզ, դուք կկարողանաք նրանց քննադատական նկատողություններ անել՝ դրական ձևով, ուղղորդելով նրանց խաղը։ Եթե դերասանը չվստահեց ձեզ, դա կարող է կործանարար լինել։ Ես աշխատել եմ Մերիլ Սթրիփի կարգի դերասանների հետ, ովքեր շատ ավելի փորձառու են, քան ես։ Այդ դեպքում դուք պետք է միասին հասկանաք, թե ինչպիսին է հերոսը, իսկ հետո վստահեք դերասանի բնազդներին»։
Ջիմ Ջարմուշ․ «Ես պաշտում եմ լսումները, որովհետև դրանց ընթացքում սխալներ չեն լինում, ամեն ինչ ճիշտ է ընթանում, պարզապես տեսանելի է դառնում, որ որոշ բաներ սազում են հերոսին կամ օգնում են նրան ստեղծելուն, որոշները՝ ոչ, բայց բոլորն էլ հավասարապես արժեքավոր են, քանզի տանում են մեզ այնտեղ, ուր տանում են։ Ես նավավարի պես եմ և փորձում եմ խրախուսել դերասանների հետ մեր համագործակցությունը, գտնել լավագույն տարբերակը, որն իր պտուղները կտա։ Ես սիրում եմ բոլոր այդ պտուղները՝ և՛ բալը, և՛ բանանը»։
Մարինա դե Վան․ «Համբերատար եղեք»։
Կատրին Բրեյա․ «Եղիր ոչ թե ինքդ քեզ պես, այլ գործիդ պես»։
Դիաբլո Կոդի․ «Իզուր մի տառապիր հեղինակների այն ամբոխի պատճառով, որը քո հակառակորդն ես համարում։ Ոչ ոք չի կարող անել այն, ինչին ունակ ես դու»։
Ռոբերտ Ուայզ․ «Եթե նկարահանման հրապարակում ամեն ինչ փոքր-ինչ դանդաղ է թվում, ապա կինոմեխանիկի խցիկում ամեն ինչ կրկնակի դանդաղ է լինելու»։
![]() |
Յասուձիրո Օձու |
Ֆորեսթ Ուիթաքեր․ «Ինձ համար կարևոր է կապ հաստատել մարդկանց ու նրանց զգացմունքների հետ։ Իմ աշխատանքում դա միշտ եղել է գլխավոր նպատակը։ Ինձ չի գրավում այն, ինչի հետ հնարավոր չէ իրական հարաբերություններ հաստատել»։
Ջեսիկա Յու․
«1. Սևագիր մոնտաժի առաջին ցուցադրումից 15 րոպե առաջ մի գավաթ գինի լցրեք։ Համտեսեք։
2. Սկսեք դիտել սևագիր մոնտաժը։
3. Հուսահատության գիրկն ընկեք այն մտքից, թե դեռ ինչքան գործ ունեք անելու։
4. Խմեք մնացած գինին։ Լաց եղեք։
5. Հիշեք, թե ինչքան շատ գործ է արդեն արվել։
6. Մի գավաթ էլ գինի լցրեք։ Մի կում առեք։
7. Հիացեք մոնտաժով։
8. Կրկնեք 6-րդ կետը։ Այժմ ձեզ ամեն ինչ հանճարեղ կթվա։ Տեսնես ո՞վ է արել այս ամենը։
9. Եթե հասել եք այս կետին, կանգ առեք, սուրճ խմեք։
10. Եթե 7-րդ կետին այդպես էլ չհասաք, վերցրեք գինու մնացորդներով շիշը և փորձեք ամեն ինչ կրկնել մեկ այլ վայրում։
Նշում․ Եթե դուք չեք խմում, գինին փոխարինեք շոկոլադով կամ տորթով (ըստ ցանկության)»:
Լի Դենիելս․ «Ես չեմ վախենում և չեմ աշխատում այն դերասանների հետ, ովքեր վախենում են»։
Փոլ Վերհովեն. «Կցանկանայի ֆիզիկական լավ վիճակում գտնվել: Խուսափեք ալկոհոլից և ոչինչ մի չարաշահեք, որովհետև կինոնկարահանումները ֆիզիկապես հալումաշ են անում: Դրանք օրական 20 ժամ են տևում: Ուստի, որքան հնարավոր է՝ լավ նախապատրաստվեք: Մինչև նկարահանման հրապարակ գնալը մեծ քանակությամբ սևագրեր ու նշումներ արեք ձեզ համար, համենայնդեպս՝ առաջին շաբաթվա համար: Երբ զգաք, որ փակուղում եք կամ կորցրել եք ոգեշնչումը, պարզապես նայեք ձեր գրառումները և կհասկանաք, թե ինչ է պետք անել: Գուցե սա լավագույն տարբերակը չէ, բայց, համենայնդեպս, ավելի լավ է, քան նստելն ու ասելը. «Լավ, իսկ հիմա ես պետք է մի բան հնարեմ»: Որովհետև այդ դեպքում դուք կվախենաք ու կկորցնեք ինքնավստահությունը: Հետո արդեն, առաջին 10 օրից հետո, դուք կկարողանաք լիցքաթափվել: Բայց սկզբում միշտ հարց է ծագում. «Իսկ հիմա ի՞նչ»: Այնպես որ՝ քնեք որքան հնարավոր է շատ, համենայնդեպս՝ գոնե 5-6 ժամ, գիշերը, եթե կարող եք, և պլան կազմեք առաջին երկու շաբաթվա համար: Նաև՝ սիրալիր եղեք դերասանների ու թիմի հետ, նրանց հետ լավ հարաբերություններ պահպանեք: Լսեք նրանց ցանկությունները և պատրաստ եղեք խոստովանել սեփական սխալները, եթե դրա կարիք կա: Ներողություն խնդրեք բոլորից, եթե դրա կարիքը կա: Ես մինչ օրս այդպես եմ վարվում: Կարող եմ ահավոր սխալներ անել ու երբեմն տխրում եմ: Ծնողներս միշտ ասում էին. «Եթե ինչ-որ մեկի հետ վիճել ես, փորձիր հարթել բոլոր խնդիրները մինչև արևի մայր մտնելը»:
Օսկար Միշո․ «Ես ցանկանում եմ մեր կյանքը տեսնել էկրանին, որովհետև մենք նույն կերպ ենք ապրում, ինչպես մյուսները աշխարհով մեկ»։
Գորդոն Փարքս․ «Մեզ պետք են ֆիլմեր՝ մեր քաղաքացիների իրական պատմություններով։ Բայց մեզ նաև պետք են հերոսական պատմություններ այդ քաղաքացիների մասին։ Բոլոր ժամանակներում մենք կարիք կունենանք հերոսների, ովքեր ինչ-որ ձևով նման կլինեն Ջեյմս Բոնդին»։
Ուսման Սեմբեն․ «Արվեստագետի խնդիրը ոչ թե գեղեցիկի մասին խոսելն է, այլ բացահայտելու ձիրքը։ Արվեստագետը պետք է զգա հասարակության զարկերակը, ստեղծի կերպարներ, որոնք կներկայացնեն այդ հասարակությունը»։
Օսսի Դևիս․ «Ռեժիսուրան պահանջում է տեսնելու ունակություն, ուշադրություն, էներգիա, եթե պետք լինի՝ վատ և համառ, երբեմն էլ՝ խորամանկ լինելու կարողություն»։
![]() |
Վուդի Ալենը և իր սիրելիները |
Գրեգ Արակի․ «Իհարկե, պետք է դիտել և նկարահանել շատ ֆիլմեր՝ լինեն դրանք կարճամետրաժ, թե լիամետրաժ։ Բայց այսօր նկարահանված շատ ֆիլմեր դիտելուց հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ժամանակակից հեղինակային կինոն ոչինչ չի ասում։ Որ կա մարդկանց մի խումբ, որը ցանկանում է ռեժիսոր լինել, բայց ասելիք չունի և չգիտի՝ ինչի՞ մասին ֆիլմ նկարահանել։ Նրանք պարզապես ուզում են նկարահանել, կարևոր չէ՝ ինչ։ Պարզապես ցանկանում են մեկնել «Սանդենս» կինոփառատոն։ Բայց ես և իմ ժամանակակիցներն այդպիսին չէինք։ Մեր ամենավաղ ֆիլմերում կիրք կար։ Այնպիսի զգացում կար, որ եթե չնկարահանեմ իմ ֆիլմը, կմեռնեմ։ Հենց այդ պատճառով մենք այդքան ջանք էինք թափում»։
Քվենտին Տարանտինո․ «Երբ ես գրում եմ, ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչ կմնա թղթի վրա։ Ես չեմ մտածում ֆիլմի մասին։ Չեմ մտածում կինոյի մասին։ Ես մտածում եմ գրականության մասին․ ինչպե՞ս լավ գրել և ստանալ ավարտական ինքնաբավ ստեղծագործություն։ Դա իմ առաջին ստեղծագործական ներդրումն է նախագծի մեջ։ Եթե ամեն ինչ ճիշտ ստացվի, ապա սցենարական աշխատանքի ավարտին ես կմտածեմ․ «Իսկ եթե ոչինչ չնկարահանե՞մ և հրապարակեմ սա, ինչպես որ կա․․․ Սրանով կարելի է ավարտել»։
Քևին Սմիթ․ «Եթե ես չեմ նկարահանում, ուրեմն նստած եմ մոնտաժային սենյակում։ Մինչ նկարահանող խումբը 15 րոպեով կամ մի ժամով ընդմիջում է անում, որպեսզի պատրաստվի հաջորդ կադրին, ես նստում եմ Avid-ի առաջ ու փորձում եմ ֆիլմը մոնտաժել»։
Ֆրից Լանգ․ «Կար ժամանակ, երբ ես լավ պատմություններ էի փնտրում, բայց այսօր ամեն ինչ իր մասշտաբներով պետք է նման լինի Ռաշմոր լեռանը, իսկ դերասանները խոշոր պլաններում պետք է այնպես դիտվեն, կարծես հենց այդտեղ է իրենց տեղը»։
Շանտալ Աքերման․ «Ինձ չի հետաքրքրում իրական ժամանակը, ինչպես և չի հետաքրքրում դրամատիկական և կոդավորված կինոժամանակը, որը մանիպուլյացիաներ է անում ֆիլմի տևողության հետ։ Համարենք, որ ինձ հետաքրքրում է «իմ ժամանակը»։
Քենեթ Էնգեր․ «Ես վիզուալ շարքից հանում եմ այն տարրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն ֆանտաստիկ սյուժեի գծի հետ»։
Բեռնարդո Բերտոլուչի․ «Ես չեմ նկարահանում ուղերձներ։ Դրա համար գոյություն ունի փոստային ծառայություն»։
Քելլի Ռայհարդտ․ «Սուտը՝ երկխոսության մեջ, ճշմարտությունը՝ պատկերում»։
Ուիլյամ Ֆրիդկին․ «Իմ կարծիքով՝ ռեժիսորի հաջողության ամենակարևոր բաղադրիչներն են ամբիցիաները, հաջողությունը և Աստծո շնորհը։ Ես չնշեցի տաղանդը, որովհետև կան բազմաթիվ անտաղանդ ռեժիսորներ, ովքեր նկարահանում են հիմար ֆիլմեր, բայց եղել են շատ հաջողակ կամ ամբիցիոզ։ Եվ ես գիտեմ շատ տղաների, ովքեր չափազանց տաղանդավոր էին, սակայն բառացիորեն անհետացան ընդհանուր հոսանքի մեջ»։
Ջուլի Դեշ․ «Կարծում եմ՝ արվեստագետի համար ամենակարևորն այն է, որ նա խորասուզվի պրոցեսի մեջ, այս խաղի, այս բիզնեսի մեջ՝ հստակ պատկերացնելով, թե ինչ է ուզում անել և ինչու։ Երբ ի հայտ գան տարատեսակ իրավիճակներ (իսկ դրանք ի հայտ կգան), դուք հստակ կիմանաք, թե ինչպես վարվել, ինչպես արձագանքել, ինչպես շրջանցել դրանք և ինչպես հաղթահարել։ Կամ՝ դուք հետ քայլ կանեք ու թույլ կտաք, որ ձեզ հաղթեն»։
Ռոջեր Կորման․ «Ձեր ֆիլմին անհրաժեշտ է տպավորիչ առաջին մաս, չէ՞ որ մարդիկ կցանկանան իմանալ, թե ինչ է տեղի ունենում։ Հետո ձեզ պետք կգա լավ ավարտ, քանի որ բոլորը կհետաքրքրվեն, թե ինչով այդ ամենը կվերջանա։ Մնացածը կարևոր չէ»։
Վոնգ Կար-Վայ․ «Իմ հապալասե գիշերների» գաղափարը հիմնված է կարճամետրաժ ֆիլմի վրա, որը ես նկարահանում էի «Սիրային տրամադրություն» կինոնկարի վրա աշխատելիս։ Այն նույնիսկ կարճամետրաժ ֆիլմ չէ, այլ դրվագներ «Սիրային տրամադրությունից»․․․ Բայց հետո ես հասկացա՝ պատմությունն ինքնին այնքան հզոր է, որ այդ դրվագների կարիքը չունի։ Եվ դրվագները վերածվեցին կարճամետրաժի, որն այնուհետև ցուցադրվեց Կաննում։ Այսինքն՝ հանկարծ, ինչ-որ մի պահի, դուք հասկանում եք, որ մի գաղափարը պետք է դառնա լիամետրաժ, մեկը՝ գիրք, մյուսն էլ մնա որպես կարճամետրաժ ֆիլմ»։
Ադա Դյուվերնեյ․ «Այն ժամանակը, որ դուք ծախսում եք ինչ-որ մեկին ձեր ուսուցիչը դարձնելու, կինոարդյունաբերությունում առաջընթաց ունենալու, անհրաժեշտ մարդուն սուրճի հրավիրելու համար, դա այն ժամանակն է, որը դուք կարող էիք ծախսել սցենարի վրա աշխատելու և հերոսների հիմքերն ամրապնդելու նպատակով»։
![]() |
Ջորջ Լուկաս և Սթիվեն Սփիլբերգ |
Ջեյմս Քեմերոն․ «Ռեժիսորի համար ամենադժվարը այն ֆիլմը դիտելն է, որի վրա մի քանի տարի աշխատել է։ Ամեն մի կադրը այնքան լավ գիտես, որ ամենաբարդը դառնում է առաջին անգամ դիտող հանդիսատեսի օբյեկտիվությամբ ֆիլմը գնահատելը»։
Սառա Փոլի․ «Ինձ համար ամենակարևորը կենդանի պահեր ստեղծելն է, ծիծաղելի պահեր, պահեր, որտեղ բաց անցքերից ներս է խուժում իրական կյանքը, որովհետև հենց այդ է տեղի ունենում իրականում։ Իմ կյանքի ամենազավեշտալի պահերը տեղի են ունեցել ողբերգական իրավիճակների ժամանակ»։
Ատոմ Էգոյան. «Ես նախընտրում եմ ինքս լինել ֆիլմերիս պրոդյուսերը, քանի որ այդ դեպքում ես անօգնական չեմ, ես իրոք կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Իսկ երբ քեզ վարձում են որպես ռեժիսորի, դու պետք է աշխատես համակարգված։ Թեստային դիտումներն իսկապես կարևոր են ներդրողներին գրավելու համար, և եթե դրանց ընթացքում ինչ-որ դիտողություններ ի հայտ գան, դու չես կարողանա արհամարհել դրանք: Իմ «Էկզոտիկա» ֆիլմը մի այդպիսի թեստային դիտման միջով անցավ: Դա շուկայական ցուցադրում էր, որից հետո ինձ զանգահարեցին և ասացին. «Կարծես թե հանդիսատեսն ուզում էր իմանալ, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, որպեսզի վերջին տեսարանը լիներ սկզբում, և որ կադրից դուրս ձայնը խոսեր այն պահին, երբ Քրիստինան առաջին անգամ գալիս է ակումբ»: Այդ ժամանակ ես մտածեցի. «Աստված իմ, որքան երախտապարտ եմ քեզ, որ ստիպված չեմ լինելու ականջ դնել այս ամենին»:
COMMENTS