1940թ-ին Մարտիրոս Սարյանը ստեղծեց կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի դիմանկարը, իսկ 1963թ-ին՝ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սթեյնբեքի դիմանկարը։
Հայտնի է, որ համաշխարհային կինոյի լեգենդ Սերգեյ Էյզենշտեյնը մեծ սեր ու հարգանք էր տածում հայկական մշակույթի հանդեպ։ 1930-ականների սկզբին նա այցելեց Հայաստան, շրջագայեց պատմամշակութային վայրերով, առաջարկեց ֆիլմ նկարահանել Տիգրան Մեծի մասին։ Էյզենշտեյնի ընկերական շրջապատում հայերը մեծ թիվ էին կազմում․ նա ոչ միայն գործնական, այլև բարեկամական հարաբերություններով էր կապված իր «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի հայազգի սցենարիստ Նինա Աղաջանովայի հետ, մտերիմ էր նաև Մարտիրոս Սարյանի հետ, ում մոսկովյան բնակարանում մշտական հյուր էր։ Սարյանի ստեղծած դիմանկարում հիանալի են արտացոլված ռեժիսորի կամային բնավորությունը, մտավորականի կերպարը։ 23 տարի անց Սարյանի արվեստանոցում հյուրընկալվեց ամերիկացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սթեյնբեքը։ Տեսնելով իր դիմանկարը՝ նա չի կարողացել թաքցնել հիացմունքը և Սարյանին բնորոշել է որպես մեծ նկարիչ։
![]() |
Ջոն Սթեյնբեք և Մարտիրոս Սարյան, 1963թ |