Գրեթե յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր դերասան-մուսան, ում հաճախակի նկարահանում է, և ում հետ հասնում է մեծ հաջողության։ Ոմանք մեկի փոխարեն ունեն նույնիսկ մի քանիսը, օրինակ՝ Թիմ Բարթոնը, ով մշտապես նկարահանում է իր նախկին կնոջը՝ Հելենա Բոնեմ-Քարթերին և իր մտերիմ ընկերոջը՝ Ջոնի Դեփին։ Ներկայացնում ենք յոթ հանրահայտ ռեժիսորների և նրանց ոչ պակաս հանրահայտ մուսաներին․․․
1․Ժան-Լյուկ Գոդար և Աննա Կարինա
Աննա Կարինան Գոդարի միակ մուսան չէր, սակայն, անվիճելիորեն, ամենահիշվողն էր ֆրանսիական «Նոր ալիքի» ռահվիրայի սիրելիների ցանկում։ Կարինայի հետ Գոդարը ծանոթացել է դեռևս այն ժամանակ, երբ աղջիկը նոր էր սկսել իր մոդելային կարիերան, և անմիջապես հրավիրել է նկարահանվելու «Վերջին շնչում» ֆիլմում։ Սակայն Կարինան հրաժարվել է մերկ նկարահանվելուց, և նրանց համագործակցությունը, դեռևս չսկսված, ավարտվել է։ Նրանք պատահաբար հանդիպել են մեկ տարի անց՝ «Փոքրիկ զինվորը» ֆիլմի նկարահանման հրապարակում, և խելահեղորեն սիրահարվել են միմյանց։ Կես տարի անց նրանք ամուսնացել են, և Գոդարն իր բոլոր հարցազրույցներում նրան ոգևորված անվանել է «փոքրիկ արքայադուստր»։ 1967թ-ին զույգն ամուսնալուծվել է։ Նրանք բաժանվել են խաղաղ և առանց փոխադարձ մեղադրանքների։ Բայց այն տարիների ընթացքում, երբ նրանք միասին էին, Գոդարը նկարահանել է իր ամենավառ ֆիլմերից մի քանիսը՝ «Ապրել սեփական կյանքով», «Օտարները», «Ալֆավիլ», «Կինը կին է», «Խենթ Պիեռոն» և այլն։
2․Վուդի Ալեն և Դայան Կիտոն
Մինչ Սքարլեթ Յոհանսոնին իր մուսան դարձնելը Վուդին նախընտրում էր բոլորովին այլ տեսակի կանանց։ Ամուսնական կյանքում նա մշտապես խնդիրներ էր ունենում իր կանանց հետ, փոխարենը՝ միշտ շրջապատված էր սիրուհիներով։ Վուդիի և Դայան Կիտոնի սիրային հարաբերությունները սկիզբ առան այն ժամանակ, երբ դերասանուհին մասնակցեց նրա «Խաղա կրկին, Սեմ» բեմադրությանը։ Թեպետ նրանց սիրավեպը կարճատև էր, բայց նրանց ընկերությունը և ստեղծագործական համագործակցությունը շարունակվեցին երկար տարիներ, ինչի արդյունքում ծնվեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Քնածը», «Սերը և մահը», «Ինտերիերներ», «Ռադիոյի օրերը», «Հանելուկային սպանություն Մանհեթենում», «Էննի Հոլ» և այլն։ Շատերը համարում են, որ Ալենը չէր ստեղծի իր լավագույն ֆիլմերը, եթե նրան չոգեշնչեր Դայան անունով մուսան։ Դերասանուհին իր հերթին խոստովանում է, որ հենց Ալենն է իրեն սովորեցրել լինել կամային ու կազմակերպված։ Իր հուշերում նա գրել է․ «Վուդին ապշեցուցիչ կերպով հասկանում էր իմ բնավորությունը։ Հենց դա էլ դարձավ մեր ընկերության և նրա հանդեպ զգացած իմ սիրո հիմքը»։
3․Ջոն Քարփենթեր և Կուրտ Ռասել
Ռեժիսոր Ջոն Քարփենթերն առաջինը նկատեց Ռասելի բացառիկ ունակությունը՝ նկարահանվել ցանկացած տեսակի ֆիլմերում՝ դրամայից մինչև կատակերգություն։ Նրանց միջև ձևավորվեց ամուր ընկերություն, ինչի արդյունքում նկարահանվեցին «Փախուստ Լոս Անջելեսից», «Մեծ իրարանցում փոքրիկ Չինաստանում», «Էլվիս», «Անհայտը» և այլ ֆիլմեր։ Հարցազրույցներից մեկում Քարփենթերն ասել է․ «Ինչո՞ւ եմ միշտ նկարահանում Կուրտ Ռասելին։ Եթե մի կողմ դնենք մեր ընկերությունը, նա նախևառաջ տաղանդավոր դերասան է, իսկ այդպիսիք սակավաթիվ են։ Տեսախցիկի առջև հանդես գալը նրա կոչումն է։ Նա բնազդաբար զգում է, թե որտեղ է կինոխցիկը, և ինչպես պիտի ինքը խաղա։ Ռեժիսորները սիրում են այդպիսի դերասաններին»։ Ռասելն էլ իր հերթին ասում է․ «Ի դեմս Ջոնի՝ ես ունեցա շատ խելացի ավագ եղբայր»։
4․Դարիո Արջենտո և Դարյա Նիկոլոդի
20-ամյա Դարյա Նիկոլոդին, դիտելով «Բյուրեղապակյա փետուրներով թռչունը» ֆիլմը, որոշում է անպայման ծանոթանալ այդ ֆիլմի ռեժիսորի հետ։ Նա նպատակասլաց ու համառ աղջիկ էր, և 5 տարի անց կարողացավ իր առաջին դերերից մեկը ստանալ Դարիո Արջենտոյի «Արյունոտ կարմիր» ֆիլմում։ Սարսափի ժանրի վարպետ Արջենտոն սիրահարվեց նրան՝ դարձնելով իր մուսան, իր սրտի թագուհին և իր դստեր՝ Ասյայի մայրը։ Դարյան ոչ միայն նկարահանվում էր Արջենտոյի ֆիլմերում, այլև յուրաքանչյուր հարցում ուղղորդում նրան և ոգեշնչում։ Նա հանդիսանում է ռեժիսորի հանրահայտ «Սուսպիրիա» ֆիլմի սցենարի համահեղինակը։ Տարիներ անց նրանք, այդուհանդերձ, բաժանվեցին՝ այդպես էլ չօրինականացնելով իրենց հարաբերությունները, սակայն Արջենտոն Դարյայի հետ անցկացրած ժամանակահատվածի ընթացքում հասցրեց նկարահանել իր լավագույն ֆիլմերը։ Դա մեծ զգացմունք էր, որն իր արտացոլումը գտավ կինոյում։
5․Ուես Անդերսոն և Բիլ Մյուրեյ
Դերասանների շուրթերից հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե Ուես Անդերսոնի հետ շատ դժվար է աշխատելը, քանի որ նրա կատակերգությունները նման չեն այդ ժանրի դասական նմուշներին և այնքան էլ ընկալելի չեն ամերիկացիների համար։ Հազվագյուտ դերասաններից մեկը, ով լիովին ընկալել է ռեժիսորի ոճն ու մոտեցումները, Բիլ Մյուրեյն է։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում են ստեղծվել «Ռաշմոր ակադեմիան», «Ջրային կյանքը», «Թենենբաումների ընտանիքը», «Լիալուսնի թագավորությունը» և այլ ֆիլմեր, որոնք դիտելիս նկատում ես, թե ինչպես է ռեժիսորը հետզհետե աճել իր սիրելի դերասանի ազդեցությամբ։ Նրանք, ովքեր Ուեսի երկրպագուների շարքում չեն, իրոք, հաճախ են հնչեցնում այն միտքը, թե Ուեսը երբեք չէր կայանա առանց Մյուրեյի։ Ինչպիսին էլ լինի իրականությունը, փաստն այն է, որ նրանք միասին հիանալի են աշխատում և հուսախաբ չեն անում կինոսերներին։
6․Մարտին Սկորսեզե և Ռոբերտ դե Նիրո
Հոլիվուդյան մուսաների մասին խոսելիս անհնար է չհիշատակել Մարտին Սկորսեզեի և Ռոբերտ դե Նիրոյի երկարամյա համագործակցությունը։ Նշանավոր ռեժիսորն ու աշխարհի ամենաճանաչված դերասաններից մեկը միասին աշխատել են շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում՝ դեռևս 1980-ականներից սկսած։ Դրանք թե՛ հուզական և թե՛ ֆիզիկական հաղթահարման առումով բարդ ֆիլմեր էին, բայց այս երկուսի պարագայում ոչինչ անհաղթահարելի չէ, վերհիշենք, թեկուզ, «Տաքսու վարորդը», «Նյու Յորք, Նյու Յորքը», «Կատաղի ցուլը», «Սարսափի հրվանդանը» և այլն։ Սկորսեզեին և դե Նիրոյին միավորում է ոչ միայն կինոարվեստը, այլև ամուր ընկերությունը։ Երբ ռեժիսորը երկար ժամանակ չէր կարողանում ազատվել կոկաինային կախվածությունից, հենց դե Նիրոն էր, որ կարողացավ օգնել նրան և ստիպել, որ իր ազատագրումը գտնի նկարահանման հրապարակում։ Սկորսեզեն խոստովանում է, որ այդ ծանր փուլում իրեն փրկել է դե Նիրոն։ Հետագայում ռեժիսորի մուսաների թիվը համալրվեց ևս մեկով՝ Լեոնարդո դի Կապրիոյով, սակայն, շատերի կարծիքով, դե Նիրոն, միևնույն է, Սկորսեզեի համար մնում է անփոխարինելի։
7․Ալֆրեդ Հիչքոկ և Գրեյս Քելլի
Հիչքոկը Գրեյս Քելլիի հետ ծանոթացել է այն ժամանակ, երբ նա դեռևս բոլորին անհայտ դերասանուհի էր, ով փորձում էր իր տեղը գտնել հոլիվուդյան ստուդիաներում։ Ռեժիսորը ծանոթությունից անմիջապես հետո նրան հրավիրում է նկարահանվելու իր «Սպանության դեպքում հավաքեք Մ» ֆիլմում։ Գեղեցկուհի շիկահերն իր սեքսուալ նրբագեղությամբ այնքան էր դուր եկել Հիչքոկին, որ շուտով նրան նկարահանեց նաև «Որսալ գողին» և «Պատուհան դեպի բակ» ֆիլմերում։ Հիչքոկը նրան անվանում էր «Ձյունապատ Հրաբուխ»՝ դրանով իսկ ճշգրիտ բնորոշելով այդ հյուսիսային գեղեցկուհու էությունը։ Նրանց համագործակցությունն ավարտվեց այն ժամանակ, երբ Գրեյսն ամուսնացավ իշխան Ռենիեի հետ և դարձավ Մոնակոյի արքայադուստրը։ Հիչքոկը չէր կարողանում մոռանալ իր մուսային և փորձեց նրան հրապուրել «Գլխապտույտ» ու «Մարնի» ֆիլմերում նկարահանվելու առաջարկներով, բայց Գրեյսն արդեն ընդմիշտ թողել էր կինոկարիերան։ Այդուհանդերձ, ճակատագրական սառը շիկահերի կերպարը երևում է Հիչքոկի գրեթե բոլոր ֆիլմերում։ Եվ նրա հետ աշխատած մյուս բոլոր շիկահերներն այս կամ այն կերպ հիշեցնում էին Գրեյսին։
աղբյուրը՝ Exciter magazine
COMMENTS