«Իմ գիրքն այն մասին է, թե ինչ եմ մտածում, ինչ եմ ուզում անել, ինչ չեմ արել։ Գիրքը կարող է ստացվել նույնիսկ լավատեսական։ Ամենակարևորը անկեղծության չափն է․․․»։ Անջեյ Վայդա, հատված «Կինոն իմ կոչումն է» գրքից, 1986թ
Անջեյ Վայդան նկարահանման հրապարակում |
Դրա շնորհիվ էկրանից հնչող լեհերենի հանդեպ մեր հանդիսատեսի նախապաշարմունքը հաղթահարվեց։ Մինչդեռ այդ նախապաշարմունքը ծնունդ էր առել հենց այն պատճառով, որ լեհերենը գրեթե բացակայում էր մեր էկրաններից։ Մեր երիտասարդության կինոն խոսում էր ամերիկացիների լեզվով, իտալերեն կամ ֆրանսերեն։ Մենք զարմանքով էինք լսում Բերգմանի առաջին ֆիլմերը, որոնք, ընդունված կանոններին հակառակ, կինոյի արքայություն էին ներխուժել բոլորիս անծանոթ լեզվով։ Երեք, իսկ ավելի ուշ՝ տարեկան հինգ կամ յոթ լեհական ֆիլմերը բավական չէին, որպեսզի հանդիսատեսին համոզեին, թե կինոն կարող է խոսել լեհերեն։ Ես կարծում եմ, որ լեհերենի մուտքը համաշխարհային կինո հանդիսանում է պատերազմից հետո տեղի ունեցած մշակութային կարևորագույն իրադարձություն։
Վայդայի «պատվավոր Օսկարը», 2000թ |
Իհարկե, լավ դերասանները կարող են մենախոսության իմպրովիզ անել՝ ռեժիսորի առաջադրած թեմայի մեջ ներդնելով նաև իրենց սեփական կենսափորձը։ Օրինակ՝ այդ ձևով է նկարահանվել «Կեչուտ» ֆիլմի տեսարաններից մեկը՝ Դանիել Օլբրիխսկու հերոսի խոսակցությունն իր դստեր հետ։ Յարոսլավ Իվաշկևիչի պատմվածքում տրված էր երեխայի հետ այդ գիշերային խոսակցության լոկ նկարագրությունը։ Նկարահանման ընթացքի կեսին Օլբրիխսկին արդեն ընտելացել էր դերին, զգում էր, թե ո՛ր ուղղությամբ է զարգանում իր հերոսի բնավորությունը։ Հենց դա էլ նրան թույլ տվեց իմպրովիզի միջոցով ստանալ մենախոսություն՝ առավել ևս, որ երեխան տեղեկացված չէր տեսարանի բովանդակության մասին և այդ իսկ պատճառով չէր կարող պատասխանել նրա հարցերից ոչ մեկին։ Այդուհանդերձ, ես որևիցե պատրանք չեմ փայփայում այն կապակցությամբ, թե նույնիսկ ամենաընդունակ ու ամենահնարամիտ դերասանը կարող է կառուցել, օրինակ, այսպիսի երկխոսություն։
Շոն Քոներին և Վայդա ամուսինները, 1981թ |
Տղա․- Հարյուր։
Քննիչ (հարվածում է նրա դեմքին)․- Քանի՞ տարեկան ես։
Տղա․- Հարյուր մեկ։
Այսպիսի երկխոսություն ձեզ համար չի գրի ձեր ընկեր-դերասաններից ոչ մեկը, օգնականներից ոչ մեկը։ Պետք է փնտրել իսկական գրող, ինչպիսին Եժի Անժեևսկին էր՝ «Մոխիր և ալմաստի» հեղինակը։
Բնականության ետևից մրցավազքի դուրս եկած հեղինակները երկխոսությունները վերածել են սոսափյունի, որը լավագույն դեպքում կարող է դառնալ ֆիլմի հնչյունային շերտերից ևս մեկը։ Մեզ փորձում են ապացուցել, որ երկխոսությունների այլ տեսակն իրեն արդեն սպառել է։ Ցավոք, կինոերկխոսությունների այդ «մագմայականության» մեծ մասը ապացուցում է հեղինակային մտքի աղքատիկությունը․ գործողությունը կառուցող լավ երկխոսություններից զրկված ռեժիսորներն էլ իրենց հերթին ստիպված են ֆիլմը լցնել խոսակցություններով, որոնք ընդունակ են, թերևս, ընդամենը վերարտադրել ֆիլմի մթնոլորտը։ Լավ սցենարում բավական է ընթերցել միայն երկխոսությունները՝ բաց թողնելով մնացածը (հենց այդպիսի փորձեր էլ պետք է անել ֆիլմի նկարահանման աշխատանքը սկսելուց առաջ), և ընթերցողի համար բովանդակությունն ու գործողությունը այդքանով պետք է դառնան պարզ ու հասկանալի:
Բարբարա Բրիլսկան և Անջեյ Վայդան |
Դերասանների ընտրությունը
Անջեյ Վայդան, Իզաբել Աջանին և Ուգո Տոնյացին Կաննում, 1981թ |
«Մոխիր և ալմաստում» Ցիբուլսկու՝ երբեմն չափից դուրս մեծ աշխուժությանն ու ազատությանը լավ հակադրություն է հանդիսանում Ադամ Պավլիկովսկին՝ մի մարդ, ով օժտված է բազմատեսակ տաղանդներով՝ երաժիշտ, էսսեիստ, քննադատ, մի խոսքով՝ հավերժ դիլետանտ։ Իմ «Սերունդ» անվանմամբ առաջին ֆիլմում նա նվագում էր շվի։ «Ջրանցքում» նա մի քանի վայրկյանով հայտնվում է էսէսականի դերում։ Իսկ «Մոխիր և ալմաստում» նա խաղում է մեծ ու լուրջ դեր, որը սկիզբ դարձավ նրա դերասանական կարիերայի համար։
կադր «Մոխիր և ալմաստ» ֆիլմից, 1958թ |
Դերակատարների ընտրությունը պիտի սկսվի նախապես, երբ ռեժիսորը որոշակիացնում է իր թեման և անցնում է սցենարը գրելուն։
կադր «Դանտոն» ֆիլմից, 1982թ |
Ինքը՝ ռեժիսորը հազվադեպ է երևում էկրանին։ Այդ իսկ պատճառով՝ եթե նա նույնանում է գործող անձանցից որևէ մեկի հետ, ապա պետք է գտնի իրեն հոգեհարազատ բնավորությամբ և տեմպերամենտով դերասանի, այնպիսի մեկին, ով կմարմնավորի նրա ֆիզիկական իդեալը։ Հենց այդ հանգամանքով է բացատրվում ռեժիսորի կապվածությունը որոշակի դերասանների հետ։ Նրանք միասին ծերանում են, միասին փոխվում են, ի վերջո՝ միասին հեռանում են էկրանից։ Սարսափելի է մտածել, թե որքան շատ են տաղանդավոր դերասանները, ովքեր սպասում են իրենց դերին, իրենց ռեժիսորին և նրա ոգեշնչման հենց այդ բաղձալի պահին․․․
Ֆիլմ ստեղծում են համախոհները
կադր «Ջրանցք» ֆիլմից, 1956թ |
1․Նկարահանող խումբը կարելի է ժառանգել որևէ հրաշալի ռեժիսորից, ով այդ պահին զբաղված չէ նկարահանումներով։ Բայց այդ դեպքում խմբի անդամները ձեր յուրաքանչյուր քայլն ու յուրաքանչյուր որոշումը համեմատելու են այն մեթոդների հետ, որոնցով աշխատում է իրենց վարպետը, ում հավատարիմ ծառայում են։ Եթե նրան ընդօրինակեք, կկորցնեք ձեր անհատականությունը։ Իսկ եթե սկսեք հաճոյանալ խմբին, ամեն ինչ կքանդվի։ Դեբյուտանտի համար այսօրինակ հնարավորությունը վատթարագույնն է։
Ջեյն Ֆոնդան և Անջեյ Վայդան |
3․Կա նաև երրորդ եղանակը՝ ամենապարզը․ մեծ գումարով վարձել իսկական պրոֆեսիոնալների, ում համար, ինչպես Համլետն է ասում Էլսինոր ժամանած դերասանների մասին, «Պլատոնն այնքան էլ թեթև չէ, Սենեկան այնքան էլ ծանր չէ»։ Ես լսել եմ, որ այդպիսիք կան։ Ռոման Պոլանսկին մի անգամ ինձ խոստովանեց, թե Հոլիվուդ է գնացել լոկ այն պատճառով, որ աշխատի այդպիսի մարդկանց հետ։ Իսկ ինձ առավել ոգեշնչում է բանկի թալանումը դիլետանտների և ոչ թե պրոֆեսիոնալ գանգստերների հետ։
կադր «Սերունդ» ֆիլմից, 1954թ |
Ընկերներից բաղկացած կինոխումբը հիանալի երևույթ է։ Ճիշտ է, օգտվելով ընկերության իրավունքից՝ աշխատակիցները բավականին արագ սկսում են ձեզ խորհուրդներ տալ, թե ինչպես պիտի վարվեք և ինչպիսի ֆիլմ պիտի նկարեք։ Կան ռեժիսորներ, ովքեր սկզբունքորեն մերժում են բոլոր խորհուրդները՝ մտավախություն ունենալով, թե հետո ստիպված կլինեն իրենց փառքը (գուցեև՝ նաև գումարը) կիսել մյուսների հետ։ Նրանց, ովքեր այդպես են մտածում, արժե ասել՝ եթե դուք օժտված եք իսկական անհատականությամբ, ապա մի՞թե որևէ մեկը կարող է ձեզ համոզել այն, ինչը հակասում է ձեր հայացքներին։ Իսկ եթե դուք ինչ-որ հարցում վստահ չեք, ապա ինչո՞ւ չօգտվել ուրիշի խելամիտ խորհրդից։ Ֆիլմը դրանից միայն կշահի։
Վայդան իր վերջին՝ «Մտապատկերներ» ֆիլմը նկարահանելիս |
Ֆիլմի նկարահանման աշխատանքը սկսելիս սցենարն ընթերցելու համար տվեք ձեր որոշ ընկերներին։ Վախենալով նկարահանումների մոտալուտ մեկնարկից՝ դուք ինքներդ էլ մեծ սպասելիքներ ունեք այդ խորհուրդներից։ Այնինչ դեռևս չծնված ֆիլմի գաղտնիքը հենց ձեր ներսում է, իսկ սցենարը լոկ սառցալեռան գագաթն է՝ ձեր երևակայության ծովում խորասուզված։ Եթե դուք հավատարիմ մնաք ձեր ֆիլմի տեսլականին, ապա կարող եք առանց մտավախության օգտվել ձեզ շրջապատող բոլոր ընկերների գաղափարներից։ Մեծ էկրանի վրա այդ գաղափարները կդառնան ձերը։
COMMENTS