«Ժերարի նման ազնվական հոգի ու սիրտ ունեցող մեծ ռոմանտիկ չի եղել և չկա կինոյի աշխարհում»։ Մառլոն Բրանդո
 |
Ժերար Ֆիլիպ, 1947թ |
«Ժերար Ֆիլիպն ի հիշատակ թողեց գարնան ու երիտասարդության կերպարը։ Նրան կարելի է միայն տխրությամբ նախանձել»,- խոստովանել է ֆրանսիացի գրող Լուի Արագոնը։ Իր 15-ամյա ոչ երկարատև կարիերայի ընթացքում Ֆիլիպը հասցրել է նկարահանվել 29 ֆիլմում և հանդիսացել է ամենասիրված, ամենաճանաչված ու ամենապահանջված դերասանը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում։ Ֆիլիպի խաղացանկում ոչ միայն ժամանակակից, այլև դասական հերոսներն էին, այդ թվում՝ Ժուլիեն Սորելը, Ուլենշպիգելը, Մեֆիստոֆելը, իշխան Միշկինը, Կալիգուլան, Համբուրգի արքայազնն ու Ռիչարդ Երրորդը։ Եվ նա հանդիսատեսին գերում էր ոչ միայն իր վարպետությամբ, այլև իր անհատականությամբ ու անսպառ հմայքով։ «Նա չափազանց գեղեցիկ մարդ էր՝ բարձրահասակ, նիհար, կաթնագույն դեմքով, ինչպիսին ունենում են ֆիզիկական հիանալի վիճակում գտնվող տղամարդիկ։ Նա մարմնավորում էր ուժն ու հավատը, միշտ երազում էր կատարելության մասին, ձգտում էր լինել իսկական մարդ ու իսկական դերասան»,- վերհիշում է հանրահայտ Ժաննա Մորոն։ Ժերար Ֆիլիպի կերպարի ամբողջականությունը հանդիսանում է նաև նրա մարմնավորած հերոսների բնավորության բնորոշիչ գիծը, նույնիսկ այն հերոսների, ովքեր անկատար են ու հակասական՝ այս աշխարհի թելադրած հակասականության պատճառով։
 |
կադր «Կարմիրն ու սևը» ֆիլմից, 1954թ |
«Նա ողջ մոլորակի բարեկամն էր։ Նրանով հավասարապես հիանում էին և՛ Մոսկվայում, և՛ Տոկիոյում, և՛ Վարշավայում, և՛ Մյունհենում, և՛ Մադրիդում, և՛ Պեկինում, և՛ Կալկաթայում, և՛ Լայպցիգում։ Նրա մահը բոլորովին անսպասելի էր ու անարդարացի։ Մենք հրաժարվում էինք հավատալ ճակատագրի այդ նենգ հարվածին»,- գրել է ճանաչված կինոտեսաբան Ժորժ Սադուլը։ «Ֆիլիպը ոչ միայն բարետես էր, այլև բոլոր առումներով օժտված էր զարմանալի համաչափությամբ ու երիտասարդական հղկվածությամբ, ինչն արտացոլվում էր նրա բոլոր դերերում»,- նշում է թատերագետ Մորվին Լեբեկը։
 |
Մինու Ֆիլիպը որդիների՝ Ժանի և Ժերարի հետ |
Ժերար Ֆիլիպը ծնվել է 1922թ-ի դեկտեմբերի 4-ին Կաննում։ Նրա հայրը՝ Մարսել Ֆիլիպը, նախկին փաստաբան էր, հողային խոշոր սեփականություն ուներ Պրովանսում, ինչպես նաև ոչ մեծ հյուրանոց Գրասսեում։ Մայրը՝ Մինու Ֆիլիպը, պրագացի հացավաճառի դուստր էր։ Ժերարը լույս աշխարհ էր եկել դժվարությամբ․ բժիշկները հազիվ էին փրկել նորածնի կյանքը։ Նրա աճը սովորականից ավելի դանդաղ էր, խոսել ու քայլել սկսեց նույնպես բավականին ուշ։ Մեծանալով՝ կրթություն ստացավ սուրբ Ստանիսլավի քոլեջում, սակայն ուսումը նրան քիչ էր հետաքրքրում, ընթերցանությունը՝ նույնպես։ Նախընտրում էր ջազը, վոլեյբոլն ու թենիսը։ Շուտով ստիպված եղավ ուսումն անավարտ թողնել՝ չոր պլևրիտի պատճառով, բայց հետո, ապաքինվելով, էքստեռն կարգով հանձնեց քննությունները։ Բարեգործական երեկույթներից մեկի ժամանակ «Կոմեդի Ֆրանսեզի» ոմն տարեց դերասանուհի լսեց Ժերարի ասմունքը և, համերգից հետո մոտենալով, ասաց․ «Ձեր կոչումը թատրոնն է»։ Սակայն Ժերարի հայրն այլ ծրագրեր ուներ և որդուն ստիպեց ուղևորվել Նիցցա՝ փաստաբանություն սովորելու։
 |
Ժերար Ֆիլիպը Սիդի դերում, 1954թ |
Այդուհանդերձ, Ֆիլիպն ընտրում է դերասանի մասնագիտությունը։ Մի քանի փորձից հետո նա ստանում է Միքի դերը Անդրե Ռուսենի «Լրիվ պարզ աղջիկ» կատակերգությունում, որը Կաննում պիտի բեմադրեր Կլոդ Դոֆենը։ Հաջող դեբյուտից հետո Ֆիլիպը հյուրախաղերի է մեկնում ֆրանսիական քաղաքներով՝ Նիցցա, Մարսել, Լիոն․․․ Նրա մասնակցությունը Անույի «Առանց ուղեբեռի ճանապարհորդը» և Ագեի «Աղջնակը գիտեր․․․» պիեսներում ամենուր մեծ ոգևորությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից։ 1943թ-ի ամռանը նա նկարահանվում է Մարկ Ալեգրեի «Ծաղիկների առափնյակի փոքրիկները» ֆիլմում, իսկ կարճ ժամանակ անց՝ հոկտեմբերին, ընդունվում է կոնսերվատորիա՝ մանկավարժ Ժորժ Լերուայի դասարանում սովորելու։ Ավարտական քննությունից առաջ, սակայն, Ֆիլիպն անսպասելիորեն հեռանում է կոնսերվատորիայից՝ գայթակղվելով ռեժիսոր Ժորժ Լակոմբի «Երկիրն առանց աստղերի» (1946թ) ֆիլմում նկարահանվելու առաջարկությամբ։ Ֆիլմը հաջողություն չի ունենում։ Այդ ժամանակ Ֆիլիպը հանդիպում է հռչակավոր Ալբեր Քամյուի հետ՝ նրա «Կալիգուլա» պիեսի գլխավոր դերակատարը դառնալու ակնկալիքով։ Երկու ժամ տևած զրույցից հետո Ֆիլիպին հաջողվում է ստանալ հեղինակի համաձայնությունը, և ռեժիսոր Էբերտոն, ով մինչ այդ դեմ էր արտահայտվում նրա թեկնածությանը, հարկադրված հանձնվում է։
 |
կադր «Ապուշը» ֆիլմից, 1946թ |
Ներկայացումն իսկական իրադարձություն է դառնում Փարիզի թատերական կյանքում, և քննադատները շփոթմունքի են մատնվում՝ չհասկանալով, թե ինչպես կարող էր երիտասարդ սկսնակ դերասանը հաղթահարել այդ բարդագույն դերը։ Մառլեն Դիտրիխը, ով ներկա էր բեմադրության պրեմիերային, հիացական ցնծություն էր ապրում։ Նա սկսում է համոզել, որ Ֆիլիպն իրեն նվիրի կինոյին․ «Թատերական ռոմանտիզմն արդեն անցյալում է, իսկ իրական ապագան՝ կինոյում։ Ձեր օժտվածությամբ, Ժերար, դուք կարող եք հրաշքներ գործել մեծ էկրանին»։ Շուտով Ֆիլիպին հաջողվում է իշխան Միշկինի դերով մասնակցել Դոստոևսկու «Ապուշի» էկրանավորմանը։ Ռեժիսոր Ժորժ Լամպենի համար ամենևին հեշտ չէր նրա հետ աշխատելը․ Ֆիլիպը համառ էր, հավատում էր իր մարմնավորած կերպարի միայն սեփական ընկալմանը։ Դերասանուհի Էդվիժ Ֆյոյերը, Ժերար Ֆիլիպի՝ իր կարծիքով չափից դուրս մեծ ինքնուրույնությունից վրդովված, հիստերիկաներ էր բարձրացնում, իսկ ֆիլմի պրեմիերայից հետո, երբ քննադատները միաձայն հայտարարեցին, որ միակ հաջողված կերպարն իշխան Միշկինն է, առհասարակ դադարեց բարևել Ֆիլիպին։ Կինոտեսաբան Ժորժ Սադուլը նշում է․ «Իշխան Միշկինի բարդագույն դերում Ֆիլիպն իրեն ցուցադրեց որպես մեր ժամանակների լավագույն դերասան»։
 |
կադր «Մարմնացյալ դևը» ֆիլմից, 1947թ |
1946թ-ի ապրիլին Ժերար Ֆիլիպն իր հանգիստն էր անցկացնում Ֆրանսիայի հարավում՝ Պիրենեյներում, Նիքոլ Ֆուրկադի՝ խոշոր չինագետ-դիվանագետի կնոջ ընկերակցությամբ, ում հետ ծանոթացել էր երեք տարի առաջ Նիցցայում։ Վերադառնալով հերթական լեռնային զբոսանքից՝ դերասանը տեսավ իր պրոդյուսեր Փոլ Գրեցի հեռագիրը՝ Կլոդ Օտան-Լարայի «Մարմնացյալ դևը» ֆիլմում (Ռայմոն Ռադիգեի հայտնի վեպի հիման վրա) նկարահանվելու առաջարկությամբ։ Նա համաձայնեց և 24 տարեկան հասակում փայլուն խաղաց 16-ամյա դեռահասի դերը։ «Մարմնացյալ դևը» մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում, հատկապես՝ երիտասարդության։ Սերժ Ռեջիանին հենց այդ ժամանակ ասաց իր հայտնի խոսքերը․ «Ամեն ինչ դասավորվել էր այնպես, ասես Ժերարը մեր սերնդի արդարացումն էր։ Մեզնից յուրաքանչյուրն ուներ իր արժանիքները, բայց նա օժտված էր բոլոր արժանիքներով միաժամանակ»։ Լիցեիստ տղան առաջին անգամ ճաշակում է ամուսնացած կնոջ սերը և ըմպում սիրելիի կորստի դառը բաժակը։ Նրա սիրեցյալը մահանում է հենց ծննդաբերության ժամանակ, բայց տղային չի կարելի քայլել նրա դագաղի ետևից։ Նա թաքնվում է անկյունում և միայն աչքերով է ճանապարհում սգո թափորը։ Ֆիլիպի աչքերը, ինչպես նաև նրա ժպիտը, շարժուձևը, նրա հեգնանքը, նրա ասպետությունը հանդիսանում են նրա առասպելի և նրա իմիջի անբաժանելի մասը։
 |
կադր «Պարմի մենաստանը» ֆիլմից, 1947թ |
«Ապուշից» և «Մարմնացյալ դևից» հետո Ֆիլիպն ամուր հաստատվում է հերոս-սիրեկանի ամպլուայում։ Բարեկազմ, հպարտ կեցվածքով, տղայական նրբագեղությունը, կանացի փխրունությունը և անտիկ առնականությունը զարմանալիորեն համատեղող արտաքինով՝ նա հետաքրքրեց Հոլիվուդի պրոդյուսերներին։ Սակայն նա նախընտրում էր նկարահանվել Եվրոպայում։ 1947թ-ի սկզբին նա ուղևորվեց Հռոմ, որտեղ Քրիստիան-Ժակը արդեն սկսել էր «Պարմի մենաստանը» ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ Ստենդալի վեպի հիման վրա։ Ֆաբրիցիո դել Դոնգոյի դերում նա խիզախորեն մարտնչում էր, հմտորեն բանեցնում խարտոցը՝ խորտակելով Ֆարնեզե աշտարակի բանտախցի վանդակաճաղերը, առանց վախի նշույլի ցած իջնում ճոպանով (դուբլյոր չկար)՝ 18 մետր բարձրությունից․․․ Նկարահանումների ժամանակ նա մտերմանում է դերասանուհի Մարիա Կազարեսի հետ։ Ռեժիսոր Վիտալիի հետ միասին նրանք բեմադրում են Պիշետի «Հայտնություններ» պիեսը, իսկ պրեմիերայի հաջորդ օրը բազմաթիվ քննադատներ գրում են հին Էրոսի փառահեղության ու գրավչության մասին, որ ներթափանցել էր դերասանների խաղի մեջ։ Ավելին՝ գրախոսականներից մեկում նշվում է, որ եթե հանկարծ դերասանները հենց բեմահարթակում զբաղվեին սեքսով, դա ոչ ոքի չէր զարմացնի։
 |
կադր «Սատանայի գեղեցկությունը» ֆիլմից, 1949թ |
Մարիա Կազարեսը հետագայում գրել է․ «Իրական Ժերարին երբեք չեմ ճանաչել։ Նա կյանքի հունով անցնում էր անորսալի, անտեսանելի։ Խորապես ռոմանտիկ, լեգենդների սիրահար՝ նա ապրում էր ասես արտաքսված՝ երկնքի ու երկրի միջև։ Նա միաժամանակ և՛ թույլ էր, և՛ արտասովոր ուժեղ»։ Ֆիլիպի համար շրջադարձային էր մասնակցությունը Ռենե Կլերի՝ 1949 թվականին նկարահանված «Սատանայի գեղեցկությունը» ֆիլմում։ Նրա հերոսը՝ շևալիե Անրին, Ժորժ Սադուլի խոսքերով, «իսկական ժամանակակից կերպար էր, ով պայքարում էր ազատության համար և պաշտպանում այն»։ Ֆիլիպի հետաքրքրությունները միայն կինոյով չէին սահմանափակվում։ Խաղաղության կողմնակիցների ֆրանսիական ազգային խորհրդի ակտիվ անդամներից մեկը լինելով՝ նա Փարիզում այցելում էր դեռահաս օրինախախտների գաղութներ, մասնակցում Հնդկաչինի և Կորեայի պատերազմների դեմ ուղղված ցույցերին, Կառլ Մարքսի հեղինակած տեքստերը «Հնչյունային հանրագիտարանի» համար ձայնագրում գրամոֆոնի սկավառակների վրա, նիստեր անցկացնում Դերասանների միությունում․․․ «Ի՞նչ ուներ Ժերարը, որ չունեին մյուսները։ Մտքումս հանկարծ գտնվում է ճիշտ բառը՝ նա ուներ ՄԱՔՐՈւԹՅՈւՆ։ Իրականությունը, դատելով այն ամենից, ինչի մասին ամեն առավոտ գրում են մեր թերթերը, սոսկալի է, եթե չասենք՝ կեղտոտ։ Ժերար Ֆիլիպն ի բնե օժտված էր մի բացառիկ արժանիքով՝ մաքրությամբ, այնքան արժեքավոր հատկանիշով, որ նա տեղ չէր կարող ունենալ մեր դարաշրջանում»,- գրել է թատերագետ և գրող Քրիստիան Մեգրեն։
 |
Ժերար Ֆիլիպը՝ քանդակագործ Ալեքսանդր Կոլդերի, նկարիչ Լեոն
Գիշիայի, դրամատուրգ Անրի Պիշետի, ռեժիսոր Ժան Վիլարի և
դերասան Անդրե Վիլարի հետ (լուսանկարիչ՝ Անյես Վարդա) |
Ավինյոնի հինգերորդ թատերական փառատոնում նա հիշվում է Կոռնելի «Սիդ» և Կլեյստի «Համբուրգի արքայազնը» ներկայացումներում իր մասնակցությամբ։ «Սիդ» ողբերգության փորձերը սկսվում են 1951թ-ի գարնանը։ Ժերարը երկար ժամանակ չէր կարողանում զգալ իր մարմնավորած հերոսի ներաշխարհը։ Ի վերջո, ռեժիսոր Վիլարը նրան առաջարկում է․ «Իմ կարծիքով՝ մենք չափից դուրս լուրջ ենք վերաբերվում Սիդին։ Չէ՞ որ սա տրագիկոմեդիա է, «էսպանյոլադա»։ Փորձիր խաղալ թեթև, անկաշկանդ, շարժվիր, ինչպես ֆլամենկո պարողը»։ Եվ Ժերարն ակնթարթորեն գտավ Ռոդրիգոյի տրամադրությունը։ 1951թ-ի ամռանը տեղի ունեցած պրեմիերայից հետո Վիլարը գրում է «Սիդի» նկարիչ Լեոն Գիշիային․ «Դու կարող ես պարզապես կախվել, ծերո՛ւկ։ Մենք տոնեցինք այսպիսի հաղթանակ, իսկ դու այն ձեռքիցդ բաց թողեցիր։ Ժերարը շլացուցիչ էր։ Նա կերտեց այնպիսի Ռոդրիգո, որ ես սկսեցի դողալ։ Նա իրեն ցուցադրեց որպես իսկական մարդ՝ այնպիսին, ինչպիսիներին սիրում են, ինչպիսին ես ու դու փորձում ենք լինել ողջ ուժով»։ «Սիդում» քննադատները Ֆիլիպին համարեցին անթերի դերակատար։ Յուրաքանչյուր ներկայացումից հետո (իսկ դրանք 199-ն էին) նրան բեմ էին հրավիրում 12-15 անգամ․․․
 |
Ժերար Ֆիլիպը կնոջ՝ Անն Նիքոլ Ֆուրկադի հետ |
1951թ-ի նոյեմբերին Ֆիլիպը Նեյիում ամուսնացավ Նիքոլ Ֆուրկադի հետ։ Նիքոլը հեռացավ դիվանագետ ամուսնուց և նրա մոտ տեղափոխվեց 7-ամյա որդու հետ միասին։ Ժերարի մայրը դեմ էր այդ ամուսնությանը և հարսանեկան արարողությանը չեկավ։ Իսկ Ժերարը կնոջը տվեց նոր անուն՝ Անն, քանի որ այդ անունը համարում էր ավելի բանաստեղծական։ Նա հիանում էր Նիքոլով և հաճախ էր մեջբերում Նիցշեին․ «Ամուսնությունը նաև երկարատև խոսակցություն է»։ Իր կնոջ հանդեպ սերը նա ցուցադրում էր առանց կեղծ համեստության․ թատրոնում, կուլիսների ետևում, նրան գրկում էր ու համբուրում։ Շուտով ծնվեց նրանց դուստրը, իսկ 1,5 տարի հետո՝ որդին՝ Օլիվիեն։ 1951թ-ի օգոստոսին սկսվեցին «Ֆանֆան-Կակաչը» ֆիլմի նկարահանումները՝ «կատակերգական վեսթեռն»՝ Լյուդովիկոս 15-րդի դարաշրջանի մասին։ Ռեժիսոր Քրիստիան-Ժակի հետ Ֆիլիպն արդեն աշխատել էր «Պարմի մենաստանում» նկարահանվելիս։ «Ֆանֆանի» նկարահանումներից առաջ նա հասցրել էր ձեռք բերել մեծ հռչակ և հավանաբար կանխազգում էր, որ այդ հռչակը Քրիստիան-Ժակի նոր ֆիլմի շնորհիվ կրկնապատկվելու է, այդ իսկ պատճառով անմիջապես ընդունեց ռեժիսորի առաջարկությունը։
 |
կադր «Ֆանֆան-Կակաչը» ֆիլմից, 1952թ |
Ֆիլիպը կարողացավ իր հերոսին մատուցել ոչ միայն որպես իմպուլսիվ խենթի, այլև նրան փոխանցեց իր խելքը, հեգնանքը, նրբագեղությունը և մաքուր ֆրանսիական թեթևությունը։ Նրա հերոսը սոսկ հերթական հերոս-սիրեկանը չէ, այլ իսկական հերոս և իսկական սիրեկան։ Ֆիլիպը խորապես համոզիչ է և՛ մենամարտերի ու հետապնդումների, և՛ սիրո կոլորիտային տեսարաններում՝ սկսած խոտի դեզի վրա դեռատի Մարիոնի հետ սիրախաղից և ավարտած հիասքանչ Ջինա Լոլոբրիջիդայի հերոսուհի Ադելինայի հանդեպ ծնված լուրջ զգացմունքով։ Ժերարը նկարահանվում էր բացառապես առանց դուբլյորի, աշխատում էր անձրևի տակ և տապին, ստանում էր իրական վնասվածքներ՝ ճակատի պատռվածքից մինչև սրով խոցված ձեռքը։ Ֆիլմի հայտնի տեսարաններից մեկում նա տանիքի 10-մետրանոց բարձրության վրա այնքան էր նույնացել իր հերոսի հետ, որ արդեն չէր տարբերում խաղն ու իրականությունը՝ կատաղի մարտնչելով դերասան Նոել Ռոքվերի դեմ։ Երբ Ռոքվերն այդ մարտի ժամանակ լրջորեն զայրացավ, Ֆիլիպը խողովակի ետևում թաքնվեց ամենևին էլ ոչ այն պատճառով, որ այդպես էր գրված սցենարում։ Իսկ հրդեհի նկարահանումների ընթացքում նա իրականում փրկեց փոքրիկ տղայի կյանքը։
 |
կանանց սիրելին |
Ընդմիջումների պահերին ևս նա շարունակում էր մնալ իր հերոսի կերպարում։ Նախաճաշի ժամանակ տեղի էին ունենում անընդմեջ տուրուդմփոցներ, որոնց նախաձեռնողը, իհարկե, Ժերարն էր։ Սեղանները ճռճռում էին, ամանեղենը՝ փշրվում, խմբի անդամները միմյանց վրա ուտելիք էին նետում։ Եվ, այդքանով հանդերձ, նա հասցնում էր օդանավակայանում դիմավորել Իտալիայից ժամանած Ջինա Լոլոբրիջիդային և նրան ֆրանսերեն սովորեցնել։ Հենց այս ֆիլմից հետո նրան ողջ աշխարհում սկսեցին անվանել «ռեակտիվ ֆրանսիացի», «նկարահանման հրապարակի ծաղիկ», «գարնան սամուրայ»։ Ութսուն ազգությունների ներկայացուցիչներ մոլորակի հինգ մայրցամաքներում հիացած էին նրանով։ Այսուհետ նրա հետագա բոլոր աշխատանքներն ընկալվելու էին Ֆանֆանի լեգենդի միջոցով։ Նա ամենուր արժանանում էր ծափահարությունների։ Երկրպագուհիների հոծ բանակը ժամեր շարունակ շրջափակված էր պահում նրա հանգրվանած հյուրանոցները։ Բայց Ժերարը շատ հանգիստ էր վերաբերվում իր հաջողությանը։ Պրեմիերայից հետո ռեժիսոր Քրիստիան-Ժակն ասել է․ «Ես Ֆիլիպին բացահայտեցի հենց Ֆանֆանի կերպարում՝ ուրախ, հմայիչ, էնտուզիազմով լի չարաճճի՝ արգելքներ չճանաչող․․․»։
 |
կադր «Գոռոզները» ֆիլմից, 1953թ |
Իսկ Ֆիլիպն արդեն նկարահանվում էր մի կերպարում, որը Ֆանֆանի հակապատկերն էր։ Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» ռոմանտիկ կատակերգությունում նա խաղում է երաժիշտ Կլոդի դերը։ 1952թ-ի աշնանը տեղի ունեցավ այս ֆիլմի պրեմիերան, և հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց նրա նոր աշխատանքը։ Իսկ գարնանը նա մեկնեց Ալվորադո մեքսիկական գյուղակը, որտեղ Իվ Ալեգրեն ծովածոցի ափին նկարահանում էր իր «Գոռոզները» ֆիլմը։ Հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասել է․ «Ես ցանկանում էի կինոաստղերի մասնակցությամբ վավերագրական ֆիլմ ստեղծել Մեքսիկայի մասին»։ Ֆիլիպի հետ այս ֆիլմում նկարահանվում է հանրահայտ Միշել Մորգանը։ Ֆիլմը 1957թ-ին ներկայացվում է «Օսկարի»։
 |
կադր «Պարոն Ռիպուա» ֆիլմից, 1954թ |
Հաջորդ ֆիլմում Ժերարը վերադառնում է այն տարիների իր առանցքային դերասանական թեմային՝ ազգային ինքնաքննադատությանը։ Ռեժիսոր Ռենե Կլեմանի «Պարոն Ռիպուա» ֆիլմի հիմքում Լուի Էմոնի «Պարոն Ռիպուան և Նեմեսիսը» վեպն է։ Ֆիլիպի հերոսը մի երիտասարդ գայթակղիչ է, ժամանակակից Տարտյուֆը։ Նկարահանումներից հետո Ռենե Կլեմանը Ֆիլիպի մասին ասել է․ «Քնքշություն ճառագող այդ մարդը երեխայի հոգի ունի»։ 1953թ-ի ամռանը Ֆիլիպը խաղում է Մյուսեի «Լորենզաչո» պիեսում։ Երբ ռեժիսոր Վիլարը հայտնվեց հիվանդանոցում, Ֆիլիպն ինքը ստանձնեց բեմադրիչի պարտականությունները։ Ողջ ներկայացումը նա կառուցել էր իր մարմնավորած հերոսի՝ Մեդիչիի վրա։ Նա փնտրում էր ճիշտ ռիթմը՝ սրընթաց, աշխույժ, խորունկ, ճկուն։ Մեդիչիի կերպարը նրա կատարմամբ ձեռք բերեց բոլորովին այլ՝ մինչ այդ չտեսնված բնութագիր ու հնչեղություն։ Մեկ տարի անց սկսվում են Հյուգոյի «Ռյուի Բլազ» և Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» հանրահայտ դրամաների բեմադրության փորձերը։ Ֆիլիպը Ռյուի Բլազի կերպարի մարմնավորումը համարում է իր լավագույն աշխատանքը թատրոնում։ Քննադատ Գոթիեի խոսքերով՝ նա շեքսպիրյան շունչ էր հաղորդել Հյուգոյի հերոսին։ Հենց այդ շունչն էլ նրան օգնեց, որ լիարժեք հաղթահարի նաև Ռիչարդի կերպարը։ Ֆիլիպը խաղում էր թույլ մարդու, ում ուժերից վեր էր արքայական իշխանության բեռը կրելը, բայց ով ամեն գնով կառչած էր այդ իշխանությունից։
 |
կադր «Մեծ մանևրներ» ֆիլմից, 1955թ |
1954-57թթ-ներին նա իրեն ամբողջությամբ նվիրել էր կինոյին, բայց նրա դերերից ոչ մեկում այդչափ չէր զգացվում Վիլարի դերասանական դպրոցի ազդեցությունը, որքան Ժուլիեն Սորելի կերպարում։ Կլոդ Օտան-Լարայի «Կարմիրն ու սևը» ֆիլմի պրեմիերան Փարիզում էր։ Այս ֆիլմից հետո հանդիսատեսը նրան սկսեց նույնացնել Ստենդալի համանուն վեպի հերոսի հետ։ «Ինձ հաճախ են հարցնում, թե զգո՞ւմ եմ, արդյոք, լիակատար միաձուլում իմ խաղացած կերպարի հետ։ Ճիշտն ասած՝ գրեթե երբեք չեմ զգում։ Կարծում եմ՝ այդօրինակ միաձուլումն առհասարակ վեր է դերասանի ուժերից։ Միշտ կա ներքին վերահսկողություն։ Սկզբում կերպարը ստեղծում ես քո երևակայության մեջ, հետո մարմին ես տալիս նրան, բայց այդ ամենն անում ես ինքդ քեզ պարտադիր վերահսկելով։ Այս հարցում քեզ չեն կարող օգնել ո՛չ ռեկվիզիտը, ո՛չ էլ դեկորացիաները, որոնք ստեղծված են հանդիսատեսի համար։ Ըստ իս՝ դերասանական կերպարը նման է քո ներաշխարհի պատճենահանմանը, և դա պետք է կարողանալ որսալ»,- ասել է Ֆիլիպը։ 1955թ-ին նա վերստին նկարահանվում է Ռենե Կլերի ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով դոնժուանյան խառնվածքով հմայիչ սպայի՝ Արման դը լա Վերնի կերպարը «Մեծ մանևրներում»։
 |
կադր «Մոնպառնաս-19» ֆիլմից, 1958թ |
Հաջորդ տարի նա Յորիս Իվենսի հետ միասին էկրանավորում է «Թիլ Ուլենշպիգելը»՝ ինքն էլ հանդես գալով գլխավոր դերում։ Դավաճանելով սեփական զսպվածությանը՝ Ֆիլիպը սիրով է խոսում այս դերի մասին․ «Պայծառ միտք՝ սրամտություն և հանդգնություն ճառագող, բարի սիրտ, խենթ խիզախություն և ազնվական հոգի՝ այսպիսին եմ ես պատկերացնում Թիլին՝ միջնադարյան Ֆլանդրիայի կիսալեգենդար հերոսին։ Թիլը նման է Ֆանֆանին, սակայն ինձ համար հիմա առավել կարևոր են նրանց տարբերությունները։ Ամենամեծ տարբերությունն այն է, որ Թիլը մարդկային առումով ավելի խորն է, նրանում ավելի մեծ ամբողջականություն կա»։ Կյանքի վերջին տարիներին Ֆիլիպն իր ուժերն էր փորձում տարբեր կինոժանրերում՝ կատակերգություններից մինչև մելոդրամներ։ Ալեգրեից նա անցնում էր Բեքերին, հետո Դյուվիվիեին, Օտան-Լարային, Վադիմին և, ի վերջո, Բունյուելին։ Քննադատները հատուկ նշում էին նրա գերազանց դերակատարումը 1957թ-ին նկարահանված «Մոնպառնաս-19» ֆիլմում՝ մեծ նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի դերում։ 1958թ-ի ամռանը Ֆիլիպը վերադառնում է Վիլարի մոտ։ «Դերասանի հուզմունքը, որն առաջանում է հանդիսատեսի հետ մոտալուտ շփման սպասումից, ես համեմատում եմ ցլամարտիկի մասնագիտության հետ․ նա ստիպված է ամեն անգամ առավելագույնս լարել իր ուժերը՝ կատաղի կենդանուն հաղթելու համար։ Եվ մեր մասնագիտության մեջ պետք է հնարավորինս խուսափել հանդիսատեսի ցասումից»,- ասում է Ֆիլիպը։
 |
Ժերար Ֆիլիպը՝ Դանիել Դելորմի, Իվ Մոնտանի և
Սիմոնա Սինյորեի հետ, 1953թ |
Ռոժե Վադիմի՝ 1959-ին նկարահանած «Վտանգավոր կապեր» ֆիլմը Ժերար Ֆիլիպի համար դարձավ նախավերջինը։ Շոդերլո դը Լակլոյի համանուն վեպի էկրանավորման մեջ դեպքերը տեղափոխվել են 20-րդ դարի 50-ական թվականներ։ Ֆիլիպը և Ժաննա Մորոն հիանալի են մարմնավորել բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչների սանձարձակ վարքուբարքը, որի հետևանքով վտանգավոր սիրային խաղը վերածվում է իսկական մենամարտի։ Վալմոնը և Ժուլյետը՝ նրանց հերոսները, բարդ հարաբերությունների փուլում հայտնված ամուսնական զույգ են։ Նրանք կյանքում փնտրում են սուր զգացողություններ, այդ իսկ պատճառով նրանց համար սովորական երևույթ են արտամուսնական հարաբերությունները։ Գործում է միայն մեկ տաբու՝ երբեք չսիրահարվել իրենց սիրեկաններին։ Բայց մի օր Վալմոնը խախտում է այդ կանոնը․․․ Ժերարի՝ ծայրահեղորեն հակադիր դերերի հանդեպ սերը արտահայտվեց նաև նրա վերջին ֆիլմում՝ Լուիս Բունյուելի «Տենդը հասնում է Էլ Պաո» դրամայում։ Ֆիլիպը ստեղծեց իդեալիստ մտավորականի բարդ կերպար, որ բռնապետության ծանր ռեժիմի պայմաններում պահպանում է չեզոքության դիրքորոշումը և չարին չընդդիմանալու սկզբունքը․․․
 |
կադր «Վտանգավոր կապեր» ֆիլմից, 1959թ |
1959թ-ի աշնանը Ֆիլիպին սկսեց անհանգստացնել գերհոգնածությունը։ Կինը նրան խնդրեց, որ անպայման դիմի բժիշկներին։ Ֆիլիպին վիրահատեցին, բայց հիվանդությունն անբուժելի էր՝ լյարդի քաղցկեղ։ Այդ մասին գիտեր միայն նրա կինը, սակայն նա մինչև վերջ թաքցրեց ճշմարտությունը։ Ժերարը մահացավ 1959թ-ի նոյեմբերի 25-ին՝ 36 տարեկան հասակում՝ իր ամուսնության 10-ամյա հոբելյանի նախորդ օրը և իր ծննդյան 37-րդ տարեդարձից 9 օր առաջ։ Մահվան մահճում նա Ռոդրիգոյի բեմական հագուստով էր։ Ավինյոնում Սիդի դերը խաղալիս, տարիներ առաջ, նա ասել էր կնոջը՝ Աննին․ «Եթե հանկարծ մահանամ, ինձ հողին հանձնեք այս համազգեստով ու թիկնոցով․․․»։ Ֆիլիպին հուղարկավորում էր ողջ Ֆրանսիան՝ ի դեմս նրա՝ հուղարկավորելով սեփական բուռն երիտասարդությունը, սեփական հավատը։ Ֆիլիպին փոխարինելու եկան նոր դերասաններ, նոր հերոսներ, բայց նրանցից ոչ մեկը չուներ Ֆիլիպի ստեղծագործ լավատեսությունը և կերպարի ամբողջականությունը։
 |
Ժերար Ֆիլիպը և Բրիջիտ Բարդոն, 1955թ |
Պոլ Էլյուարը նրա մասին ասել է․ «Դեռահասի դեմքով պատանին, ով հավերժ մնաց երիտասարդ»։ Նրա սիրելի դրամատուրգը Մոլիերն էր, բանաստեղծը՝ Էլյուարը։ Նրան ամենաշատը զարմացնում էր կյանքի կարճատևությունը։ Երբ հարցնում էին՝ վախենո՞ւմ է, արդյոք, մահվանից, միշտ պատասխանում էր՝ այո՛, շատ․․․ Նրա մահվան մասին լուրը ցնցեց միլիոնավոր երկրպագուների։ Մառլեն Դիտրիխը գրել է․ «Ժերար Ֆիլիպը կատարելություն էր, թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական առումով՝ ռոմանտիկ հերոսի մարմնացում։ Ես նրան առաջին անգամ տեսա «Կալիգուլայում», երբ նա դեռ նոր էր սկսել իր ճանապարհը, և ներկայացման ավարտից հետո, ցնցված, նրա հայտնվելուն էի սպասում կուլիսների ետևում։ Նրա մահն ինձ խորապես հուզեց, և պատճառը լոկ այն չէր, որ կորցրել էի մտերիմ մարդու։ Ի դեմս նրա՝ համաշխարհային բեմը զրկվեց իր ռոմանտիկ իդեալից»։
 |
ներկայացումից առաջ |
Մառլոն Բրանդոն խոստովանել է, որ Ժերար Ֆիլիպն իր ամենասիրելի դերասանն էր․ «Ժերարի նման ազնվական հոգի ու սիրտ ունեցող մեծ ռոմանտիկ չի եղել և չկա կինոյի աշխարհում։ Ես նրան խորապես գնահատում եմ որպես դերասանի և որպես մարդու։ Նա կարողանում էր բարիք սերմանել․․․»։ Ֆիլիպի դերասանական խաղը գովաբանում էին Կոկտոն, Քամյուն, Սարտրը․․․ Ժորժ Սադուլը, ով բազմաթիվ էջեր է նվիրել նրա արվեստին, գրել է․ «Յուրաքանչյուր հանճարեղ անհատականություն (իսկ Ֆիլիպը հանճարեղ էր) հանդիսանում է մի բարդ ֆենոմեն, որն արտացոլում է իր դարաշրջանի հոգևոր ձգտումները։ Ֆիլիպն իր ողջ էությամբ արտացոլում էր մեր երկիրը և մեր ժամանակը՝ հետպատերազմյան տարիները և 1950-ականները»։