«Կինոարվեստին ես տիրապետել եմ կինոթատրոններում ֆիլմեր դիտելով»։ Ռուբեն Մամուլյան
կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի անդրադարձը
 |
Ֆրեդրիք Մարչ, Ռուբեն Մամուլյան, Միրիամ Հոփքինս, 1931թ |
Հայազգի ամերիկյան ռեժիսոր Ռուբեն Մամուլյանն ուսանել է Մոսկվայի համալսարանում, պարապել է Եվգենի Վախթանգովի ղեկավարած թատերական ստուդիայում։ Մինչև արտասահման տեղափոխվելը (1919թ) մի քանի ներկայացումներ է բեմադրել Թիֆլիսում։ Ուսումը շարունակել է Լոնդոնում, աշխատել տեղի, իսկ հետո՝ Փարիզի թատրոններում։ 1923թ-ից հաստատվել է ԱՄՆ-ում։ Կարճ ժամանակում հռչակվել է որպես ինքնատիպ թատերական ռեժիսոր՝ երաժշտական-դրամատիկական ներկայացումներ բեմադրելով Նյու Յորքի բեմահարթակներում («Աղմուկների սիմֆոնիա», 1922թ, Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսը», 1935թ, «Օկլահոմա», 1943թ և այլն)։
Մամուլյանի թատերական բեմադրությունները գրավել են հանդիսատեսին ու մասնագետներին հանդիսականությամբ, ռեժիսորական հարուստ երևակայությամբ, երաժշտական հյուսվածքի և դրամատիկական գործողությունների համար գտնված լուծումների ներդաշնակությամբ, որոնց շնորհիվ ավելի ցայտուն ու խորն են բացահայտվել հեղինակային միտքը, հերոսների հոգեբանությունը, կոնֆլիկտները։ Միաժամանակ այս ներկայացումներին բնորոշ է եղել լայն դեմոկրատիզմը, մատչելիությունը հանդիսականների տարբեր խավերին։ Իր գործունեությամբ Մամուլյանը նկատելի հետք է թողել 20-30-ական թթ-ների ամերիկյան թատրոնի զարգացման մեջ՝ ստեղծելով գրեթե վեց տասնյակ ներկայացումներ։
 |
«Ծափահարություններ» ֆիլմը նկարահանելիս, 1929թ |
1929թ-ին նկարահանել է իր առաջին՝ «Ծափահարություններ» գեղարվեստական կինոնկարը, որի նյութը քաղված է թատրոնի կյանքից։ Հենց այդ ֆիլմում նա առաջին անգամ մի շարք զուտ տեխնիկական հնարքներ օգտագործել է գեղարվեստական ներգործությունն ուժեղացնելու նպատակով՝ առանձին-առանձին ձայնագրելով, իսկ հետո՝ համադրելով խոսքը, բնական ու կենցաղային աղմուկները, երաժշտությունը, որի շնորհիվ հասել է իր ժամանակի կինոարվեստի համար միանգամայն նորարարական պատկերա-հնչյունային արտահայտչականության։ Մամուլյանի հաջորդ կինոնկարներում նույնպես ներդրվել են կինոարվեստի արտահայտչամիջոցներն ընդլայնող լուծումներ։ Այսպես՝ «Քաղաքային փողոցներ» (1931թ) կինոնկարում, որը ժանրային առումով գանգստերական դրամա է, առաջին անգամ կիրառվել է արտակադրային խոսքը։ «Բեքի Շարպ» (1935թ, ըստ Ուիլյամ Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպի) կինոնկարում առաջին անգամ գունային համակարգը ծառայեցվել է հոգեբանական ու դրամատուրգիական խնդիրներ արտահայտելու, դրանք երանգավորելու համար։
 |
Ռուբեն Մամուլյանը և Երվանդ Քոչարը |
Հետագայում այս սկզբունքն ավելի նպատակասլաց ձևով օգտագործվել է նրա «Արյուն և ավազ» (1941թ) կինոնկարում, որն ստեղծվել է Բլասկո Իբանիեսի համանուն վեպի հիման վրա։ Մամուլյանի կինոգործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի․ մինչև 1940-ականների սկիզբը նա բեղմնավոր կինոռեժիսոր է, ում լավագույն ֆիլմերն աչքի են ընկնում բարձր կուլտուրայով, մարդկային փոխհարաբերությունների նրբերանգները և հերոսների հուզաշխարհը կինոարվեստի միջոցով «տեսանելի» դարձնելու, տաղանդավոր դերասանների նորանոր հնարավորությունները բացահայտելու ռեժիսորական միտումով։ Այս տեսակետից նրա առավել հաջողված ժապավեններից են «Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը» (1931թ, ըստ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի ֆանտասմագորիկ վեպի) ֆիլմը, «Սիրիր ինձ այս գիշեր» (1932թ, գլխավոր դերում՝ Մորիս Շևալիե) և «Ուրախ հրոսակ» (1936թ) կատակերգությունները, «Երգ երգոց» (1933թ, գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ) և «Քրիստինա թագուհին» (1933թ, գլխավոր դերում՝ Գրետա Գարբո) մելոդրամները։
 |
Գրետա Գարբոյի հետ՝ «Քրիստինա թագուհին» ֆիլմը
նկարահանելիս, 1933թ |
Մամուլյանի ստեղծագործական անհատականության բնորոշ գծերից մեկը մշտապես նորանոր ժանրերի գեղարվեստական յուրահատկությունները հաղթահարելու մղումն է։ Այսպես՝ մեծ հաջողություն է ունենում նրա «Զորրոյի նշանը» (1940թ, գլխավոր դերում՝ Թայրոն Փաուեր) ռոմանտիկ-արկածային կինոնկարը (մեզ մոտ ցուցադրվել է «Խորհրդավոր նշան» վերնագրով), որը այդ ժանրի դասական նմուշ է ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Պակաս հաջողված ֆիլմ է, սակայն, Լև Տոլստոյի «Հարություն» վեպի հիման վրա նկարահանված «Մենք կրկին ապրում ենք» ժապավենը (1934թ)։ Մամուլյանի գործունեության երկրորդ շրջանը սկսվում է 1940-ականների կեսերից, երբ նրա ստեղծագործական հետաքրքրությունները վերստին կենտրոնանում են թատրոնում։ 1958թ-ին կիսատ է մնում «Պորգի և Բես» օպերայի էկրանավորման աշխատանքը (ռեժիսորական աթոռին Մամուլյանին փոխարինում է Օտտո Պրեմինգերը)։ 1961թ-ին ձախողվում են նաև «Կլեոպատրա» պատմական-մասշտաբային կինոնկարի նկարահանումները (աշխատանքը 1963-ին ավարտում է Ջոզեֆ Լեո Մանկևիչը), որից հետո Մամուլյանը վերջնականապես թողնում է կինոյի ասպարեզը։