«- Թույլ տուր հիշեցնել, որ դու ընդամենը ծառա ես այս տանը:- Ծառա՞: Ես ոչ ոքի չեմ ծառայում»: «Ծառան», ռեժիսոր՝ Ջոզեֆ Լոուզի, 1963թ

ռեժիսոր՝ Ջոզեֆ Լոուզի
սցենարի հեղինակ՝ Հարոլդ Փինթեր
օպերատոր՝ Դուգլաս Սլոքոմ
կոմպոզիտոր` Ջոն Դենքուորթ
դերերում՝ Դիրկ Բոգարդ, Ջեյմս Ֆոքս, Սառա Մայլզ, Վենդի Քրեյգ
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, 1963թ
տևողությունը՝ 1ժ 55ր
Այս նշանավոր ֆիլմը, որը ժամանակին համաշխարհային հռչակ պարգևեց փայլուն ռեժիսոր Ջոզեֆ Լոուզիին և ոչ պակաս փայլուն դերասան Դիրկ Բոգարդին, հանդիսանում է յուրօրինակ եռագրության առաջին մասը՝ «Դժբախտ պատահար» և «Միջնորդը» ֆիլմերի հետ միասին։ Եռագրության առանցքային թեման բարձր խավի դեգրադացիան է՝ իր ամենատարբեր դրսևորումներով։ «Ծառան» ֆիլմում վերոհիշյալ թեման մեծ վարպետությամբ արտացոլել է անգլիացի դրամատուրգ Հարոլդ Փինթերը։ Մեծահարուստ երիտասարդ Թոնիի հնազանդ ծառա Հյուգոն հետզհետե կամազրկում է նրան՝ ենթարկեցնելով իր իշխանությանը։ Ծառայի խորամանկ խաղի արդյունքում Թոնին ինքն է վերածվում ծառայի։ Դերերը փոխվում են, և խաղը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Ռոբին Մոեմի համանուն վիպակի (The Servant, 1948թ):
- Բրիտանական կինոակադեմիայի 3 մրցանակ՝ լավագույն դերակատարման (Դիրկ Բոգարդ), սև-սպիտակ ֆիլմի լավագույն օպերատորական աշխատանքի, ինչպես նաև գլխավոր դերում ամենախոստումնալից դեբյուտի համար (Ջեյմս Ֆոքս):
- Իտալիայի կինոլրագրողների ազգային միավորման «Արծաթե ժապավեն» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար: