«Կյանքը լի է չգրված օրենքներով, և յուրաքանչյուրը փորձում է դրանք հասկանալ։ Պայծառացումները կարող են «այցելել» նույնիսկ ամենավերջին մարդուն։ Ես գիտեմ, որ կյանքում շատ դժվար է հասնել այն վիճակին, որն իրական ուրախություն է բերում։ Դրա համար պահանջվում է քրտնաջան աշխատանք»։ Տոնինո Գուերա
Տոնինո Գուերայի հորինած աշխարհը տեղավորվում է Պենաբիլի իտալական փոքրիկ գյուղակի հարևանությամբ գտնվող սարի վրա տեղակայված նրա ոչ մեծ տան պստլիկ աշխատասենյակում։ Պատուհանը բացվում է դեպի լայն հորիզոնը՝ դեպի Մոնտեֆելտրոյի ողջ շրջանը, ողջ Ռոմանիան, ողջ Իտալիան, ողջ օյկումենան։ Նա իր բանականությամբ, մտքերով, երևակայությամբ ընդգրկում է ամբողջ աշխարհը՝ ժամանակի և տարածության մեջ։ Նրա կենցաղը նման է Վերածննդի դարաշրջանի գավառական իտալացու առօրյային․ նա, ինչպես այն ժամանակ ընդունված էր, գրում է իր փոքրիկ ծննդավայրի բարբառով, նրա դատողությունները պարզ են և վերածննդյան պարադոքսալությամբ լի, ինչի շնորհիվ էլ նա իրեն է ենթարկեցնում ողջ աշխարհը։ Գիտակցությունն ընդլայնվում է, իր անկեղծությամբ ու թափանցիկությամբ դառնում համապարփակ, և ահա՝
Իմ տունը կանգնած է այնքան բարձր,
որ ինձ լսելի է Աստծո հազը։
Ընդլայնվում է նաև ժամանակը։ Նրա պոեզիան՝ հին թեմաների վերադարձներով և կրկնողություններով, ներառում է շատ տասնամյակներ՝ սկսած գերմանական համակենտրոնացման ճամբարում գրված և 1946թ-ին լույս ընծայված առաջին բանաստեղծություններից և ավարտած այսօր համաշխարհային ճանաչում ունեցող, գրական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած ու աշխարհի գրեթե բոլոր լեզուներով թարգմանված չափածո ստեղծագործություններով։ Տոնինո Գուերան երբեք չի գրել և չի ցանկացել պատմել համակենտրոնացման ճամբարի մասին, որը դարձավ նրա կյանքի ամենաուժեղ հուզական ապրումներից մեկը։ Նա համարում էր, որ ամեն ինչ ասել է մեն-միակ բանաստեղծությամբ՝ «Թիթեռնիկը» վերնագրով․
Գոհ, երջանիկ, ուրախ
բազմաթիվ անգամ եմ եղել։ Բայց առավել՝
երբ ինձ ճամբարից են ազատել,
ու կարող էի թիթեռնիկին նայել՝
առանց նրան ուտելու ցանկության։
Գուերային ոչինչ չէր կարող կոտրել։ Ի ծնե լինելով բարի՝ նա այդ հազվագյուտ հատկությունն իր մեջ խնամքով պահպանեց մինչև վերջին օրերը։ Նա երբեք չի զգում կերպարների պակաս․ մենք ենք նրա կերպարները, մենք նրա պատմություններում ենք։ Կենցաղի պարզ առարկաները, որոնք նրան շրջապատում են, նրա համար վերածվում են լինելիության առարկաների, գոյության ճշմարտացիության աղոտ վկայությունների։ Այդ նշանները երևում են սավառնող թիթեռնիկի մեջ, թևածող թռչունի մեջ, իր ցանցը հյուսող սարդի մեջ, ֆիգուրների և սիրո վիճակների մեջ։ Իրեն շրջապատող աշխարհին Գուերան արձագանքում է բառով, խոսքերով, դրանց արտասանությամբ։ Ի՞նչ եմ ես անում, ի՞նչ եմ զգում, ինչպե՞ս եմ ապրում։ Հենց սա է իրականության անմիջականությունն ու պարզությունը՝ առանց զարդարանքների ու ձևամոլության, առանց գոռոզության ու գլամուրի։ Ինքդ քո հանդեպ ազնիվ։ Նրա ստեղծած պարզ այլաբանություններում չկա խրթին ճոռոմություն, շինծու փոխաբերություն։ Հստակ ու հասկանալի բառերով նա գրում է այն մասին, թե ինչն է ճշմարիտ, և ինչը ճշմարիտ չէ, ու հանկարծ, հայտնի չէ, թե որտեղից, ծնվում է խորունկ իմաստը՝ բացահայտելով, որ ասված է շատ ավելին, քան կարելի էր սպասել այդ պարզ բառերից։ Դա է Գուերայի իսկական տաղանդի վկայությունը․
Վաղ առավոտյան
բրդյա գլխարկով՝ ականջների վրա քաշած,
նայում եմ պատուհանից
դեպի մառախուղի ամենախորքը,
որտեղ արտասվում է թռչունը,
քանզի ամեն ինչ անհետացել է։
Նրա տեքստերը կարդալիս ուզում ես ծիծաղել, արտասվել, ապրել, զգալ տարբերությունը vita activa-ի (ակտիվ կյանք) և vita contemplativa-ի (հայեցողական կյանք) միջև, ինչն էլ, ըստ էության, հանդիսանում է կյանքի տարբեր վիճակների վերապրումը, որը մեզ տանում է հեռու՝ դանթեական աստղերի մոտ։
Տոնինո Գուերայի «Կյանքի յոթ տետրերը» գրքի մասին խոսելիս ուզում ես նախևառաջ շեշտել դրա անկրկնելիությունը։ Ու նաև հիշել ավստրալիացի աբորիգեններին։ Այդ, այսպես կոչված, պարզունակ ժողովուրդների պատկերացմամբ՝ տարածությունը բաժանվում է աշխարհի ոչ թե չորս կողմի, այլ յոթ՝ հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, վերև, ներքև ու սեփական ներսը։ Թերևս, դժվար է ավելի լավ փոխաբերություն գտնել այս գրքի նկարագրության համար։ Այստեղ կան և՛ օրագրեր, և՛ պատմվածքներ, և՛ բանաստեղծություններ՝ Տոնինոյի կողմից գրված, ինչպես նաև նրա ընկերների հուշերը։ Անդրեյ Տարկովսկին Տոնինո Գուերայի մասին գրել է․ «Նա օժտված է բնական արարածի անկրկնելի բնավորությամբ։ Երբեմն տարօրինակ տպավորություն է առաջանում, թե նա մինչ այժմ երբևէ չի շփվել մարդկանց հետ»։ Բայց այդ միամտությունը, անվստահությունը և անտեղյակությունը Տոնինոյի համար արժանիքներ էին։ Սրանք հենց այն հատկանիշներն են, որոնք երբեք չեն ծերացնում։ «Կյանքի յոթ տետրերն» ընթերցելիս ինքդ էլ սկսում ես ուշադրություն դարձնել պարզ իրերի գեղեցկությանը և նորովի բացահայտել ծանոթ մարդկանց։
«Մինչև յոթանասուն տարեկան դառնալը ես խոնարհվում էի արվեստի մեծագույն ստեղծագործությունների և գլուխգործոցների առջև, որոնք ստեղծել է մարդկությունը։ Ես պաշտամունքի մեծ ուժ ունեի։ Հիմա ինձ գրավում են լոկ բնական երևույթները, լոկ այն, ինչը ստեղծել է բնությունը։ Անձրևը կամ ձյունը միշտ էլ նման են ներկայացման։ Եվ դու արդեն հանդիսատես չես, երկրպագու չես։ Դու տիեզերքի մի մասնիկն ես։ Ես իմացա, որ ծերության տարիքում կարելի է մեծ հաճույք ստանալ պարզապես այն գիտակցումից, որ դու շոշափում ես քո տեսածի ամենախոր խորքերը։ Մի անգամ ես բացատրում էի տարբերությունը «նայել» և «տեսնել» բառերի միջև։ Երիտասարդությունը նայում է, իսկ ծերությունը տեսնում է։ Երբ դու երիտասարդ ես, դու շլացած ես աշխարհով, դու տեսնում ես գույն, նյութ։ Դու հաճախ ես նայում, բայց չես տեսնում»։
«Երբ աշնանն ընկնում է առաջին տերևը, այն առաջացնում է խլացուցիչ աղմուկ, որովհետև այդ տերևի հետ միասին ընկնում է մի ամբողջ տարի։ Պետք է ապրել այնտեղ, որտեղ բառերն ընդունակ են վերածվելու տերևների, օրորվել քամուց կամ գողանալ ամպերի գույները։ Մեր զրույցների ետևում պիտի կանգնած լինեն տարվա եղանակների փոփոխական տրամադրությունները, արձագանքները այն բնապատկերների, որտեղ այդ ամենը տեղի է ունենում։ Ճիշտ չէ, որ խոսքերը ենթակա չեն ազդեցությանը աղմուկների ու լռության, որոնք տեսել են դրանց ծնունդը։ Մենք այլ կերպ ենք խոսում, երբ անձրև է գալիս, կամ երբ արև է՝ լեզվի վրա ծորացող․․․»։
«․․․ Ձյուն է գալիս, և ճերմակում են մտքերս։ Կուզենայի այլևս ոչինչ չանել։ Ուր որ է կներխուժեն հոգնեցուցիչ ամանորյա տոները։ Լավ կլիներ դրանք անցկացնել պարզ մարդկանց հետ, ովքեր իրենց հայացքում պահպանել են համեստությունը։ Նրանց հետ, ում հացը թաթախված է արցունքով, և ովքեր կարողանում են խոսել կենդանիների հետ։ Հոգեկան հարմարավետությունը և որոշակի պարզությունը պատահաբար են այցելում ինձ՝ անբացատրելի առարկաներից և կանխազգացումներից։ Պայծառացումներից՝ գաղտնիքով լի։ Դրանք հեռու են մեր մեծամիտ ռացիոնալիզմից։ Կարևոր է կռանալը, որպեսզի լսես ծառերին կամ անփորձ մարդկանց հիշողության խոստովանանքը։ Ավելի հաճախ ես լող եմ տալիս «մեր գոյության գիշերային հավասարակշռության» ներսում, ինչպես մի անգամ հրաշալի է ասել ոմն մեկը․․․ Նշանակում է՝ պետք է հավատալ լոկ այն ամենին, ինչը տրամաբանության կանոններից դուրս է։ Ես ինձ լավ եմ զգում մայրամուտի ժամանակ, հեռացող արևի վերջին ճառագայթների հետ։ Թվում է՝ ես էլ եմ այդ լույսի մի մասնիկը։ Այնտեղ ընդարձակ է, ինչպես ընդարձակ կլիներ կտավի վրա թափված ներկաձեթի կամ նկարչի ներկապնակի գույնի համար։ Դառնում ես թեթև, ինչպես խոտի բույրը, գրեթե նախկին ժամանակների պես, երբ արևի մայրամուտի ժամին ես երիտասարդ էի և ուժեղ․․․»։
«․․․ Ինձ մխիթարեց փայտե մոխրագույն պատուհանը՝ թերաթափ սպիտակ ներկի հազիվ նկատելի մնացորդներով ծածկված։ Ապակու ետևում փոքրիկ ծաղկամանն է, որի թիկունքում էլ՝ կարկատած ժանյակներով վարագույրները։ Սա նման է մի գունավոր նվերի՝ նրանց համար, ովքեր անցնում են մերձակա փողոցով, նվեր այն մարդկանցից, ովքեր ապրում են այդ տանը, ովքեր գնահատում են կյանքի քնքշությունը և այն նվիրաբերում են մյուսներին»։
«Մահվանից երկու օր առաջ Ֆեդերիկո Ֆելինին ասաց․ «Ինչպես կուզենայի ևս մեկ անգամ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ավարտին հասած մարդն ուզում է կրկին վերապրել սերը, թևածել երկրի վրա, հնազանդվել նրան, ում ցանկանում է հնազանդվել, ունկնդրել նվագախմբի երաժշտությունը հոգում․․․ Նա չէր խոսում կնոջ մասին, նա ուզում էր ասել, որ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես լինել պարզապես մարդ՝ վերածվելով բույրի։ Դու չես քայլում հողի վրա, այլ ճախրում ես երկրի վերևում։ Սիրահարվածության հենց այդ զգացումն էլ կյանքում ամենագլխավորն է։ Եվ կարևոր չէ, թե ում կամ ինչին ես սիրահարված՝ կնոջը, աշխատանքին, աշխարհին, թե կյանքին․․․ Սերն ուրախություն կամ տխրություն չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ, միասին վերցրած, մի ճանապարհորդություն է դեպի հեքիաթային ու կախարդական աշխարհ, դեպի գաղտնիքը տանող արահետ, որ դեռ պետք է բացահայտել։ Սերը միշտ հեռանում է, ամեն ինչ ունի իր ավարտը։ Բայց մի վիճակը միշտ փոխակերպվում է մեկ այլ վիճակի, և այդ մյուսը կարող է լինել ավելի ուժեղ զգացմունք, քան սիրահարվածությունն է»։
«Չկա ավելի սխալ երևույթ, քան կատարելությունն է, և չկա ավելի քաղցր երևույթ, քան օդն է՝ այդ, ընդհանուր առմամբ, թեթև հասկացությունը մեր գլխի շուրջը, հասկացություն, որը դառնում է ավելի լուսավոր, երբ քեզ լայն ժպտում է կինը»։
Եթե հայտնվեիք Պենաբիլի բնակավայրում, որի մերձակայքում կնոջ հետ բնակվում էր նշանավոր իտալացին, ապա յուրաքանչյուր փողոցում կտեսնեիք Գուերայի ներկայությունը։ Տների ճակատային կողմը զարդարում են արևի ժամացույցները, որոնք նա պատրաստում և նվիրում էր բնակիչներին։ Նրա նկարներն ու գորգերը կարելի է տեսնել մտերիմ ընկերների տներում։ Ահա և նրա տունը, որի դարպասները սովորաբար բաց էին։ Այգում վազվզում էին բազմաթիվ կատուներ և Անտոնիոնիի նվիրած Բաբա անունով շունը։ Քիչ հեռվում Մոռացված մրգերի այգին է։ Այն բաղկացած է մրգատու ծառերի անհետացող տեսակներից, որոնց կողքին Տոնինոն հավերժացնում էր իրեն հարազատ մարդկանց։ Այստեղ կա Տարկովսկուն նվիրված մատուռ, նաև՝ Ֆեդերիկո Ֆելինիի և նրա սիրելի Ջուլյետա Մազինայի զարմանալի հուշարձանը։ Իր կյանքում այդ մարդկանց նշանակության մասին Տոնինոն գրում է «Կյանքի յոթ տետրերի» վերջին՝ յոթերորդ տետրում։ Սա չափազանց խորհրդանշական ավարտ է․ չէ՞ որ հենց Մոռացված մրգերի այգու ամենաբարձր կետում է 2012թ-ի մարտին որմնաշարվել Տոնինո Գուերայի աճյունասափորը։
Այս լուսավոր մարդու վախճանին դժվարությամբ էին հավատում և՛ ընկերները, և՛ նրա արվեստի երկրպագուները։ Թվում էր՝ նա դեռ շարունակելու է արարել, զրուցել հանդիսատեսի հետ, նկարել և սցենարներ գրել։ Ժամանակի հոսքի հետ հեռանում են լավագույնները, սակայն Տոնինոն ողջ աշխարհում մարդկանց հետ շարունակում է խոսել իր ֆիլմերի միջոցով, Իտալիայում շարունակում են մինչև երկինք բարձրանալ նրա սիրելի շատրվանները, իսկ նրա ստեղծած արևի ժամացույցները կանգ կառնեն լոկ այն ժամանակ, երբ լուսաբացին այլևս դուրս չի գա արևը։ Անմահությունը պարզ մանրուքների մեջ է, բայց չէ՞ որ նա ամենաշատը հենց դա էր գնահատում։
«Ես ընդամենը նրանցից մեկն եմ, ով մյուսներին օգնում է գունավորել միայնությունը՝ նշելով դեպի կյանքի պոեզիան տանող ուղին։ Սիրում եմ օրագրերը, խոստովանությունները և բառերը, որոնք հնչեցնում են լուսատտիկները՝ հայտնվելով մեր գոյության երկնքում»։
նկարները՝ Տոնինո Գուերայի
սկզբնաղբյուրը՝ LiveInternet պորտալ
COMMENTS