«Եղիր բնական»․ այս կարգախոսով էր անցյալ դարասկզբին նկարահանում առաջին կին ռեժիսոր, առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմի հեղինակ Ալիս Գի-Բլաշեն։
Մեր օրերում կին ռեժիսորները շատ ավելի փոքրաթիվ են, քան տղամարդ կինոգործիչները. ընդ որում՝ այս վիճակագրական առանձնահատկությունը բնորոշ է ողջ կինոպատմությանը: Այնուամենայնիվ, խնդիրը միայն կանանց քիչ ներկայացվածությունը չէ կինեմատոգրաֆում. հաճախ պատահել է, որ նրանցից շատերին մոռացել են, նրանց ֆիլմերը կորել են կամ վերագրվել ուրիշներին: Խոսքերիս վառ օրինակ է Ալիս Գի-Բլաշեն, ով համարվում է առաջին կին ռեժիսորը: Մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Ալիսը եղել է միակ կին կինոռեժիսորը, ով գործել է 1896-1906թթ-ներին:
Կինոյի պատմության միակ կինը, ով հիմնադրել է սեփական կինոստուդիա և ղեկավարել է այն
Ֆրանսուհի Ալիս Գին ծնվել է 1873թ-ին: Հոր մահից հետո աշխատանքի որոնումները Ալիսին բերեցին Լեոն Գոմոնի մոտ, ով երիտասարդ Գիին վարձեց որպես օգնականի: Գոմոնի կազմակերպությունը, որ այդ տարիներին զբաղվում էր լուսանկարչական տարբեր սարքերի արտադրությամբ ու վաճառքով, շուտով դառնալու էր Ֆրանսիայի ամենահայտնի կինոստուդիաներից մեկը, որն առաջատար դիրքում է մինչ օրս (խոսքը Gaumont Film Studio-ի մասին է)։ Լեոն Գոմոնը և Ալիս Բլաշեն այն մարդկանց շարքում էին, ովքեր առաջինը դիտեցին Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան» ֆիլմը: Ցուցադրությունից ոգեշնչված՝ Ալիսը հորդորում է տնօրենին՝ թույլ տալ իրեն ֆիլմ նկարահանել, ինչը կարող էր նպաստել Gaumont-ի կողմից արտադրվող տեսախցիկ-պրոյեկտորների վաճառքի աճին: Ստանալով Լեոն Գոմոնի թույլտվությունը՝ երիտասարդ Ալիսը սկսում է իր առաջին քայլերը կինեմատոգրաֆում: Ալիս Գին առաջիններից էր, ով հավատաց ֆիլմի պոտենցիալին, ինչպես նաև հասկացավ, որ տեսախցիկը կարելի է օգտագործել պատմություններ պատմելու համար, այլ ոչ միայն վավերագրելու, ինչպես անում էին Լյումիեր եղբայրները: Ալիսի առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Կաղամբի փերին» («La Fée aux Choux», 1896), պատմում էր մի կնոջ մասին, ով կաղամբի մեջ երեխաներ էր աճեցնում: Շատ կինոգետներ «Կաղամբի փերին» համարում են կինոյի պատմության առաջին խաղարկային ֆիլմը, բայց այն փաստը, որ գրեթե նույն ժամանակ լույս էր տեսել նաև Ժորժ Մելիեսի ֆիլմերից առաջինը, «Կաղամբի փերին» դարձնում է բազում քննարկումների ու վեճերի նյութ, և թույլ չի տալիս վստահորեն պնդել դա:
The Cabbage Fairy (1896) 1897-1907թթ-ներին Ալիս Գին ղեկավարել է Gaumont ստուդիայի ֆիլմարտադրության բաժինը՝ շարունակելով ֆիլմեր նկարահանել: Արդեն ամուսնությունից հետո՝ 1910թ-ին, Ալիսն ամուսնու հետ տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ամուսինը՝ Էրբեր Բլաշեն, պետք է զբաղվեր Gaumont-ի արտադրած քրոնոֆոնի վաճառքով՝ մի սարք, որը սինխրոնիզացնում էր ձայնն ու պատկերը՝ այդպիսով հանդիսանալով ձայնային ֆիլմերի նախատիպը: Սակայն կազմակերպության այս նորարարությունը ԱՄՆ-ում մեծ հաջողություն չի ունենում և Բլաշե զույգը որոշում է ստեղծել իր կինոստուդիան՝ Solax Studios-ը, որը համարվում է նախահոլիվուդյան առաջին կազմակերպություններից մեկը:
Ալիսը կյանքի վերջին տարիներին
Թեպետ 1910-1912թթ-ներին ստուդիան ծաղկում էր ապրում, հետագա տարիներին այն չկարողացավ դիմադրել հոլիվուդյան մյուս կազմակերպությունների մրցակցությանը: 1922թ-ին Solax-ը սնանկ ճանաչվեց, ինչին հաջորդեց նաև Բլաշեների ամուսնալուծությունը: Շուտով Ալիսը որոշում է վերադառնալ հայրենիք, որտեղ սկսում է դասախոսություններ կարդալ ֆիլմերի մասին, համագործակցում է տարբեր ամսագրերի հետ, բայց այլևս ֆիլմ չի նկարահանում։ Իր մասնագիտական գործունեության 24 տարիների ընթացքում Ալիս Գին աշխատել է ավելի քան 700 ֆիլմերի վրա: Դրանցից պահպանվել են ընդամենը 350-ը, որից 22-ը լիամետրաժ են: Թեև բոլորիս հայտնի է միայն Մելիեսի անունը՝ որպես նորարարի, ով իր ֆիլմերում օգտագործում էր զանազան հատուկ էֆեկտներ, բայց գրեթե միաժամանակ նույն հնարքներն է կիրառել նաև Ալիսը: Նրա ֆիլմերում հանդիպում ենք կրկնակի պատկերների (double exposure), կադրերի հարդարման տեխնիկաների (masking techniques), իսկ «Պիեռետայի արկածները» («Pierrette’s Escapades», 1900) ֆիլմի ողջ ժապավենը գունավորված է:
Pierrette's Escapades (1900)
Բազմազան են նաև Ալիս Գիի ֆիլմերի թեմաները. դրանք դասական ստեղծագործությունների, բիբլիական պատմությունների էկրանավորումներ են, կան պարային ներկայացումներ, անդրադարձ ֆեմինիզմին և այլն: Բլաշեն է նկարահանել առաջին ֆիլմը, որտեղ ողջ դերասանական կազմը բաղկացած էր աֆրիկյան ամերիկացիներից, և որը պատմում է վերջիններիս առօրյայի մասին՝ չկրելով ռասիստական որևէ ենթատեքստ («Հիմարն ու նրա գումարը»՝ «A Fool And His Money», 1912):
The Consequences of Feminism (1906)
Չնայած Բլաշեի անունը քչերին է հայտնի, սակայն վերջերս նրա գործունեության վերարժևորման առումով սկսել են դրական տեղաշարժեր նկատվել: Այժմ Ալիսի մասին նկարահանվում է մի վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Եղիր բնական. Ալիս Գի-Բլաշեի անհայտ պատմությունը» («Be Natural: The Untold Story of Alice Guy-Blaché», 2017): Ընդ որում՝ «Be Natural»-ը հենց այս կարգախոսն է, որն Ալիսը փակցնում էր Solax Studios-ում, և որն ուղղված էր նրա դերասաններին: Be Natural: The Untold Story of Alice Guy-Blaché (2017) trailer Սոնա Կարապողոսյան
Ոչինչ չի գտնվելԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸԿարդալ ավելինՊատասխանելՉեղարկելՋնջելՀեղինակԳլխավորԷՋԵՐՆՅՈՒԹԵՐԴիտել ամբողջըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԹԵՄԱԱՐԽԻՎSEARCHԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸՈչինչ չի գտնվելBack HomeSundayMondayTuesdayWednesdayThursdayFridaySaturdaySunMonTueWedThuFriSatJanuaryFebruaryMarchAprilMayJuneJulyAugustSeptemberOctoberNovemberDecemberJanFebMarAprMayJunJulAugSepOctNovDecհենց նոր1 minute ago$$1$$ minutes ago1 hour ago$$1$$ hours agoYesterday$$1$$ days ago$$1$$ weeks agomore than 5 weeks agoՀետևում ենՀետևելՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ ԷՏարածիր նյութը բացելու համարCopy All CodeSelect All CodeAll codes were copied to your clipboardCan not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy