«Ուսումնասիրելով Քուինի արվեստն ամբողջությամբ՝ կերպարվեստից մինչև կինո, կարող ենք արձանագրել, որ նա իսկապես ստեղծագործական հանճար էր»։ Դոնալդ Կուսպիտ
 |
Քուինն իր որդիների հետ |
Էնթոնի Քուինը (Անտոնիո Ռոդոլֆո Քուին Օաքսակա, 1915-2001թթ) ոչ միայն անկրկնելի դերասան էր, այլև տաղանդավոր գեղանկարիչ ու քանդակագործ։ Նա եղել է ամերիկացի ճանաչված ճարտարապետ-նորարար Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշակերտը՝ վերջինիս շնորհիվ պրոֆեսիոնալ մակարդակով յուրացնելով արվեստի պատմությունը, գեղանկարչությունը և ճարտարապետությունը։ Քուինը դեռևս վաղ երիտասարդության տարիներին մասնակցել է գեղանկարիչների ամենատարբեր մրցույթների՝ արժանանալով պարգևների և համարվելով խոստումնալից արվեստագետ։ Լոս Անջելեսի ճարտարագիտական բարձրագույն դպրոցում նա ուսումնասիրել է գծագրություն, նախագծերի ճարտարապետական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի․․․ Թվում է՝ նրա մասնագիտական ապագան կանխորոշված էր, սակայն տեղի է ունենում մի իրադարձություն, որը Քուինին ինքնաբերաբար հասցնում է կինոարվեստ։
 |
Քուինը՝ իր որդի Դունկանի դիմանկարը ստեղծելիս |
Բռնցքամարտով հրապուրված Քուինը մրցելույթներից մեկի ժամանակ ծանր վնասվածքներ է ստանում և ամիսներ շարունակ գամված մնում անկողնուն։ Նրա ուսուցիչ Ռայթը առաջարկում է այդ իրավիճակում պարապ չմնալ և, որպես վերականգնողական թերապիա, դերասանական վարպետության դասեր վերցնել։ Դասընթացն այնքան արդյունավետ էր, որ Քուինը ոչ միայն վերականգնում է խոսելու ունակությունը և բնական դիմախաղը, այլև սկսում է հանդես գալ սկզբում թատրոնում, հետո՝ կինոյում, որն էլ նրան, ի վերջո, պարգևում է երկու «Օսկար» և համաշխարհային համբավ։ Սակայն կերպարվեստը մինչև կյանքի վերջ մնում է նրա ուղեկիցն ու մեծագույն սիրո առարկան։ Շարունակելով իրեն համարել ինքնուս նկարիչ՝ նա մշտապես զբաղվում էր ինքնակրթությամբ, այցելում հայտնի թանգարաններ ու պատկերասրահներ, ձեռք բերում արվեստի գործեր։ Նույնիսկ այն պահերին, երբ նկարահանման հրապարակում հայտարարվում էր ընդմիջում, նա նկարում էր կամ քանդակում։ Հետո հեգնանքով ասում էր․ «Ես գողանում եմ բոլորից։ Պիկասոն էլ էր գողանում, Մոդիլիանին էլ։ Միքելանջելոն գողանում էր հույներից, դա Վինչին գողանում էր Ջոտտոյից, Ռուֆինո Տամայոն՝ մայաների քաղաքակրթությունից։ Չկա այնպիսի ստեղծագործող, ով չի գողանում։ Բայց նկատի ունեցեք, որ կա մի տարբերություն․ մեծ տաղանդը գողանում է, փոքր տաղանդը՝ յուրացնում։ Ես, այսպիսով, գողանում եմ»։
 |
Քուինի որդու՝ Լորենցոյի «Աստծո ձեռքը» հանրահայտ քանդակը |
1980-ականներին նրա անհատական ցուցահանդեսները կազմակերպվեցին Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Փարիզում, Մեխիկոյում, իսկ այսօր նրա աշխատանքները պահպանվում են մասնավոր հավաքածուներում և պետական թանգարաններում։ Ամերիկացի հանրահայտ արվեստաբան Դոնալդ Կուսպիտը նրա մասին գրել է․ «Ուսումնասիրելով Քուինի արվեստն ամբողջությամբ՝ կերպարվեստից մինչև կինո, կարող ենք արձանագրել, որ նա իսկապես ստեղծագործական հանճար էր»։ Քուինի տաղանդը, ի դեպ, փոխանցվել է նաև նրա որդուն՝ Լորենցո Քուինին, ով մեր օրերի ամենապահանջված ու հայտնի քանդակագործներից է։
Էնթոնի Քուինի կտավները
Էնթոնի Քուինի քանդակները