Ժան-Պոլ Սարտրի ելույթը ԱՄՆ-ի՝ Վիետնամում կատարած ռազմական հանցագործությունները հետաքննող միջազգային ատյանում, 1968թ։
«Ցեղասպանություն» բառը երկար ժամանակ գոյություն չուներ․ այն հորինել է իրավաբան Լեմկինը՝ երկու համաշխարհային պատերազմների միջև։ Իսկ երևույթը հին է նույնքան, որքան մարդկությունը, և երբեք չի եղել այնպիսի հասարակություն, որի կառուցվածքն իրեն զերծ կպահեր այդ հանցագործությունից։ Ցանկացած ցեղասպանություն պատմության արգասիքն է և իր մեջ կրում է գծերը այն հասարակության, որում ի հայտ է գալիս։ Գործը, որը մենք պետք է քննենք, առնչվում է ժամանակակից խոշորագույն կապիտալիստական պետությանը։ Եվ հենց այդ դիտանկյունից էլ մենք պիտի քննենք, այլ կերպ ասած՝ մենք պիտի հաշվի առնենք, թե որքանով է այս գործն արտացոլում տվյալ պետության տնտեսական կառուցվածքը, քաղաքական նպատակները և ներքին հակասությունները։
Մենք պիտի փորձենք հասկանալ, թե արդյո՞ք ամերիկյան կառավարության կողմից Վիետնամի դեմ սանձազերծված պատերազմն ուներ ցեղասպանության մտադրություն։ 1948թ-ի Դաշնագրի 2-րդ հոդվածում ցեղասպանությունը որոշվում է մտադրության հիման վրա։ Դաշնագիրը լռելյայն դիմում է նորագույն պատմությանը։ Հիտլերը հռչակեց հրեաների ոչնչացման ծրագիրը, նա չէր թաքցնում, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես քաղաքական մարտավարություն։ Ցանկացած հրեա պիտի ոչնչացված լիներ՝ անկախ իր ծագումից, անկախ այն հանգամանքից՝ զենք վերցրե՞լ էր, մասնակցե՞լ էր դիմադրության շարժմանը, նա պիտի ոչնչացված լիներ այն պատճառով, որ հրեա էր։ Ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ չի արել։ Նույնիսկ հավատացրել է, թե ցանկանում է աջակցություն ցույց տալ իր դաշնակիցներին՝ հարավային վիետնամցիներին, որոնց վրա հարձակվել էին հյուսիսային կոմունիստները։ Արդյոք հնարավո՞ր է, որ մենք փաստերի ամենամանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կարողանանք ի դերև հանել քողարկված մտադրությունը։ Եվ արդյոք կկարողանա՞նք մենք այդ հետազոտությունից հետո ասել, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Վիետնամում վիետնամցիներին սպանում են այն պարզ պատճառով, որ նրանք վիետնամցի են։
Նյուրնբերգյան դատավարությունը դեռևս բոլորի հիշողության մեջ էր, երբ, օրինակ, ֆրանսիացիները սպանեցին 45 000 ալժիրցիների։ Դա թվաց այնքան շարքային մի դեպք, որ ոչ ոքի մտքով անգամ չանցավ Ֆրանսիայի կառավարությանը դատել այնպես, ինչպես նացիստներին էին դատում։ Բայց «ազգային խմբավորման մի մասի» այդօրինակ զանգվածային սպանությունը չէր կարող շարունակվել առանց գաղութաբնակներին վնասելու։ Այդ դեպքում նրանք սնանկացած կլինեին։ Ֆրանսիացիները Ալժիրում պատերազմը տանուլ տվեցին այն պատճառով, որ չէին կարողանում ոչնչացնել ալժիրյան բնակչությունը, ինչպես նաև այն պատճառով, որ չէին ինտեգրում այդ երկիրը։
Այս պայքարի հիմնական բնութագիրը պարզ էր ի սկզբանե․ գաղութաբնակները տեղի բնակչությանը գերազանցում էին սպառազինությամբ, իսկ տեղի բնակչությունը նրանց գերազանցում էր թվաքանակով։ Նույնիսկ Ալժիրում, որտեղ գաղութաբնակները մեծաթիվ էին, այդ հարաբերակցությունը կազմում էր 1։9։ Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում բազմաթիվ գաղութացված ժողովուրդներ սովորեցին ռազմական արվեստը և դարձան կոփված զինվորներ։ Այդուհանդերձ, սպառազինության սակավությունն ու որակը, համենայնդեպս՝ սկզբում, սահմանափակում էին ռազմական միավորումների թվաքանակը։ Հենց դա էլ պայմանավորում էր պայքարի բնույթը՝ ահաբեկչություն, դարանակալություններ, անհանգստացնող արտագրոհներ, խմբերի բարձր շարժունակություն՝ հանկարծակի հայտնվող և անմիջապես անհետացող։ Դա անհնարին կլիներ առանց ողջ բնակչության աջակցության։ Այստեղից էլ բխում է ազատագրական շարժումների և ժողովրդական զանգվածների հայտնի միավորումը․ առաջինները անցկացնում են ագրարային բարեփոխումներ, կազմակերպում են քաղաքական կյանքն ու կրթությունը, երկրորդները աջակցում են ազատագրական շարժմանը՝ սնելով այն, թաքցնելով և կրած կորուստների փոխարեն համալրելով։
Ի տարբերություն պարտիզանական շարժման՝ բնակչության կողմից օժանդակվող, գաղութային զորքերն անօգնական են։ Նրանց մնում է միայն խուսափել բախումներից, ինչն էլ նրանց բարոյալքում է և ստիպում ելք փնտրել բնակչության ոչնչացման միջոցով։ Քանի որ ազատագրական բանակը հանդիսանում է սեփական ժողովրդի մի մասը, ապա պարտիզանական շարժման հետ պայքարի միակ արդյունավետ մարտավարությունը դառնում է ժողովրդի ոչնչացումը, այսինքն՝ խաղաղ բնակիչների, կանանց ու երեխաների։
Այդուհանդերձ, կան դեպքեր, երբ ցեղասպանությունը՝ որպես ազատագրական պատերազմների խնդրի լուծում, չի զսպվում այդ իրավիճակին բնորոշ հակասություններով։ Եվ այդ ժամանակ պարզ է դառնում, որ ամբողջական ցեղասպանությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան պարտիզանական շարժման դեմ պայքարի մարտավարություն։ Եվ, որոշակի հանգամանքներում, ցեղասպանությունը կարող է, միանգամից կամ աստիճանաբար, դառնալ վերջնական նպատակ։
Մինչ ԱՄՆ-ի զինված ուժերն առաջանում են դեպի Վիետնամի խորքը՝ ավելի ու ավելի հաճախ դիմելով զանգվածային սպանությունների և ռմբակոծությունների՝ Լաոսը ենթարկեցնելու և Կամբոջա ներխուժելու նպատակով, արդեն կասկած չի մնում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, չնայած իր բոլոր կեղծավոր հավաստիացումներին, որոշում է ընդունել հօգուտ ցեղասպանության։
Այդ մասին ակնհայտորեն վկայում են փաստերը։ Ցեղասպանությունը նախաձեռնվում է վաղօրոք ծրագրված մտադրությամբ։ Հնարավոր է, որ անցյալում ցեղասպանությունը տեղի է ունեցել ինքնաբերաբար, շիկացած կրքերի հետևանքով, ցեղային կամ ֆեոդալային բախումների թեժ պահին։ Հակապարտիզանական ցեղասպանությունն, ընդհակառակը, մեր ժամանակի «արտադրանքն» է, որը անհրաժեշտաբար ենթադրում է կազմակերպչական ջանքեր, հիմքի նախապատրաստում և, ըստ այդմ, հանցակիցների առկայություն (կատարվող իրադարձություններից որոշակի հեռավորության վրա գտնվող), ինչպես նաև համապատասխան բյուջե։ Այդպիսի ցեղասպանությունը չի կարող չլինել կշռադատված ու ծրագրված։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում, իրենց լիարժեքորեն հաշիվ են տալիս սեփական մտադրությունների համար։ Դժվար է ասել, քանզի այդ դեպքում մարդը ստիպված կլիներ խոստովանել պուրիտանական մոտիվացման չարակամությունը։
Ճշմարտությունը պետք է փնտրել ռազմի դաշտում, ամերիկյան զորքերի ռասիզմի մեջ։ Իրոք, ռասիզմը՝ հականեգրական, հակաասիական․ հակամեքսիկական, հանդիսանում է հաստատուն որակ, որն ունի խոր արմատներ և գոյություն է ունեցել վիետնամական պատերազմից դեռևս շատ առաջ՝ բացահայտ կամ գաղտնի ձևով։ Դրա ապացույցը Մ․ Նահանգների մերժումն է՝ վավերացնել Ժնևյան կոնվենցիան ցեղասպանության հարցով։ Սա չի նշանակում, թե ամերիկացիները դեռևս 1948թ-ից նպատակ էին փայփայում ամբողջ ժողովուրդների ոչնչացման ուղղությամբ, սա նշանակում է միայն, որ, իրենց իսկ հայտարարությամբ, կոնվենցիան հակասում է այդ երկրի բազմաթիվ նահանգների օրենսդրություններին։ Այլ խոսքով՝ Մ․ Նահանգների այժմյան ղեկավարները Վիետնամում իրենց այդքան վստահ են զգում իրենց իսկ նախորդների շնորհիվ, ովքեր չհրաժարվեցին հարգել հարավային նահանգների հականեգրական ռասիզմը։ Համենայնդեպս, 1965թ-ի համեմատ, Վիետնամում ամերիկացի զինվորների ռասիզմը դարձավ շատ ավելի նկատելի։
Երիտասարդ ամերիկացիները մարդկանց խոշտանգում են առանց որևէ նողկանքի, կրակում են անզեն կանանց վրա, հարվածում են վիրավորների աճուկներին, կտրում են մեռած թշնամիների ականջները։ Սպաներն ավելի վատն են․ ոմն գեներալ հորանջում էր, երբ մի ֆրանսիացի ռազմական դատարանի առաջ վկայություն էր տալիս այն մասին, որ այդ զորապետն ուղղաթիռով որսում էր վիետնամցիներին և կրակում էր նրանց վրա, երբ նրանք աշխատում էին բրնձի դաշտերում, և դրանք, իհարկե, դիմադրության շարժման մարտիկները չէին, ովքեր կարողանում էին պաշտպանել իրենց, այլ սովորական գյուղացիներ։ Այդ մթագնված ամերիկյան ուղեղները ավելի ու ավելի քիչ են հասկանում տարբերությունը վիետկոնգացիների և առհասարակ վիետնամցիների միջև։ Տարածում է գտել «Լավ վիետնամցին մեռած վիետնամցին է» արտահայտությունը, ինչը նշանակում է՝ «Յուրաքանչյուր մեռած վիետնամցի վիետկոնգացի է»։
17-րդ զուգահեռականից դեպի հարավ գյուղացիներն աճեցրել են բրնձի բերք։ Անցնում են ամերիկացի զինվորները՝ նրանց հատուկ բնակավայրեր տեղափոխելու մտադրությամբ։ Գյուղացիները բողոքում են։ Բայց ի՞նչ կարող են անել նրանք՝ անզենները։ Նրանք ասում են․ «Մենք աճեցրել ենք լավ բրինձ, մենք կմնանք այստեղ»։ Եվ դա հունից հանում է երիտասարդ ամերիկացիներին․ «Դա վիետկոնգացիներն են ձեր գլուխը մտցրել։ Նրանք են ձեզ սովորեցրել դիմադրել»։ Զինվորներն այն աստիճան են կորցրել ամեն տեսակ հասկացողություն, որ իրենց սեփական բռնարարքներից բխած թույլ բողոքներն էլ արդեն համարում են քայքայիչ գործունեություն։ Առավել հավանական է, որ նրանք իսկապես հիասթափված են․ նրանք եկել էին վիետնամցիներին փրկելու կոմունիստական ագրեսորներից, բայց շուտով հասկացան, որ վիետնամցիները հենց իրենց են համարում ագրեսոր։ Նրանք ցանկանում էին խաղալ ազատագրողների գրավիչ դերը, բայց հայտնվեցին զավթիչների դերում։ Սա կարող էր դառնալ առողջ ինքնագնահատականի սկիզբը․ «Նրանք մեզ չեն ուզում, բացի այդ՝ մենք այստեղ անելիք էլ չունենք»։ Բայց նրանց բողոքը այդքան հեռուն չգնաց, նրանք պարզապես գազազեցին և իրենց համար որոշեցին, որ յուրաքանչյուր վիետնամցի կասկածելի է հենց միայն բնորոշմամբ։
Եվ իրոք, չկա որևէ վիետնամցի, ով կոմունիստ չէ․ դրա ապացույցը նրանց ատելությունն է յանկիների հանդեպ։ Այստեղ, զինվորների մութ ու ռոբոտանման հոգիներում, մենք գտնում ենք վիետնամական պատերազմի մասին իսկական ճշմարտությունը, այն ամբողջությամբ նման է Հիտլերի կարծիքին։ Նա սպանում էր հրեաներին, որովհետև նրանք հրեա էին։ Ամերիկյան զինված ուժերը Վիետնամում խոշտանգում և սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին, որովհետև նրանք վիետնամցիներ են։ Եվ որքան էլ կառավարությունը ստի ու խորամանկի, ցեղասպանության ոգին իրեն դրսևորում է զինվորների ուղեղներում։ Եվ, այդպիսով, նրանք խորացնում են ցեղասպանության իրավիճակը, որը առաջադրել է իրենց սեփական կառավարությունը։ Վկա Փիթեր Մարտինսենը՝ քսաներեքամյա ուսանողը, ով կես տարվա ընթացքում «հարցաքննում» էր գերիներին, իսկ հիմա չի կարողանում ապրել այդ հուշերով, մեզ ասաց․ «Ես սովորական ամերիկացի եմ, այնպիսին, ինչպիսին յուրաքանչյուր այլ ուսանող է, բայց հիմա ես ռազմական հանցագործ եմ»։ Եվ ավելացրեց․ «Իմ փոխարեն ամեն մեկն էլ կվարվեր նույն կերպ»։ Եվ նա լիովին արդարացի էր։
Նա մոլորված էր լոկ այն առումով, որ այդ մղձավանջային հանցագործությունները վերագրում էր առհասարակ պատերազմի ազդեցությանը։ Ոչ, դա վերացական պատերազմ չէ, այլ պատերազմ, որը ամենահզոր տերություններից մեկը վարում է աղքատ գյուղական ժողովրդի դեմ, պատերազմ, որը սանձազերծվել է նրանց կողմից, ովքեր այն համարում են միակ հնարավոր հարաբերությունը չափազանց զարգացած երկրի և չզարգացած երկրի միջև։ Այլ կերպ ասած՝ ցեղասպանությունն այստեղ ձեռք է բերել ռասիստական հիմքեր։
Ամերիկյան կառավարությունը մեղավոր է ոչ թե այն հարցում, որ միտումնավոր կազմակերպել է վիետնամական ժողովրդի ցեղասպանությունը, այլ այն հարցում, որ ցեղասպանությունն ընտրել է որպես միակ պատասխան պարտիզանական պայքարի մարտահրավերի դեմ։ Մեղավոր չէ նաև այն հարցում, որ, օրինակ, այն դարձրել է իր ռազմավարության և տնտեսության գործիքը։ Գործնականում ցեղասպանությունը հանդես է գալիս որպես միակ հնարավոր արձագանք՝ կեղեքիչների պատճառով ապստամբած ժողովրդի դեմ։ Ամերիկյան կառավարությունը մեղավոր է այն հարցում, որ ցեղասպանությունն իր նպատակը դարձրած պատերազմի ու ագրեսիայի քաղաքականությունը նախընտրել է խաղաղության քաղաքականությանը՝ միակ հնարավոր այլընտրանքին, քանզի դա կհանգեցներ հիմնական նպատակների վերանայմանը՝ խոշոր իմպերիալիստական ընկերությունների կողմից երկրին պարտադրված։ Ամերիկան մեղավոր է այն հարցում, որ վարել և ուժգնորեն շարունակել է պատերազմը, թեպետ իր առաջնորդներից յուրաքանչյուրը, կարդալով ամենօրյա օպերատիվ ամփոփագրերը և զինվորականների զեկույցները, համոզվում էր, որ միակ ելքը Վիետնամը վիետնամցիներից ազատելն է։
Մեղավոր է այն հարցում, որ կեղծել է, խորամանկել է, ստել է և ստել է ինքն իրեն՝ ավելի ու ավելի խճճվելով՝ չնայած յուրահատուկ, անտանելի փորձառությանը, որ քաղել է այն ուղիով ընթանալիս, որտեղից չկա վերադարձ։ Մեղավոր է, սեփական զանցանքի հետևանքով, այն հարցում, որ գիտակցաբար վարել է «օրինակելի» պատերազմ, որն էլ ցեղասպանությունը դարձրել է մարտահրավեր ու սպառնալիք բոլոր ժողովուրդների համար։ Մենք բոլորս ցավ ենք ապրում, երբ գյուղացին մեռնում է բրնձի դաշտում՝ ինքնաձիգի գնդակով խոցված։ Այդպիսով, վիետնամցիները պայքարում են բոլոր մարդկանց համար, իսկ ամերիկյան բանակը մարտնչում է բոլորիս դեմ։ Սա տեսություն չէ և աբստրակցիա չէ։ Պատճառն այն չէ, որ ցեղասպանությունը հանդիսանում է բոլորի կողմից ճանաչված հանցագործություն մարդու իրավունքների դեմ։ Պատճառն այն է, որ ցեղասպանության նենգասպառնալիքը աստիճանաբար տարածվում է ողջ մարդկության վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ արդեն իսկ գոյություն ունի միջուկային պատերազմի նենգասպառնալիքը։
Այս հանցագործությունը մեր աչքերի առջև կատարվել է ամեն օր, և բոլոր նրանք, ովքեր չեն դատապարտել, դարձել են այս հանցագործության մեղսակիցները։
Այդ իմաստով՝ իմպերիալիստական ցեղասպանությունը կարող է հանգեցնել առավել ծանր հետևանքների, քանզի խումբը, որն ամերիկացիները փորձում են ոչնչացնել՝ ոչնչացնելով վիետնամական ժողովրդին, դա հենց ողջ մարդկությունն է։
կտավները՝ Ժանսեմի
COMMENTS