2015թ-ին GQ հանրաճանաչ ամսագրի ռուսաստանյան հրատարակության ներկայացուցիչները հարցազրույց անցկացրին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, ով նախապատրաստվում էր իր մոսկովյան մենահամերգին։
Ազնավուրը՝ մայրենի լեզվի, շախմատի, ոգելից խմիչքի, կանանց և այլնի մասին
Շառլ Ազնավուր և Բրիջիտ Բարդո |
Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է իմ ընկեր Միսաք Մանուշյանը՝ հայ բանաստեղծը և Դիմադրության շարժման հերոսը։ Այդ ժամանակվանից շախմատը դարձել է իմ անփոփոխ կիրքը, նախկինում չէի էլ կասկածում, որ կարող եմ այդքան մոլի խաղացող լինել։ Երբեք չեմ սիրել սպորտը, այնպես որ՝ շախմատն ինձ համար փոխարինեց վազքը կամ բռնցքամարտը։ Խաղում էի շատ՝ նույնիսկ ի վնաս աշխատանքի, քանի որ երբեմն անտրակտից հետո բեմ չէի բարձրանում մինչև խաղատախտակի վրա հերթական քայլն անելը։ Այնտեղ կանգնած խաղաքարերն ինձ թվում էին ավելի կարևոր, քան ինքս եմ։
2․ Փարիզի մասին
Սա այն քաղաքն է, որտեղ ծնվել եմ, մեծացել ու փառքի հասել։ Այս քաղաքն ինձ կրթել է, բայց գալիս է մի ժամանակ, երբ այլևս չես կարող ծնողներիդ հետ ապրել։ Տարիքն առնելով՝ քաղաքի և ամբոխի փոխարեն ուզում ես տեսնել բնությունը։ Փարիզյան հուշարձանները հիասքանչ են, բայց փարիզյան բնությունը քիչ գրավչություն ունի։ Մինչդեռ իմ տան պատուհանից երևում են ձիթենիներ ու թփուտներ։ Գորշ գույնը ես փոխարինել եմ կանաչով։
3․Չարվածի մասին
Իմ կյանքում շատ բան կա, որ չի եղել և արդեն չի էլ լինի։ Ես պիտի երգեի Մարիո դել Մոնակոյի հետ «Կարմենում» կամ խաղայի Մարսել Պանյոլի մոտ՝ Ֆերնանդելի հետ միասին։ Իրականություն չդարձավ։ Բայց սա զուտ արտիստական ափսոսանք է, իսկ իմ սեփական անցյալի համար ես չեմ զղջում։ Ե՛վ քաղցել եմ, և՛ հագեցած եղել, ամեն ինչ էլ պատահել է, բայց ափսոսում եմ լոկ բեմում չարվածի համար։
Շառլ Ազնավուր և Էդիտ Պիաֆ |
Նրա նմանները եզակի են, նույնիսկ՝ իմ երկար կենսագրության էջերում։ Ասում են, թե նա եղել է անհաշտ և հեղինակության հավակնող, բայց ոչ ոք ի վիճակի չէ հասկանալ, որ կարելի է ունենալ 100 հազար տոննա կշռող հեղինակություն և, միաժամանակ, չլինել հեղինակավոր։ Խոսում են թմրանյութերի, ներարկիչների մասին՝ դա անհեթեթություն է։ Ես գիտեմ, քանզի ես նրա կողքին ապրել և աշխատել եմ տարիներ շարունակ։ Նա գոյատևում էր դեղերի շնորհիվ՝ դա ճիշտ է, բայց այն ժամանակ հաբերի մեջ բոլորն էին փրկություն փնտրում, բոլորը դրանց միջոցով բուժվում էին կյանքից։
5․ Նախագահների մասին
Քաղաքական գործիչները միշտ համարել են, որ ես՝ լինելով հայ և վտարանդիների զավակ, լավ ֆրանսիացի եմ։ Իմ բոլոր նախագահներն ինձ ընդունել են որպես հարազատի՝ դեմառդեմ։ Նրանք բոլորը ծանրակշիռ մարդիկ էին, Պոմպիդուն, օրինակ, Լարուսի կազմած հինգ հատորների չափ գիտելիք ուներ, գիտեր այնքան, որ ես նրա կողքին ինձ թերուս էի զգում: Այդ հանդիպումները ես իմ շահերին չեմ ծառայեցրել, ինչով էլ հպարտանում եմ։
6․ Ծիծաղի մասին
Պետք է ծիծաղել։ Ամեն օր։ Առանց բացառության։ Հորդորում եմ․ ծիծաղեք անընդհատ՝ ինքներդ ձեզ և ուրիշների վրա։ Ես ատում եմ լրջությունը, պաշտում եմ հիմարություններ ու անհեթեթություններ ասելը։ Չի կարելի ամբողջ օրը խելացի լինել, պետք է ինքդ քեզ թույլ տաս լինել նաև նույնպիսի իմաստակ, ինչպիսին մյուսներն են։
Շառլ Ազնավուր և Ժակ Բրել |
Ինձ համար հայրենիքը ֆրանսերենն է, որով ապրում եմ և որի քաղաքացին եմ։ Դա Ֆրանսիան է, բայց կան նաև Կանադան, Բելգիան և Շվեյցարիան։ Ես չէի կարողանա ապրել այնտեղ, որտեղ խոսում են օտար լեզվով։ Շատ եմ սիրում Իտալիան, բայց չէի հարմարվի այնտեղ։ Շվեյցարիան այլ է, և ես սկսեցի ապրել այդ երկրում՝ չլքելով Ֆրանսիան․ լեզվին պետք չեն թղթեր ու վիզաներ։
8․ Մայրենի լեզվի մասին
Ոչ բոլոր հայերն են խոսում հայերեն։ Ամերիկայում հայերից շատերն արդեն մոռացել են իրենց մայրենի լեզուն։ Ես, իհարկե, ինձ զգում եմ հայկական ընտանիքում մեծացած հայ, բայց մանկության շրջանում ապրել եմ նաև ռուսալեզու միջավայրում։ Հայկականը, ռուսականը, ֆրանսիականը գումարվել են իրար, և, ի վերջո, գերազանցել է ֆրանսիականը, որովհետև առաջին բառերս արտասանել եմ ֆրանսերեն։ Հետագայում ես, քույրս և դուստրս սովորեցինք հայերեն։ Հիմա հայերեն խոսում եմ առանց առոգանության, բայց մինչ օրս էլ չեմ կարողանում հայերեն կարդալ ու գրել։ Ի վերջո, իմ նախնիները, ովքեր դպրոց չէին հաճախել, ոչ պակաս հայեր էին։ Եվ ո՞վ է ասել, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում։
9․ Հոգնության մասին
Իմ այգիով զբաղվում է այգեպանը, իմ մեքենայով՝ վարորդը։ Ես ինքս ոչինչ չեմ անում։ Ես ստեղծված չեմ դրա համար, ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հոգնում ծանր ֆիզիկական աշխատանքից։ Դա խաղալիք չէ և զվարճանք չէ։ Այդպիսի հոգնություն ես չեմ ուզում։ Իմ հոգնությունն այլ է՝ մտավոր է։ Ես ինքս մտավորական չեմ, բայց իմ հոգնությունը մտավոր է։ Այդպես էլ է պատահում։
Ալեն Դելոն և Շառլ Ազնավուր |
Եթե դու ընտրում ես դերասանի, ծաղրածուի, երգչի արհեստը, ուրեմն՝ թող քեզ բոլորը ճանաչեն։ Թող լվանան ոսկորներդ, քննարկեն հագուստդ և ընկերուհիներիդ։ Նա, ով բեմ է բարձրանում, պիտի պատրաստ լինի այն իրողությանը, որ իր մասին բոլորին ամեն ինչ հայտնի է դառնալու։ Չէ՞ որ դու դա չես անում լոկ այն պատճառով, որ կարողանաս հաց վաստակել, այլ այն նպատակով, որ մարդիկ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, և որպեսզի քո փոքր կյանքը նրանց հետաքրքիր թվա։
11․ Հրաժեշտի հյուրախաղերի մասին
Մի լրագրողուհի իմ ելույթների մասին ամեն անգամ գրում է՝ «Հրաժեշտի շրջագայություն» կամ «Հրաժեշտի հյուրախաղեր»։ Զվարճալի է։ Ես դրա հետ կապ չունեմ, ես չեմ պատրաստվում որևէ մեկին հրաժեշտ տալ։ Գուցեև նրան պարզապես դուր չի՞ գալիս այն, ինչ ես անում եմ, և նա հույս ունի, թե ես վերջապես կերգեմ իմ հրաժեշտի երգն ու ձայնս կկտրեմ։
Լայզա Մինելի, Շառլ Ազնավուր, Ժան-Կլոդ Բրիալի |
Ես ծխելը թողեցի ոչ շուտ, քան ստիպված եղա դա պարտադիր անել։ Ես կոնծելը թողեցի միայն այն ժամանակ, երբ պետք էր կանգ առնել։ Բայց՝ ուշադրությո՛ւն։ Հենց «կոնծելը» և ոչ թե պարզապես «գինի խմելը»։ Ես ուտում եմ ճիշտ կեսը այն սննդի, որ ինձ մատուցում են ափսեով։ Ոչ մի ավելացում և երկրորդ չափաբաժին։ Ես վարում եմ հանգիստ ընտանեկան կյանք՝ առանց սկանդալների ու դրամաների, և մտադիր եմ այդպես ապրել շատ տարիներ։
13․ Բառախաղի մասին
Ես շատ հարուստ բառապաշար ունեմ։ Թերևս, ամենահարուստը բոլոր նրանց թվում, ովքեր այժմ զբաղվում են ֆրանսիական երգարվեստով։ Եղել է Ժորժ Բրասենսը՝ հսկայական և բարդ բառապաշար ունեցող իսկական բանաստեղծ, եղել է Շառլ Թրենեն, եղել է Գի Բեարը, եղել է Ժան Ֆերան․ այժմյանները չունեն այնպիսի ֆրանսերեն, որին տիրապետում էինք մենք։ Նրանք չունեն ո՛չ բառարան, ո՛չ էլ այդ բառարանը ստեղծելու ցանկություն։ Դա էլ տարբերակ է։ Ես սիրում եմ բառեր հորինել, այնպիսի բառեր, որոնք կապշեցնեին ունկնդրին։ Եթե երգում ես ֆրանսերեն, ապա պետք է լինես հինգերորդ սերնդի ցանկացած ֆրանսիացուց ավելի հնարամիտ։
Շառլ Ազնավուր և Նատալյա Բելոխվոստիկովա |
Գաղթականը, օտարազգին ինչպե՞ս գոյություն պահպանի այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է։ Սիրելով այդ երկիրը և ամուսնանալով այդ երկրի հետ։ Իսկ հետո, ինչպես ցանկացած զույգի պարագայում է, երկրորդ կեսիդ սիրելով՝ անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի։ Թեպետ և՛ զույգի, և՛ երկրի պարագայում տարբեր իրավիճակներ են լինում։
15․ Գեղեցկուհիների մասին
Ինձ առաջվա պես դուր են գալիս գեղեցկուհիները, չէ՞ որ ես արվեստագետ եմ։ Պետք է գնահատել կնոջ գեղեցկությունը։ Բայց իմ կինը կարող է ինձ մոտ գալ ցանկացած պահի՝ չվախենալով իմ գրկում տեսնել այլ կնոջ։ Ընտանեկան կյանքը չափազանց կարևոր է։ Ես հավատարիմ եմ եղել իմ բոլոր կանանց և դավաճանել եմ իմ բոլոր սիրուհիներին։
COMMENTS