«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»։ «Համլետ», Ուիլյամ Շեքսպիր
Տարիներ շարունակ ռեժիսոր Գրիգորի Կոզինցևն ուսումնասիրում էր Շեքսպիրի արվեստը։ 1954թ-ին Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում նա բեմադրեց «Համլետը»։ Դեռևս այդ ժամանակ ռեժիսորը ձգտում էր ժամանակակից ոճում ներկայացնել Դանիայի արքայազնին։ Պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ։ Այնուհետև լույս ընծայվեց Կոզինցևի «Մեր ժամանակակից Ուիլյամ Շեքսպիրը» գիրքը՝ գրողի արվեստի խոր ուսումնասիրության արդյունքը։ «Համլետի» մասին մտքերին այս գրքում նվիրված են բազմաթիվ էջեր։ Վերլուծելով ողբերգությունը՝ Կոզինցևը Համլետի կերպարում տեսնում է ճշմարտության մարտիկի՝ ընդդեմ չարիքի ու անարդարության։ Ռեժիսորը ֆիլմը ստեղծում էր ութ տարի։ Նա ասում էր․ «Մենք փորձել ենք նշանավոր ողբերգությունը նվազագույնս հարմարեցնել կինոյին։ Մեզ համար կարևոր էր էկրանի վրա պահպանել Շեքսպիրի ստեղծագործության մտքի ու զգացմունքի մասշտաբը»։ Այդ իսկ պատճառով ֆիլմի գլխավոր թեմաները՝ Համլետի՝ որպես օտարների մեջ հայտնված մարդու դրությունը, բանտ դարձած Դանիայի պատկերը, փոխհարաբերությունների բնույթը, որ թույլ է տալիս ժպտալ և լինել չարագործ, լուծվում են ճշմարիտ կինեմատոգրաֆիական միջոցներով, ընդգծվում են դիտարժան կերպարայնությամբ՝ ռեժիսորի և օպերատոր Իոնաս Գրիցյուսի կողմից հիանալի արտացոլված։
Սմոկտունովսկու Համլետն ուժեղ, վճռական մարդ է։ Նա ի սկզբանե պատրաստ է կատարել իր պարտքը՝ վրեժ լուծել Կլավդիոսից։ Մարդը չարիքի աշխարհում․․․ Բայց մարդ, ով չի համակերպվել չարիքի հետ, այլ ապստամբել է դրա դեմ՝ կործանվելով, սակայն չկոտրվելով այդ պայքարում։ Շեքսպիրի գաղափարը չարիքին հակադրվելն է։ Սմոկտունովսկու համար գոյություն չունի «լինել, թե չլինել» հարցը, նրա համար կա միայն «լինելը»։ Այդ պատճառով էլ հանդիսատեսը նրա «Լինել, թե չլինել» մենախոսությունը (ի դեպ, ֆիլմում այն հնչում է ոչ ամբողջությամբ) չընկալեց որպես կասկածների ու տատանումների գագաթնակետ՝ թեկուզ հենց միայն այն առումով, որ Համլետին չէր ընկալում որպես կասկածող ու տատանվող մարդու։ Շեքսպիրն իր հերոսին օժտել է ահռելի հոգեկան կամքով և մտավոր էներգիայով։ Ինչպես արդարացիորեն նկատել է քննադատներից մեկը, «Համլետ-Սմոկտունովսկու մենախոսությունը ավելի շուտ շավղից դուրս ընկած աշխարհում կյանքի սարսափի սթափ գիտակցումն է»։ Չարիքը մարմնավորող գլխավոր կերպարը արքա Կլավդիոսն է՝ Միխայիլ Նազվանովի կատարմամբ։ Նա խորամանկ է, կեղծավոր քաղաքավարի, իրեն պահում է հովանավորաբար և բարեկիրթ ժպտում է Համլետին՝ ի պատասխան վերջինիս բոլոր մեղադրանքների։ Պոլոնիուսը (Յուրի Տոլուբեև) մեզ ներկայանում է որպես բավականին սահմանափակ կերպար։ Նա նույնիսկ չար չէ, նա պարզապես հիմար է, և Համլետն իզուր չէ նրան անվանում «ձկան առևտրական»։
Շեքսպիրն իր հերոսներից յուրաքանչյուրի համար կանխորոշել է իրենց արժանի մահ։ Պոլոնիուսը սպանվում է մանր լրտեսի ու բանսարկուի պես։ Անվանի դերասան Տոլուբեևը Պոլոնիուսի դերը մեծ հաջողությամբ արդեն խաղացել էր Պուշկինի անվան թատրոնում, իսկ էկրանի վրա այն լիովին վերափոխեց։ Նրա տեքստը զգալիորեն կրճատվել էր, բայց երբ ռեժիսորը նրան ասում էր՝ «եկեք ավելացնենք ռեպլիկները», նա պատասխանում էր՝ «ֆիլմի համար դա պետք չէ»։ Թեպետ «Համլետի» բեմադրությունից անցել էր տասը տարի, բայց Կոզինցևը, միևնույն է, փայփայում էր իր երբեմնի արդյունքը։ Թատերական Հորացիոն նույնությամբ տեղափոխվել է ֆիլմ (բեմադրությունում և ֆիլմում այդ դերը կատարում էր Վլադիմիր Էրենբերգը)։ Օֆելիայի դերը Կոզինցևի ֆիլմում կատարում է Անաստասիա Վերտինսկայան։ Հետագայում նա վերհիշում էր․ «Կոզինցևն ուներ ֆիլմի և այդ ֆիլմում Օֆելիայի կերպարի ամբողջական պատկերացում, նա ինձնից պահանջում էր միջնադարյան տիկնանց բնորոշ աղոտ հայացք, խորհուրդ էր տալիս այցելել Էրմիտաժ, իսկ ես նայում էի հայելուն, իմ հայացքում չէի տեսնում աղոտություն և ինձ համարում էի լրիվ անտաղանդ․․․ Կոզինցևը հրաշալիորեն գտավ իմ Օֆելիայի արտաքին նկարագիրը, ես սկսեցի հասկանալ դերի քանդակապատկերը, գրաֆիկան․․․»։
«Համլետը» սև-սպիտակ ֆիլմ է․ գույների ճչացող բազմազանությունը, ռեժիսորի համոզմամբ, չէր համապատասխանում ողբերգության ժանրին։ Առաջին իսկ կադրերից հետո իջեցվում են ամրոցի դարպասների հսկայական վանդակաճաղերը, և դրանք կրկին բարձրանում են լոկ այն ժամանակ, երբ Էլսինորից դուրս են բերում Համլետի մեռած մարմինը։ Տաղանդավոր նկարիչ Եվգենի Ենեյի կողմից ստեղծված միջնադարյան ամրոցն ընկալվում է որպես ոսկեզօծ բանտ։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը, որը հիանալիորեն փոխանցում է դարաշրջանի բնույթը, ֆիլմի հյուսվածքը կազմող իրադարձությունների ոգին։ Շոստակովիչն արդեն գրել էր երաժշտություն թատերական բեմադրության համար, և Կոզինցևը կարծում էր, թե կոմպոզիտորն ընդամենը նորովի կգործիքավորի այն և ինչ-որ ձևով կլրացնի։ Սակայն Շոստակովիչը հայտարարեց․ «Այդ երաժշտությունից ոչ մի նոտա չեմ օգտագործի․․․»։ Եվ ամեն ինչ զրոյից ստեղծեց։
«Համլետը» կոստյումային ֆիլմ է, պատմական կինոնկար։ Անհրաժեշտ էր արտացոլել դարաշրջանը, գործող անձանց հագցնել տվյալ ժամանակաշրջանին համահունչ հանդերձանք։ Միայն Համլետի կերպարը ստեղծելու ուղղությամբ նկարիչ Սուլիկո Վիրսալաձեն աշխատել էր երկու ամիս։ Հակառակ Կոզինցևի սկզբնական գաղափարին՝ մազերի «անհնազանդ դեզի» և պարզ բաճկոնի վերաբերյալ, Համլետը վարսահարդարվեց և հագնվեց որպես ողբերգական լիազորություններով անձ։ Համենայնդեպս, նրա սև ծալքավոր վերնահագուստում՝ ծանր, ասես մարմինը վարագուրող, և սպիտակ վերնաշապիկներում՝ իրենց անկաշկանդ կամ հանդիսավոր օձիքներով, ժամանակակից ոչինչ չկար։
«Համլետն» էկրան բարձրացավ 1964թ-ին՝ Շեքսպիրի ծննդյան 400-ամյա հոբելյանի առթիվ։ Կոզինցևի ֆիլմը «Համլետի» առաջին ռուսական էկրանավորումն էր (աշխարհում՝ 17-րդը)։ Հետաքրքրական է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ֆիլմը կինովարձույթում զբաղեցրեց ընդամենը 19-րդ տեղը (այն դիտեց շուրջ 21 մլն մարդ), իսկ արտերկրում ֆիլմն ընդունեցին ցնծությամբ։ Կոզինցևի «Համլետի» համար իսկական փորձություն էր ցուցադրությունը Լոնդոնում՝ հոբելյանի կապակցությամբ կազմակերպված շեքսպիրյան թեմաներով ֆիլմերի մեկշաբաթյա կինոդիտումների շրջանակներում։ Անգլիացիներն այս Համլետին համարեցին ավելի ժամանակակից, քան նույնիսկ Լոուրենս Օլիվիեի Համլետին։ Ջեյմս Քենեդին The Guardian թերթում գրեց․ «Ինչ վերաբերում է դերասաններին, ապա ես անգլիական բեմում երբեք չեմ տեսել (անգամ Օլիվիեի հրաշալի ֆիլմում, եթե խոսքը դրան հասավ) «Համլետի» այնպիսի դերակատարների, ովքեր կլինեին նույնքան տպավորիչ ու համոզիչ, որքան այդ ռուսները։ Ինքը՝ շիկահեր Համլետը (Սմոկտունովսկին)՝ տագնապահույզ, ինչպես պիրկ ձգված աղեղը, նրբակազմ և առանց կանացիության զգայական անհանգիստ պատանին՝ գործողությունների ընթացքում ողբերգական տղամարդու վերածվող, հիասքանչ էր իր խաղով»։
Կոզինցևի «Համլետի» հաջողության մասին վկայում են նաև պարգևները, որոնք ֆիլմը ստացել է Սան Ֆրանցիսկոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի կինոփառատոններում, Բրիտանական կինոինստիտուտի մրցանակը․․․ Այս «Համլետով» է Նյու Յորքի լինքոլնյան կենտրոնը սկսել աշխարհի լավագույն ֆիլմերի իր ցուցադրությունը։ Խորհրդային կինոսերների գնահատմամբ՝ «Համլետը» 1964թ-ին ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Սմոկտունովսկին՝ տարվա լավագույն դերասան։
Իգոր Մուսսկի
«100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից
COMMENTS