«Ապաշխարանքը» ռեժիսորական եռագրության երրորդ ֆիլմն է՝ «Աղերս», «Ցանկության ծառը», «Ապաշխարանք»։

ռեժիսոր՝ Թենգիզ Աբուլաձե
սցենարի հեղինակներ՝ Նանա Ջանելիձե, Թենգիզ Աբուլաձե, Ռեզո Կվեսելավա
օպերատոր՝ Միխայիլ Ագրանովիչ
կոմպոզիտոր՝ Նանա Ջանելիձե
դերերում` Ավթանդիլ Մախարաձե, Իա Նինիձե, Զեյնաբ Բոցվաձե, Քեթևան Աբուլաձե
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1984թ
տևողությունը՝ 2ժ 33ր
- Այս ճանապարհը վա՞նք է տանում:
- Սա Վառլամի ճանապարհն է: Այս ճանապարհը չի տանում դեպի վանք:
- Այդ դեպքում ինչի՞ համար է այն: Ո՞ւմ է պետք ճանապարհը, եթե այն չի հասցնում վանքի մոտ:
Քաղաքում հուղարկավորում են նախկին ղեկավար Վառլամ Արավիձեին։ Սակայն առավոտյան Արավիձեի դին գտնում են նրա որդու տան առաջ։ Եվ դա կրկնվում է օրեր շարունակ։ Պարզվում է, որ շքեղ հուղարկավորության ժամանակ ոչ բոլորն են տխուր։ Մի գիշեր Վառլամ Արավիձեի գերեզմանի մոտ կատարվում է հսկողություն, որին մասնակցում է նաև նրա թոռը՝ Թոռնիկեն։ Երբ անհայտ մեկը մոտենում է գերեզմանին, որպեսզի հերթական անգամ հանի դին, Թոռնիկեն կրակում է նրա վրա ու վիրավորում։ Անհայտ գերեզմանափորը Քեթևան Բարաթելի անունով մի կին է։ Դատարանում նա ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը և այն, թե ինչ դեր է ունեցել Վառլամ Արավիձեն իր հարազատների կործանման գործում։
Երբ Քեթևանն ութ տարեկան է եղել, քաղաքում իշխանության գլուխ է անցել Վառլամ Արավիձեն, ով կեղծ մատնության հիման վրա ձերբակալել է Քեթևանի նկարիչ հորը, իսկ հետո նաև մորը՝ Նինոյին։ Հետագայում բացահայտվում է, որ Վառլամ Արավիձեի ղեկավարության տարիներին քաղաքում զանգվածաբար տեղի են ունեցել քաղաքական բռնաճնշումներ, որոնց զոհն են դարձել մեծ թվով անմեղ մարդիկ...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմում օգտագործել են հատվածներ Արամ Խաչատրյանի, Արվո Պյարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործություններից։
- Ֆիլմը ռուսերեն է թարգմանել ու հնչյունավորել վրացի բանաստեղծ Միխեիլ Կվլիվիձեն:
- Սկզբում ֆիլմի գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Գերման Կոբախիձեն։ Սակայն հետո, երբ Կոբախիձեն 1983 թվականի նոյեմբերին մասնակցել է Ту-134 ինքնաթիռի գրավման փորձին, նրա մասնակցությամբ տեսարանները վերանկարահանվել են։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
- «Գրան-պրի», FIPRESCI-ի և էկումենիկ ժյուրիի մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Նիկա» մրցանակ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն նկարչական աշխատանքի և տղամարդու լավագույն դերակատարման համար: