«Մարդկային միտքն առանց մարդասիրության բացարձակապես անօգուտ է»։ Ակի Կաուրիսմյակի
 |
«Հավր», 2011թ |
60-ամյա ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Կաննի և Բեռլինի կինոփառատոների դափնեկիր Ակի Կաուրիսմյակին ֆիննական կինեմատոգրաֆի ամենահայտնի ներկայացուցիչն է: Կաուրիսմյակիի ֆիլմերն աչքի են ընկնում դերասանական համոզիչ խաղով, կինեմատոգրաֆիական պարզ պատմողականությամբ և սուր հումորի առկայությամբ: Նրա ռեժիսորական ոճի ձևավորման վրա ազդեցություն են ունեցել Ժան-Պիեռ Մելվիլը, Ռայներ Վերներ Ֆասբինդերը և Ռոբեր Բրեսոնը: Ինքը՝ ռեժիսորն իր ստեղծագործական մեթոդը որակավորում է հետևալ կերպ. «Ես տառապում եմ շիզոֆրենիայով: Նկարահանում եմ որևէ լուրջ ֆիլմ, ապա մի այնպիսի ֆիլմ, որը կարելի է բնութագրել որպես «խելքից դուրս», իսկ հետո վերադառնում եմ նախորդ տարբերակին»:
 |
«Բոհեմի կյանքը», 1992թ |
Կաուրիսմյակին ծնվել է 1957 թվականի ապրիլի 4-ին ֆինլանդական Օրիմաթիլա քաղաքում: Նա տնտեսագետ Յորմայի և նրա կնոջ՝ Լեենայի երրորդ զավակն էր: Ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը, ուստի Ակին դպրոցն ավարտեց Կանկաանպյաա քաղաքում: Այդ ժամանակ ապագա ռեժիսորն արդեն լրջորեն հետաքրքրվում էր կինեմատոգրաֆով, սակայն կինոդպրոց ընդունվել նրան չհաջողվեց, քանի որ, ընդունող հանձնաժողովի կարծիքով, Ակին «չափազանց ցինիկ էր»: Արդյունքում՝ Կաուրիսմյակին ընդունվեց Տամպերեի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սակայն ընդամենը երկու տարի սովորեց այնտեղ: Մինչ կինեմատոգրաֆիստի կարիերան սկսելը նա հասցրել էր աշխատել որպես բեռնակիր, տպագրության օպերատոր, բանվոր, նամակատար, նկարիչ, լրագրող և սպասք լվացող: 1981թ-ին ավագ եղբոր՝ Միկայի հետ, ով Մյունհենի կինոդպրոցի շրջանավարտ էր, Ակին հիմնադրում է Villealfa կինոընկերությունը: Ընկերության անվանումը Ժան-Լյուկ Գոդարի «Ալֆավիլ» գիտաֆանտաստիկ ֆիլմի ձևափոխված տարբերակն էր։ Կաուրիսմյակիի ռեժիսորական դեբյուտը «Ոճիր և պատիժ» վեպի մոդեռնիզացված էկրանավորումն էր 1983թ-ին: Նրա ֆիլմերում իրադարձությունների էպիկենտրոնը Հելսինկին է, որը ցուցադրվում է առավելագույնս ռեալիստական՝ առանց ռոմանտիկ երանգավորումների։
«Կա ազատության երեք տեսակ․ ազատություն, որը տալիս է քաղաքականությունը, ազատություն, որը տալիս է փողը, և ոգու ազատություն, որը տեսնում ենք Դոստոևսկու պարագայում։ Իմ ազատությունը չորրորդ տեսակից է՝ թափառական շան ազատությունը»։ Ակի Կաուրիսմյակի
 |
«Քաղաքային ծայրամասի լույսերը», 2006թ |
Այդուհանդերձ, Կաուրիսմյակիի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Բոհեմի կյանքը», որը հիմնված է Անրի Մյուրժեի «Տեսարաններ բոհեմի կյանքից» վեպի վրա, նկարահանվել է Փարիզում: Այստեղ հատուկ երանգների օգտագործման խնդիր ընդհանրապես դրված չէր, քանի որ ռեժիսորը ֆիլմի ողջ պատկերը տվել է սևի ու սպիտակի սահմաններում: Կաուրիսմյակին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Լենինգրադյան քովբոյները մեկնում են Ամերիկա» (1989թ) ֆիլմով: 2002թ-ին Կաննի կինոփառատոնում Կաուրիսմյակիի «Մարդն առանց անցյալի» ֆիլմն արժանացավ Գրան-պրի մրցանակի, իսկ հաջորդ տարի նույն ֆիլմը մասնակցեց «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: 2006թ-ին նրա «Քաղաքային ծայրամասի լույսերը» ֆիլմն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ 2017թ-ի փետրվարին Կաուրիսմյակիի «Հույսի հակառակ կողմում» ֆիլմն ընդգրկվեց Բեռլինի 67-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում՝ ստանալով «Արծաթե արջ» մրցանակ՝ ռեժիսորական լավագույն աշխատանքի համար: Չսպասելով դիտումների ավարտին՝ Կաուրիսմյակին հենց Բեռլինում հայտարարեց, թե սա իր վերջին ֆիլմն է, քանի որ ինքը մտադիր է հեռանալ կինոյից: Այսօր Ակի Կաուրիսմյակին հյուրանոցի, բարի, մի քանի ռեստորանների և կինոթատրոնի համասեփականատեր է: Բացի այդ՝ մեծանուն ֆինն ռեժիսորը հանդիսանում է Midnight Sun միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը։
Ակի Կաուրիսմյակիի կյանքի օրենքները
 |
«Մարդն առանց անցյալի», 2002թ |
«Պետությունները, որոնք չեն կարողանում կառավարել իրենց ժողովրդին, ձգտում են դեպի տիեզերք: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը կարծում են, թե տիեզերքի միջոցով պետք է վաստակեն իրենց քաղաքացիների հարգանքը: Իսկ քաղաքացիները, վստահ եմ, այդ տիեզերագնացների մասին մտածում են՝ գնացե՛ք գրողի ծոցը»:
«Երջանկությունը անհուն զայրույթի, անելանելիության մեջ է: Մելամաղձությունը երջանկության գագաթնակետն է»:
«Կյանքի իմաստը բնությունը և մարդուն հարգող սեփական բարոյական արժեքների ընտրությունն է և այդ արժեքներին հետևելը»։
«Ալկոհոլը մարդու և հասարակության միջև միջնորդ է: Ես ինքս արդեն 35 տարի կոնծում եմ, իսկ հիմա ինձ մոտ ժամանակավոր դադար է: Սա իմ հսկողության համակարգն է»։
«Ես ազատ չեմ: Յուրաքանչյուրն ի սկզբանե իր մշակութային ավանդույթի գերին է: Եվ, բացի այդ, եթե ինձ խոշտանգումների ենթարկեին, ես միանգամից կհանձնվեի»:
 |
«Լենինգրադյան քովբոյները մեկնում են Ամերիկա», 1989թ |
«Շունը միակն է, որ արժանի է լուրջ զրույցի: Երբեմն այգում զբոսնելիս տեսնում ես կանանց, ովքեր այնպես են խոսում իրենց շների հետ, ասես դրանք իրենց ամուսիններն են, որոնց նրանք կորցրել են: Նրանք խելագար չեն, նրանք պարզապես սիրել են»։
«Հոլիվուդը մեռած օձ է, որի պոչը շարժվում է: Նրանք կարծում են, թե արհեստական արբանյակների և հայելիների միջոցով կարող են հետաձգել մայրամուտը: Հիշո՞ւմ եք՝ գիշերային Չիկագոյի լուսավորման համար այդպիսի ծրագիր էր մշակվել: Բայց Հոլիվուդը մահացավ 1961թ-ին, երբ Նիքոլաս Ռեյը նկարահանեց «Արքայից արքա» ֆիլմը՝ այդ պատվիրված աղբը: Ռեյը բողոքում էր Բունյուելին, մինչդեռ Բունյուելն ի պատասխան հարցրեց․ «Ուրեմն ինչո՞ւ ես այդ գործով զբաղվում»: Մինչդեռ այդ նույն ժամանակ Բունյուելն իր տան հարևանությամբ ֆիլմ էր նկարահանում և հասցնում էր տանը ճաշել: Սրանով փորձում եմ ասել, որ ոչ ոք ոչինչ չպետք է անի իր դեմ: Ինչո՞ւ գնամ Հոլիվուդ և լինեմ ինչ-որ հիմարների գերին: Չէ՞ որ Հոլիվուդից դեռևս ոչ ոք չի վերադարձել իր նախկին կյանքին»։
«Ներկայումս իմ հավակնությունների բարձրակետը անտառում հիանալի սպիտակ սունկ գտնելն է։
 |
«Հույսի հակառակ կողմում», 2017թ |
«Մի քանի անգամ ես ստիպված եմ եղել փոխզիջման դիմել և ատում եմ դա: Մարդը, ով իր ֆիլմը հանձնել է «Օսկարի» հանձնաժողովի դատին (խոսքը Կաուրիսմյակիի «Մարդն առանց անցյալի» ֆիլմի մասին է), անբարոյական է: Եվ ինձ համար ծանրակշիռ արդարացում չէ այն, որ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ես ձկնորսությամբ էի զբաղվում Ֆինլանդիայում»։
«Ես շատ մոտ եմ բռնությանը, երբ իմ ներկայությամբ ասում են, թե մարդը միակ կենդանի էակն է, որ կարողանում է ժպտալ: Ես տեսել եմ, թե ինչպես են ժպտում թռչունները: Եվ թող սա անընդունելի հնչի քաղաքաբնակների համար, բայց այնպիսի համեստ ժպիտ, ինչպիսին որմզդեղնինն է, ես երբեք չեմ հանդիպել»։
«Պարզվեց, որ մարդը պատահականորեն զվարճալի, բայց ոչ այնքան կարևոր տեղ գտավ Երկրի պատմության մեջ: Բնական պաշարները հասնում են սպառման եզրագծին: Կարծում եմ, շուտով մարդը կիրագործի իր ամենահպարտ արարքը՝ կոչնչացնի ինքն իրեն՝ Երկիրը ոչնչացնելու համար: Ես կցանկանայի լավատես լինել, բայց այս տեմպով շարունակելու դեպքում Երկրի վերջը վրա կհասնի արդեն 2020-2040թթ-ներին»։
 |
«Յուհա», 1999թ |
«Միշտ թվում է, թե սքանչելին շա՜տ հեռու է: Ըստ Թերի Գիլիամի, Մել Բրուքսի, ռուս գրողներ Իլֆի և Պետրովի՝ սքանչելին Բրազիլիան է: Իսկ ինձ համար Պորտուգալիան էր՝ եվրոպական աշխարհամասում Ֆինլանդիայից ամենահեռու գտնվող երկիրը: Այնքան հեշտ է երևակայել, թե հենց այնտեղ է երջանկությունը քեզ սպասում: Բայց, իհարկե, մենք գիտենք, որ ոչինչ էլ չկա հեռվում»:
«Երբևէ տեսե՞լ եք երջանիկ հարբեցողի: Երևի միայն երեկոյան: Իսկ երեկոյան բոլորն են երջանիկ»։
պատրաստեց Էլեն Հակոբյանը