Իգոր Մուսսկի, «100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից
Անդրեյ Զվյագինցևն ու ֆիլմի պատանի դերակատարները |
Անդրեյ Զվյագինցևը կինոռեժիսուրա սովորել է ինքնուրույն։ Նա ավարտել է Նովոսիբիրսկի թատերական ուսումնարանը, տեղի Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես է եկել դերակատարումներով, իսկ 1986թ-ին ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ։ Երեք կարճամետրաժ է նկարահանել «Սև սենյակը» սերիալի համար, բայց ի սկզբանե երազել է մեծ էկրանի համար ֆիլմ նկարահանելու մասին։ Սցենարիստներ Վլադիմիր Մոիսեենկոն և Ալեքսանդր Նովոտոցկին 2000թ-ին լիամետրաժ ֆիլմի սցենար գրեցին՝ «Դու» անվանմամբ։ Զվյագինցևն ընթերցեց սցենարը և անմիջապես ցանկացավ այն բեմադրել․ «Սցենարը բացառիկ է, եթե այնտեղ տեսնում ես իրական մարդկանց, լսում ես երկխոսությունները»։ Իհարկե, որոշ փոփոխություններ, նա, այնուամենայնիվ, կատարեց՝ սկիզբը, վերջը, գլխավոր հերոսների անունները։
Շարադրված պատմությունը առավելագույնս պարզ է և, թվում է, կարող էր տեղի ունենալ ցանկացած ժամանակաշրջանում և ցանկացած երկրում։ Եղբայրներ Իվանի և Անդրեյի (Իվան Դոբրոնրավով և Վլադիմիր Գարին) կյանքում անակնկալ կերպով հայտնվում է իրենց հայրը (Կոնստանտին Լավրոնենկո), ով նրանց ծանոթ էր միայն լուսանկարով։ Տասներկու տարվա բացակայությունից հետո նա ժամանում է նախկին կնոջ տուն (Նատալյա Վդովինա)։ Ի պատասխան կնոջ՝ երեխաների հետ ժամանակ անցկացնելու խնդրանքի, հայրը տղաներին տանում է ձկնորսության։ Սկսվում է բնավորությունների հակամարտությունը։ Ֆիլմի հերոսները հայտնվում են մի կղզում։ Փոխադարձ գանգատները հասցնում են բացահայտ բախման, որն ավարտվում է հոր պատահական մահով․․․
Տղաների դերակատարներին փնտրում էին կես տարի շարունակ։ Ուսումնասիրում էին հարյուրավոր թեկնածուների։ «Ես սպասում էի այդ հանդիպմանը,- պատմել է Զվյագինցևը։- Թե՛ Վանյա Դոբրոնրավովի, թե՛ Վոլոդյա Գարինի հետ իմ ստեղծագործական կապը հաստատվեց անմիջապես, երբ առաջին անգամ տեսա նրանց։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես ոչ թե նրանք են եկել ինձ մոտ քասթինգի, այլ ես եմ եկել նրանց մոտ։ Զգացի նրանց հասուն հոգիները։ Վանյան ապրում էր Մոսկվայում, Վոլոդյան՝ Պետերբուրգում․․․»։ Հոր դերում հաստատվեց Կոնստանտին Լավրոնենկոյի թեկնածությունը։ Զվյագինցևը նրան 1992թ-ին տեսել էր թատերական ներկայացումներից մեկում և ապշել էր նրա դերասանական խաղից։ Անհավանական էր, որ տարիներ անց նրան հաջողվեց կապ հաստատել դերասանի հետ։
«Մեր ֆիլմը ստեղծվել է դեբյուտանտների կողմից՝ հնչյունային օպերատորը, հագուստների նկարիչը, կոմպոզիտորը, պրոդյուսերը, նրանց բոլորի համար էլ սա առաջին աշխատանքն էր կինոյում, դերասանների համար՝ նույնպես։ Հոր դերակատար Կոնստանտին Լավրոնենկոն 1984թ-ին մասնակցել էր նկարահանումների, բայց արդեն մոռացել էր այդ մասին,- վերհիշում է Անդրեյ Զվյագինցևը։- Ինձ թվում է, որ դեբյուտանտների էներգիան, այն մարդկանց էներգիան, ովքեր խիզախում են և ցանկանում են ինչ-որ մի նոր բան անել, չափազանց բարերար ուժ է։ Այդ մարդիկ չեն պահանջում մեծ ուշադրություն իրենց հանդեպ և չեն պահանջում մեծ հոնորարներ, նրանք պարզապես ցանկանում են կինո նկարահանել»։ Օպերատոր Միխայիլ Կրիչմանն ավարտել էր պոլիգրաֆիայի ինստիտուտը, աշխատել էր հեռուստատեսությունում՝ որպես մոնտաժոր։ Օպերատորական աշխատանքը նա սովորել էր մասնագիտացված ամսագրերի միջոցով։ «Վերադարձ» ֆիլմում նրան օգնում էր փորձառու երկրորդ օպերատոր Եվգենի Մայորովը։ Կոմպոզիտոր Անդրեյ Դերգաչովը չէր տիրապետում նոտագրությանը, բայց, Զվյագինցևի խոսքերով, «նա օժտված էր բնատուր ճաշակով, երաժշտական անթերի հոտառությամբ և մի տեսակ անհավանական նրբանկատությամբ»։ Նա, տանը նստած, երաժշտություն էր հորինում իր համակարգչով։ Եվ օրերից մի օր Զվյագինցևը լսեց այդ երաժշտությունն ու անմիջապես հրապուրվեց։ «Վերադարձի» համար Դերգաչովը երաժշտություն էր հորինում մի ամբողջ տարի։
դեբյուտանտները՝ ռեժիսորը, օպերատորը և դերակատարները |
Ճանաչված կինոքննադատ Անդրեյ Պլախովի գնահատմամբ՝ «Վերադարձն» ամենևին էլ պարզ ֆիլմ չէ։ Ուշադիր հանդիսատեսը նկատում է, որ հոր ժամանելու օրը տղաներն Աստվածաշնչում բացում են այն նկարազարդումը, որտեղ Աբրահամը զոհաբերում է Իսահակին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են բիբլիական արարման յոթ օրերի ընթացքում՝ կիրակիից մինչև շաբաթ։ Որդիները հորը առաջին անգամ տեսնում են քնած՝ հանգուցյալի պես, և այդ տեսարանում, ինչպես նաև ֆիլմի ավարտին նա նման է Անդրեա Մանտենյայի նշանավոր կտավում պատկերված մեռած Քրիստոսին։ Երբ այդ կադրերը երևացին Վենետիկի կինոփառատոնի մեծ էկրանին, դահլիճում անմիջապես լսվեց «Մանտենյա» հիացական արձագանքը։ Երբ հայրը տղաներին նավակով տանում է խորհրդավոր կղզին, այդ պահին նմանվում է հունական դիցաբանության հերոս Քարոնին, ով մեռյալների հոգիները Ստիքս գետով տեղափոխում էր Հադեսի թագավորություն։ Եվ առհասարակ՝ նա իր կոպիտ պահվածքով ու քչախոսությամբ հիշեցնում է անդրաշխարհից եկած հյուրի։
Քննադատները գնահատել էին նաև պատանի դերասանների խաղը։ Թվում է՝ նրանք ոչ թե խաղում են, այլ ապրում են մեծ էկրանին։ Ցավոք, այդ տաղանդավոր տղաներից մեկը ողբերգական վախճան ունեցավ։ 2003թ-ի հունիսի 25-ին, ֆիլմի առաջին կադրի նկարահանումներից ճիշտ մեկ տարի անց, 16-ամյա Վլադիմիր Գարինը խեղդվեց Օսինովեցի լճում։ Նա ստացել էր երաժշտական կրթություն, հետո հրապուրվել էր դերասանական արվեստով, հաջողությամբ հանդես էր եկել պետերբուրգյան թատրոններից մեկի բեմում։ Նրա մահը ողբերգական էր ու անսպասելի․․․
Անդրեա Մանտենյայի կտավի նմանությամբ |
16-ամյա Վլադիմիր Գարինը ողբերգականորեն զոհվեց ֆիլմի պրեմիերայից երկու ամիս առաջ |
մոր դերակատարուհի Նատալյա Վդովինան |
«Վերադարձի» նկարահանման հրապարակում |
«Երբեք այսպիսի զգացողություններ չէի ունեցել,- պատմում է ռեժիսորը,- ինձ ապշեցրել էր ոչ թե բուն պարգևատրման արարողությունը, այլ մրցութային ցուցադրությունը, որին ներկա հանդիսատեսը ֆիլմի ավարտից անմիջապես հետո դահլիճը ողողել էր ցնծագին գոչյուններով։ Մեր նկարահանող խումբն արտասվում էր, արտասվում էին նույնիսկ նրանք, ումից չէի սպասում նման հույզեր։ Չէի արտասվում միայն ես, որովհետև չգիտեի, թե այդ պահին ինչ անեմ։ Նման ընդունելությունն իսկական անակնկալ էր մեզ համար, որովհետև ֆիլմի մոսկովյան ցուցադրության ժամանակ, երբ հրավիրված էր մամուլը, վերաբերմունքը բոլորովին այլ էր։ Այնտեղ բոլորը դիտում էին անվստահությամբ ու չափազանց զուսպ։ Իսկ Վենետիկի փողոցներում մեզ մոտենում էին լրիվ անծանոթ մարդիկ և շնորհակալություն էին հայտնում»։ «Վերադարձը» վաճառվեց Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Ընդամենը 400 հզ դոլար բյուջե ունեցող ֆիլմը, հայրենիքում դեռևս կինովարձույթ դուրս չեկած, ակնթարթորեն փոխհատուցեց իր բոլոր ծախսերը։
«Վերադարձի» ստացած մրցանակների ընդհանուր թիվը գերազանցեց 30-ը։ Ռեժիսոր Ալեքսանդր Միտտան հուսադրված հայտարարեց․ «Այս ֆիլմը մի չափազանց կարևոր փուլի սկիզբը հանդիսացավ՝ Ռուսաստանում վերջապես հայտնվեց ռեժիսոր-ինտելեկտուալ»։
COMMENTS