«Այնպիսի տպավորություն ունեմ, ասես կինոն տարեցտարի ավելի է հեռանում իրականությունից»։ Քրիսթոֆեր Նոլան
 |
«Հիշիր», 2000թ |
«Հիշիր», «Հեղինակություն», «Սկիզբ», «Ինտերսթելար», «Բեթմեն»՝ այս ֆիլմերը, անկասկած, բոլորին են ծանոթ, ինչպես և ծանոթ է դրանց ռեժիսոր ու սցենարիստ Քրիսթոֆեր Նոլանի անունը։ Անգլոամերիկյան ծագումով գրականագետ Նոլանը գուցեև երբեք չդառնար աշխարհահռչակ ռեժիսոր, եթե ամերիկյան կինոյի մեկ այլ հանրահայտ ներկայացուցիչ Ջորջ Լուկասը չնկարահաներ «Աստղային պատերազմներ» ֆիլմը: Յոթ տարեկան հասակում դիտելով «Աստղային պատերազմները»՝ Նոլանն անդառնալիորեն հրապուրվեց կինեմատոգրաֆով։ Լոնդոնի համալսարանական քոլեջի անգլիական գրականության ֆակուլտետում սովորելու տարիներին նա զուգահեռաբար նկարահանում էր նաև կարճամետրաժ ֆիլմեր։ Հետագայում նա վերհիշում էր․ «Չեմ կարող պարծենալ, թե քոլեջում շատ լավ էի սովորում, սակայն կարող եմ հստակ ասել, թե ինչ քաղեցի այդ ուսումից։ Ես սկսեցի մտածել շարադրանքի ազատության մասին, այն ազատության, որին տիրապետում էին մեծ գրողները։ Ի վերջո, ես հանգեցի այն եզրակացությանը, որ տաղանդավոր ռեժիսորները ևս չպիտի անտեսեն այդ շնորհը»։
 |
«Հեղինակություն», 2006թ |
Իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հետապնդումը», նա նկարահանել է 1998թ-ին։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով Լոնդոնի փողոցներում հետևում էր անծանոթներին։ Ճիշտ է՝ տարօրինակ զբաղմունք էր, բայց շատերն ունեն այդօրինակ տարօրինակություններ, օրինակ՝ նստել սիրելի նստարանին, հետևել անցորդներին և նրանց կյանքի մասին պատմություններ հորինել։ Ֆիլմի հերոսի սխալն այն էր, որ օրերից մի օր խախտում է անվտանգ տարածությունը պահպանելու կանոնը և ներքաշվում է հանցագործ աշխարհի վտանգավոր անցուդարձի մեջ։ «Հետապնդումը» նկարահանվել է սև-սպիտակ ժապավենով, նեոնուարի ժանրում, ընդամենը 6 հզ դոլար բյուջեով, իսկ շահույթը ԱՄՆ-ում գերազանցեց 48 հզ-ը, ինչը լավ ցուցանիշ էր։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ռեժիսորը պատմել է․ «Պլանավորված էր նկարահանել շատ փոքր բյուջեով ֆիլմ, և իմաստն այն էր, որ մենք ցանկանում էինք նոր ձևաչափ ստեղծել հենց փոքրաբյուջե ֆիլմերի նկարահանման համար»: Այս ֆիլմից հետո սկսնակ, բայց տաղանդավոր Նոլանին նկատում են մի շարք հովանավորներ, և իր հաջորդ՝ «Հիշիր» հայտնի ֆիլմը նա նկարահանում է արդեն 9 մլն դոլար բյուջեով։
«Այն ժամանակվանից, ինչ կինոն մատչելի է դարձել հեռուստատեսությամբ դիտելու համար, բազմաթիվ ֆիլմեր ստացել են այսպես կոչված «գծային կառուցվածք»։ Դուք կարող եք հանգիստ հեռանալ հեռուստաէկրանից՝ որևէ հեռախոսազանգի պատասխանելու համար, այնուհետև վերադառնալ և տեսնել, որ ոչինչ չեք կորցրել»։
 |
«Ինտերսթելար», 2014թ |
Ֆիլմը, որի սցենարի հեղինակը հենց ինքը՝ Նոլանն էր, հիմնված էր նրա եղբոր՝ Ջոնաթանի պատմվածքի վրա։ 2000թ-ին բարձրանալով մեծ էկրան՝ «Հիշիր» հոգեբանական դետեկտիվը անմիջապես դարձավ տարվա ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը՝ իր ինքնատիպ սյուժեի ու դիտարժանության շնորհիվ։ Նոլանի երկրորդ լիամետրաժ ֆիլմը պարզ դարձրեց, որ կինոասպարեզ է մուտք գործել մի յուրօրինակ ռեժիսոր, ով ստեղծել է իր աշխարհը և «գերբնական» ձեռագիրը կինեմատոգրաֆում։ Ֆիլմի գործողությունները զարգանում են ոչ ստանդարտ՝ գեղարվեստական հաջորդականությամբ։ Գլխավոր հերոսը, ում դերը կատարում է Գայ Փիրսը, գլխի ծանր վնասվածքի պատճառով իր հիշողության մեջ չի կարողանում պահպանել ոչինչ 15 րոպեից ավելի։ Այդուհանդերձ, նա փորձում է ամեն գնով գտնել իր կնոջը սպանողին։ Նրա հիվանդությունից փորձում են օգտվել, սակայն նա գրություններ, լուսանկարներ և նույնիսկ դաջվածքներ է թողնում ինքն իր համար, որպեսզի չշեղվի նպատակից և չկորցնի իրականության հետ կապը։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով ունի իր սուբյեկտիվ իրականությունը, իր ներաշխարհն ու իր ցավը՝ լինելով անսահմանորեն միայնակ։
 |
«Մութ ասպետը», 2008թ |
Այս ֆիլմից հետո Նոլանի համար սկսվեց հաջողությունների աննախընթաց վերելքը, և նա մեկը մյուսի ետևից նկարահանեց մեծաբյուջե ֆիլմեր, որոնք լայն արձագանք էին առաջացնում և ապահովում հսկայական շահույթ։ 46-ամյա Քրիսթոֆեր Նոլանն իր գործունեության ընթացքում հասցրել է նկարահանել 14 ֆիլմ, արժանանալ մի շարք մրցանակների, մի քանի անգամ ներկայացվել «Օսկարի»։ Նրա 9 ֆիլմերը, միասին վերցրած, ապահովել են ավելի քան 4 միլիարդ դոլարի շահույթ։ 2001թ-ին Նոլանն իր կնոջ՝ պրոդյուսեր Էմմա Թոմասի հետ ստեղծում է Syncopy Filmsընկերությունը և սկսում զբաղվել իր ֆիլմերի թողարկմամբ։ Նրա «Սկիզբ» ճանաչված ֆիլմը 2011թ-ին «Օսկարի» է արժանանում չորս անվանակարգում, 2009թ-ին նրա «Մութ ասպետը» ստանում է երկու «Օսկար», իսկ 2015թ-ին «Օսկար» է ստանում նրա «Ինտերսթելարը»։ Նոլանի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի առաջնակարգ աստղեր, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Մորգան Ֆրիմանը, Լեոնարդո դի Կապրիոն, Գերի Օլդմենը, Լիամ Նիսոնը, Ալ Պաչինոն և այլք։
«Դեռևս մանկության տարիներին ես հետաքրքրվում էի երազների էությամբ։ Ինձ միշտ հիացնում էր այն միտքը, որ քանի դեռ մենք քնած ենք, մեր ուղեղը ստեղծում է երազներից կազմված մի ամբողջ աշխարհ՝ համոզելով մեզ, թե այդ ամենն իրական է»։
 |
«Սկիզբ», 2010թ |
Նոլանի ֆիլմագրությանն անդրադառնալիս անհնար է շրջանցել «Սկիզբ» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2000-ականներին, երբ նա սյուժեի 80 էջանոց շարադրանքն էր գրել երազներ գողացողների մասին։ Այդուհանդերձ, այդ ժամանակ Նոլանը համարել էր, որ նմանօրինակ մասշտաբային ֆիլմը չի կարող ունենալ փոքր բյուջե, ինքն էլ բավականաչափ փորձառու չէ բլոքբասթեր նկարահանելու համար։ Միայն տարիներ անց՝ 2008թ-ին, 185 մլն դոլար բյուջեով նկարահանելով «Մութ ասպետը» և այդ ֆիլմով ապահովելով ավելի քան 1 մլրդ դոլարի շահույթ, նա իր մեջ ուժ գտավ վերադառնալու «Սկիզբ» ֆիլմի սցենարին, որի հեղինակն էր։ Ֆիլմի՝ տիեզերական շնչով լի երաժշտության հեղինակը հանրահայտ Հանս Ցիմերն էր, ում հետ Նոլանը համագործակցում էր մեծ սիրով։ Ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոյի հերոսը զբաղված է արտադրական լրտեսությամբ՝ կիրառելով համատեղ երազների տեխնոլոգիան։ Պարզ ասած՝ նա քնած մարդու ենթագիտակցությունից գողանում է արժեքավոր տեղեկություններ՝ օգտվելով վերջինիս խոցելի ու անպաշտպան վիճակից։ Սակայն խաղի կանոնները փոխվում են, և այժմ ֆիլմի հերոսը ստիպված է ոչ թե գողանալ, այլ մարդու գլխի մեջ ներմուծել իրեն պատվիրված գաղափարը, այլապես կզրկվի ԱՄՆ վերադառնալու և իր երեխաներին տեսնելու հնարավորությունից։
 |
«Մութ ասպետը. Լեգենդի վերածնունդը», 2012թ |
Նոլանը սիրում է իր ֆիլմերն ավարտել բաց վերջաբանով, և այս ֆիլմը ևս բացառություն չէ։ Հերոսը վերադառնում է տուն՝ իր երեխաների մոտ, և հոլը, որ միշտ նրա հետ էր, պտտվում է՝ ասես խորհրդանշելով ժամանակի ընթացքը, սակայն երաժշտության լարվածությունը գագաթնակետին է հասնում, և էկրանը մթնում է այն պահին, երբ թվում է, թե հոլի պտույտն էլ դանդաղում է և կարող է ընդհատվել, ինչպես կյանքն է ընդհատվում։ Սա, իրոք, անթերի և ինչ-որ իմաստով նաև դաժան վերջաբան է։ «Ֆիլմի հյուսվածքն ամբողջովին ներծծված է անորոշությամբ, և հստակ պատասխաններ չեն տրվում»,- վերջին տեսարանի վերաբերյալ իր մեկնաբանությունն է արել ռեժիսորը՝ միաժամանակ խոստովանելով, որ իր սեփական կարծիքն ունի ավարտի մասին։ Սակայն նա ցանկացել է, որ հանդիսատեսը ավարտն ընկալի հերոսի աչքերով, իսկ հերոսը ֆիլմի վերջում արդեն չի հետևում հոլի շարժմանը, նրան այլևս չի հետաքրքրում՝ կատարվածն իրականությո՞ւն է, թե՞ երազ։ «Սկիզբը» նկարահանվել է 160 մլն դոլար բյուջեով, իսկ շահույթը կազմել է ավելի քան 825 մլն դոլար։
Նոլանն արդեն ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Դյունկերկ» ռազմական դրաման, որի սյուժեի հիմքում իրական դեպքեր են։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դյունկերկյան օպերացիայի մասին, երբ 1940թ-ի մայիսին ֆրանսիական, անգլիական ու բելգիական զորքերն էվակուացվեցին, որպեսզի փրկվեն գերմանական զորքի շրջափակումից։ Ֆիլմի երաժշտության հեղինակը վերստին Հանս Ցիմերն է, իսկ Նոլանը վերստին հանդես է եկել որպես սցենարի հեղինակ։
«Դեռևս ոչ մեկին՝ բացի Նոլանից, չի հաջողվել կարիերան սկսել այլընտրանքային կինոյի ռոտերդամյան կինոփառատոնում հաղթանակ տոնելուց, դրանից հետո աշխարհի ամենաեկամտաբեր ռեժիսորներից մեկը դառնալուց և, այդքանով հանդերձ, լայն զանգվածների համար խորհրդավոր փորձարարի համբավը պահպանելուց»։ Անտոն Դոլին
 |
«Անքնություն», 2002թ |
Նոլանի մասին խոսելիս անհնար է չփաստել, որ նա իր առանձնահատուկ ներդրումն ունի ժամանակակից կինեմատոգրաֆում։ Նա հիանալի գիտակցում է, թե ինչ է պետք մերօրյա հանդիսատեսին՝ թեմատիկայից մինչև մատուցման ոճ, դերասանների ընտրությունից մինչև երաժշտություն, տեխնոլոգիաների կիրառում և այլ ազդակներ։ Նա կարողանում է չկորցնել հեղինակային կինոյին բնորոշ ինտելեկտուալությունը և միաժամանակ ստեղծել շահութաբեր և լայն հանդիսատեսին հասցեագրված կինո։ Թերասվածությունը նրա ֆիլմերի գլխավոր բնորոշիչն է, նրա յուրատեսակ «այցեքարտը»։ Իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանելով չնչին գումարով՝ նա այսօր արդեն առասպելական գումարներ է ծախսում իր կինոնախագծերից յուրաքանչյուրի իրականացման համար։ Հանդիսատեսին խճճելով իրականի ու անիրականի քառուղիներում՝ նա միշտ տալիս է մտորելու և սեփական մեկնաբանությունն ունենալու հնարավորություն։ Թերևս, հենց դա է նրա ֆիլմերի հաջողության գաղտնիքը։
Շուշան Փիրումյան