«Գալիս է մի պահ, երբ դեմքիդ կնճիռները դառնում են ավելի գեղեցիկ, քան փողկապդ է, իսկ կերպարները, որոնք մարմնավորում ես, դառնում են նույնքան բարդ, որքան իրական մարդիկ են։ Եվ դա հիասքանչ է»։ Մարչելո Մաստրոյանի
![]() |
միմյանցից անբաժան Մարչելոն և Ֆեդերիկոն |
![]() |
13-ամյա Մարչելոն |
«Դերասանի մասնագիտությունը խաղ է, որտեղ դու անընդհատ դու չես, այլ մեկ ուրիշը։ Ես դարձա դերասան, որովհետև չեմ սիրում նման լինել ինքս ինձ։ Հաճելի չէ լինել այդքան կանխատեսելի ու անօգնական կերպար, ինչպիսին ես եմ»։
![]() |
դստեր՝ Կիարայի հետ |
1958թ-ին Ֆելինին գլխավոր դերակատար էր փնտրում իր «Քաղցր կյանք» ֆիլմի համար։ Թեկնածուները բազմաթիվ էին, բայց ռեժիսորը չէր գտնում այն, ինչ փնտրում էր։ Դինո դե Լաուրենտիսը առաջարկում էր Փոլ Նյումենի թեկնածությունը, սակայն Ֆելինին պնդում էր, որ իրեն հարկավոր է պակաս ընդգծված անհատականությամբ դերասան։ Արդյունքում՝ նա ընտրեց Մաստրոյանիին, ընդ որում՝ վերջինիս անկեղծորեն բացատրեց, թե ինչով է պայմանավորված իր ընտրությունը։ Մաստրոյանին լուռ ընդունեց նրա հիմնավորումը։ Նա հասկանում էր, որ ֆիլմի հերոսի՝ բարձրաշխարհիկ վայելքներում կյանքի իմաստը փնտրող լրագրող Մարչելոյի դերն իր համար բացելու է համաշխարհային կինեմատոգրաֆի բարձրագույն լիգայի դռները։ Ֆիլմի պրեմիերայից հետո նա իր հռչակով գերազանցեց թե՛ եվրոպական, թե՛ հոլիվուդյան աստղերին։ Բազմաթիվ անգամ ունենալով իր կինոկարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն՝ Մարչելոն, այնուամենայնիվ, երբեք չցանկացավ օգտվել առիթից, նա վստահ էր, որ Հոլիվուդն իր համար չէ, և դերասանի մասնագիտության հանդեպ մոտեցումներն այնտեղ բոլորովին այլ են։
![]() |
կադր «8 ու կես» ֆիլմից |
«Որքան ավելի քիչ ես խաղում, այնքան ավելի լավ ես խաղում»։
![]() |
նկարահանումից առաջ, 1963թ |
![]() |
Կատրին Դընյովի հետ |
«Հանդիսականներն էլ ինձ նման մարդիկ են, ովքեր չգիտեն, թե ինչով զբաղվեն, և գնում են կինո»։Մաստրոյանին վախճանվեց 1996թ-ի դեկտեմբերին՝ 72 տարեկան հասակում։ Հռոմի Տրևի շատրվանը, որտեղ նկարահանվել էր «Քաղցր կյանք» ֆիլմի հանրահայտ տեսարանը՝ Անիտա Էկբերգի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ, այդ օրը խորհրդանշորեն անջատել էին և վարագուրել սև կտորով։ Ֆելինին արդեն երեք տարի էր, ինչ հեռացել էր կյանքից, ու եվրոպական կինոն, հրաժեշտ տալով իր երկու լեգենդներին, մուտք էր գործել նոր փուլ, որն այլևս չէր հասնելու նախորդ բարձունքներին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Մաստրոյանիին հարցրել էին, թե որն է լինելու իր վերջին խոսքը հանդիսատեսին, և նա պատասխանել էր՝ «ցտեսություն»։ Լեգենդները չեն մահանում, նրանց ճանապարհն ամեն անգամ դառնում է մի նոր վերադարձի սկիզբը։