«ADAMI երկխոսություն-Երևանը» սկսել է հայտերի ընդունումը։ Մասնակցելու հնարավորություն է տրված զարգացման ամենատարբեր փուլերում (մտահղացումից մինչև մոնտաժային փուլ) գտնվող նախագծերին։
Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող Adami մեդիա մրցանակը արդեն սկսել է այս տարվա կինոնախագծերի և հեռուստանախագծերի հայտերի ընդունումը։ Մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղարարության թեմաներով այդ հայտերը կներառվեն առաջիկա նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվելիք «ADAMI երկխոսություն-Երևան» միջազգային գիտաժողովի ծրագրում։ Գիտաժողովը կընթանա Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը ներկայացնող հեռուստալրագրողների, խմբագիրների, ռեժիսորների և հեղինակ-ստեղծագործողների մասնակցությամբ, ովքեր զբաղված են տարբեր ձևաչափի ֆիլմերի, ռեպորտաժների կամ հեռուստասյուժեների պատրաստմամբ։ Մասնակցության հնարավորություն է տրված թե՛ դեռևս մտահղացման փուլում և թե՛ արդեն մոնտաժի փուլում գտնվող նախագծերին, որոնք հայտերում պիտի ներկայացվեն թեմայի, հերոսների և ընդհանուր կոնցեպտի նկարագրության տեսքով։
«ADAMI երկխոսություն-Երևան» միջազգային գիտաժողովը հանդիսանալու է յուրատեսակ ստեղծագործական արվեստանոց, որի շրջանակներում երկխոսություն կծավալվի եվրոպացի փորձագետների և մասնակից երկրների ներկայացուցիչների միջև։ Գիտաժողովի նպատակն է՝ ոչ միայն ցուցադրել մշակութային բազմազանությունը մեր տարածաշրջանում, այլև պրոֆեսիոնալ ցանց ստեղծել տարածաշրջանի հեռարձակողների, կինոգործիչների և նրանց եվրոպացի գործընկերների միջև։ Գիտաժողովի մասնակիցներն իրենց նախագծերը ներկայացնելու են բանավոր, 5-7 րոպեի ընթացքում, իսկ ֆիլմի թրեյլերի կամ որևէ էպիզոդի առկայության դեպքում կներկայացվեն նաև դրանք։ Համատեղ քննարկումների ընթացքում լուծումներ են գտնվելու տվյալ ֆիլմի վիզուալ ու թեմատիկ համատեքստի համար, վերլուծվելու են նախագծերի կոնցեպտն ու դրամատուրգիան, ինչը մասնակիցներին կօգնի նկարահանումների և մոնտաժի ժամանակ։ Արդեն պատրաստ ֆիլմերը ներկայացվելու են Adami մրցանակաբաշխության, որն անցկացվելու է 2018թ-ին Քիշնևում։ «ADAMI երկխոսություն-Երևանի» փորձագետներն են ճանաչված կինովավերագրող Վիտալի Մանսկին (Լատվիա-Ռուսաստան) և պրոդյուսեր ու ռեժիսոր Անջեյ Կլամտը (Գերմանիա)։ Գիտաժողովի մոդերատորը գերմանաբնակ կինովավերագրող Իռենե Լանգեմանն է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ ռուսերենն ու անգլերենը, հարցերը կարելի է ուղղել registration@adamimediaprize.eu հասցեով, լրացուցիչ տեղեկատվության համար՝ այցելել www.adamimediaprize.eu պաշտոնական կայք։ Գիտաժողովին մասնակցության արժեքը կազմում է 500 եվրո (ներառված են նաև ճանապարհածախսը, հյուրանոցը և սնունդը), սակայն ամենաուշագրավ նախագծերի հեղինակներին կհատկացվի կրթաթոշակ։ Բուն հայտերի ընդունումն անվճար է։ Ընտրված հայտատուներն իրենց նախագծերի ընդունման և կրթաթոշակի նշանակման մասին կտեղեկացվեն հոկտեմբերի 5-ին։
Հայտը լրացնելիս անհրաժեշտ է գրել՝
անուն, ազգանուն,
էլ․փոստի հասցե,
հեռախոս,
ծննդյան տարեթիվ,
քաղաքացիություն (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս),
մասնագիտություն,
կազմակերպություն/աշխատավայր,
աշխատանքային նախընտրելի լեզուն (ռուսերեն կամ անգլերեն),
հակիրճ մասնագիտական կենսագրություն,
նախագծի համառոտ նկարագրություն (թեմա, գործող անձինք, կոնցեպտ)՝ 1000-1500 նիշի սահմաններում,
նախագծի ժանր (նորություն, ռեպորտաժ, ֆիլմ և այլն),
նշել, թե զարգացման ո՛ր փուլում է նախագիծը,
նկարագրել, թե ինչով եք հիմնավորում ձեր մասնակցությունը գիտաժողովին, և որքանով է այն կարևոր ձեր աշխատանքի համար (500-1000 նիշի սահմաններում)։