«Իմ յուրաքանչյուր խորշոմն իմ կյանքն է։ Ես երբեք չեմ հրաժարվի իմ ոչ մի խորշոմից, քանի որ դրանք ինձ համար չափից դուրս թանկ են»։ Աննա Մանիանի
Անդրադառնալով դասական իտալական կինեմատոգրաֆին և ընդհանրապես համաշխարհային կինոարվեստին՝ անհնար է առաջին հերթին չհիշատակել այն վառ ու փոթորկոտ երևույթը, որը ամբողջ աշխարհը ճանաչում է որպես Աննա Մանիանի: Լսելով այս հանճարեղ դերասանուհու անունը՝ միանգամից պատկերացնում ես կոնտրաստային, բազմամշակույթ Իտալիան՝ իր բոլոր հարստություններով ու թերություններով, իտալական ավանդույթները, զգացմունքային, անմիջական կերպարները և, իհարկե, Իտալիայի սիրտը՝ մայրաքաղաք Հռոմը: Եվ այդ ամենը՝ կինոյում: Հենց սա էր մատուցում Աննա Մանիանին իր տառապած դեմքով, կեղծիքից զուրկ անբռնազբոս էությամբ, բարձրամակարդակ դերասանական խաղով... Իրոք, ինչպես Ֆելինին է ասել, Հռոմը հենց նա էր՝ Մանիանին: Իր առանձնահատուկ կերպարի և կինոյում խաղացած դերերի շնորհիվ նա դարձավ Հռոմի բացահայտ խորհրդանիշներից մեկը և պատմության մեջ ու մարդկանց հիշողություններում մնաց որպես իսկական իտալական կնոջ, իտալուհի մոր վառ օրինակ:
Նա եղել է իտալական նեոռեալիզմի մուսան՝ աշխատելով համաշխարհային կինոյի ամենահայտնի ռեժիսորների հետ՝ Ռոսելինիից մինչև Պազոլինի... Համագործակցում էր նաև ամերիկյան կինոգործիչների հետ: Նա առաջին իտալացի դերասանուհին էր, ով «Օսկար» մրցանակի արժանացավ «Դաջված վարդը» ֆիլմում իր դերի համար: Ի դեպ, պիեսի հեղինակը՝ դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, հենց Մանիանիի համար էր գրել այդ պիեսը, որի հիման վրա նկարահանվել էր ֆիլմը: Իտալացիները նրան կոչում էին Նանարելա, սակայն նա աշխարհին հայտնի է նախևառաջ որպես Մամա Ռոմա։
Աննա Մանիանին ծնվել է 1908թ-ի մարտի 7-ին Հռոմում: Վարկած կար, թե նա իրականում ծնվել էր Ալեքսանդրիայում, և նրա հայրը եգիպտացի էր, իսկ մայրը՝ իտալացի: Սակայն ինքը՝ Աննան, միշտ բոլոր հարցազրույցներում շեշտել է, որ ծնվել է Հռոմում և հորը երբեք չի ճանաչել: Նրա մայրը՝ Մարինա Մանիանին, աշխատում էր որպես դերձակ: Աղջկա ծնվելուց հետո նա ամուսնացել էր մի ավստրիացու հետ և մեկնել Եգիպտոս: Երևի այդ պատճառով էին ոմանք պնդում, թե, իբր, Աննայի հայրը եգիպտացի է, մինչդեռ Աննան երբեք չի իմացել, թե ով է իր կենսաբանական հայրը: Աղջկան իր խնամքի տակ է վերցնում տատիկը։ Այդ ընտանիքում էին նաև Աննայի հինգ մորաքույրները՝ Դորան, Մարիան, Ռինան, Օլգան և Իտալիան: Միակ տղամարդն ընտանիքում նրա մորեղբայրն էր: Աննան շատ զգայուն և նյարդային երեխա էր: Ընտանիքն ապրում էր ծանր պայմաններում, Իտալիայի մայրաքաղաքի աղքատ ու մութ թաղամասերից մեկում: Թերևս, հենց այստեղ էլ ձևավորվել է ապագա դերասանուհու՝ ազգային հերոսուհու գծերով օժտված կերպարը, որն արդարություն և լավ կյանք է փնտրում հասարակության մեջ:
Երբ Աննան ինը տարեկան էր, տատը թոռնուհուն բերում է միանձնուհիների ֆրանսիական քոլեջ, որտեղ, սակայն, աղջիկը երկար չի մնում՝ ընդամենը մի քանի ամիս, իսկ հետո նրան տուն են վերադարձնում: Այնուհետև Աննան դաշնամուր նվագել է սովորում և իր երաժշտական ուսումը շարունակում է մինչև երկրորդ միջնակարգ դպրոց ընդունվելը: Այդ նույն ժամանակ նա մեկնում է Ալեքսանդրիա՝ մորը տեսակցության, բայց ամեն ինչ այնքան էլ հաջող չի ընթանում մոր և դստեր հարաբերություններում: Վերադառնալով՝ Աննան որոշում է թողնել երաժշտական ուսումը և այլ ճանապարհ ընտրել։
1927թ-ին Աննային առանց քննությունների ընդունեցին Էլեոնորա Դուզեի հռոմեական դրամատիկական արվեստի ակադեմիա: Նա սկսեց հաճախել Սիլվիո Դ'Ամիկոյի դերասանական դասընթացներին: Հայտնի է, որ Աննան լավ էր սովորում, և ակադեմիան ավարտելուց հետո նրան ընդունեցին Նիկոդեմի-Վերգանի-Չիմարա դերասանական խմբակ: Հենց այստեղ էլ ամենամանր, էպիզոդիկ դերերից սկիզբ առավ նրա դերասանական կարիերան: 1928թ-ին թատերական խումբը պետք է Արգենտինա մեկներ, սակայն այդ տարին անհաջող էր Աննայի համար: Ավտովթարի զոհ դարձավ տաղանդավոր դաշնակահար Կառլո Ձեկկին, ում հետ Աննան պատրաստվում էր ամուսնանալ: Խմբակը լուծարվեց: Այդ տարի վախճանվեց նաև Աննայի տատիկը, ով մեծացրել էր նրան։
Աննան ընդունվեց իր ռևյուներով հայտնի դարձած Անտոնիո Գանդուզիոյի դերասանական խումբ: Վերջինս նրա համար մուտք բացեց դեպի կինոյի աշխարհ: Իր առաջին էպիզոդիկ դերը Աննան խաղում է 1934թ-ին՝ «Կույրը Սորենտոյից» ֆիլմում: 1935թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի է ունենում Աննայի հարսանիքը: Նա ամուսնանում է իտալացի ռեժիսոր Գոֆրեդո Ալեսանդրինիի հետ: Ամուսնության սկզբնական շրջանը երջանիկ էր: Աննան նույնիսկ չէր փորձում աշխուժորեն զբաղվել իր կարիերայով, քանի որ հաճույք էր ստանում ընտանեկան կյանքից: Բայց հետո Ալեսանդրինին հրապուրվում է այլ կնոջով: Աննայի միակ մխիթարությունը դառնում է աշխատանքը: Դերասան Մասիմո Սերատոյի հետ ունեցած սիրավեպի արդյունքում ծնվում է նրա որդին։
Առայժմ Աննային բաժին էին հասնում միայն էպիզոդիկ դերեր: Հարկ է նշել, որ Մանիանին, իհարկե, գեղեցկուհի չէր: Եվ տեսախցիկը նույնպես նրա օգտին չէր «խոսում»: «Իշխանուհի Տարականովան» (1938թ) ֆիլմի ռեժիսոր Ֆյոդոր Օցեպը բողոքում էր․ «Ո՛չ, այսպիսի դեմքով դու կինոդերասանուհի չես դառնա: Միայն քթի՛դ նայիր: Լույսն էլ դեմքիդ չի նստում, դու ամբողջովին ծռմռվա՛ծ ես, անհամաչա՛փ ես»: Մի քանի տարի անց Օցեպը մահացավ և այդպես էլ չիմացավ, թե որքան էր սխալվում: Նրա մտքով էլ չէր անցնում, որ «անճոռնի» Մանիանին ոչ միայն կինոդերասանուհի, այլ համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ է դառնալու: Աննան չէր հուսահատվում, որովհետև սիրում էր կինոն: Նա շատ արտահայտիչ էր, բարձրախոս, շատ լուրջ և հստակ՝ իսկական հռոմեացի կին:
Հանդիսատեսի շրջանում Աննան իսկական հաջողության հասավ այն ժամանակ, երբ խաղում էր Անտոնիո Գանդուզիոյի թատերական խմբում՝ հայտնի կատակերգակ դերասան Տոտոյի հետ միասին: 1944թ-ին Մանիանին և Տոտոն խաղում էին նոր ռևյուում: Երբ ամերիկացիները մտան Հռոմ, Մանիանին երգիծական քառյակներ էր երգում: Այդ պարոդիաներն ամբողջովին հիմնված էին դերասանուհու հումորային տաղանդի և վարպետորեն արվող իմպրովիզների վրա: Հանդիսատեսը փառաբանում էր նրան: Այդպիսով, իրականացավ Աննայի երազանքը, նա դարձավ իտալացիների սիրելին, նրան սկսեցին Նանարելա անվանել:
Օրերից մի օր Մանիանիին այցելեց մի գեղեցկադեմ երիտասարդ տղամարդ: Նրա անունն էր Ռոբերտո Ռոսելինի: Երիտասարդ ռեժիսորը պատրաստվում էր նկարահանել իր կարիերայի ամենագլխավոր ֆիլմը՝ «Հռոմը բաց քաղաք է» (1945թ): Մանիանիին նա առաջարկեց գլխավոր դերերից մեկը: Հենց նկարահանումների ընթացքում նրանց միջև սկսվեցին սիրային հարաբերություններ, որոնց, սակայն, հետագայում վիճակված էր դարձյալ անկում ապրել, թեպետ Ռոսելինիի հետ ընկերական կապը Մանիանին պահպանեց մինչև իր կյանքի վերջ: Դերասանուհու բոլոր սիրային կապերն էլ, ի վերջո, խզվում էին: Արժանանալով Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին՝ «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը փառք ձեռք բերեց ամբողջ աշխարհում և դարձավ իտալական նեոռեալիզմի սկզբնաքարը: Իսկ Ռոսելինիին սկսեցին կոչել «նեոռեալիզմի հայր»: Մանիանին նույնպես այդ նոր ուղղության խորհրդանիշը դարձավ:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1944թ-ին Հռոմում: Ներկայացված են ֆաշիստների կողմից Հռոմի բռնազավթման վերջին օրերը: Գլխավոր հերոսները հակաֆաշիստական դիմադրության իտալացի մասնակիցներն են: Աննան խաղում է Պինայի դերը, ով աշխատավոր Ֆրանչեսկոյի հարսնացուն է և երեխա է սպասում նրանից: Ֆրանչեսկոն իր հերթին գաղտնի պարտիզան է և իր համախոհ ընկերներին Պինայի մոտ է թաքցնում: Պինայի և Ֆրանչեսկոյի ամուսնությունը պետք է օրինական ճանաչի հոգևորական դոն Պիետրոն: Վերջինս նույնպես թաքուն փորձում է օգնել պարտիզաններին իրենց հակաֆաշիստական պայքարում, բայց նրա հիմնական զբաղմունքը որբ երեխաներին խնամելն ու կրթելն է: Իր վերջին տեսարանում Պինան վազում է բեռնատարի ետևից, որով ֆաշիստները մյուս ձերբակալվածների հետ տանում են նաև Ֆրանչեսկոյին: Կրակ է արձակվում և Պինային գնդակահարում են: Այդ տեսարանում Մանիանին պետք է ռեալիստորեն ընկներ գետնին: Ֆիլմի սցենարիստներից մեկը՝ Սերջիո Ամիդեին, առաջարկեց Ռոսելինիին՝ Աննայի ոտքերից պարան կապել, բայց վերջինս վստահեցրեց․ «Մի՛ անհանգստացեք, ես շատ լավ կընկնեմ, կտեսնե՛ք, դուք երջանիկ կլինեք»: Այս տեսարանը համաշխարհային կինոյի դասական նմուշ է դառնում:
Միայն Ռոբերտոն և Աննան գիտեին, որ գնդակահարության տեսարանը կարող էր և չնկարահանվել: Մեկ օր առաջ Աննան զանգահարել և ռեժիսորին հիվանդանոց էր կանչել: Պարզվել էր, որ դերասանուհու երկու տարեկան որդի Լուկան պոլիոմիելիտով է հիվանդ, և նրա ոտքերը չեն աշխատում: Աննան հստակ որոշել էր՝ թողնել աշխատանքը և որդուն խնամել: Ռոսելինին ահավոր շփոթված էր․ որտեղի՞ց գտնի իտալացի մոր և կնոջ ավելի լավ կերպար, քան Մանիանին էր: Հաջորդ օրը Աննան նկարահանման հրապարակ եկավ և ասաց Ռոբերտոյին․ «Ինձ գումար է հարկավոր, մե՛ծ գումար, ես պետք է նրա համար ոտքեր գնեմ, դու հասկանո՞ւմ ես»: Գնդակահարության տեսարանում Աննան այնպես ուժգին նետվեց գետնին, որ լրջորեն վնասեց ծնկները: «Երբ նա խաղում էր, մոռանում էր ամեն ինչի մասին, և դրանում էր նրա անհավանական ուժը»,- ասում էր Ռոսելինին: Հնարավոր չէր առանց ցավի հետևել դերասանուհու դեմքի մտահոգ արտահայտությանը: Դա նրա սեփական ցավն էր, որ զգում էր որդու պատճառով:
«Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը ֆենոմենալ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում, իսկ Աննան դասվեց համաշխարհային աստղերի շարքը: Սկսած այս գլուխգործոցից մինչև Վիսկոնտիի մյուս գլուխգործոցը՝ «Ամենագեղեցիկը», Մանիանիի կարիերան վերելք է ապրում: Վեց տարվա ընթացքում նա հանդես է գալիս տասնհինգ ֆիլմում՝ հասնելով վարպետության բարձունքների և գեղարվեստական հասունության:
1948թ-ին Ռոսելինին նրան նկարահանում է իր «Սեր»՝ երկու մասից կազմված ֆիլմում: Առաջին մասը Ժան Կոկտոյի «Ձայն մարդկայինն» էր: Աննան շուրջ երեսունհինգ րոպե գտնվում է մի սենյակում և հեռախոսով իր հուզական փոխհարաբերություններն է պարզաբանում սիրելիի հետ: Ամբողջը միայն փայլուն դերասանական խաղ է: Երկրորդ մասի տիտրերում ռեժիսորն իր անունից գրում է․ «Այս ֆիլմը հարգանքի տուրք է Աննա Մանիանիի արվեստին»: Այստեղ նա միամիտ գեղջկուհու դերում է, ով հղիանում է մի պատահական թափառականից՝ կարծելով, թե դա սուրբ Հովսեփն է: Ի դեպ, թափառականի դերը խաղում է մեծն Ֆեդերիկո Ֆելինին: Սա նրանց առաջին համատեղ աշխատանքն էր, և միայն իր կյանքի վերջում Մանիանին էպիզոդիկ դերով հանդես եկավ Ֆելինիի «Հռոմ» (1972թ) ֆիլմում: Ֆելինին հետևյալ կերպ էր պատմում դերասանուհու մասին․ «Աննային առաջին անգամ հանդիպելիս բոլորն անակնկալի են գալիս: Նա շատ մռայլ է և անառիկ: Սկզբում ինձ թվում էր, թե Աննան միտումնավոր է փորձում բարդացնել այլոց կյանքը: Նրա հետ հասկանալի չէր, թե ինչպես պետք է քեզ պահես: Ես երկար ժամանակ վախենում էի նրանից: Երբեք չէի կարող կանխատեսել նրա արձագանքը, միշտ մի հանկարծահաս բանի էի սպասում»:
1948թ-ին Ռոբերտո Ռոսելինին նամակ է ստանում հոլիվուդյան հանրաճանաչ դերասանուհի Ինգրիդ Բերգմանից, ով նրան հայտնում էր, թե մեծ հաճույքով կցանկանար համագործակցել նրա հետ, այցելել Իտալիա և նկարահանվել նրա ֆիլմերում: 1950թ-ին Ռոսելինին նկարահանում է իր «Ստրոմբոլի, Աստծո երկիր» կինոնկարը, որտեղ, ըստ նախնական որոշման, գլխավոր դերում պետք է հանդես գար Մանիանին, սակայն Ռոսելինին հրավիրում է Բերգմանին: Նկարահանումների ընթացքում սկիզբ է առնում նրանց մեծ սերը, և այդ նորությունը վերածվում է սկանդալային աղմուկի: Բերգմանը լքում է իր ընտանիքը, իսկ Ռոսելինին՝ Աննային: Այդ մասին մի քանի ամիս շարունակ թերթերում գրում էին ինչպես իտալացիները, այնպես էլ ամերիկացիները: Այդուհանդերձ, Աննան և Ռոբերտոն մտերիմ մնացին մինչև վերջ:
1951թ-ին Մանիանին գլխավոր դեր է ստանում իր վաղեմի ընկերոջ՝ Լուկինո Վիսկոնտիի «Ամենագեղեցիկը» ֆիլմում: Դեռևս 1943թ-ին Վիսկոնտին ցանկանում էր իր առաջին՝ «Մոլուցք» ֆիլմում Ջովաննայի դերում նկարահանել Աննային, բայց դերասանուհու հղիության պատճառով ուրիշ դերակատարուհի ընտրեց: Նրանք դեռ պատերազմից առաջ էին ընկերացել: Վիսկոնտին կոմունիստական գաղափարների հետևորդ էր և օժանդակում էր հակաֆաշիստական դիմադրությանը: Հայտնի է, որ պատերազմի ավարտին Աննան իր բնակարանում էր թաքցնում Վիսկոնտիին, երբ վերջինիս որոնում էին ֆաշիստները, թեպետ հենց իր՝ Աննայի խոսքերով, շատ էր վախենում բռնվելուց:
«Ամենագեղեցիկը» ֆիլմն իսկական բենեֆիս է դառնում դերասանուհու համար: Այս ֆիլմում Մանիանին դարձյալ սովորական կնոջ կերպարում է, ով ամեն կերպ փորձում է իր մանկահասակ աղջկա համար դեր ստանալ հայտնի ռեժիսորի կինոնկարում: Բախվելով անարդարության տարբեր դրսևորումների՝ գլխավոր հերոսուհին չի հուսահատվում, սակայն հետո հրաժարվում է իր երեխային դերասանուհի դարձնելու մտադրությունից, երբ տեսնում է պրոդյուսերների և կինոարտադրողների իրական դեմքը: Երբ վերջիններս գալիս են նրա մոտ, որպեսզի պայմանագիր ստորագրեն, մայրը հրաժարվում է ստորագրել, քանի որ չի ցանկանում իր աղջկան վստահել մի ոլորտի, որտեղ նրան կնսեմացնեն ու կփչացնեն: Միայն Մանիանին իր ողբերգական ու կատակերգական ուրույն դերասանական տաղանդով կարող էր արտահայտել այն տարբեր արժեքները, որոնք ներդրված էին Մադալենա Չեկոնիի կերպարում: Ըստ ռեժիսորի՝ Մադալենան հենց ինքն էր՝ Աննա Մանիանին: Վիսկոնտին պատմում է․ «Մենք շատ մտերիմ էինք, հարգում էինք միմյանց։ Այդ իսկ պատճառով մեր հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բարեհաջող էին կառուցվում, չնայած Աննային առանձնահատուկ մոտեցում էր հարկավոր: Չէ՞ որ նա այնպիսին չէր, ինչպիսին մյուս դերասանուհիներն էին: Առաջին հերթին պետք էր անել այն, ինչի հետ ոչ մի ռեժիսոր չէր ցանկանում համակերպվել՝ ընդունել նրա առաջարկները: Փորձերի ժամանակ նա գրեթե ամեն րոպե մի նոր միտք էր հղանում: Հարկավոր էր կամ ընդունել, կամ էլ մերժել, իսկ եթե ընդունեցիր, թույլ տուր նրան զարգացնել այդ միտքը: Նա շատ հարուստ երևակայություն ուներ, երևի ոչ մի դերասանուհի նրա հետ դրանում չի համեմատվի»:
Այնուհետև Վիսկոնտին Մանիանիին նկարահանեց «Մենք՝ կանայք» կինոալմանախի նովելներից մեկում: Կատակերգական նովելում դերասանուհին ինքն իրեն է մարմնավորում: Նա երթևեկում է տաքսիով, իր փոքրիկ շան հետ, և վերջում վարորդն ասում է, թե նա պետք է վճարի նաև շան համար: Մանիանին վրդովված է և իրավիճակը պարզելու համար ոստիկանություն է գնում: Վերջիվերջո, ամեն ինչ ծիծաղով ու հումորով է ավարտվում: Մանիանին էլ իր արտահայտիչ երգն է երգում բեմում, իտալական հանդիսատեսի համար: Այս նովելը՝ որպես ուրախ Հռոմի խորհրդանիշ, իր իրարանցումով և աղմուկով, ավանդական «իտալական խառնվածքով» անմոռաց մնաց մարդկանց սրտերում: Ասում են, թե դերասանուհու և Վիսկոնտիի հարաբերությունները փչացան 1956թ-ին, երբ Վիսկոնտին Վենետիկի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահն էր: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը հանձնեցին Մարիա Շելլին, իսկ Աննան վիրավորվեց։
Աննան հեշտ բնավորություն չուներ: Դա շատ անգամ էր արտահայտվում: Օրինակ՝ 1954թ-ի հունվարին Նուովո թատրոնում նա խաղում էր մի ռևյուում: Թատրոնը լիքն էր: Ժողովրդին ռևյուն դուր չեկավ, ներկայացումը սառն էր ընթանում: Եվ ամենավերջում իրավիճակի հետ չհամակերպված Մանիանին արագ մոտեցավ բեմին և սկսեց շատ բարձր ու ռիթմիկ ծափ տալ: Հանդիսականները միացան նրան, և ամեն ինչ ավարտվեց ծափողջույններով: Այդ ժամանակ Մանիանին գոհունակությամբ լքեց բեմը:
50-ականների սկզբում Աննան արդեն ավելի քիչ էր դերեր ստանում: Բայց այդ տարիներին նա հրավեր ստացավ Հոլիվուդից: Ամերիկացի նշանավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը հատուկ Մանիանիի համար գրել էր «Դաջված վարդը» պիեսը: Այդ ժամանակ Աննան հրաժարվեց Բրոդվեյի բեմ դուրս գալ, քանի որ, իր կարծիքով, այնքան էլ լավ չէր տիրապետում անգլերենին: Բայց 1955թ-ին նա համաձայնեց նկարահանվել ռեժիսոր Դենիել Մաննի «Դաջված վարդը» ֆիլմում: Այս անգամ Ուիլյամսը սցենարը հատուկ պատրաստել էր երկու տարբերակով՝ անգլերենով և իտալերենով, որպեսզի Մանիանին գոհ մնա: Դերասանուհու խաղընկերն էր հանրահայտ Բերտ Լանկաստերը, ում մասին այդքան երազում էր Մադալենան «Ամենագեղեցիկը» ֆիլմում: Եվ քանի որ Մադալենան հենց Աննան էր, հիմա արդեն կարելի էր ասել, որ նրա երազանքն իրականություն էր դարձել։ Լանկաստերի հետ նրանք մեծ էկրանին հիանալի պատկերեցին երկու հասուն մարդկանց միջև ծնված զգացմունքը: Լանկաստերն ասում էր, որ Աննան լավագույն դերասանուհին է, ում հետ ինքը երբևիցե բախտ է ունեցել խաղալու։
Այս աշխատանքը Մանիանիին պարգևեց «Օսկար»՝ կանացի լավագույն դերակատարման համար: Նա ոչ միայն առաջին իտալացի դերասանուհին էր, ով «Օսկար» ստացավ, այլ առհասարակ առաջին օտարալեզու դերասանուհին էր, ում այդ բախտը վիճակվեց: Արարողությանը Աննան չկարողացավ ներկա լինել, քանի որ վախենում էր ինքնաթիռով թռչելուց, իսկ նավով չէր հասցնի: Նա պատմում էր, որ իրեն զանգահարել են առավոտյան ժամը հինգին, և ինքը սկզբում կարծել է, թե մարդիկ պարզապես կատակում են ու խնդրել է, որ իրեն թողնեն հանգիստ քնի: Իտալացի երկրպագուները, ցանկանալով տոն պարգևել դերասանուհուն, պատրաստում են մրցանակի մեծ պատճենը։
Մանիանիի կարիերան Հոլիվուդում շարունակվում է, բայց՝ ոչ երկար: Նա նկարահանվում է Ջորջ Կյուկորի «Վայրի քամի» (1957թ) և Սիդնի Լյումետի «Փախստականների տեսակը» (1960թ, դարձյալ Թենեսի Ուիլյամսի սցենարով) ֆիլմերում: Իր խաղընկերներ Էնթոնի Քուինի և Մառլոն Բրանդոյի հետ նա հետագայում էլ պահպանում է ընկերական հարաբերությունները: Վերադառնալով Հռոմ՝ Աննան սկսում է ավելի պասիվ կյանք վարել: Դերեր արդեն չէին առաջարկում, նա մենության մեջ էր: Ճիշտ է՝ շրջապատում չկար նրա պես աշխույժ ու սրամիտ մարդ, բայց նա նախընտրում էր իր ժամանակը հիմնականում անցկացնել տանը՝ իր բազմաթիվ շների ու կատուների հետ: Գիշերները նա սիրում էր թափառել Հռոմի փողոցներում և կերակրել անօթևան կենդանիներին: Հետագա մի քանի ֆիլմերը, որոնցում նա մասնակցություն ունեցավ, ընդհանրապես հաջողության չարժանացան։
1962թ-ին Մանիանին խաղում է իր ամենավառ ու հիշարժան դերերից մեկը՝ Պիեռ Պաոլո Պազոլինիի «Մամա Ռոմա» ֆիլմում: Պազոլինին պաշտում էր Մանիանիին և նրան համարում էր նեոռեալիզմի մեծ դերասանուհի: Մամա Ռոմայի կերպարը ստեղծելիս Պազոլինին միայն նրան էր պատկերացնում այդ դերում: Մանիանին հեշտությամբ համաձայնեց այդ դերը խաղալ փոքր հոնորարով, քանի որ իր հերթին շատ էր ուզում նկարահանվել Պազոլինիի մոտ: Մամա Ռոման նախկին մարմնավաճառ է, ով պատանի որդի ունի: Փորձելով ամբողջովին խաչ քաշել իր նախկին կյանքի վրա՝ նա որդու հետ տեղափոխվում է Հռոմ, որտեղ ամեն գնով փորձում է դասավորել որդու ապագա կյանքը, որպեսզի նա աղքատություն չտեսնի և ոչնչի կարիք չզգա: Ռոման շուկայում է աշխատում, նրան շատերը գիտեն և հարգում են: Սակայն հետո ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Որդին վատ շրջապատ է ընկնում, նրա համար գլխավոր արժեքը դառնում է գումարը: Մամա Ռոման ստիպված դարձյալ անցնում է իր հին գործին՝ մարմնավաճառությանը: Իմանալով այդ մասին և լինելով իր ավագ ընկերների ազդեցության տակ՝ որդին գողություն է անում, ինչի հետևանքով նրան ձերբակալում են, և նա մահանում է բանտում: Մայրն այլևս իմաստ չի տեսնում իր կյանքի մեջ: Հետաքրքիր է ամենավերջին տեսարանը, երբ Մանիանին իր տառապած հայացքով նայում է այդպես էլ չնվաճված Հռոմին:
Այս ֆիլմը լավ ընդունեցին Վենետիկում, և այսօր այն դասական գործ է համարվում, մինչդեռ ժամանակին ֆիլմը սառնությամբ դիմավորեց սովորական հանդիսատեսը, իսկ գրաքննիչները ֆիլմում հնչող հայհոյանքների և կոպիտ արտահայտությունների պատճառով հեղինակներին մեղադրեցին անբարոյականության համար: Գործը նույնիսկ դատարան հասավ (ինչպես դա հաճախ էր պատահում Պազոլինիի դեպքում), բայց վերջում բոլոր մեղադրանքները հանվեցին:
Հետո Մանիանին վերադարձավ թատրոն: Ֆրանկո Ձեֆիրելլին նրան առաջարկեց հանդես գալ Ջովանի Վերգայի «Գայլուհին» ներկայացման գլխավոր դերում։ Աննան հյուրախաղերով հանդես էր գալիս տարբեր երկրներում: Թատրոնը նրան վերադարձրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հռոմում նրան բոլորը ճանաչում և սիրում էին՝ որպես ազգային արժեք: Բոլորը ճանաչում էին նաև նրա որդուն՝ Լուկային՝ գեղեցկադեմ և մռայլ պատանուն, ով հենակներով էր շարժվում: Բոլորին ծանոթ էր նրանց տունը՝ հին իշխանական Ալտիերի դղյակը: Կյանքի վերջում Մանիանին լավ կարողություն էր կուտակել, որպեսզի իր համար անհոգ ծերություն ապահովի: Նա բնակարաններ ուներ Հռոմի տարբեր թաղամասերում և դրանք վարձով էր տալիս, նաև խաղում էր բորսայում։
Վաթսունհինգ տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվեց չարորակ ուռուցք։ Նա անհաջող վիրահատվեց Հռոմի հիվանդանոցներից մեկում: Աննայի վերջին ֆիլմերից էր «Գոհաբանության տարին էր, 1870» դրաման: Ֆիլմում նրա խաղընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Վերջինս խոստովանում էր, որ ցնցված է դերասանուհու տաղանդով և ստեղծագործական անկեղծությամբ: Այս ֆիլմը ցուցադրվեց Մանիանիի մահից հետո: Ռոսելինին մինչև վերջ մնաց Աննայի անկողնու մոտ և կարգադրեց հուղարկավորել նրան Ռոսելինիների ընտանեկան գերեզմանոցում: Աննա Մանիանին իր մահկանացուն կնքեց 1973թ-ի սեպտեմբերի 26-ին: Նրա հուղարկավորության օրը հայտարարվեց ոչ աշխատանքային: Հռոմի ժողովուրդը դուրս էր եկել փողոց: Երբ մարմինը տանում էին, անհամար մարդիկ անվերջ ծափահարում էին հանճարեղ դերասանուհուն: Ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր սիրելիին: Նա հավերժ մնաց Իտալիայի և Հռոմ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Ֆելինին նրան ասում էր․ «Դու հենց ինքը՝ Հռոմն ես․ քո էությունը մայրական է, սգավոր, առասպելական, կործանիչ․․․»:
Հովհաննես Վարդումյան
COMMENTS