«Ես ի բնե մելամաղձոտ եմ՝ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է...»։ Ֆրանսիս Վեբեր
Մեր օրերում հազվագյուտ սցենարիստներ ու ռեժիսորներ են կարողանում ստեղծել այնպիսի ֆիլմեր, որոնք հանդիսատեսին կստիպեին միաժամանակ ծիծաղել ու տխրել, զվարճանալ ու մտորել լուրջ խնդիրների մասին։ Ֆրանսիս Վեբերն այդ հազվագյուտներից մեկն է։ Սցենարիստի և ռեժիսորի իր կարիերայի ամենասկզբում նրան հաջողվեց հորինել ու պատկերել անճարակ և դյուրահավատ կիսածաղրածուի մի կերպար, մի հավերժական քավության նոխազ, ում տվեց «Ֆրանսուա Պինյոն» մականունը (մի անուն, որը չափազանց բնորոշ է ֆրանսիական ֆոլկլորին)։ Վեբերը սցենար գրեց «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» հանրահայտ կատակերգության համար։ Այնուհետև հաջորդեցին «Հրաշալին», «Տաղտկամիտը», «Բարձրահասակ շիկահերի վերադարձը», և, վերջապես, նա սեփական սցենարի հիման վրա նկարահանեց իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ կուռքային դարձած «Խաղալիք» կատակերգությունը։ Ֆրանսիս Վեբերի հեղինակած սցենարների թիվը գերազանցում է երկու տասնյակը, որոնց հիման վրա նկարահանվել են հաջողված ֆիլմեր, իսկ որպես ռեժիսոր նա հանդիսանում է 12 ֆիլմի հեղինակ։
Վեբերը ծնվել է 1937թ-ի հուլիսի 28-ին Նյոյի սյուր Սեն ֆրանսիական ոչ մեծ քաղաքում։ Նրա հայրը՝ Պիեռ-Ժիլ Վեբերը, ազգությամբ հրեա էր և գրող, նա հեղինակն էր «Ֆանֆան-Կակաչը» վեպի, որի հիման վրա հետագայում նկարահանել էին հայտնի ֆիլմը։ Վեբերի մայրը՝ հայուհի Եկատերինա Աղաջանյանը, ծնվել էր Արմավիրում, և, ինչպես վերհիշում էր Ֆրանսիսը, «նա ինձ համար պատրաստում էր բորշչ ու կարկանդակներ, չափազանց սնահավատ էր, սիրում էր խաղաթղթերով գուշակություններ անել»։ Եկատերինան ընտանիքի հետ Արմավիրից տեղափոխվել էր Սանկտ Պետերբուրգ, իսկ հեղափոխությունից հետո արտագաղթել էր Ֆրանսիա։ Տարբեր հարցազրույցներում Վեբերը նշում է, որ իր մայրը հայուհի է, իսկ ավելի հաճախ ասում է՝ «ռուսաստանյան հայուհի»։ Ֆրանսիսին մեծացրել էին իր ռուսախոս տատիկն ու պապիկը։ Իսկ մայրը, ով հիանալի տիրապետում էր ֆրանսերենին, բուլվարային գրքեր էր գրում Ժորժետ Պոլ կեղծանունով։ Եկատերինան որդու ծնվելուց անմիջապես հետո մկրտել էր նրան, և հենց դա էլ Ֆրանսիսին փրկել էր այն սարսափից, որը սպասում էր փարիզյան հրեաներին, երբ նացիստները մուտք գործեցին Ֆրանսիայի մայրաքաղաք։
Առհասարակ՝ Վեբերի տոհմում մեծ թիվ էին կազմում գրողները․ նրա պապի եղբայրը՝ Տրիստան Բեռնարը, ժամանակին եղել էր Ֆրանսիայի ամենահանրաճանաչ հումորիստներից մեկը, փարիզյան թատրոններից մեկի հիմնադիրը, ում անունով հետագայում սկսեց կոչվել մայրաքաղաքի փողոցներից մեկը։ Իսկ նրա որդի Ռայմոն Բեռնարը ռեժիսոր էր, ով փառքի էր արժանացել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հիասքանչ էկրանավորումից հետո։ Ի դեպ, Ֆրանսիս Վեբերի՝ մայրական կողմից զարմուհու անունը՝ Սոֆի Օդուին-Մամիկոնյան, լայնորեն ճանաչված էր ամբողջ Ֆրանսիայում, նա ամենահայտնի մանկագիրներից մեկն էր, Տարա Դունկանի մասին պատմող ֆանտաստիկական դյուցազներգության հեղինակը։
![]() |
«Փախստականները» |
![]() |
«Հայրիկները» |
![]() |
«Անհաջողակները» |
![]() |
«Խաղալիք» |
«Ես կարող եմ լինել զվարճասեր։ Եթե ինձ ճաշի են հրավիրում, ստիպված եմ լինում դրա համար վճարել կատակներով։ Բայց ի բնե մելամաղձոտ եմ։ Իմ պարագայում նկատվում է այն, ինչը հոգեբույժներն անվանում են «հանդարտ ընկճախտ»։ Ես միայնության, խաղաղ, կանոնակարգված կյանքի սիրահար եմ։ Մինչդեռ մարդիկ ծիծաղ, խնդություն, ուրախություն են ուզում, և ես պետք է վարվեմ այնպես, որ իմ աշխատանքը նրանց պարգևի այն, ինչ ցանկանում են։ Իսկ որպեսզի ստեղծես լավ և իսկապես ծիծաղելի կատակերգություն, դու պիտի կենտրոնացած ու հակիրճ լինես, միշտ հարվածես նշանակետին և հիշես կյանքի ճշմարտության մասին։ Բացի այդ, երբեք նախապես չգիտես՝ կհաջողվի՞, արդյոք, ծիծաղեցնել հանդիսատեսին։ Այդ մասին իմանում ես լոկ առաջին կինոդիտումից հետո։ Սրան գումարենք այն, որ քեզ երբեք չեն գովաբանում թերթերում, չեն հրավիրում կինոփառատոներ։ Քեզ չեն գնահատում։ Այնքան ժամանակ, քանի դեռ ողջ ես։ Եվ այս իրավիճակում հանդիսատեսի ծիծաղը քո միակ պարգևն է։ Իհարկե՝ չհաշված ֆիլմերից ստացված շահույթը։ Երբ ֆիլմը հայտնվում է փարիզյան կինովարձույթում, ես գաղտնի սողոսկում եմ դահլիճ՝ հանդիսատեսի ծիծաղը լսելու հույսով։ Եվ եթե նրանք չեն ծիծաղում, ես ինձ շատ դժբախտ եմ զգում։ Ցավոք, այդպես էլ է պատահում»,- ինքն իրեն բնութագրում է Ֆրանսիս Վեբերը։
Այնուամենայնիվ, Վեբերի լավագույն ֆիլմը լեգենդար «Խաղալիքն» է, որը ծնունդ է առել բառացիորեն փողոցում։ 1960-ականների սկզբին, խաղալիքների հսկայական խանութի կողքով անցնելիս, այն տարիներին փարիզյան փոքրիկ թերթերից մեկում որպես լրագրող աշխատող Վեբերը մի ուշագրավ տեսարանի ականատեսն է դառնում։ Խանութի ցուցափեղկի մոտ թռչկոտում, գոռում և ոտքերով գետնին էր հարվածում մի երեխա, իսկ նրա շուրջ կանգնած էին դայակներն ու թիկնապահները՝ հենց նոր գնված խաղալիքների փաթեթներով, և փորձում էին հանգստացնել տղային։ Նրանց բոլոր հորդորներին ի պատասխան այդ փոքրիկ բուրժուան ասում էր․ «Ես ամեն ինչի մասին կպատմեմ հայրիկին։ Եվ նա բոլորիդ կվռնդի»։ Հենց նույն երեկո Ֆրանսիս Վեբերը գրեց մի ոչ մեծ պատմվածք։ Անցավ 15 տարի։ Մի անգամ նա ճաշում էր Պիեռ Ռիշարի հետ, և խոսք բացվեց այդ պատմվածքի մասին։ Ռիշարն այնքան ոգևորվեց սյուժեով, որ Վեբերին բառացիորեն ստիպեց պատմվածքը վերածել սցենարի և էկրանավորել այն։ Նա նույնիսկ որոշեց հանդես գալ որպես այդ ֆիլմի պրոդյուսեր։ 1976թ-ին ֆիլմը բարձրացավ մեծ էկրան և հույզերի իսկական փոթորիկ առաջացրեց քննադատների ու հանդիսատեսի շրջանում։ Այդ ժամանակվանից ի վեր Վեբերը սկսեց ինքը նկարահանել ֆիլմեր։
Արմեն Մանուկյան, «Голос Армении»