«Ահա իմ ձեռքը։ Ես շարժում եմ այն։ Երակներովս հոսում է արյունը։ Արևը բարձր է, հենց զենիթում, և ես՝ Անտոնիուս Բլոկս, շախմատ եմ խաղում մահվան հետ»։ «Յոթերորդ կնիքը»
- Ո՞վ ես դու։
- Ես մահն եմ։
- Դու եկել ես իմ ետևի՞ց։
- Ես արդեն վաղուց եմ հետևում քեզ։
- Ես չեմ զարմանում։
- Պատրա՞ստ ես։
- Իմ մարմինը վախենում է, իսկ հոգիս՝ ոչ։
«Յոթերորդ կնիքը»
1957թ-ին շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանը ներկայացրեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Յոթերորդ կնիքը», որը մինչ օրս էլ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի ու ամենամիստիկական ստեղծագործությունների առաջին շարքում է։ Այս լեգենդար ֆիլմը նկարահանելիս նա ընդամենը 38 տարեկան էր և արդեն բավականաչափ ճանաչված, սակայն հենց «Յոթերորդ կնիքը» հանդիսացավ նրա «հասունության վկայականը» կինոյում։ Svensk Filmindustri ընկերությունը համաձայնեց ֆիլմի ստեղծմանն աջակցել լոկ այն պայմանով, որ ռեժիսորը նկարահանի շատ համեստ բյուջեով և ոչ ավելի, քան 35 օրվա ընթացքում։ Եվ նա ընդունեց պայմանը։
Ֆիլմի սցենարի հիմքում Բերգմանի պիեսն է՝ «Զարդանկար ծառի վրա» անվանմամբ, մեկ գործողությամբ։ Պիեսը նա գրել էր դեռևս Մալմյոյի թատերական դպրոցում դասավանդելու տարիներին՝ շրջանավարտների համար, որպես մենախոսություններից բաղկացած մի վարժություն, որտեղ դերերի քանակը համապատասխանում էր ուսանողների քանակին։ Այս պիեսը ծնունդ էր առել Բերգմանի մանկական հիշողություններից։ Ապագա ռեժիսորը հաճախ էր ընկերակցում գյուղական եկեղեցիներում քարոզելու նպատակով շրջագայող իր հոգևորական հորը։
«Մահը շախմատ խաղալիս» որմնանկարը |
«Սերը ամենասև ժանտախտն է։ Եթե դրանից մեռնեին, գոնե օգուտ կլիներ։ Բայց գրեթե միշտ բոլորն ապաքինվում են»։ «Յոթերորդ կնիքը»
«Ասպետը, մահը և սատանան» փորագրանկարը |
«Կատակերգակների ընտանիքը» կտավը |
- Այնուամենայնիվ, մեռնել չե՞ս ուզում։
- Ուզում եմ։
- Ուրեմն՝ էլ ինչի՞ն ես սպասում։
- Ես պիտի իմանամ։
- Այսինքն՝ քեզ երաշխիքնե՞ր են պետք։
- Անվանեք ինչպես ուզում եք։ Մի՞թե այդքան անմիտ է Աստծուն ճանաչելը, Նրան զգալը։ Ինչո՞ւ է Նա մեզնից թաքնվում անորոշ խոստումների, անտեսանելի հրաշքների մշուշում։ Ինչպե՞ս հավատաս հավատացյալներին, եթե նույնիսկ ինքդ քեզ չես հավատում։ Ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր տենչում են հավատալ, բայց չեն կարողանում։ Եվ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր չեն տենչում և չեն կարողանում։
«Յոթերորդ կնիքը»
Ֆիլմի անվանումը վերցված է Հովհաննես առաքյալի Հայտնության գրքի 8-րդ գլխից․ «Եվ երբ բացեց յոթերորդ կնիքը, երկնքում լռություն եղավ մոտ կես ժամ։ Եվ տեսա յոթ հրեշտակներ, որ կանգնած էին Աստծո առաջ, և նրանց յոթ փող տրվեց։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ․ նա ուներ ոսկե խնկաման, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե խորանի վրա, աթոռի առաջ։ Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստծո առաջ։ Եվ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից և այն գցեց երկրի վրա, և եղավ որոտ, և ձայներ, և փայլատակում, և մեծ երկրաշարժ։ Եվ յոթ հրեշտակները, որ ունեին յոթ փողեր, պատրաստվեցին դրանք հնչեցնելու»։
Ոչ միայն ֆիլմի վերնագիրը, այլև հենց ֆիլմը լի է ապոկալիպտիկ տրամադրություններով ու պատկերներով։ Հայտնի է, որ Բերգմանը, ով Ալբեր Քամյուի գրականության, էքզիստենցիալիզմի մեծ երկրպագուն էր և նամակագրական կապ ուներ նրա հետ, չափազանց տպավորված էր վերջինիս «Ժանտախտով» ու ցանկանում էր ստեղծել ժանտախտի իր տեսլականը, որի կենտրոնը 14-րդ դարի Եվրոպան էր, Ահեղ դատաստանին սպասող Եվրոպան։ Բերգմանի հերոսներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի․ առաջինները, համակերպված, սպասում են Վերջին դատաստանին և շտապում են մեղքերի թողություն ստանալ, երկրորդները շարունակում են ապրել ներկայով՝ չհրաժարվելով իրենց սովորական ցոփ ու շվայտ կյանքից։ Նրա ստեղծած կերպարներից յուրաքանչյուրն արխետիպային է և հանդիսանում է որևէ աշխարհայացքի մարմնացում․ ասպետը՝ կասկածներով լի իդեալիստ, նրա զինակիրը՝ սկեպտիկ և ռացիոնալիստ, մեկ այլ հերոսը՝ էգոիստ և մատերիալիստ, մյուսը՝ միստիցիզմի գերի և երևակայապաշտ, ու այսպես շարունակ։ Սակայն, ինչպիսին էլ լինեն, մահվան առաջ նրանք բոլորը հավասար են, և Բերգմանը հենց դա է փաստում։
Խաչակրաց արշավանքից հետո Շվեդիա վերադարձած Անտոնիուս Բլոկը և նրա զինակիր Յոնսը դառնում են ժանտախտով ու անհուսությամբ հիվանդ ժողովրդի ողբերգության վկան։ Ասպետ Անտոնիուսը ճգնում է հասկանալ, թե ինչու են մարդկանց ուղարկվել այդ ծանր փորձությունները։ Սևազգեստ Մահն ամենուր հետապնդում է նրան, և նա իր խաղն է սկսում Մահվան հետ։ Սակայն Բլոկի էքզիստենցիալիստական դատապարտվածության մռայլ զգացումը հետզհետե փոխարինվում է մի անբացատրելի լավատեսությամբ, երբ նա սկսում է շփվել հասարակ մարդկանց հետ՝ կիսելով նրանց ուրախություններն ու վշտերը։ Պատահական չէ, նույնիսկ՝ ճակատագրով կանխորոշված է նրա հանդիպումը թափառական դերասանների ընտանիքի հետ, որն ասես մարմնավորում է աշխարհի երեսից դեռևս չվերացած սերն ու բարությունը։
Բերգմանն այդ ընտանիքի երեք անդամներին շնորհել է խորհրդանշական անուններ․ Յուֆը, ասես, նորկտակարանյան Հովսեփն է, նրա կին Միան՝ Մարիամ Աստվածածինը, նրանց փոքրիկ որդի Միքայելը՝ սատանայի դեմ հաղթանակ տարած Միքայել հրեշտակապետը։ Այս ընտանիքը լի է միմյանց հանդեպ անկեղծ սիրով, և հենց այդ սերն էլ փրկում է նրանց։ Անտոնիուս Բլոկը գիտակցում է, որ ինքը և ֆիլմի մյուս հերոսներ Յոնսը, Լիզան, Յոնասը, Ռավալը, Փլուգը, ի վերջո, մեղավոր մարդիկ են և դատապարտված, սակայն Յուֆն ու Միան, թեկուզ իր սեփական կյանքի գնով, պիտի փրկվեն և շարունակեն ապրել։ Այդ ընտանիքի փրկության շնորհիվ նրա կյանքը ևս իմաստավորվում է, ու թեպետ Մահը, խենթ պարով շղթայած, նրանց առաջնորդում է դեպի հավերժական խավարի թագավորություն, բայց ասպետն արդեն գիտի, որ իր կյանքն իզուր չի ապրել։
«Եթե ամեն ինչ անկատար է այս անկատար աշխարհում, ապա սերն ինքնին կատարելություն է իր ողջ կատարյալ անկատարությամբ»։ «Յոթերորդ կնիքը»
Սևազգեստ Մահն այս ֆիլմի ամենահանելուկային կերպարներից է։ Բերգմանը խոստովանել է, որ շատ երկար է մտածել այս կերպարի արտաքին տեսքի մասին։ Ի վերջո, ռեժիսորն ու դերակատարը որոշել են մինիմալիստական սպիտակ գրիմի միջոցով ստանալ սպիտակ ծաղրածուի ու գանգի մի յուրատեսակ խառնուրդ։ Բերգմանը մտավախություն ուներ, թե այդօրինակ գրիմը կերպարին կարող է հաղորդել կատակերգական երանգ, սակայն նրա բոլոր կասկածները չքացան, երբ գրիմավորված դերասանին տեսավ ամբողջովին սև հանդերձանքով։ Այս կերպարը դարձավ համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության ամենաչարագուշակ, խորհրդավոր ու հիշարժան երևույթներից մեկը։ «Ե՛վ ձեր սեփական խավարում, և՛ այն խավարում, որտեղ բոլորս հայտնվել ենք, դուք չեք գտնի որևէ մեկին, ով ականջալուր կլիներ ձեր հեծեծանքին ու տառապանքին։ Սրբեք արցունքները և արտացոլվեք ձեր ամայության մեջ»․ բերգմանյան լեգենդար ֆիլմում արտասանվող այս խոսքերը մեր օրերում էլ հնչում են մարգարեության պես։
Ժակ Անդրեասյան
COMMENTS