Քաղվածքներ լեհ նշանավոր ռեժիսոր Կշիշտոֆ Կեսլևսկու վարպետության դասերից, որոնք նա անցկացրել է 1994թ-ին Ամստերդամի համալսարանում։
2․ Խորհուրդ դերասաններին․ միշտ ձգտեք շրջվել դեպի լույսը, այլապես շրջադարձ կատարելիս դուք կմնաք աննկատ։ Մինչդեռ շրջվելով դեպի լույսի աղբյուրը՝ ավելի տևական ժամանակ կլինեք ուշադրության կենտրոնում և կկարողանաք օգտվել այդ առավելությունից։ Երկխոսությունները խաղալիս նայեք միմյանց։ Մի՛ խաղացեք հանդիսատեսի համար․ դա թատրոն է։ Խաղացեք միմյանց համար․ սա կինո է։
3․ Եթե դերասանը պիտի արտասվի, նրան նկարահանեք թիկունքից։ Հանդիսատեսին մի՛ ցուցադրեք արցունքներ։ Բոլորն էլ գիտեն, թե մարդիկ ինչպես են արտասվում, հետևաբար՝ ավելի լավ է ցույց տաք դերասանի ուսը կամ թիկունքը։ Դա ավելի ազդեցիկ է հանդիսատեսի երևակայության համար։
4․ Ամեն ինչ միանգամից մի՛ բացահայտեք։ Կինեմատոգրաֆիական ազդեցիկության տեսանկյունից ավելի արդյունավետ է հանդիսատեսին աստիճանաբար ներքաշելը պատմության մեջ, ինչը կարելի է անել, օրինակ, նաև կինոխցիկի՝ ճիշտ հաշվարկված շարժման միջոցով։
5․ Իմ կարծիքով՝ կա նկարահանման երկու եղանակ՝ բնական և ավտոկրատական։ Բնականը ես համարում եմ կինոխցիկի շարժումը գործող անձանց ետևից, միզանսցենի կազմակերպումը։ Իսկ ավտոկրատական նկարահանման դեպքում կինոխցիկն առաջնորդողը ոչ թե իրավիճակի զարգացումն է, այլ ռեժիսորը։ Կինոխցիկը շարժվում է դերասանների շարժումներից անկախ։ Ընդհանրապես, դա ավելի հետաքրքիր է, բայց նաև ավելի ռիսկային է․․․ Մի՛ մոռացեք հանդիսատեսի մասին, հատկապես՝ եթե նկարահանում եք այդ եղանակով։ Հանդիսատեսը պիտի հետևի ձեզ և հասկանա, թե ինչ եք անում։ Դա ամենակարևորն է։ Որովհետև, հնարավոր է, նկարահանման հրապարակում դուք ամենագլխավոր անձն եք, բայց, վերջին հաշվով, հանդիսատեսն ավելի կարևոր է։
6․ Եվս մեկ խորհուրդ դերասաններին․ միշտ «օգտագործեք» խաղընկերոջը։ Եթե նկարահանման հրապարակում տեղը չի բավականացնում, շարժեք ձեռքը կամ բռունցքը։ Այդ ժամանակ դերասանի հայացքը պակաս արտահայտիչ է, բայց աչքերը, միևնույն է, սահուն են շարժվում։
7․ Ես ազնիվ չեմ համարում ֆիլմերը քննարկելիս չափից դուրս մեծ խստություն ցուցաբերելը։
8․ Արդեն նկարահանումների ընթացքում կարելի է լիովին պատկերացնել, թե ինչպիսին է լինելու վերջնական արդյունքը։ Եթե նկարահանումները հաջող ընթացք են ունեցել, եթե ամեն ինչ եղել է սահմանված տեղում, ապա ֆիլմը, այսինքն՝ վերջնական արդյունքն էլ նույնպիսին կլինի։ Բայց եթե նկարահանումների ընթացքը ձեր պատկերացրածի պես չի դասավորվել, օրինակ՝ գործող անձանց զգացմունքները հստակ չեն մոտիվացվել կամ առհասարակ չեն մոտիվացվել, ապա այդ բացթողումն անխուսափելիորեն երևում է մեծ էկրանին։
Վարպետության դասերի ընթացքում, երբ ուսանողները Կեսլևսկու խորհուրդների հիման վրա փորձում էին կյանքի կոչել իրենց մտահղացումները, եղավ լոկ մեկ բացառություն վերոնշյալ՝ 8-րդ կանոնից․ մոնտաժի ընթացքում երիտասարդ ռեժիսորներից մեկը հրաժարվեց իր սկզբնական մտահղացումից և որոշեց դրաման վերածել սև կատակերգության։ Կեսլևսկին ցանկացավ իմանալ պատճառը։ «Որպեսզի տեսնեմ, թե ինչ կստացվի»,- պատասխանեց ռեժիսորը։ «Եթե դուք աշխատեք միայն ինքներդ ձեզ համար, ապա ընդմիշտ կմնաք սիրողական մակարդակում»,- նշեց Կեսլևսկին։
9․ Եվ կրկին՝ դերասանների համար․ ձեր ռեակցիաները մի՛ կրկնեք։ Ռեակցիան պիտի արտացոլի գեղարվեստական մտադրությունը, բայց եթե դուք նույն իրավիճակում երեք անգամ նույն ռեակցիան տաք, ապա դա կընկալվի որպես սոսկ ֆիզիկական գործողություն, ո՛չ ավելին։
10․ Ձեր ցանկությունները մի՛ ընկալեք որպես իրականություն։ Դուք ակնկալում եք, որ էկրանն ինքը նշանակություն և իմաստ կհաղորդի այն նյութին, որ նկարահանել եք։ Դուք հույս ունեք, թե հանդիսատեսը կսկսի մեկնաբանել այն, ինչն ի վիճակի չէ մեկնաբանելու։ Բայց, հավատացեք, սիգարետի տուփը հենց սիգարետի տուփ է։ Ոչ ավելի և ոչ պակաս։
Վարպետության դասերի ավարտին բոլոր հարցերն արդեն ստացել էին իրենց պատասխանները՝ բացի մեկից․ ինչո՞ւ է իր ողջ կյանքը կինոյին նվիրաբերած բարձր պրոֆեսիոնալ Կեսլևսկին որոշել այլևս չնկարահանել ֆիլմեր։ Այդ հարցը մնաց անպատասխան։