Ֆիլմը Ֆրանսիայում արգելված է եղել մինչև 1969թ-ը։

ռեժիսոր՝ Անրի-Ժորժ Կլուզո
սցենարի հեղինակ՝ Անրի-Ժորժ Կլուզո, Լուի Շավանս
օպերատոր՝ Նիկոլա Այե
կոմպոզիտոր՝ Թոնի Օբեն
դերերում՝ Պիեռ Ֆրենե, Ժինետ Լեկլերկ, Միշլին Ֆրանսե, Լիլիան Մենիե, Պիեռ Լարկե
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1943թ
տևողությունը՝ 1ժ 32ր
Փոքրիկ գավառական քաղաքում լուրեր են պտտվում բժիշկ Ժերմենի և հոգեբուժարանի տարեց տնօրենի երիտասարդ կնոջ՝ Լորայի սիրավեպի մասին։ Մի օր բժիշկ Ժերմենը ստանում է իր անձնական կյանքը «մերկացնող» տարօրինակ անանուն նամակ՝ «Ագռավ» ստորագրությամբ։ Շատ շուտով անանուն նամակներ են սկսում ստանալ նաև նրա համաքաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ և բազմաթիվ գաղտնիքներ են թաքցնում հետաքրքրասեր հանրությունից։ Քաղաքի բնակիչները սկսում են կասկածել միմյանց, թշնամանալ միմյանց դեմ։ Ի վերջո, նամակների տարափը քաղաքի համար վերածվում է իսկական համաճարակի, և բոլորը սկսում են փնտրել խորհրդավոր «Ագռավին»։
Այս ֆիլմը հանդիսանում է նուարի ժանրի դասական ու անգերազանցելի նմուշ, որը Կլուզոն նկարահանել է չափազանց վտանգավոր ժամանակաշրջանում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Անրի-Ժորժ Կլուզոյի ֆիլմը կարելի է համարել մարգարեական, որովհետև ֆիլմի նկարահանումներից հետո նա ինքն էլ դարձավ անանուն նամակների ու թշնամանքի թիրախ՝ մեղադրվելով հակաֆրանսիական տրամադրություններ սերմանելու և նացիստների հետ համագործակցելու համար։ Ֆրանսիայի՝ գերմանական օկուպացիայից ազատագրվելուց հետո Կլուզոն և նրա նկարահանող խմբի որոշ անդամներ ժամանակավորապես զրկվեցին կինոարդյունաբերությունում աշխատելու իրավունքից։ Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ ֆիլմն արգելված էր ոչ միայն Ֆրանսիայում, այլև նացիստական Գերմանիայում։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Կինոյի պատմաբան Ֆրանսուա Շալեն գրել է․ «Գերմանացիներն «Ագռավը» համարում էին անբարոյական և անկումնային ֆիլմ։ Գերմանական գերատեսչություններն արգելել էին ֆիլմի ցուցադրությունները մեծ էկրանին, իսկ ֆիլմի ազդագրերը ոչնչացրել էին, քանի որ չէին ցանկանում վարկաբեկել քաղաքացիների կողմից ստացվող անանուն նամակների «ավանդույթը», որից մեծ օգուտ էին քաղում»։
- 1917թ-ին ֆրանսիական Տյուլ քաղաքում իսկապես տեղի է ունեցել նմանօրինակ պատմություն, որը հանգեցրել է բնակիչներից մի քանիսի մահվանը։ Հինգ տարի շարունակ քաղաքն ալեկոծվել է անանուն նամակների հոսքից։