«Ես սիրում եմ Աստծուն, որովհետև մարդկանց սիրելը շատ ցավոտ է»։ «Երիտասարդ Պապը», ռեժ․՝ Պաոլո Սորենտինո
Մեր օրերի Ֆելինին
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյին, ով վաղ տարիքում զրկվել էր ծնողներից և իր ապագան ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար սկզբում ընտրել էր տնտեսագետի մասնագիտությունը, այսօր արդեն ողջ աշխարհն է ճանաչում նրա ստեղծած ինքնատիպ ֆիլմերի շնորհիվ, որոնք առանձնանում են տպավորիչ կերպարներով, ռեժիսորական մեծ վարպետությամբ, ուշագրավ թեմատիկայով։ Նրան անվանում են «մեր օրերի Ֆելինի»՝ զուգահեռներ անցկացնելով այդ երկու ռեժիսորների ֆիլմերում առկա գեղեցկության և աբսուրդի համադրության միջև։ Իրոք, նրանց ոճային ընդհանրությունները նկատելի են։ Սորենտինոյի նկարահանած ֆիլմերի թիվը գերազանցում է երկու տասնյակը, նա հասցրել է արժանանալ «Օսկարի», Կաննի կինոփառատոնի, Եվրոպական կինոակադեմիայի, Բրիտանական ակադեմիայի մրցանակներին և այլ հեղինակավոր պարգևների։ Տասը մասից բաղկացած «Երիտասարդ Պապը» աղմկահարույց ֆիլմը բազմապատկեց նրա ճանաչումն ու հաջողությունը։ Պաոլո Սորենտինոն առաջին անգամ էր անդրադառնում հեռուստասերիալի ժանրին։
Առանձնահատուկ կիրք տածելով ճարտարապետության և բնության գեղեցկությունը կադրում պատկերելու հանդեպ՝ նա այս ֆիլմում նույնպիսի էսթետիկ կրքով ներկայացրել է նաև Վատիկանի շինությունների արտաքին ու ներքին ողջ ճոխությունը։ Ծերության, կյանքի իմաստի մասին մտորումների, անցյալից մնացած հուշերի թեմատիկան ևս հաճախակի է շոշափվում նրա ֆիլմերում, ավելին՝ նրա ֆիլմերը, խոշոր հաշվով, հենց ծերության, իմաստնության և գեղեցիկի անվերջ որոնումների մասին են։ Նրա ֆիլմերի հերոսները երազողներ չեն, որ անդրդվելի լավատեսությամբ նայում են դեպի ապագա, այլ մելամաղձոտ մտածողներ են, որ արդեն վերածվել են անցյալի։
«Ինձ հետաքրքիր էր կոտրել հոգևորականների և միանձնուհիների շուրջ դրված այն տաբուն, հոգևոր կյանքի ու հոգևորականության մասին այն պատկերացումը, համաձայն որի՝ նրանց միշտ ներկայացնում են երկու գույնով՝ կա՛մ որպես սրբերի, կա՛մ էլ որպես տխրահռչակ սրիկաների։ Ես ցանկանում էի նրանց ներկայացնել այնպիսին, ինչպիսին կան իրականում՝ որպես մարդկանց, տարօրինակ մարդկանց, ովքեր պետք է շփվեն այդ անտեսանելի երևույթի՝ Աստծո հետ, և միաժամանակ վարեն սովորական կյանք»։ Պաոլո ՍորենտինոԵրբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում
Իտալացի ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանը 1999թ-ին ստեղծել էր մի քանդակ՝ «Իններորդ ժամը» անվանմամբ։ Նա պատկերել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին՝ երկնաքարից տապալված։ Քանդակի անվանումը խորհրդանշում էր Քրիստոսի՝ խաչի վրա մահվան ժամը։ Կատելանը փոխաբերական իմաստով ցույց է տվել Հռոմի պապական իշխանության ճգնաժամը՝ ակնարկելով, որ կաթոլիկությունը եթե դեռևս չի վերացել, ապա արդեն շատ մոտ է դրան։ Ժամանակին այս քանդակը հարուցել էր լեհ կաթոլիկների բուռն զայրույթը, նրանք Կատելանի աշխատանքը որակել էին որպես վիրավորանք ոչ միայն իրենց հավատքի, այլև Հովհաննես Պողոս Երկրորդի հանդեպ, ով ծագումով լեհ էր։ 2000թ-ին, երբ քանդակը ցուցադրվել էր Վարշավայում, Լեհաստանի խորհրդարանի անդամները նույնիսկ ցանկացել էին ոտքի կանգնեցնել այն։ Տարիներ անց Սորենտինոն իր ֆիլմի համար պատվիրեց քանդակի կրկնօրինակը (բնօրինակը Christie's աճուրդում վաճառվել էր 886 հազար դոլարով) և այն ցուցադրեց էպիզոդների սկզբում, ենթագրերի հետ։ Իհարկե, Սորենտինոն պատահական չէր ընտրել «Իններորդ ժամը», ավելին՝ այն ներկայացրել էր որպես ֆիլմի առանցքային գաղափար, շեշտադրել կորսված կապը ժողովրդի և եկեղեցու միջև։
Ֆուտբոլը, Սորենտինոն և Պապը
Պաոլո Սորենտինոն շատ է սիրում ֆուտբոլ և իտալական «Նապոլի» ֆուտբոլային թիմը: Իր այդ սերը նա տեղափոխում է նաև կինո՝ սպորտը դարձնելով կինոյի «լեզուներից» մեկը: Ֆուտբոլը և Մարադոնան փրկել են Սորենտինոյի կյանքը: Երբ նա ընդամենը 16 տարեկան էր, ծնողներին խնդրում է, որ նրանց հետ ամառանոց մեկնելու փոխարեն գնա մարզադաշտ՝ «Նապոլի»-«Էմպոլի» ֆուտբոլային խաղը դիտելու։ Մինչ տղան հիանում էր Մարադոնայի խաղով, ամառանոցում տեղի է ունենում գազի արտահոսք, և ծնողները խեղդվում են։ Սորենտինոն կինոն և ֆուտբոլը համարում է իր փրկությունը կյանքի բոլոր իրավիճակներում։
«Երիտասարդ Պապը» սերիալի հերոսն իտալաամերիկացի Լենի Բելարդոն է՝ 47-ամյա մի տղամարդ, ով ճակատագրի բերումով ընտրվել է Հռոմի պապ և այդուհետ կրելու է Պիոս 13-րդ անունը։ Ջուդ Լոուի հերոսը նման չէ մինչ այդ գահակալած Պապերից ոչ մեկին․ նա հանդուգն և կարծրատիպերը կոտրող կերպար է, միաժամանակ՝ պահպանողական է և գթասիրտ։ Դերասանը փորձել է առավելագույնս համոզիչ ներկայացնել Պիոս 13-րդի խառնվածքի ողջ հակասականությունը, ինչպես նաև նրա պայքարը վատիկանյան պայմանականությունների դեմ։ Իզուր են Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները կարծում, թե կարող են հեշտությամբ կառավարել նրան։ Ընտրվելուց հետո նա որևէ մեկին չի ենթարկվում և հետամուտ է լինում եկեղեցին իր երբեմնի արմատներին վերադարձնելու նպատակի իրագործմանը։ Սակայն արդյո՞ք հենց իր՝ Հռոմի պապի հավատքն առ Աստված անսասան է․․․
Սպորտի լեզուն կինոյում
Ինչպես նշեցինք, Սորենտինոն սիրում է իր ֆիլմերում խոսել սպորտի լեզվով: Այս ֆիլմում ևս ողջ Վատիկանը սպորտով էր զբաղվում. Հռոմի պապը թենիս էր խաղում, մարզվում, իսկ Վատիկանի միանձնուհիները ֆուտբոլ ու բասկետբոլ էին խաղում։ Ի վերջո, սպորտի միջոցով կարելի է ցույց տալ մարդու անհոգ, բայց, միաժամանակ, մտամոլոր վիճակը: Սորենտինոն չի ձգտում այնպիսի պարզ հասկացության, ինչպիսին storytelling-ն է, նա միշտ ասում է, որ իր ֆիլմերը anti-storytelling են: Պապն իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ, ռեժիսորի խնդրանքով, ձեռքերը պարզում է այնպես, ինչպես բրիտանացի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին է ձեռքերը պարզում գոլ խփելուց հետո։ Ջուդ Լոուն կաթոլիկ չէ, բայց մոլի ֆուտբոլասեր է, թերևս, նաև այդ պատճառով է Սորենտինոն նրան ընտրել իր ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ «Ջուդը կատարյալ է, նա օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնք անհրաժեշտ էին Պապի կերպարի համար: Բայց նա օժտված է նաև զուտ մարդկային բոլոր որակներով, որոնք պետք է ունենա ցանկացած Մարդ»,- ասում է ռեժիսորը։ Այսպիսով, երիտասարդ Պապը մեջբերումներ է անում Բրոդսկուց, ծխում է Վատիկանում և, կարծես թե, բավականաչափ ուժգին չի հավատում Աստծուն. ի՞նչ կարելի է սպասել նրանից․․․
Հռոմի պապ Պիոս 13-րդը
Ֆիլմում նորընտիր Պապն իր համար ընտրում է Պիոս 13-րդ անունը։ Պատմագիտության մեջ 1775-1958թթ-ը հաճախ անվանում են «Պիոսների դարաշրջան», քանի որ հենց այդ ժամանակահատվածում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու տասնմեկ Պապերից յոթը կրել են Պիոս անունը՝ Պիոս 6-րդից մինչև Պիոս 12-րդ։ «Պիոսների դարաշրջանի» գրեթե բոլոր Պապերը վարում էին պահպանողական քաղաքականություն։ Ֆիլմի մտացածին հերոս Պիոս 13-րդը փորձում էր հետ չմնալ իր անվանակիցներից, թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե նա ամենաէքսցենտրիկ բարեփոխումների կողմնակից է։ Իրականում Սորենտինոն ֆիլմի ենթատեքստում հեգնանքով ու թերահավատությամբ ցույց է տալիս իր վերաբերմունքը սոցիալական պաթոսի նկատմամբ՝ այդ երևույթը համարելով կեղծ ու ոչ կենսունակ։ Թույլատրել աբորտները, միասեռական ամուսնությունները, խրախուսել ֆեմինիզմը, ազատ հարաբերությունները․ այս ամենի մասին Պապը հավատացյալների հետ խոսում է լոկ իր երազում։ Իսկ իրական կյանքում նա, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից առաջին անգամ դիմելով հավատացյալների հսկայական զանգվածին և կոչ անելով բոլոր նրանց, ում սրտում չկա ճշմարիտ հավատք, ասում է, թե այդպիսի «հավատացյալներ» պետք չեն Աստծուն, հետևաբար՝ նրանք պիտի վերադառնան լոկ այն ժամանակ, երբ կգտնեն հավատքի ճանապարհը։
Պապը հրաժարվում է ցույց տալ իր դեմքը, արգելում է տպագրել իր նկարները՝ օրինակ բերելով Սելինջերին, Բենքսիին, Daft Punk-ը, որոնց համար առեղծվածն ու գաղտնիությունը եղել են հաջողության առաջնային գրավականներից մեկը։ Պապը սկսում է պայքարել միասեռական հոգևորականների դեմ, հրաժարվում է գրեթե բոլոր հովվապետական այցելություններից՝ մնալով Վատիկանում իր մտքերի և Աստծո հետ: Այդուհանդերձ, նրա յուրաքանչյուր քայլն ուղեկցվում է կասկածով՝ որքանո՞վ են ճիշտ և բարոյապես արդարացված իր գործողությունները։ Ֆիլմում հիշատակվում է նաև նրա անձնական դրաման, որը շրջադարձային դեր է կատարել նրա կերպարի ու խառնվածքի ձևավորման գործում․ Բելարդոյին տանջում են իրեն մանուկ հասակում լքած ծնողների մասին հուշերը։ 9-ամյա Բելարդոյին դաստիարակել էր ոչ թե մայրը, այլ միանձնուհի Մերին (Դայան Կիտոն)՝ նրան նախապատրաստելով հոգևորականի կարիերայի համար։
Չնայած այս պատմության գլխավոր հերոսը Բելարդոն է, սակայն ֆիլմի հերոսների տարաբաժանումը գլխավորների և երկրորդականների բավականին պայմանական է, քանի որ ռեժիսորը նրանցից յուրաքանչյուրին տվել է առաջնային կարևորություն՝ ասես դիտարկելով որպես ժամանակակից լույսի ներքո ներկայացված աստվածաշնչյան հերոսների․ միանձնուհին, ով իր կյանքը նվիրաբերել էր Աստծուն ու դարձել Պապի «աջ» ձեռքը, անառակը, ով Պապին բացատրում էր, թե ո՞րն է ճշմարիտ հրաշքը, հոգևորականը, ով երբեք դուրս չէր եկել Վատիկանի տարածքից, կինը, ով անպտուղ էր, բայց մայր դարձավ…
Մարդկային տարակուսանքը
Պիոս 13-րդը անընդհատ կասկածում է: Կասկածում է կարդինալներին, մարդկանց, հարաբերություններին, իրեն ու իր հավատքին: Նա ապրում է հավատքի լուրջ ճգնաժամ, բայց, միաժամանակ, ինչ-որ առեղծվածային ուժի թելադրանքով, երբեք չի կորցնում կապն Աստծո հետ։ Բարդ հարցերը հաճախ պարզ պատասխաններ կարող են ունենալ: Բայց դրանք բավարար չեն, քանի որ մեզ միշտ ավելին է պետք լինում։ «Այս Պապը դև է»,- Պիոսի հետ հանդիպումից հետո ասում է Իտալիայի վարչապետն իր օգնականին՝ հասկանալով, որ այնքան էլ հեշտ չի լինի քահանայապետի «ոտքը տրորելը»: Իսկ րոպեներ անց մամուլի ասուլիսում լրագրողների առաջ հայտարարում է․ «Այս Պապը սուրբ է»: Երկու հստակ և ուղիղ պատասխան, երկուսն էլ՝ սխալ, որովհետև չափազանց պարզունակ են։
Երիտասարդ Պապը կարողանում է խոսել Աստծո հետ և պարբերաբար ինչ-որ խնդրանքներ ուղղել Նրան: Այդ գերբնական շնորհը նա բացահայտել էր դեռևս մանկատանը, երբ ծնկի էր իջել և փրկություն էր խնդրել իր ընկերոջ մահացող մոր համար։ Շատերը նրան, իրոք, սուրբ էին համարում՝ անսխալական ու անթերի, շատերը՝ սատանա, մինչդեռ իրականում նա ամբողջ կյանքում եղել էր ու մնալու էր այն լքված փոքրիկը, ով փնտրում էր իր ծնողներին։ Կյանքն այնպիսին է, ինչպիսին կա՝ իր ծիծաղելի, անհեթեթ ու ողբերգական պահերով հանդերձ, և ֆիլմում այդ միտքը բազմիցս շեշտվում է։ Կենգուրուն, մերկ ֆեմինիստուհիները եկեղեցական պալատի այգում, «Նապոլի» ֆուտբոլային թիմի մարզահագուստը և մեծ մարդկանց փոքր թուլությունները՝ հենց այսօրինակ դրվագներից է բաղկացած մեր կյանքը:
Առաջին հերթին դա միայնակ կյանքն է: Իհարկե, եթե դու Հռոմի պապն ես, ապա միայնակ լինելն արդեն իսկ քո ճակատագիրն է, քանի որ մշտապես դիմում ես Աստծուն, բայց գրեթե երբեք՝ մարդկանց։ Թվում է՝ դու ամեն ինչ ունես, հասել ես գագաթին, սակայն դա ավելի է խորացնում քո միայնությունը, անջրպետը քո և մարդկանց միջև։ Անխուսափելիորեն վրա է հասնում այն պահը, երբ նույնիսկ թվացյալ մտերիմներդ հեռանում կամ օտարանում են, և այդ ժամանակ ինքդ քեզ հարցնում ես՝ որքանո՞վ ես դու ճիշտ, և արդյո՞ք քեզ հետ ամեն ինչ կարգին է։ «Երիտասարդ Պապը» հենց այդ մասին է՝ միայնության դատապարտված աշխարհի, միայնություն, որ քայքայում է կամ արդեն քայքայել է հասարակությունը։ Եվ հասարակությունը դարձել է մի անդեմ զանգված, որը քեզ չի օգնի, չի պատասխանի և չի արձագանքի, հետևաբար՝ ճշմարտությունը պետք է գտնել ինքնուրույն և կառուցել քայլ առ քայլ՝ վերաիմաստավորելով բարոյականության և արդարության ծեծված ու սպառված գաղափարները։
Ի վերջո, սկսելով մի կետից, մենք, միևնույն է, վերադառնում ենք այդ նույն կետին: Պաոլո Սորենտինոն Պապի պատմությունը ներկայացնում է հենց այդ կերպ։ Իր գահակալության սկիզբը նշանավորելով աշխարհի ու մարդկանց առջև ունեցած արտասովոր քարոզով, որ ընդամենը երազ էր, քանի որ իրական կյանքում նրա քարոզը բոլորովին այլ էր, Պապը նույնպիսի արտասովոր քարոզով էլ ավարտում է մեկ ֆիլմի շրջանակներում իրեն հատկացված ճանապարհը։ Սակայն այժմ նա ներքուստ արդեն ավելի խաղաղ է, թվում է՝ նա գտել է ճշմարիտ հավատքի ու ճշմարիտ մարդասիրության բանալին։ Նրա՝ արցունքով լի աչքերում լույսն ու համակերպվածությունն են ճառագում։ Հաշտություն աշխարհի և Աստծո հետ՝ ահա մեծագույն ճշմարտությունը, որի հզոր ազդակները զգում ենք, երբ նա, դիմելով հանրությանը, մի քանի անգամ ասում է․ «Ժպտացե՛ք»։ Հեռադիտակով հետևելով ժպտացող մարդկանց՝ նա տեսնում է տարեց կնոջ և տղամարդու, ովքեր նրա խոսքերից հետո շրջվում և հեռանում են։ Գուցե նրանք իրական էին, գուցե՝ երևակայական, սակայն Բելարդոյին թվում է, թե տեսնում է իր ծնողներին։ Թերևս, սա էլ մի լուռ հաշտություն էր՝ ավարտից առաջ։ Պապն ընկնում է և դեպի երկինք ուղղված նրա աչքերի առջև երևում է Հիսուսի թափանցիկ ու լուսեղեն պատկերը։
Շուշան Փիրումյան
COMMENTS