«Սերը կույր է, բայց ամուսնությունը հանճարեղ ակնաբույժ է»։ Սիմոնա Սինյորե
Իվ Մոնտանը Սիմոնա Սինյորեին հանդիպել է 1949թ-ին, և այդ ճակատագրական հանդիպումից անմիջապես ծնունդ է առել նրանց փոխադարձ սերը։ Սինյորեն այդ ժամանակ ամուսնացած էր ֆրանսիացի ճանաչված ռեժիսոր Իվ Ալեգրեի հետ և ուներ մանկահասակ դուստր։ Մոնտանին հանդիպելուց հետո նա հեռացավ ամուսնուց և 1951թ-ին ամուսնացավ երկրորդ անգամ։ Այդ ժամանակ երկու աստղերն էլ երեսուն տարեկան էին։ Նրանց միավորում էր ոչ միայն սերը, այլև համատեղ աշխատանքը նկարահանման հրապարակում։ Մոնտան-Սինյորե զույգը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում էր, իսկ նրանց լուսանկարները անընդհատ զարդարում էին ամսագրերի շապիկները։ Նրանց առաջին հանդիպումից չորս օր անց երկուսն էլ պատրաստ էին կայծակնահար արագությամբ փոխել իրենց կյանքը։ Այս ամուսնությունը տևեց ավելի քան երեք տասնամյակ՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ։ «Իմ սիրտը կտոր-կտոր էր լինում, բայց ես անկարող էի դիմադրել այդ զգացմունքին։ Որքա՜ն ուժգին պիտի սիրես՝ այսպիսի զարմանալի արկածի հորձանուտը նետվելու համար»,- հետագայում ասել է Սինյորեն։ Ինչևէ, ծանոթությունից կարճ ժամանակ անց Սիմոնան հավաքեց իրերը և մանկահասակ դստեր հետ տեղափոխվեց Մոնտանի տուն։ «Այլապես այս ամենն իմաստ չունի, եթե չի շարունակվելու»,- նրան ասել էր Մոնտանը։
Սիմոնան վառ անհատականություն էր՝ նույնքան վառ դերասանական տաղանդով օժտված։ «Երբ ես համաձայնում եմ խաղալ այս կամ այն դերը, այդ նույն պահին իմ ներսում տեղի է ունենում մի տարօրինակ քիմիական ռեակցիա։ Աստիճանաբար ծնունդ է առնում կերպարը, սկսում է ապրել իմ մեջ, իսկ ես չեմ միջամտում։ Որքան ավելի եմ մեծանում, որքան ավելի շատ եմ երջանկություն ու ցավ տեսնում, այնքան ավելի հեշտ եմ յուրացնում իմ դերերը»,- ասում էր Սիմոնան։ Նրա խաղացանկը ներառում է կերպարների մի ողջ պատկերասրահ, կերպարներ, որոնք այնքան տարբեր են միմյանցից․ աշխույժ ու գռեհիկ Մարին՝ «Ոսկե սաղավարտը» ֆիլմից, ինքնամփոփ ու մռայլ Թերեզ Ռաքենը, ով Լորանի հետ հանդիպումից հետո սկսում է այրվել սիրուց ու վախից, հույսից ու հուսահատությունից, «Ճանապարհ դեպի բարձր հասարակություն» ֆիլմի հերոսուհի Էլիսը՝ նախապաշարմունքներից զուրկ, սիրառատ, ցանկասեր․․․ Այս վերջին դերը հատկապես թանկ էր Սիմոնայի համար։ Նույնիսկ նկարահանումների ավարտից հետո նա դեռևս երկար ժամանակ շարունակում էր ապրել ու մտածել, հագնվել ու հարդարվել իր հերոսուհու պես։ Սիմոնա Սինյորեն մեկ անգամ չէ, որ Ֆրանսիայում ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի։ Նա մրցանակներ էր ստանում ԱՄՆ-ում, Անգլիայում, Ճապոնիայում, Իտալիայում և այլուր, իսկ 1960թ-ին նրան շնորհվեց բաղձալի «Օսկարը», որին արժանացել էին փոքրաթիվ ֆրանսիացի դերասանուհիներ։
Չնայած իր շռնդալից հաջողություններին՝ Սիմոնան երբեք չէր կորցնում զգոնությունը և մտածում էր առաջին հերթին այն մասին, որ իր կարիերայի վերելքը չվիրավորի Մոնտանի ինքնասիրությունը։ Նա անկեղծորեն ուրախանում ու հպարտանում էր, երբ Մոնտանը նկարահանվում էր հերթական ֆիլմում կամ հանդես գալիս լեփլեցուն դահլիճներում։ ԱՄՆ-ում, օրինակ, Մոնտանի համերգի ժամանակ առաջին շարքում էին նստած Կլարկ Գեյբլը, Մառլեն Դիտրիխը, Ինգրիդ Բերգմանը, Ֆրենկ Սինատրան, և բոլորը հիանում էին նրա նրբագեղությամբ, ճկունությամբ, հմայքով։ Սիմոնան հավաքում էր Մոնտանի մասին բոլոր հիացական գրախոսականները և մեջբերում ամենակարևոր գնահատականը․ «Երբ Իվ Մոնտանը երգում է, զգում ես, թե ինչպես է բաբախում նրա սիրտը»։ Մոնտանի բեմական կերպարի ձևավորման գործում Սիմոնայի ազդեցությունը հսկայական էր։ Մոնտանն ինքն էլ խոստովանում էր․ «Ես հանդիպել եմ երկու հիասքանչ կանանց՝ Էդիտ Պիաֆին, ով օգնեց ինձ մուտք գործել ֆրանսիական էստրադա, և Սիմոնային, ում դերն ու նշանակությունն իմ կյանքում դժվար է գերագնահատել»։ Սիմոնան ամենուր ուղեկցում էր նրան և հետզհետե ավելի հազվադեպ էր հայտնվում կինոստուդիաներում։ Նա անգիր գիտեր Իվի բոլոր երգերը, նրա յուրաքանչյուր ելույթի ժամանակ քարացած նստում էր, իսկ ելույթից հետո, երբ թնդում էին ծափահարությունները, ցնծում էր։
Հանուն Մոնտանի նա հրաժարվեց Հոլիվուդում իրեն առաջարկված շահավետ պայմանագրից՝ պատճառաբանելով, թե Ամերիկան հեռու է, իսկ ինքն առանց ամուսնու նույնիսկ հարազատ քաղաքում մի ծայրից մյուսը չի գնա»։ Եվ նա չէր կեղծում, բոլորը դա գիտեին, նրա համար, իրոք, դժվար էր Մոնտանից թեկուզ մի քանի ժամ հեռու լինելը։ Նկարահանումների մեկնելիս նա ամեն անգամ ճամպրուկը դասավորում էր արցունքն աչքերին։ Ռեժիսոր Ժակ Բեքերը, լսելով Սիմոնայի հերթական մերժումը ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ, մի անգամ նրան ասաց․ «Դու լիովին ճիշտ ես, սերը պետք է ամեն օր խնամել, ինչպես բույսն են խնամում»։ Իհարկե, նրանց ամուսնական կյանքն անամպ չէր, պատահում էին նաև վեճեր ու նյարդային պոռթկումներ։ Երբ Մոնտանն օրերից մի օր Սիմոնային հանդիմանեց, թե նա ոչնչով չի զբաղվում՝ բացի իրեն ամենուր հետևելուց, և չի նկարահանվում, որովհետև ոչ մի ռեժիսոր նրա կարիքը չունի, Սիմոնայի սրտում վերջապես գլուխ բարձրացրեց պատվախնդրությունը։ Նա՝ իր գործի մեծ պրոֆեսիոնալը, նույն րոպեին զանգահարեց Մարսել Կառնեին և ասաց, որ համաձայն է խաղալ Թերեզ Ռաքենի դերը, թեպետ հոգու խորքում հույս ուներ, թե Իվը կկանխի այդ հեռախոսազանգը։ Բայց Իվը լուռ էր, և Սիմոնան որոշեց նրան ապացուցել, թե որքան պահանջված դերասանուհի է ինքը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և Վենետիկի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե առյուծի»։
Նրանք փայլում էին ոչ միայն բեմում և մեծ էկրանին, այլև հասարակական-քաղաքական կյանքում՝ չվախենալով արտահայտել իրենց սկզբունքները։ Հայտնի է, որ նրանք բազմիցս բողոքի ձայն են բարձրացրել Չիլիի, Հունաստանի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, ԽՍՀՄ-ի բռնատիրական ռեժիմների դեմ։ 1950-ականների սկզբին նրանք դեռևս համակրանքով էին արտահայտվում ԽՍՀՄ-ի մասին, Մոնտանը նույնիսկ համաձայնել էր համերգներով հանդես գալ այնտեղ, սակայն 1956թ-ին, երբ խորհրդային զորքերը ներխուժեցին Բուդապեշտ, ամուսինները որոշեցին չեղյալ հայտարարել պայմանավորվածությունը։ Մեծ ջանքերի գնով հաջողվեց նրանց համոզել, որ, այնուամենայնիվ, այցելեն Մոսկվա։ Հյուրախաղերը հիանալի ընթացք ունեցան, ամուսիններին դիմավորեցին ցնծությամբ, սակայն նրանք, այդուհանդերձ, չդավաճանեցին իրենց սկզբունքներին, և Նիկիտա Խրուշչովի հետ առանձնազրույցի ժամանակ իրենց քննադատական կարծիքը հայտնեցին Հունգարիայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Իվ Մոնտանը համերգներով հանդես եկավ նաև Հարավսլավիայում, Ռումինիայում, Լեհաստանում։ Իսկ 12 տարի անց ամուսինները նույնքան խստորեն դատապարտեցին խորհրդային զորքերի ներխուժումը Պրագա։ Նրանք իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն Սախարովի և Սոլժենիցինի, երբ վերջիններս հալածվում էին որպես այլախոհներ։ Սիմոնան հրապարակորեն քննադատել է Ֆրանսիայի գաղութարար քաղաքականությունն ալժիրցիների դեմ, իսկ 1970թ-ին դարձել է Կոստա-Գավրասի «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները նախաձեռնողներից մեկը՝ Մոնտանի հետ հանդես գալով այդ քաղաքական ֆիլմի գլխավոր դերերում, ֆիլմ, որի հիմքում իրական փաստեր են՝ Չեխոսլովակիայում Ռուդոլֆ Սլանսկու նկատմամբ իրականացվող բռնությունները և հակասեմական դատավարությունը։
«Դերասանի մարմինը նման է ջրհորի, որտեղ կյանքից ստացած տպավորությունները կուտակվում, ապա դուրս են բերվում, երբ անհրաժեշտ է»։ Սիմոնա ՍինյորեՈրքան էլ Մոնտանն ու Սինյորեն միմյանցից անբաժան էին, սակայն հանգամանքների բերումով նրանց կյանքում հայտնվեց մի Փորձություն, ում անունն էր Մերիլին Մոնրո։ Հետագայում Սիմոնան ասել է․ «Ես նրան հիշում եմ ոչ թե որպես մի առասպելական արարածի, այլ որպես սովորական հարևանուհու, ում հետ ընկերանում ես ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մյուս բոլոր տներում են մարդիկ ընկերանում»։ Մոնտանն ու Սինյորեն այդ ժամանակ բնակություն էին հաստատել Սանսեթ բուլվարի բունգալոներից մեկում, իսկ հարևան բունգալոյում բնակվում էին Մերիլինն ու նրա ամուսինը՝ գրող Արթուր Միլլերը։ Երբ Մոնրոն առաջին անգամ տեսավ Սիմոնային ու Մոնտանին, նա անընդհատ ժպտում էր և հայացքը չէր կտրում հմայիչ ֆրանսիացուց, ով նրան հիշեցնում էր իր նախկին ամուսնուն՝ բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյին։ «Նա շատ սեքսուալ է և հիանալի ձայն ունի։ Իսկ Սիմոնան ամենևին գեղեցիկ չէ, Մոնտանը նրա հետ ամուսնացել է կարիերայի համար, ես վստահ եմ»,- ասել էր Մոնրոն իր ընկերուհիներից մեկին։ 1960թ-ին Մերիլինն ու Մոնտանը միասին նկարահանվեցին Ջորջ Կյուկորի «Զբաղվենք սիրով» ֆիլմում, իսկ մինչ նկարահանումները Մերիլինը պրոդյուսերին հայտարարեց․ «Ես ուզում եմ գլխավոր դերում տեսնել միայն նրան և ուրիշ ոչ ոքի»։ Պրոդյուսերը, բնականաբար, ընդունեց սեքս-խորհրդանիշի պայմանը։
Սիմոնան նույնպես համաձայն էր նրանց համագործակցությանը՝ առավելապես Արթուր Միլլերի պատճառով, ում «Սալեմի կախարդները» պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում ինքն ու Մոնտանը հանդես էին եկել գլխավոր դերերում։ Լրագրողների հարցին, թե՝ իրեն առաջին անգամ երբ է կինոաստղ զգացել, Մոնտանը պատասխանում էր․ «Այն պահին, երբ ինձ հարցրին, թե ցանկանո՞ւմ եմ, արդյոք, նկարահանվել Մոնրոյի հետ»։ Գրեթե ամեն երեկո երկու ամուսնական զույգերը հավաքվում էին միմյանց հարևանությամբ գտնվող տներից մեկի խոհանոցում՝ ընթրելու և քննարկելու ամենատարբեր թեմաներ։ Պլատինե շիկահեր Մոնրոն տանը բոլորովին այլ կերպարում էր ներկայանում՝ պարզ հագուստով և առանց դիմահարդարման։ Նա սիրում էր հեգնանքով խոսել իր արտաքինի մասին․ «Տե՛ս, Սիմոնա, բոլորին թվում է, թե իմ ոտքերը երկար են, մինչդեռ ես ունեմ տգեղ ծնկներ և բարձրահասակ չեմ»։ Սակայն նա ուներ կերպարանափոխվելու բացառիկ ունակություն, որին նախանձում էին անհամար աստղեր։ Ընդամենը երեք ժամվա ընթացքում նա, առանց մասնագետների օգնության, իրեն վերածում էր ապշեցուցիչ կնոջ, այն սեքս-խորհրդանիշին, ով բոլորին ծանոթ էր լուսանկարներից ու ֆիլմերից։ Սիմոնան ասել է․ «Մեր հարևանության ողջ ընթացքում ես Մերիլինին միայն երեք անգամ եմ տեսել իր հայտնի կերպարում, իսկ սովորաբար նա բոլորովին այլ տեսք էր ունենում»։
Աստղային քառյակի գրեթե բոլոր օրերը միանման էին․ Իվը ջանասիրաբար յուրացնում էր անգլերեն տեքստերը, Միլլերը ստեղծագործում էր, իսկ հետո Սիմոնայի հետ վիսկի ըմպում և քննարկում «լուրջ հարցեր», որոնք Մերիլինին առանձնապես հետաքրքիր չէին։ Մերիլինը ուշ էր վերադառնում տուն և անմիջապես նետվում էր լոգանք ընդունելու։ Երբ լրագրողներին հայտնի դարձավ Մոնտանի ու Մոնրոյի սիրավեպի մասին, նրանք սկսեցին աննկարագրելի եռանդով քննարկել քառյակի ներքին կյանքը։ Հետագայում Սիմոնան ասաց․ «Նրանք մեզ հարկադրեցին խաղալ դերեր, որոնք մենք չէինք սովորել, և ներգրավվել մի պիեսում, որը մենք չէինք կարդացել»։ Շուտով Միլլերն ու Մոնրոն բամբասանքները լռեցնելու նպատակով մեկնեցին Նյու Յորք, իսկ Սիմոնան, կարծես ի փոխհատուցումն իր ծանր ապրումների, տեղեկացավ, որ Էլիզաբեթ Թեյլորի, Քեթրին Հեփբերնի, Օդրի Հեփբերնի հետ միասին հայտնվել է այդ տարվա «Օսկարի» հավակնորդների ցանկում։ Մերիլինի ինքնասիրությունը, իհարկե, խոցված էր, թեպետ նա կեղծ անտարբերությամբ ասում էր, թե Սիմոնային հաջողություն է մաղթում գալիք մրցանակաբաշխության ժամանակ։ Երբ Սիմոնային հանձնեցին «Օսկարը», իսկ Իվը երգեց մրցանակաբաշխության հանդիսականների համար, Մոնրոն, ականատեսների վկայությամբ, չկարողացավ զսպել խանդը․ «Նա ստացավ «Օսկար», նրան է պատկանում Իվը, նա խելացի է և ամեն ինչ ունի․․․ Իսկ ե՞ս»։ «Օսկար» ստանալուց հետո Սիմոնային հրավիրեցին Իտալիա՝ Մարչելո Մաստրոյանիի հետ նկարահանվելու։ Վերջին անգամ, երբ Սիմոնան Մերիլինին տեսավ ու հրաժեշտ տվեց, վերջինս հիասքանչ տեսք ուներ իր բարձրակրունկ նրբագեղ կոշիկներով ու մորթե մուշտակով։ Նրանք այլևս երբեք չհանդիպեցին, իսկ շուրջ երկու տարի անց Մերիլինը մահացավ 36 տարեկան հասակում։
Ի վերջո, ինչպիսի՞ն էին Մոնտանի ու Մոնրոյի հարաբերությունները։ Մոնտանն իրեն միշտ փոքր-ինչ անվստահ էր զգում Մոնրոյի ներկայությամբ։ Պատճառը, գուցեև, նրա ոչ անթերի անգլերենն էր, իսկ գուցեև՝ թեթևամիտ սրտակերի դերը, որ նրան ակամա բաժին էր հասել այդ հարաբերություններում։ Մոնրոյի հետ սիրախաղը, պետք է ենթադրել, շոյում էր նրա փառասիրությունը, սակայն նա նաև հասկանում էր, որ այս սեքս-խորհրդանիշի ստվերում լինելը նույնը չէր, ինչ Սիմոնայի փառքի ճառագայթներով լուսավորվելն էր կամ Էդիտ Պիաֆի հովանավորությամբ ու խնամակալությամբ շրջապատված լինելը։ Մոնտանի կարիերայի ամերիկյան փուլը մոտենում էր ավարտին, և նա խուճապի մեջ էր, որովհետև ցանկանում էր շուտափույթ վերադառնալ Փարիզ՝ իր սովորական առօրյային, իսկ Մոնրոն փորձում էր նրան ամեն գնով պահել իր կողքին։ Նա Նյու Յորքի ամենաթանկ հյուրանոցներում շքեղ համարներ էր պատվիրում իր ու Մոնտանի համար, արտասվում էր, խնդրում էր չհեռանալ։ Սակայն Մոնտանն անդրդվելի էր, քանի որ սկսել էր գիտակցել, որ այս սիրային կապն արդեն սպառնում է իր ընտանեկան կայունությանը։ Մոնրոն պահանջում էր այն, ինչը նրա համար պարզապես ծիծաղելի էր, այսինքն՝ լքել Սիմոնային, ով Մոնտանի ամենաամուր խարիսխն էր այս կյանքում։ Տարիներ անց Մոնտանը խոստովանել է․ «Այդ ամենը հիասքանչ էր, բայց իրավիճակն ինքնին անելանելի էր։ Ես ոչ մի պահ նույնիսկ մտքի ծայրով չեմ անցկացրել այն տարբերակը, թե կարող եմ հեռանալ Սիմոնայից»։ Այդպիսով, սիրավեպն ավարտված էր, Մոնրոն ու Մոնտանն ընդմիշտ բաժանվում են։
«Ամուսնացած տղամարդը կարող է ունենալ երկու, առավելագույնը երեք կողմնակի սիրավեպ։ Ավելին արդեն խաբեություն է»։ Իվ ՄոնտանՓարիզում նրա և Սիմոնայի միջև տեղի է ունենում բուռն վիճաբանություն՝ մեղայականով, արդարացումներով, խոստովանություններով ու մեղադրանքներով։ Առաջին ու վերջին բացատրությունը, որին հաջորդում է լռությունը։ Սակայն, Մոնտանի խոսքերով, դա թվացյալ ու պայթյունավտանգ լռություն էր, որովհետև Սիմոնան կոտրված էր։ Նրա երկարամյա նվիրվածությունը, նրա անսահման սերը կարծես անիմաստ էին դարձել։ Ամուսնական կյանքը շարունակվեց, բայց վերքերը չսպիացան, և երկուսն էլ դա հասկանում էին։ Սիմոնան, այդուհանդերձ, երբեք չփորձեց իր դառնությունը դարձնել հանրային քննարկումների առարկա․ «Ես չեմ պատրաստվում դատողություններ անել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իմ ամուսնու և իմ ընկերուհու միջև՝ նրանց համատեղ աշխատանքի ընթացքում, կարող եմ միայն ասել, որ նրանք, ապրելով մեկ հարկի տակ, իրար հետ կիսել են իրենց միայնությունը»։ Օգոստոսյան մի օր, երբ Սիմոնան նկարահանող խմբի իր գործընկերների հետ ճաշում էր ռեստորանում, մատուցողը նրան խնդրեց մոտենալ հեռախոսին։ 1962թ-ն էր, և նա, խոսափողը վերցնելով, լսեց Մոնտանի ձայնը․ «Մերիլինը մահացել է»։ «Եթե նա միայն իմանար, թե որքան քիչ էի ես իրեն ատում»․ Սիմոնայի այս խոսքերը հետագայում դարձան գրեթե լեգենդար։ Դերասանուհու դստեր՝ Կատրինի վկայությամբ, մայրը հոգու խորքում այդպես էլ չներեց Մոնտանին, և դա հանգեցրեց նրա երկարատև կախվածությանը ալկոհոլից, կախվածություն, որը չէր կարողանում հաղթահարել։
Կյանքը շարունակվեց իր հունով․ Մոնտանը, ինչպես նախկինում, հանդես էր գալիս համերգներով, նկարահանվում էր ու զբաղվում քաղաքականությամբ։ Ընտանիքում նա մասամբ երեխա էր, մասամբ՝ տեր․ այդպիսին էր եղել նրա դերն ի սկզբանե։ Սիմոնան կյանքից հեռացավ 1985թ-ին՝ 64 տարեկան հասակում։ Մի անգամ Մոնտանին հարցրին, թե իր կյանքում եղե՞լ է, արդյոք, այնպիսի ցանկություն, որը չի իրագործվել։ Նա պատասխանեց․ «Ես ուզում էի մեռնել Սիմոնայից առաջ»։ Սիմոնայի մահից մեկ տարի անց Մոնտանը «Ժան դը Ֆլորետ» ֆիլմում նկարահանվելու ընթացքում սիրային հարաբերություններ սկսեց իր երիտասարդ քարտուղարուհի Կարոլ Ամիելի հետ, իսկ երկու տարի անց ծնվեց նրանց որդին՝ Վալենտինը։ Մոնտանը, ով 67 տարեկան հասակում առաջին անգամ հայր էր դարձել, սկզբում հերքում էր իր հայրությունը, սակայն, ի վերջո, տեսնելով ֆրանսիական մամուլի բացասական արձագանքներն իր հասցեին, տեղի տվեց և ընդունեց փաստը։ 1991թ-ին 70-ամյա Մոնտանը հենց նկարահանման հրապարակում սրտի կաթված ունեցավ։ Նրան չհաջողվեց փրկել։ Մոնտանին հուղարկավորեցին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ Սիմոնայի կողքին։
COMMENTS