«Ծիրանի ծառ» միջազգային փառատոնը հանդիսատեսին կներկայացնի 31 ֆիլմ, որոնցից 6-ի հեղինակները հայեր են:
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը (հոկտեմբերի 1-5, 2017) հանդիսատեսին կներկայացնի 31 ֆիլմ, որոնցից 6-ի հեղինակները հայեր են: «Կինովերսուսի» առաջարկով՝ ռեժիսորները պատմել են իրենց և ներկայացված ֆիլմի մասին՝ յուրաքանչյուր պատասխանը տեղավորելով մեկ նախադասության շրջանակում:
«Մի անգամ ամռանը» (ռեժ.՝ Սիրական Աբրոյան, 2010)
Երկիր՝ Ֆրանսիա, Հայաստան, Վրաստան։Տևողություն՝ 36 րոպե։
Տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակակիր Սիրական Աբրոյանը (1971թ) աշխատել է մի շարք տեղական և միջազգային հեռուստատեսային ծրագրերում՝ որպես ռեժիսոր, օպերատոր և անկախ լրագրող, հիմնել է ABROFILM ստուդիան, իսկ 2014թ-ին եղել է իտալական San Gio կինոփառատոնի միջազգային ժյուրիի անդամ:
Ֆիլմի կարճ նկարագրություն: Ֆիլմը պատմում է լեռնային Վարդենիկ գյուղի բնակիչների մասին, ովքեր դարեդար պահպանում են նախնիներից ժառանգած ծեսերն ու սովորույթները, սակայն ժամանակն ու քաղաքակրթությունը սպառնում են հեռացնել նրանց իրենց «դրախտից»:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «Մանկության երազներից, կարոտից, հիշողության լավագույն պահերից, ինչպես նաև յուրօրինակ միջավայրը պահպանելու, չկորցնելու ցանկությունից»:
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Ֆիլմը հանդիսատեսին կտեղափոխի մի միջավայր, որտեղ մարդը կարծես ձուլված է բնությանը, և հնարավորություն կտա բացահայտել մի նոր ապրելաձև, որ հեռու է մեզանից:
«Լույսի մեջ» (ռեժ․՝ Ռազմիկ Գրիգորյան, 2017)
Երկիր՝ Հայաստան։
Տևողություն՝ 65 րոպե։ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում ծնված Ռազմիկ Գրիգորյանը (1985թ) վավերագրական կինոյի ռեժիսորի դիպլոմ է ստացել Երևանի Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում և հեղինակել է հետևյալ ֆիլմերը՝ «Վարդանի հետ» (2013), «Խաչը՝ թիկունքին» (2014), «Ռեքվիեմ» (2016), «Լույսի մեջ» (2017):
Ֆիլմի կարճ նկարագրություն: Ֆիլմը պատմում է կույր մարդկանց մասին, ովքեր, հաղթահարելով ֆիզիկական արատը, քայլ առ քայլ գնում են առաջ՝ արևի տակ իրենց տեղը գտնելու համար:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «Ոչնչի առջև կանգ չառնող ուժեղ մարդուն բացահայտելու իմ ցանկությունից»:
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Ֆիլմը հաղորդակից կդարձնի լույսն իրենց մեջ կրող մարդկանց առօրյային:
«Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելք» (ռեժ․՝ Քրիստինա Սոլոյան, 2016)
Երկիր՝ Հայաստան։Տևողություն՝ 42 րոպե։
Քրիստինա Սոլոյանը երիտասարդ լրագրող ու սկսնակ ռեժիսոր է, ով իր առաջին կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Մարդը Սարի վրա», նկարահանել է 2015թ-ին, իսկ «Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելքը» նկարահանելիս աշխատել է Դավիթ Ավետիսյանի հետ, ով ֆիլմի համահեղինակն է ու գլխավոր օպերատորը։
Ֆիլմի կարճ նկարագրություն: «Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելքը» կոլաժ է՝ կազմված Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից հավաքված, ինչպես նաև գաղթի հետևանքով Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված երգերից ու պատմություններից:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «Հետաքրքրասիրությունից, ցանկությունից՝ տեսնել հայկական ժողովրդական երաժշտության բազմազանության ամբողջական պատկերը և ծանոթանալ դրանց կրողների հետ»։
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Երաժշտության միջոցով հայերիս պատմությանը ծանոթանալու համար, տեսնելու, թե ինչպես են երգերը նոր շունչ ստանում երիտասարդ երաժիշտների շնորհիվ։
«Լուսինը, արևը և հրացանակիրները» (ռեժ.՝ Վահագն Խաչատրյան, 2017)
Երկիր՝ Պորտուգալիա, Հայաստան։Տևողություն՝ 21 րոպե։
Վահագն Խաչատրյանը ծնվել է Երևանում, սովորել է Չինաստանում, ֆիլմ է նկարահանել Պորտուգալիայում:
Ֆիլմի կարճ նկարագրություն: Անտեսանելի քաղաքների մասին է:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «Ճանապարհորդություններից ու գրքերից, օրինակ՝ Կալվինոյի «Անտեսանելի քաղաքներից», Կաֆկայի «Դղյակից»:
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Որովհետև ֆիլմում կան բամբասանքներ, որոնք հաճույքով կլսեք:
«Մուսա լեռ՝ ճանապարհ դեպի տուն» (ռեժ.՝ Մարիամ Օհանյան, 2016)
Երկիր՝ Հայաստան։Տևողություն՝ 53 րոպե։
«ԿԻՆ» փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր, մասնակցել տարբեր միջազգային կինոփառատոների և արժանացել մրցանակների:
Ֆիլմի կարճ նկարագրություն: Ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մասին, որը ուղևորվում է դեպի իր նախնիների երկիրը:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «Ես ուզում էի պատմել Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած այս դրվագի մասին, երբ հայերը պայքարեցին անհավասար պայմաններում և հաղթեցին»:
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Որպեսզի հայ մարդն իմանա իր պատմությունը և գիտակցի, որ միայն պայքարողը կարող է հաղթել:
«24/04 համաշխարհային նվագախումբ» (ռեժ․՝ Սեգ Կիրակոսյան, 2017)
Երկիր՝ Հայաստան։Տևողություն՝ 18 րոպե։
«Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը համատեղում է թե՛ գիտական, թե՛ պրակտիկ գործունեությունը. նա թեկնածուական ատենախոսություն է գրում հայ ժամանակակից վավերագրական կինոյի մասին, իսկ նրա՝ Հայաստանում, Չեխիայում, Թուրքիայում, Շվեյցարիայում նկարահանված ֆիլմերի հիմնական մասը ցուցադրվում է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:
Ֆիլմի կարճ նկարագրություն: 18 րոպեանոց այս ֆիլմ-հուշագրությունը բացահայտում է «24/04» համաշխարհային նվագախմբի ներքին խոհանոցը, ապրումները, դրամատիկ իրավիճակներն ու բարդությունները, որոնց բախվում են 47 երկրից ժամանած 123 երաժիշտները:
Ինչի՞ց ծնվեց ֆիլմի գաղափարը: «HD ստուդիայի առաջարկից»:
Ինչո՞ւ դիտել այս ֆիլմը: Իսկ ինչո՞ւ ոչ: