Հարցազրույցներից մեկի ժամանակ Վուդի Ալենը նշել է, որ այս ֆիլմն, իր կարծիքով, իր ամենածիծաղելի ֆիլմերից է:
ռեժիսոր՝ Վուդի Ալեն
սցենարի հեղինակ՝ Վուդի Ալեն
օպերատոր՝ Գիսլեն Կլոկե
դերերում՝ Վուդի Ալեն, Դայան Կիտոն, Ժորժ Ադե, Ֆրենկ Էդու
արտադրությունը՝ ԱՄՆ, 1975թ
տևողությունը՝ 1ժ 22ր
«Իրադրությունը բարդ է․ Սոնյա, ես սիրահարված եմ Ալեքսեյին։ Նա սիրում է Ալիսային։ Իսկ Ալիսան սիրավեպ ունի Լևի հետ։ Լևը սիրում է Տատյանային, Տատյանան խենթանում է Սիմկինի համար։ Սիմկինը պաշտում է ինձ․․․ Ես սիրում եմ Սիմկինին, բայց ոչ այնպես, ինչպես Ալեքսեյին։ Ալեքսեյը Տատյանային սիրում է որպես քրոջ, Տատյանայի քույրը Տրիգորինին սիրում է որպես եղբոր, Տրիգորինի եղբայրը սիրավեպ ունի իմ քրոջ հետ, բայց սիրում է նրան ֆիզիկական սիրով, ոչ թե հոգևոր․․․»։
Վուդի Ալենի ֆիլմը գրոտեսկային ոճով նմանակում է ռուս դասական գրականությանը, մասնավորապես՝ Տոլստոյի ու Դոստոևսկու ստեղծագործություններին։ Հերոսներն անընդհատ բարոյափիլիսոփայական քննարկումների մեջ են, երկար պոետիկ մենախոսություններ են ունենում, տառապում են «անիծյալ» էքզիստենցիալ հարցերի շուրջ։ Բորիսի և հոր բանտային զրույցն ամբողջությամբ կազմված է Դոստոևսկու վեպերի անվանումներից։ Ֆիլմին համապատասխան ռուսական կոլորիտ է հաղորդում Պրոկոֆևի երաժշտությունը։ Մարտական գործողությունների տեսարանի ժամանակ հնչում է «Ալեքսանդր Նևսկի» ֆիլմի երաժշտական թեմայից մի հատված։ Ֆիլմում բավականին շատ են կոմիկական անախրոնիզմները. օրինակ՝ զինվորական ճամբարում Բորիսին մարտական հմտություններ սովորեցնողը սևամորթ է, իսկ մարտի դաշտում ցրիչը բլիթներ է վաճառում։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Նախապես որոշվել էր օգտագործել Իգոր Ստրավինսկու երաժշտությունը, սակայն Վուդի Ալենը համարեց, որ դրանից ֆիլմը պակաս զավեշտալի կդառնա, և նախընտրեց Սերգեյ Պրոկոֆևի գրոտեսկային երաժշտությունը։
- Ֆիլմը նկարահանվել է Հունգարիայում և Ֆրանսիայում, ինչը բնորոշ չէր Ալենին, ով գրեթե միշտ նախընտրել է աշխատել Նյու Յորքում։
- Ֆիլմը բավականին հաջողված էր նաև կոմերցիոն առումով. նկարահանման աշխատանքների համար ծախսվել էր մոտավորապես 3 մլն դոլար, իսկ շահույթը կազմել էր ավելի քան 20 մլն դոլար։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՀԱՏՎԱԾ ՖԻԼՄԻՑ
- Կինոքննադատների միջազգային միության մրցանակ՝ Բեռլինի կինոփառատոնում, 1975թ։