«Եթե Աստված գոյություն չունենար, արժեր նրան հորինել»։ Վոլտեր
Ֆիլմի սյուժեի հիմքում երկու երիտասարդ հոգևորականի ընտրությունն է՝ լքել հայրենի Պորտուգալիան ու վտանգավոր ճանապարհորդություն ձեռնարկել հանուն հավատքի։ Երբ մի քանի տարվա ընթացքում պորտուգալացի միսիոներ Ֆերեյրայից հայրենիքում ոչ մի լուր չեն ստանում, երկու հոգևորական որոշում են ուղևորվել Ճապոնիա՝ իրենց ուսուցչին գտնելու և տեղի քրիստոնեական համայնքն անկումից փրկելու համար: Թերևս, մարդու վրա ոչինչ չունի այնքան մեծ ազդեցություն, որքան կրոնը: Ավելի ճիշտ՝ ոչ թե կրոնը, այլ հավատքը, քանզի երկրորդի արմատները միշտ ավելի խորն են: Քրիստոնեությունը, մասնավորապես, ուսուցանում է, որ իսկական հավատացյալը պետք է երկրային կյանքում իրեն զրկի հարմարավետությունից ու ամեն տեսակ հաճույքներից՝ հօգուտ երկնային արքայության, որին արժանանալու է մյուս աշխարհում: Հետևաբար՝ այս կյանքում կրած յուրաքանչյուր ցավ ու տառապանք պետք է ընդունել որպես Բարձրյալի կամք:
Եթե մի քանի բառով փորձենք նկարագրել Սկորսեզեի ֆիլմը, ապա այն Սիրո մասին է: Հենց այն Սիրո, որն իր հիմքում ունի քրիստոնեությունը: Մեծ, անզուսպ, կույր, անսասան: Այն մասին, թե որքան ուժեղ կարող է լինել հավատքը: Մարդիկ թույլ են տալիս իրենց այրել խարույկի վրա, սակայն չեն հրաժարվում միակ Աստծուց: Մարդիկ անցնում են սարսափելի տառապանքների միջով, սակայն այդ փորձություններն օրհնանք են համարում, քանզի ցանկանում են ապացուցել իրենց հավատարմությունը Քրիստոսին (հավատացյալների այդօրինակ վարքագծին, ի դեպ, մանրամասն անդրադառնում է Կոնստանտին Պլատոնովն իր «Կրոնի հոգեբանությունը» գրքում):
Որքա՞ն հեռուն կարող է գնալ մարդն՝ իր նմանին տանջելիս: Ֆիզիկական ցավի ու ստորացումների միջոցով նրանք հավատացյալներին վերածում են զգացմունքներից ու մտքերից զուրկ կենդանիների: Ողջ ֆիլմի ընթացքում հանդիսատեսին տանջում է մի հարց. արդյոք հայր Ռոդրիգեսը, վերջիվերջո, կուրանա՞ իր հավատքը հանուն անմեղների փրկության, թե՞ մինչև վերջ հավատարիմ կմնա Տիրոջը: Ֆիզիկական ու հոգեկան ցավի միջոցով ջնջե՞լ մարդու էությունը, զրկե՞լ նրան զգացմունքներից: Ասում են՝ չկան այնպիսի մարդիկ, ում կամքը հնարավոր չէ կոտրել: Իսկ եթե...
Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որին անդրադառնում ես միայն ֆիլմի ավարտից հետո: Ճապոնացիները անսահման դաժանությամբ էին վարվում քրիստոնյաների հետ, ում միակ մեղքը այլադավան լինելն էր: Սակայն է՛լ ավելի դաժան ու անողոք է եղել հենց կաթոլիկ եկեղեցին՝ հերետիկոսների (ճիշտ ուղուց շեղվածների) հանդեպ: Միջնադարյան Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում ինկվիզիցիան գործել է հրեշավոր հանցանքներ բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ, և նման հանցանքներ գործել են հենց Ռոդրիգեսի նման քահանաները: Ամերիկայի հայտնագործումից հետո, երբ կաթոլիկ միսիոներները Նոր աշխարհ ուղևորվեցին՝ այնտեղ քրիստոնեություն տարածելու համար, նրանք տեղաբնակ հնդկացիների նկատմամբ սարսափելի ոճիրներ էին գործում և դա արդարացնում այն հիմնավորմամբ, թե հերետիկոսներին «փրկելու» առաքելություն ունեն: Այսինքն, հարց է ծագում՝ արդյոք Ռոդրիգեսը նույն կերպ չէ՞ր վարվի հերետիկոսի հետ, ինչպես իր հետ են վարվում ճապոնացիները:
Ինչևէ, կրոնի մասին կարելի է երկար բանավիճել, բայց այն, որ Սկորսեզեին հաջողվել է ֆիլմ-կտավ արարել, անվիճելի է: Յուրաքանչյուր կադրն ու շարժումը ներդաշնակ են, մտածված է ամեն մի դետալը, անհնարին է գեղագիտական հաճույք չստանալ գեղեցիկ բնապատկերներից, օպերատորի փայլուն աշխատանքից: «Լռությունը» վերջին տարիներին նկարահանված լավագույն պատմական ֆիլմերից է, որի ստեղծման համար որպես գրական հիմք է ծառայել ճապոնացի հանրահայտ գրող Սյուսակու Էնդոյի՝ 1966թ-ին հրատարակված համանուն վեպը։ Ինքը՝ Էնդոն, քրիստոնյա էր, ինչի պատճառով տևական ժամանակ հալածանքների էր ենթարկվել հայրենիքում, սակայն այդպես էլ չէր հրաժարվել իր հավատքից։ Հետաքրքրական է, որ, գրողի խոսքերով, այս վեպը ստեղծելիս իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհ» լեգենդար ֆիլմը։
«Լռություն» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորելու համար Սկորսեզեն ընտրել է աստղային կազմ՝ Լիամ Նիսոն, Էնդրյու Գարֆիլդ, Ադամ Դրայվեր։ Սցենարը Սկորսեզեն գրել էր դեռևս 1990-ականներին, սակայն, ֆինանսավորման անընդհատ բացակայության պատճառով, էկրանավորելու հնարավորություն ունեցավ միայն 2015թ-ին։ Պահանջվեց 27 տարի, որպեսզի նա կարողանա իրականություն դարձնել իր երազած նախագիծը։ «Ես այնքան երկար էի ապրել այս ֆիլմի հետ, որ չէի ցանկանում ավարտին հասցնել այն, բայց․․․ ազատ արձակելու ժամանակն է»,- ասել է Սկորսեզեն։
Դիտեք «Լռությունը», եթե ձեզ հետաքրքրում են պատմական Ճապոնիան, կրոնի հոգեբանությունը և պարզապես լավ կինոն:
Լիլիթ Բեգլարյան